Սկսեմ նրանից, որ առաջին անգամ եմ փորձում հոդված գրել, այն էլ մանկավարժական: Գիտեմ, որ իրենց մանկավարժական ձեռքբերումների, փորձերի և այլնի վերաբերյալ մանկավարժական հոդված սովորաբար գրում են մանկավարժները, ու քանի որ այդ մանկավարժությունը հենց ինձ հետ կապ ունի, որոշեցի ինքս էլ փորձել գրել հոդված, ասել թե ինձ ինչ է տալիս այդ մանկավարժությունը, համ էլ, անկեղծ ասած, այս հոդվածն ուզում եմ ներկայացնել Դիջիթեք 2015-ի «Մանկավարժական հոդված» անվանակարգին:
Խոսելու եմ մի նախագծի մասին, որին երևի բոլորդ էլ ծանոթ եք` Մարգարիտ Սարգսյանի ղեկավարությամբ իրականացվող «Ճանաչենք մեր ժամանակակիցներին» նախագիծը: Որն է նախագծի նպատա՞կը. «Նախագծի նպատակը հենց ժամանակակից հայերին ճանաչելն է, այն հայերին, որոնք այսօր ապրում և ստեղծագործում են մեր կողքին ու մեզ հետ»: Մարգարիտ Սարգսյան։
Իսկապես հաճախ մենք չենք ճանաչում այն մարդկանց, ովքեր ապրում են մեր կողքին, ստեղծագործում: Այս նախագիծը հնարավորություն է տալիս սովորողներին ու նաև ուսուցիչներին ու ծնողներին (ծնողը նույնպես մասնակից է, կրթահամալիրում բոլորը մասնակցում են, հանդիսատեսներ չկան) ծանոթանալու, ճանաչելու իրենց ժամանակակից հայ արվեստագետին… Ասեմ ավելին, սովորողներն իրենք են հանդիպումներ կազմակերպում ստեղծագործողների հետ: Այս տարի ձմեռային ճամբարի երկրորդ շաբաթվա ընթացքում, իսկ այդ շաբաթը ստուգատեսային էր, այս նախագծի շրջանակումինքս դարձա ստեղծագործողի հետ հանդիպման համակարգող և հիմա ուզում եմ մանրամասն ներկայացնել հրավիրելու, ճանաչելու, հետագա կապը պահելու մասին։
Ի՞նչ արեցի սկզբում: Սկզբում որոշեցի, թե ում եմ հրավիրում… Եվ հրավիրեցի Անի Հովակին. ճիշտն ասած, նրան ճանաչում էի որպես նկարչուհի և հետաքրքիր անձնավորություն (անձամբ նրա հետ ծանոթ չէի, կարծիք կազմել էի նրա Ֆեյսբուքյան էջից):
Հետո Ֆեյսբուքով կապվեցի Անի Հովակի հետ, պայմանավորվեցինք հադիպման համար, խոսեցինք, քննարկեցինք, թե ինչպես ենք անցկացնելու հանդիպումը, ինչպիսի ֆորմատով, օրը, ժամը…Այդ ժամանակ էլ պարզեցի ու շատ զարմացա, որ Հովակը նկարչական կրթություն չունի, ֆլեյտահար է, երգում է «Հովեր» երգչախմբում ու նվագում «Զանգակներ»-ում, բայց որ նա յուրօրինակ նկարներ, կոլաժներ ունի և շատ ինքնատիպ նկարիչ է, խոսք չկա, հեչ չես ասի, որ նկարչական կրթություն չունի (չնայած սա էլ մի ուրիշ հարց է՝ կապված Հայաստանի կրթական համակարգի հետ), սակայն իմ կարծիքով կրթությունը կապ չունի, մարդն ունի բնածին տաղանդ ու կարողանում է այդ տաղանդով հիացնել մեզ, պետք է շնորհակալ լինենք նրան դրա համար:
Հաջորդ քայլը ծրագիր կազմելն էր, ծրագիրը կարող եք տեսնել mskh.am-ում, պետք էր հանդիպման մասնակիցներին ներկայացնել, թե ով է հյուր գալու կրթահամալիր, ինչպես պետք է պատրաստվել հանդիպմանը և այլն:
Սկզբում Հովակին առաջարկել էի կազմակերպել վարպետության դաս, ու բոլորն աշխատեն կավով: Բայց Հովակն ասաց, որ կավի հետ այդքան էլ կապ չունի, ավելի շատ սիրում է պատրաստել շրջակա իրերով, էդպես ավելի հետաքրքիր է լինում: Եվ իրոք, եթե ուշադիր նայենք նրա աշխատանքներին, ապա ինչ ասես կգտնենք: Ու ստեղծագործելու համար նրան շատ քիչ բան է պետք` տախտակ և տարբեր տեսակի իրեր (լարեր, կոճակներ…): Ի դեպ, հանդիպման ժամանակ նա ասաց, որ նոր աշխատանքների համար իր ընկերները հաճախ են իրեն նվիրում իրենց տներից հավաքած տարբեր տեսակի իրեր: Իսկ հանդիպումից հետո Հովակը մեր բերած իրերով ու իր ոճով նկարեց մի սիրուն փիղ:
Վերջապես կայացավ հանդիպումը: Հետաքրքիր հարցեր, սպառիչ պատասխաններ, հետաքրքիր զրույց, ամեն դեպքում լավ է լինում, որ հանդիսատեսը ծանոթ է լինում հյուրին, գուցե բոլոր հավաքվածները՝ չէ, բայց եթե փոքր մասն էլ ծանոթ է, ուրեմն կարող ենք համարել ստացված: Իսկ վերջում էլ, ինչպես ասացի, Անին կոլաժային, ստեղծական փիղ նկարեց՝ սարքեց տարբեր իրերով, որ հավաքել էինք մեզ շրջապատող աշխարհից:
Ուզում եմ խոսել այն մասին, թե ինչ տվեց ինձ այս հանդիպումը: Տվեց այն, որ ես ծանոթացա ևս մի ժամանակակից, հետաքրքիր ու ստեղծական անձնավորության հետ: Ճանաչել է պետք մեզ շրջապատող մարդկանց, արվեստագետներին, նկարիչներին, երաժիշտներին, տարբեր խմբերին… Ասածս ի՞նչ է. չէ՞ որ նրանք մեր ժամանակակիցն են, բա չիմանա՞նք՝ ովքեր են մեր կողքին: Իսկ ամեն հնարավորություն, որ կարող ենք ճանաչել էդ մարդկանցից մեկին, պիտի օգտագործենք: Հովակի արվեստն էլ ինձ շատ է դուր գալիս, էն որ ինքը դուրս է եկել անազատ միջավայրից ու դարձել է ազատ՝ արդեն շա՜տ մեծ ձեռքբերում է, ու այդ «ձեռք բերված» ազատությունը կարող եք տեսնել նրա կոլաժներում, նկարներում ու ձեզ զգալ ազատ մարդու ժամանակակից…
Հանդիպումը ինձ ու բոլորիս տվեց ճանաչելու, շփվելու, համատեղ աշխատելու հնարավորություն, ինձ` մտածելու տեղիք` ինչպես ներկայանալ ու ներկայացնել ավելի հետաքրքիր, ավելի ստեղծական, ինչպես նաև ստեղծագործական հավաք կազմակերպելու հմտություն:
Հանդիպումից հետո ինչպես սովորաբար լինում է, մեր կայքում սովորողները և tv.mskh-ը լուսաբանեցին, ֆոտաշարքեր տեղադրեցին։
Վստահ եմ, որ կապը կպահպանվի, կկազմակերպվեն ցուցահանդեսներ, վաճառքներ: Ասեմ, որ հանդիպման վերջում Հովակին երկու առաջարկություն արվեց կապված ցուցահանդես-վաճառքի ու ցուցահանդեսների հետ: Մեկն արվեց Առնոլդ Բլեյանի կողմից, կրթահամալիրում ցուցահանդես վաճառք կազմակերպելու համար, իսկ մյուս առաջարկն արեց Սոֆյա Այվազյանը, Գեղարվեստում ցուցահանդես կազմակերպելու համար: Կապը, համագործակցությունը մեր ժամանակակցի հետ կայացավ, հաստատվեց ու կարծում եմ կլինի շարունակական:
Էմմա Իսախանյան, 10-րդ դասարան, Հանրակրթական Դիջիթեքի մասնակից: