Լինել Դիջիթեքի համակարգող. հաճելի պարտավորությո՞ւն է, թե՞ ծանր բեռ…
2015-ի փետրվարին, երբ տիար Բլեյանը մեզ` ավագ դպրոցի սովորողներ Էմմային ու Նարեկին, առաջարկեց լինել Դիջիթեք 2016-ի համակարգողները, շատ էինք ուրախացել շատ բարձր գնահատեցինք այն, որ այդ գործը վստահվում էր մեզ: Սակայն Դիջիթեքը լուրջ ստուգատես է` երկարաժամկետ, մեծածավալ, պատասխանատու, ուստի այն կազմակերպելը այնքան էլ հեշտ չէ, մանավանդ երբ դեռահաս ես: Իհարկե, տարիքը երբեք մեզ համար խոչընդոտ չի կարող հանդիսանալ, բայց արի ու տես, որ շատ շատերի մոտ դեռևս առկա են նմանատիպ կարծրատիպեր: Երբ որոշ ընկերությունների, անհատների նամակ ես գրում` Դիջիթեքի հովանավոր, աջակից կամ գործընկեր դառնալու առաջարկով, տեսնում են, որ սովորող ես, ու լուրջ չեն վերաբերվում, արդյունքում հաջողության չենք հասնում: Ստուգատես կազմակերպելը իսկապես զվարճալի, ուսումնական ու հաճելի գործ է մեզ համար, սակայն բնականաբար ունենք օգնության կարիք: Իսկապես, Դիջիթեքը հսկայական նախագիծ է, որը չափազանց շատ գործ է իրենից ներկայացնում երկու հոգու համար, մանավանդ, որ երկուսից մեկն միայն առցանց-հեռավար է աշխատում: Առաջարկում ենք, որ Դիջիթեքն ունենա ավելի մեծ համակարգող խումբ` մեզ ավելանան մի քանի այլ սովորողներ: Ավելի արդյունավետ ու կազմակերպված կաշխատենք, եթե յուրաքանչյուր սովորող լինի մի բանի պատասխանատուն: Օրինակ` մեկը լինի աջակիցներ գտնելու պատասխանատու, մյուսը` տարածելու, գովազդելու, մեկ ուրիշը` Դիջիթեքի բացման ու փակման միջոցառման պատասխանատու, մյուսն էլ՝ վարպետության դասեր կազմակերպելու…
Հայաստանաբնակ ընկերներիս շնորհիվ/միջոցով կարողացա վարպետության դասեր կազմակերպել: Օրինակ՝ Վահան Ստեփանյանի հետ օնլայն կապ հաստատեցի, ամեն ինչը որոշեցինք, պայմանավորվեցինք, իսկ արդեն ֆիզիկական միջավայրում դասը համակարգեց Ավագ դպրոցի սովորող Հարությունյան Նելլին:
Սակայն արդյունքում խառնաշփոթ է ստեղծվում, քանի որ պարզ չի ստացվում, թե ով ինչ ուղղությամբ է աշխատում: Ահա պատասխանատուների մեր նախնական, ու, բնականաբար, փոփոխության, լրացման ենթակա ցանկը:
- Դիջիթեքը գովազդելու, տարածելու պատասխանատու/ներ
- Դիջիթեքի բացումը և փակումը կազմակերպելու պատասխանատու/ներ
- Դիջիշաբաթվա ընթացքում հանդիպումներ, վարպետության դասեր կազմակերպելու պատասխանատու/ներ
- Դիջիթեքի հովանավորներ, աջակիցներ գտնելու պատասխանատու/ներ
- Դիջիթեքյան նորությունները սոցցանցերում տարածելու պատասխանատու/ներ
- Հյուրերին կրթահամալիրի հյուրատներում տեղավորելու պատասխանատու/ներ
- Հյուրերի հետ շրջող/ներ
Այնուամենայնիվ,Դիջիթեքի ամակարգող լինելը բավականին հաճելի էր, սակայն վստահ եմ՝ էլ ավելի հաճելի կլիներ, եթե Էմմայի հետ կարողանայի աշխատել ֆիզիկական միջավայրում: Ամեն դեպքում, սա էլ մի հետաքրքիր ուուսումնական փորձառություն էր. առցանց համակարգել միջազգային ստուգատես, ինչպիսին մեր Հանրակրթական Դիջիթեքն է:
Չգիտեմ,թե ով/ովքեր կլինեն Հանրակրթական Դիջիթեք 2017-ի համակարգողները, բայց մաղթում եմ հաջողություն և Դիջիթեքի էլ ավելի լայն տարածում, աշխարհագրության մեծացում: Ապագա համակարգողներին խորհուրդ կտամ սկսել աշխատել Դիջիթեք 2016-ի ավարտի հենց հաջորդ օրվանից. ժամանակն իսկապես թռչում է:
Նարեկ Սահակյան
Փորձեմ ամփոփել Դիջիթեքյան տարին՝ 2015-ի փետրվարից 2016-ի փետրվարը, հայտնեմ կարծիքս, այն մասին, թե դուր եկավ ինձ լինել Դիջիթեքի համակարգող, միգուցե օգնեց, միգուցե խանգարեց, հաջորդ տարվա համար առաջարկություններ անեմ, խորհուրդներ տամ…
Դիջիթեքին փորձեցի նայել սովորողի, դեռահասի աչքերով: Հասկացա, որ մի բանի երկար սպասելն օգնում է պատրաստվել, ավելի մեծ հետաքրքրությամբ լցվել այդ «բանի» հանդեպ, ոգևորությունն էլ մեծանում է: Տվյալ դեպքում Դիջիթեքը պետք է դառնա սպասված ստուգատես, սպասված ծես, սպասված մրցույթ:
Չեմ կարող ասել, որ Դիջիթեքի համակարգումն ինձ ամբողջությամբ դուր եկավ, շատ բաներ կային, որոնք ձանձրացնում ու նաև նյարդայնացնում էին. օրինակ՝ լարվում էի այն անորոշ վիճակից, որը հաճախ էր մոտս լինում, երբ չէի կողմնորոշվում, թե ինչ պետք է անենք, թվում էր՝ չունեինք անելիքների հստակ ծրագիր, մի տեսակ բարդ էր նաև ստուգատեսի պատասխանատու ուսուցիչների հետ աշխատելը… Այս ամենին ավելանում էր պատասխանատվության զգացումը, ես ինձ պատասխանատու էին զգում այս աշխատանքի համար. վախենում էի, որ կձախողենք… Լավ է, որ միայն ես չէի համակարգող, հաճախ Նարեկի հետ քննարկում էինք, խորհրդակցում և դուրս գալիս բարդ իրավիճակներից:
Սակայն կային նաև բաներ, որոնցով զբաղվելն ինձ հաճելի էին։ Օրինակ՝ ամառային առաջադրանքների փաթեթը կազմելուց հետո գնացել էինք Միջին դպրոց՝ հենց տեղում, ճամբարականների հետ աշխատելու, Դիջիթեքը ներկայացնելու, պարզաբանելու, այ, դա ինձ դուր եկավ, սիրում եմ երեխաների հետ աշխատել, նրանցից շատ բաներ եմ սովորում, ես էլ եմ սովորեցնում: Ահա «Ամառային առաջադրանքների փաթեթը» և «Ամփոփումը»: Դիջիթեքն ինձ բազում հնարավորություններ տվեց ներկայանալու, որի արդյունքում էլ խոսքս դարձավ ավելի ներկայանալի:
Կազմակերպեցինք նաև Դիջիթեքյան հանդիպումներ, քննարկումներ, վարպետության դասեր՝
- Վարպետության դաս Վահան Ստեփանյանի հետ. թեման՝ «Լուսանկարչություն անկախ ֆոտոխցիկից»
- Վարպետության դաս Գերման Ավագյանի հետ. թեման՝ «Վավերագրական լուսանկարչություն»
- Դիջիթեքյան կլոր սեղան-քնարկում. «Բոլոր ժամանակների Դիջիթեքը»
- Հանդիպում-քննարկում Գրիգի հետ. «Կոնֆլիկտի զարգացման օրինաչափությունները Վիլյամ Սարոյանի վեպերում»
Ունեցանք նոր գործընկեր՝ IUnetworks LLC-ն, ինչի առիթով շատ ուրախ ենք:
Կարող եմ ասել, որ համաձայն եմ Նարեկի հետ, թիմային աշխատանքը միշտ էլ ավելի արդյունավետ է ու համակարգված, ափոսոսում եմ, որ շուտ չենք սկսել էդպես աշխատել, հաջորդ տարվա համակարգողին կամ համակարգողներին խորհուրդ կտամ հենց սկզբից թիմ հավաքել, կազմել, թիմով աշխատել: Ավելացնեմ նաև այն, որ լավ կլինի, եթե թիմը կազմվի ըստ սովորողների նախասիրությունների. օրինակ՝ այն սովորողը, որ խորացել է ՏՏ ոլորտում, զբաղվի կայքի տեխնիկական սպասարկմամբ, ով սիրում է հաղորդավարական, ռեժիսորական գործը՝ հաղորդումներ, ռեպորտաժեր, Դիջիթեքյան առօրյայի լուսաբանումներ, տեսանյութեր պատրաստի, մեկը՝ գործընկերներ գտնի, մյուսը զբաղվի կայքի դիզայնով, լոգոյով, ստեղծի Դիջիթեքյան ընդհանուր ոճ, էն մյուսն էլ պարբերաբար թարմացնի Դիջիթեքի պաշտոնական կայքն ու Ֆեյսբուքյան խումբը… և էսպես շարունակ: Էսպես ավելի համակարգված, լուրջ, կոկիկ ու հստակ կլինի Դիջիթեքը, որն էլ կարծում եմ կնպաստի մասնակիցների շատացմանը, նյութերի որակի բարձրացմանը և տարածմանը:
Ի դեպ, ասեմ նաև, որ սիրում եմ նկարչությունը, դիզայնը, նոր կերպարներ ու նոր բաներ ստեղծել… Այս պարզ պատճառով էլ որոշեցի փորձել գծել-գծագրել Դիջիթեքի այս տարվա լոգոն։ Կարծում եմ ստացվեց… Լոգոյի կանաչ «շրջանը» անգլերեն «e» տառն է, որը նշանակում է «edu», իսկ ներքևում էլ «digitech»-ն է։ Փորձել եմ ցույց տալ, որ մեր Դիջիթեքը առանձնացող ու յուրահատուկ է, առանձնանում է նրանով, որ կրթական է, նպատակն էլ՝ թվային տեխնոլոգիաների արդյունավետ կիրառումը հանրակրթության մեջ։
Գալով այն մտքին ու եզրակացությանը, որ թիմային աշխատանքն ավելի արդյունավետ է, ուզում եմ ասել, որ աշխատանքը պետք է արվի միանգամից. արագ կազմվեն դպրոցների, անվանակարգերի պատասխանատուների խմբերը, հանձնաժողովի անդամները, ամբողջ տարվա ընթացքում գործընկերներ գտնվեն, ամեն ինչ պետք է արվի ամբողջ տարվա ընթացքում, այլ ոչ թե վերջին պահին:
Պատասխանատուները նույնպես պետք է ընտրվեն ըստ իրենց նախասիրությունների, կարողությունների, պետք է ընտրվեն ակտիվ, մյուսներին հավեսի գցող, շահագրգռված մարդիկ: Ովքեր տարվա ընթացքում կկատարելագործեն իրենց անվանակարգերը, դրանց ներկայացվող պահանջները, որպեսզի մասնակիցները սկսեն պատրաստել իրենց աշխատանքները, ամփոփել նախագծերը հենց նոր Դիջիթեքի մեկնարկից հետո…