Սկիզբը
Նախորդ հատվածը
Սպորտ
6 հունիսի 1965թ.
Այսօր մենք այս տարի առաջին անգամ Թոմմիի հետ եղանք լողավազանում: Եվ նրա հետ միանգամից մի պատահար եղավ, որ հավանաբար, խիստ կվախեցներ նրա տարիքի ուրիշ երեխաների: Նա կանգնած էր ոչ այնքան խոր կողմից դեպի ջուրը տանող առաջին ու երկրորդ աստիճանի վրա: Ներքև իջնել նա չէր ցանկանում, և ձեռքերիս վրա «լողալու» իմ բոլոր հորդորները նրան չէին հրապուրում: Նա այդպես էլ մնաց աստիճանների վրա՝ նայելով ջրին և երբեմն թեքվելով, որ ջրով չփչփացնի: Եվ հանկարծ, ինչ-որ անզգույշ քայլի պատճառով, չկարողացավ իրեն պահել և ընկավ ջուրը՝ խորասուզվելով: Նրան անընդհատ հետևող ավագ քույրը չշփոթվեց ու անմիջապես Թոմմիին ջրից դուրս քաշեց. նա փնչացնում էր, հազում, բայց բոլորովին չէր վախեցել: Հանգստանալով և շնչառությունն ու համարձակությունը վերականգնելուց հետո, նա կրկին մտավ ջուրը և արդեն պահանջում էր, որ իրեն «ման տամ»: Ես վերցրի նրան ձեռքերիս վրա ու մտա ջուր այն խորության վրա, որտեղ ջուրը նրա կրծքից էր: Նա ձեռքերով և ոտքերով ամուր կառչեց ինձնից, ինչպես անում են փոքրիկ երեխաները: Ժամանակ առ ժամանակ ես այնքան խորն էի սուզվում, որ ջուրը հասնում էր նրա ուսերին, բայց դա նրան ակնհայտորեն դուր չէր գալիս, և ես դադարեցրի այդ փորձերը: Այդ ամբողջ ընթացքում նա ձեռքերով ու ոտքերով ամուր կառչել էր ինձնից, ինչպես սկզբում, և շուտով խնդրեց, որ ետ գանք դեպի աստիճանները: Այսօր զվարճանաքի ծրագիրն ավարտված էր:
9 հունիսի 1965թ.
Այսօր Թոմմին ավելի մեծ ցանկություն հայտնեց ջուրը մտնելու և «ման գալու»: Նա այդպես ջղաձգորեն չէր կառչել ինձնից, ինչպես առաջ, նրան անգամ դուր էր գալիս, որ ջուրը ծածկում է նրա ուսերը: Այն բանից հետո, երբ մենք բավականին ժամանակ անցկացրեցինք ջրում, որոշեցի, որ ժամանակն է փորձելու ստիպել, որ նա կտրվի ինձանից, որպեսզի ինքս պահեմ նրան: Սկսեցի նրանից, որ զգուշաբար բացեցի նրա ոտքերը: Նա չէր դիմադրում, նրան դուր էր գալիս, որ իր ոտքերը ազատ լողում են ջրում, երբ նրան առաջ ու ետ էի անում: Ապա ամուր բռնելով նրա մարմինը՝ համոզեցի թուլացնել իմ պարանոցն ամուր բռնած ձեռքերը և դրա փոխարեն բռնել ձեռքերիցս այնպես, որ ես կարողանամ քշել նրան ջրում այն դիրքով, որ արդեն լողորդի դիրք է հիշեցնում: Նրա ձեռքերից բռնած ցույց էի տալիս, թե ինչպես պետք է շարժել ոտքերը: Նա հիացած էր և միանգամից սկսեց ոտքերով խփել ջրին՝ այնպես եռանդուն, ինչպես անում էր մնացած բոլոր բաները: Ինչ-որ ժամանակ ես նույնիսկ ձեռքերը բաց էի թողնում և նրան հնարավորություն տալիս ձեռքերով ազատ շարժվելու ջրում: Մեկ-երկու անգամ նրան անգամ հաջողվեց թևալողի նման մի բան անել:
Նոր տարերք՝ ջրի ուսումնասիրությունում նրա հաջողությունները, չէր կարելի հաստատուն ու անընդհատ անվանել: Փոքր երեխաների մոտ համարձակությունը (ոչ միայն նրանց մոտ) մակընթացության – տեղատվության նման մեկ հորդում է, մեկ ետ մղվում, բայց այդ պահերը չափվում են ոչ թե ժամերով, այլ րոպեներով, անգամ վայրկյաններով: Դրանում կարելի է ակներևաբար համոզվել, եթե հետևեք երկու տարեկան երեխաներին, երբ նրանք զբոսնում են մայրիկների հետ, կամ խաղում մանկական հրապարակում ու զբոսայգում:
Ոչ այնքան վաղուց ես հետևում էի մի տեսարանի Բոստոնի Բաց այգում: Մայրիկները, նստարաններին նստած, տարվել էին զրույցով, իսկ երեխաները նրանցից հեռու վազվզում էին: Ինչ-որ ժամանակով նրանք կարող էին մոռանալ մայրիկների ներկայության մասին և համարձակորեն ու ազատորեն զբաղվել հետազոտություններով: Հետո նրանց համարձակության պաշարը մարեց, նրանք վերադարձան մայրիկների մոտ, մի որոշ ժամանակ պտտվեցին նրանց շուրջը՝ ասես լիցքավորելով մարտկոցը ու մի երկու րոպե հետո նորից պատրաստ էին վերադառնալու իրենց ուսումնասիրություններին, և այդպես շարունակ:
Նույն ձևով էլ այս երեխայի մոտ լողավազանում հետազոտական հետաքրքրությունների շրջանը փոխարինվում էր շունչ քաշելու և ուժեր հավաքելու շրջանով: Ժամանակ առ ժամանակ նա ինձ թույլ էր տալիս ջրում քաշել իրեն՝ միաժամանակ անհուսորեն թափահարելով ձեռքերն ու ոտքերը ու բացահայտորեն բավականություն ստանալով դրանից: Հետո նա հանկարծ սկսում էր նույնքան անհուսորեն կառչել իմ ձեռքերից, և նրա դեմքի արտահայտությունից կարելի էր հասկանալ, որ նա ուզում է նույնքան ամուր ու վստահ բռնեմ իմ ձեռքերից, ինչպես ամենասկզբում: Երբեմն նա խնդրում էր, որ իրեն նորից կանգնեցնեն աստիճաններին կամ ընդհանրապես տանեն լողավազանից: Բայց մի քանի րոպե անց նա կրկին հայտնվում էր ջրում՝ ուսումնասիրությունը շարունակելու ակնհայտ ցանկությամբ:
Ես առիթ եմ ունեցել հետևել ծնողների, ովքեր ձգտում էին իրենց փոքրիկ երեխաներին լողալ սովորեցնել: Որպես կանոն, այդ փորձերը անհաջողության էին մատնվում, որովհետև ծնողները ոչ մի կերպ չէին նկատում երեխայի համարձակության տատանումները: Ի՞նչ է դա, ոչ բավարար վերաբերմունք երեխայի հանդեպ: Թե՞ անտարբերություն: Հնարավոր է, որ նրանք պարզապես սովոր չեն երեխայի զգացմունքների հետ հաշվի նստելու, և այն կարծիքին են, որ երեխայի տրամադրությունների փոփոխությունները հեշտորեն կարելի է լուծել հորդորներով ու խրախուսանքներով, հակառակ դեպքում կարելի է վախեցնել ու անբավականություն ցուցադրել: Ավելի շուտ ծնողները, ովքեր ընդհանրապես անտարբեր են երեխայի զգացմունքների հանդեպ, ուշադրություն չեն դարձնում, թե երեխան ինչպես է զգում իրեն ինչ-որ կոնկրետ պահի: Ամեն դեպքում այսպիսի ուսուցումը, թեկուզ այն ինչ-որ պտուղներ տալիս է, կարող է ավելի արդյունավետ լինել, եթե մեծահասակները ներողամտորեն վերաբերվեն երեխային, մի պահ ընդունեն, որ նա փոքր է և, երբ նա զգում է, որ համաձակության պաշարը սպառվել է, պետք է համալրի այն, և այդ ժամանակ երեխան նորից պատրաստ է ձգտելու դեպի չփորձածը և ավելի համարձակ ու արագ, քան անում էր դա հարկադրված:
Խոսք չկա, Թոմմին միշտ էլ բացառիկ համարձակ ու նախաձեռնող երեխա է եղել: Շատ քիչ երեխաներ են կարող, անգամ ուշադիր ու զգուշավոր վերաբերմունքի դեպքում, ինչ-որ նոր բան այդպես արագ յուրացնել. Բայց սկզբունքը ամեն դեպքում ուժի մեջ է մնում: Եթե մենք մշտապես ձգտում ենք ստիպել երեխային անել այն, ինչից նա վախենում է, նա ամաչկոտ է մեծանանում և վարժվում է օգտագործել իր մտավոր կարողություններն ու էներգիան ոչ թե անհայտի հետազոտման վրա, այլ որ մեր ճնշումից խուսափելու համար միջոց գտնի: Հակառակը, եթե ջանանք չհարկադրել երեխային ավելի առաջ գնալու, քան թույլ է տալիս այդ պահին նրա համարձակությունը, երեխան ավելի խիզախ կմեծանա:
Օրինակ, Թոմմիի քույրը՝ Լիզան, ավելի ամաչկոտ էր: Երբ նա առաջին անգամ հայտնվեց լողավազանում, հնար չեղավ նրան ստիպելու առաջին աստիճանից ներքև իջնել. նա պարզապես նստել էր առաջին աստիճանին և ոտքերով չլմփացնում էր ջրում՝ իր ողջ տեսքով ցուցադրելով, որ առանց այն էլ նա խիզախել է սարսափելի արկածի: Միայն մի քանի շաբաթ հետո նա այնքան խիզախեց, որ թույլ տվեց, որ իրեն ջուրը մտցնեն մինչև գոտկատեղը կամ «ման տան» ջրում: Իսկ ձեռքերը բռնած քաշել ջրում (այնպես, որ ձեռքերը ջղաձգորեն չկառչեն մեծերի ձեռքերից ) Լիզան թույլատրեց միայն հաջորդ ամռանը:
Բայց մենք հաշվի առանք նրա բնական ամաչկոտությունը և զգուշավորությունը և արդյունքում նրա մեջ ցանկություն ծնվեց հաղթահարելու իր վախերը և լուծելու դրանք: Այժմ՝ վեց տարեկանում, նա դարձել է անվախ դահուկորդուհի՝ խիզախորեն հաղթահարելով դժվարին բարձունքները՝ իրենից երկու անգամ տարիքով երեխաների հետ: Ամռանը նա սովորում է լողալ և դրանում էլ չի զիջում իր ընկերներից շատերին:
10 հունիսի 1965թ.
Այսօր լողավազանի ոչ խորը մասի լայնքով պարան էր կապված՝ մեկուսացնելով «գորտամանը»: Թոմին շատ հետաքրքրվեց այդ պարանով, հատկապես սպիտակ-երկնագույն պլաստմասե երկու լողաններով, որոնք պահում էին պարանը: Թվում էր՝ նա ամենևին չէր ուզում անել այն, ինչին երեկ ծանոթացել էր ՝ ջրում ոտքերով ու ձեռքերով չլմփացնել: Դրա փոխարեն նա սկսեց ուսումնասիրել պարանը և լողանները: Սկզբում, չափահաս մարդու տրամաբանությամբ, որոշեցի, որ այդ ուսումնասիրությունները նրա ուշադրությունը կշեղեն լողից: Բոլորովին, շուտով նա հասկացավ, որ բռնվելով պարանից՝ նա կարող է իրեն պահել ջրի վրա՝ առանց որևէ մեկի օգնության և նրա ուսումնասիրությունները շարունակվեցին հենց այդ ուղղությամբ: Երբ առաջին անգամ նա կառչեց պարանից և ստուգեց նրա ամրությունն ու հուսալիությունը, ես աստիճանաբար այնքան թուլացրի իմ հսկողությունը, որ վերջիվերջո նա համոզվեց, որ իրեն պահում է բացառապես պարանը: Իհարկե, նա ջրի վրա մնում էր ավելի շատ իր սեփական մարմնի լողունության և փոքրիկ փչովի գոտու շնորհիվ:
Մենք սկսեցինք նրանից, որ նա բռնել էր պարանից, իսկ ես կանգնել էի նրա կողքին: Հետո, երբ նա ընտելացավ այն մտքի հետ, որ ես իրեն չեմ բռնում, սկսեցի աստիճանաբար հեռանալ նրանից, որպեսզի նրան հնարավորություն տամ զգալու անկախության հմայքը: Երբ նա հասկացավ, որ իրեն ոչ ոք չի բռնել, հիացմունքին վերջ չկար: Բայց միևնույն ժամանակ դա համարաձակություն էր պահանջում, և մի քիչ կառչելով՝ ինձ օգնության կանչեց. «Բռնի՛ր ինձ»: Մի րոպե անց նա պահանջեց. «Բա՛ց թող ինձ», և ես բաց թողեցի նրան: Դա մի քանի անգամ կրկնվեց, և ամեն անգամ նրան պահելու ժամանակը կարճատվում էր, իսկ որոշ պահերի էլ նա խնդրեց ինձ հեռու գնալ: Այդտեղ նա հայտնաբերեց, որ պարանի վրայի պլաստմասե լողանները կարելի է տեղաշարժել, և դա դարձավ նոր, գրավիչ խաղի սկիզբ. ժամանակի ամբողջ մնացած մասը նա նվիրեց այն բանին, որ պարանի մի ծայրից լողանները տանում էր մյուս ծայրը: Նա նաև հայտնաբերեց, որ պարանը բռնած վիճակում կարող է այնպես շրջվել, որ ոտքերը հայտնվեն պարանի մյուս կողմում, այսինքն՝ փաստորեն նա լողում էր մեջքի վրա: Դա նրան շատ դուր եկավ, բայց նախնական վիճակին վերադառնալիս որոշ դժվարություններ եղան:
Լողավազանում շատ երեխաներ կային. նրանք լողում էին, ցատկոտում, ցատկում աշտարակից և դուրս լողում ջրից: Այս ամբողջ իրարանցումը լրացուցիչ դժվարություններ էր ստեղծում Թոմիի համար, ջուրը մեկ ցայտում էր նրա երեսին, լցվում բերանը, անգամ՝ քիթը: Մինչև նրան հետևելը, գլխի չէի ընկել, որ լողորդի ամենակարևոր ունակություններից մեկը, որը բավականին դժվար է սովորել, ավտոմատ կերպով քիթն ու բերանը փակելու ընդունակությունն է, որ չխեղդվի: Հմուտ լողորդը դա առանց մտածելու է անում և հաճախ նույնիսկ կարողանում է բերանի վերին մասով շնչել, երբ բերանի ստորին մասը ջրի մեջ է լինում: Թոմին, բնականաբար, այս հմտությունը չուներ: Նա չգիտեր, թե ինչ աներ, որպեսզի ջուրը քիթն ու բերանը չլցվեր և անգամ չէր հասկանում, որ դա անելը խիստ անհրաժեշտ է: Նրա մոտ ամեն ինչ հակառակն էր ստացվում. երբ ջուրը խթում էր երեսին, նրան այնպես էր ապշում, որ զարմանքից բերանը ավելի լայն էր բացում, և արդյունքում ջուր էր կուլ տալիս: Նա խեղդվում էր, հազում և դուրս թքում, իսկ երբեմն նաև բարձրաձայն ործկում ջուրը: Բարեբախտաբար նա ջրից ազատվում էր նույնքան հեշտությամբ, ինչպես կուլ էր տալիս: Դա նրան բոլորովին դուր չէր գալիս, և նա անմիջապես խնդրեց պահել իրեն, բայց միանգամից մոռացավ այդ տհաճությունը և նույնիսկ ոչ մի անգամ չլացեց, էլ չեմ ասում այն մասին, որ չուզեց լողավազանից դուրս գալ: Նա միայն դժգոհ խոժոռվում էր և վրդովված ասում. «Շատ մարդ կա»: Դե ինչ, մնում էր միայն համաձայնել նրա հետ:
Հետո ինչ-որ տեղ կարդացի, որ մեկամյա երեխաների մոտ գործում է քթի արգելափակման ռեֆլեքս, և որ նրանք կարող են թեթև ու բնականորեն լողալ, ինչպես ձկները: Բայց, ակնհայտորեն, երեխաները, որ մեկ տարեկանում ընդունակ են լողալու և սիրում լողալ, հետո կորցնում են այդ ռեֆլեքսը, եթե պարբերաբար չեն լողում և երեք-չորս տարեկանում նորից ստիպված են տիրապետել այդ արվեստին:
Երեխային ավելի հեշտ է զգալ սովորելը, երբ նրա քիթը կամ բերանը ջրի տակ է և արձագանքել համապատասխան կերպով, երբ նա լողում է հանգիստ ջրով լողավազանում: Բայց այս լողավազանը շատ մեծ չէր և լիքն էր մարդկանցով, տեղանքը ջրասակավ էր և լողավազանում ջուրը դատարկելու համար ցանցեր նախատեսված չէին, որոնք կհանգստացնեին ջրի ալեծփումը: Հարկավոր էր մտածել դրությունից դուրս գալու մասին: Լրիվ պատահաբար մենք շատ օգտակար խաղ գտանք: Ես ամուր բռնել էի Թոմմիին, երբ նա պատահաբար մի քիչ ջուր կուլ տվեց, որը բնազդորեն շատրվանի նման բաց թողեց դեմքիս: Մի ամբողջ ներկայացում խաղացի. փռնչացնում էի, հազում, դեմքս ծամածռում, թքոտում: Դա նրան շատ զվարճալի թվաց և շատ շուտով կրկնեց փորձը՝ դեմքը ջրի մեջ իջեցնելով և դիտմամբ բերանը ջուր հավաքելով, որը հետո շատրվանի նման արձակեց ինձ վրա: Եվ այսպես մի քանի անգամ: Խաղը հաջողված էր մի քանի պատճառներով: Նախ՝ երեխան համոզվեց, որ երբ ջուրը խփում է դեմքին, խեղդվում, հազում, փռնչացնում են ոչ միայն երեխաները այլև մեծերը. Բոլորի հետ է այդպես լինում: Երկրորդ՝ նա հասկացավ, որ դրանում ոչ մի սարսափելի բան չկա: Եվ վերջինը՝ նա հասկացավ, որ կարող է կառավարել այդ պրոցեսը՝ ջուրը բերանը ինքնուրույն վերցնել ու բաց թողնել այն: Երբ նա դրան ընտելացավ, նրան ցույց տվեցի, թե ինչպես ջրում պղպջակներ բաց թողնել, բայց դա նրան չհետաքրքրեց և ես չշարունակեցի:
11 հունիսի 1965թ.
Այսօրվա օրը արկածներով լի էր: Հենց որ հայտնվեցինք ջրում, Թոմին խնդրեց ման տալ իրեն: Ես որոշ ժամանակ նրան քաշեցի լողավազանի ոչ այնքան խոր մասում: Նա ինձնից չէր բռնել, և ոտքերով ու ձեռքերով եռանդուն աշխատում էր: Ես նրան շատ թեթև էի պահնել, իսկ մի պահի ընդհանրապես դադարեցի պահելուց և ասացի. «Դու լողում ես, դու ինքնուրույն լողում ես», և նրա դեմքի արտահայտությունից երևում էր, որ ինքն էլ է դա հասկացել: Վերջիվերջո ընդհանրապես բարձրացրի ձեռքերս՝ ցուցադրելով իրեն և մորը, որ ինքը իսկապես լողում է: Ինքնուրույն լողի մի քանի ակնթարթը լիովին բավարար էր նրա համար. և, վստահության համար, և որ նա չվախենա, ես անմիջապես սկսեցի թեթև պահել, որ նա հենարան զգա:
Ավելի ուշ, երբ նա հանգստանում և տաքանում էր արևի տակ, ես հեռացա լողավազանի խորը մասը, որ մի քիչ ինքս լողամ: Եվ այդտեղ նկյատեցի Թոմիին մոր հետ, ով ինձ հայտնեց, որ Թոմին ուզում է թռչել սուզվելու համար աշտարակից, որ ես իրեն բռնեմ: Ես կրկնեցի հարցս. «Դու չե՞ս կատակում, դու վստա՞հ ես, որ նա իսկապես դա ուզում է»: Թոմին շարունակում էր պնդել իր թռչելու ցանկությունը, մագլցեց աշտարակը ու առանց մի րոպե անգամ մտածելու՝ թռավ ներքև: Բռնեցի նրան և քարշ տվի դեպի լողավազանի աստիճանը: Նա այնքան հավեսի ընկավ, որ իր թռիչքը կատարեց երկրորդ, հետո երրորդ անգամ, և այդպես անվերջ կթռչեր, եթե աշտարակի մոտ չխմբվեին ավելի մեծ տարիքի երեխաներ, ովքեր նույնպես ուզում էին թռչել: Թոմին շատ վիրավորված էր. անհավատալի խիզախություն դրսևորելով՝ նա իրեն ամբողջ լողավազանի տեր ու նվաճող էր զգում: Հաջորդ անգամ, երբ մենք գնացինք լողալու, նա խնդրեց ինձ, որ իրեն ջրում քաշեմ պարանով սահամափակված հատվածից այն կողմ՝ լողավազանի խոր մասը: Հենց որ հայտնվեց պարանից այն կողմ, նա անմիջապես լողաց դեպի խոր տեղը՝ ամբողջ ուժով աշխատելով ձեռքերով ու ոտքերով: Ես նրա կողքով լողում էի, ու երբ մենք լողացինք մինչև այնտեղ, որտեղ ես դեռ կարող էի ոտքի վրա կանգնել, շրջեցի նրան, որ նա լողա դեպի ցածր մասը: Թոմմին բողոքեց ու հայտարարեց, որ ուզում է լողալ մինչև վերջ, այն տեղը, որտեղ խորն է, ու շրջվեց դեպի այդ կողմը: Ես նրան հետ շրջեցի: Դարձյալ բողոք նրա կողմից ու դարձյալ թեքվեց՝ լողալու դեպի խորքը: Ինձ միացավ նրա մայրը, և մենք երկուսով սկսեցինք նրան համոզել, որ ինքը շատ փոքր է և պետք է լողա ոչ խորը մասում, որովհետև նա դեռ լողորդ չէ: Մի որոշ ժամանակ նա փորձում էր մեզ վիճախեղդ անել, բայց համոզվելով, որ ոչ ոք չի պատրաստվում նրան թույլատրել լողալ ամբողջ լոզավազանով մեկ, լաց եղավ, ավելի ճիշտ մի սարսափելի լացուկոծ դրեց ստորացման, հիասթափության ու զայրույթի պատճառով: Լռեցնել չէինք կարողանում:
Երևի նրան թվում էր, որ նա բոլորին ամեն ինչ ապացուցել էր, իրավունք էր վաստակել լողալ ամբողջ լողավազանով մեկ, և նրա գործունեության շրջանակը ինչ-որ ոչ խորը մասով սահմանափակելու մեր ջանքերը համարում էր իր անձի հանդեպ խտրականության դրսևորում:
Հիմա ինձ թվում է, որ մենք լիովին սխալ էինք ու իսկապես հիմարաբար վարվեցինք: Ինչո՞ւ մենք որոշեցինք, որ դա իրավիճակից դուրս գալու ճիշտ որոշում է: Հիմա հավանաբար կասեի. «Լավ, լողա՛ մինչև վերջը, եթե այդպես ես ուզում, ես էլ քո կողքով կլողամ»: Դրա մեջ ի՞նչ վատ բան կար: Նա չէր կարող խեղդվել. նրա հագին փչովի գոտի կար, և եթե նրա ուժերը հատեին կամ ջուր կուլ տար, կամ խիզախությունը չբավարարեր, ես հեշտորեն նրան կքաշեի մինչև լողավազանի եզրը: Չէ՞ որ նա իսկապես իրավունք էր վաստակել լողալու խոր տեղում, և ստացվում է, որ նրա զայրույթը լիովին ճիշտ էր. նա իրեն քաջ պահեց, իսկ մենք դրան ուշադրություն չդարձրեցինք, վստահություն չցուցաբերեցինք:
16 հունիսի 1965թ.
Մի քանի օր վատ եղանակ էր, և լողավազան չէինք գնում: Այսօր դարձյալ շողում է արևը, և մենք գնացինք լողալու: Մեքենայի մեջ Թոմին մի քանի անգամ կրկնեց. «Ջո՛ն, դու այսօր ինձ մի՛ բռնիր. Ես ինքս պիտի լողամ»: Նա բացահայտորեն ինքն իրեն խաղում էր, թե ինչ է անելու, երբ ջրում հայտնվի: Դա հենց այն մտավոր գործունեությունն է, որին հետազոտողների կարծիքով ընդունակ չեն ոչ միայն Թոմիի տարիքի, այլև նրանից մեծ երեխաները: Երբ տեղ հասանք, Թոմիի մեջքին ամրացրեցի պլաստմասե փուչիկը, և տղան միանգամից մտավ ջուրը և ինքնուրույն լողաց՝ առանց իմ օգնության կամ աջակցության: Ուսերի միջև տարուբերվող փուչիկը նրան պահում էր համարյա ուղղահայաց դիրքում, այնպես որ առաջ գնալու համար նա զգալի ջանք պիտի թափեր: Նա ինքնուրույն լողում էր և օգնություն խնդրում էր միայն այն ժամանակ, երբ երեխաներից ինչ-որ մեկը, խաղի թե թռիչքի ժամանակ նրա երեսին ջուր էր թռցնում: Բայց փռնչացնելուց ու հազալուց հետո նա նորից շարունակում էր ինքնուրույն լողալը: Այդ անգամ նա երեք, թե չորս անգամ լողաց լողավազանի ոչ խորը հատվածի ամբողջ երկայնքով: Նա դրա վրա ծախսեց իր էներգիայի և վստահության ամբողջ պաշարը: Ամբողջ մնացած ժամանակը նա նախընտրեց պարանով խաղալ կամ թույլատրեց, որ իրեն քաշեմ ջրում:
Հեղինակ՝ Ջոն Հոլթ
Թարգմանիչ՝ Թամարա Ղահրամանյան
Խմբագիր՝ Գևորգ Հակոբյան