Երբ գնահատվում է երկրի հանրակրթությունը

Ժամանակակից աշխարհում որևէ երկրի հանրակրթության կազմակերպման մակարդակի մասին պատկերացում են կազմում միջազգային PISA քննություններից այդ երկրում ցույց տրված արդյունքներով: Յուրաքանչյուր երեք տարին մեկ աշխարհի մոտ 70 երկրներում միլիոնավոր 15 տարեկան դպրոցականներ մասնակցում են PISA-ի երեք հիմնական քննություններին՝ «մաթեմատիկա», «բնագիտություն» և «ընթերցանություն» ուղղություններով: Կամավորության սկզբունքով կազմակերպվում են նաև հավելյալ քննություններ՝ «Թիմային աշխատանքով որևէ խնդրի լուծում» և «Ֆինանսական գրագիտություն» ուղղություններով: Այս միջազգային քննությունները կազմակերպում է OECD «Organization for Economic Co-Operation and Development – Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն» միջազգային կազմակերպությունը, որի կենտրոնը ԱՄՆ-ում է: Այս միջազգային կազմակերպության նպատակը հանրակրթության զարգացման տեմպերը տնտեսության զարգացմանը համահունչ դարձնելն է:

Հայաստանի Հանրապետության ԿԳ նախարարությունը հանրապետության դպրոցներում իրականացվող հանրակրթության մակարդակները որոշելու համար վարկանիշային սանդղակներ է սահմանել, որոնք ճիշտ չեն բնորոշում դպրոցներում իրականացվող հանրակրթական գործընթացը: Օրինակ, տվյալ դպրոցի շրջանավարտների կրթության շարունակումը համալսարաններում, սովորողների հաջողությունները տարածքային, հանրապետական և միջազգային օլիմպիադաներում:  Մի որևէ երկրի տնտեսության զարգացման համար շատ ավելի կարևոր է այդ ամբողջ երկրի հանրակրթության բարձր մակարդակը, քան ունենալ  միջազգային օլիմպիադաների ոսկե կամ արծաթե մեդալակիրներ: Միջազգային  օլիմպիադաներում հաջողություններն ապահովում են մի քանի սովորողներ իրենց ուսուցիչներով, ովքեր վառ անհատականություններ են, մինչդեռ՝ PISA-ի քննություններում հաջողություններ ունենալը ապահովում են տվյալ երկրի հազարավոր 15 տարեկաններ իրենց հարյուրավոր ուսուցիչներով: Այստեղ պարտվողներ չկան, հաղթողներ են բոլորը, ամբողջ երկրի հանրակրթությունը, մինչդեռ՝ միջազգային առարկայական օլիմպիադաներում հաղթողներն իրենց երկրում թողել են պարտված ու մի քիչ էլ հուսահատված աշակերտների և ուսուցիչների մի հզոր բանակ օլիմպիադաների անցկացման նախորդ 4 փուլերում՝ դպրոցական, համայնքային (տարածքային), մարզային և հանրապետական:

Երբ գնահատվում են օժտված սովորողների գիտելիքներն ու կարողությունները

Դպրոցական առարկայական օլիմպիադաները կարևոր դեր են խաղում, երբ նպատակը տվյալ երկրի օժտված սովորողներին հայտնաբերելն է: ՀՀ ԿԳ նախարարի 2011թ ապրիլի 5-ի N 280 հրամանով  հաստատված է Հայաստանի հանրապետության դպրոցականների առարկայական օլիմպիադաների կազմակերպման և անցկացման կարգը: Ըստ հրամանի օլիմպիադաները անցկացվում են հանրակրթական 16 առարկաներից (հայոց լեզու, հայ գրականություն, ռուսաց լեզու, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, պատմություն, աշխարհագրություն, մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, ինֆորմատիկա, աստղագիտություն, հայ առաքելական եկեղեցու պատմություն, ՆԶՊ) 4 փուլերով`ներդպրոցական, տարածքային (Երևան քաղաքում ըստ վարչական շրջանների), մարզային (Երևանում`քաղաքային), հանրապետական:

Դպրոցում ստեղծվում է առարկայական օլիմպիադայի կազմկոմիտե, որը սահմանում է հունվար-փետրվար ժամանակահատվածում օլիմպիադայի դպրոցական փուլի անցկացման ժամանակացույցը ըստ առարկաների: Դպրոցական փուլին մասնակցում է 5-12-րդ դասարանների ցանկացած սովորող, ով ցանկություն է հայտնում: Առարկայական հանձնաժողովներն էլ կազմում են առաջադրանքները: Դպրոցական փուլի արդյունքները հաշվի առնելով դպրոցի կազմկոմիտեն պարգևատրում է հաղթողներին և որոշում է կայացնում, թե որ սովորողներն են մասնակցելու տարածքային (համայնքային) փուլին, որին մասնակցում են 7-12-րդ դասարանների սովորողները:

Մոտավորապես նույն գործառույթներն են անում տարածքային կազմկոմիտեները և առարկայական հանձնաժողովները, ովքեր որոշում են կայացնում, թե որ սովորողներն են մասնակցելու մարզային (մեր դեպքում Երևան քաղաքի) փուլին: Երրորդ փուլին մասնակցում են տվյալ մարզի տարածքային կազմկոմիտեների կողմից երաշխավորված սովորողները.հայոց եկեղեցու պատմությունից` 8-12-րդ դասարանների սովորողները, մյուս առարկաներից` 9-12-րդ դասարանների սովորողները:  Կազմակերպչական սխալներով անվստահելի ու անհամոզիչ որոշումներ են կայացվում հենց այս փուլում:

Կազմակերպչական սխալ։ Հանրապետական դպրոցական օլիմպիադաների անցկացման կարգի մեջ գրված չէ, որ «Քվանտ» վարժարանը, «Անանիա Շիրակացի» ճեմարանը և Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցը ազատված են տարածքային փուլից, բայց փաստացի նրանք ազատված են և միանգամից մասնակցում են մարզային փուլին:

Տարածքային կազմկոմիտեների որոշումները անհամոզիչ և անվստահելի են։ Տարածքային կազմկոմիտեները իրենց որոշումները կայացնում են`հաշվի առնելով միայն օլիմպիադայի մասնակիցների ստացած միավորները: Օրինակ, շատ է պատահել, որ մեր կրթահամալիրի սովորողները անգլերենից 1-3-րդ տեղերն են զբաղեցրել Մալաթիա-Սեբաստիա համայնքում, բայց նրանց մարզային փուլի մասնակցության մասին որոշում չի կայացվել, որովհետև նրանց միավորները եղել են ավելի ցածր, քան այլ համայնքների հաղթողներինը: Արդյո՞ք հանրապետության բոլոր համայնքների առարկայական հանձնաժողովները նույն անաչառությունն ունեն և նույնքան անկողմնակալ են:

Առաջարկություն:  

  1. Արդար կլինի, եթե համայնքային (տարածքային) փուլի բոլոր տարածքների հաղթողները՝ անկախ իրենց հավաքած միավորներից, իրավունք ունենան մասնակցելու մարզային փուլին:
  2. Եթե առաջին առաջարկությունը անհնար լինի իրականացնել, ապա իմ կարծիքով մեր կրթահամալիրն էլ պետք է միանգամից մասնակցի մարզային փուլին՝ շրջանցելով տարածքային փուլը:
  3. Եթե առաջին երկու առաջարկությունները չիրականանան, ապա պետք է միայն չխանգարել այն անհատ սովորողներին, ովքեր կուզենան նկարագրված պայմաններում մասնակցել օլիմպիադաների տարածքային փուլին:          

Միջազգային  առարկայական  օլիմպիադաներին մասնակցող  թիմերի ձևավորումը։ Հանրապետական օլիմպիադաների արդյունքները ամփոփելուց հետո հանրապետական առարկայական հանձնաժողովների առաջարկությամբ կազմվում է յուրաքանչյուր առարկայի հավաքական թիմի անդամների թեկնածուների ցուցակը` համաձայն սահմանված ընթացակարգի: 2015-ին Հայաստանը բավականին հաջող է մասնակցել միջազգային օլիմպիադաներին:

Այս ամենով հանդերձ` դպրոցական առարկայական օլիմպիադաներն ունեն մի մեծ թերություն։ Նրանք որևէ կերպ չեն նպաստում հանրակրթության զարգացմանը: Դրանց նպատակն է հազարավոր սովորողների միջից հայտնաբերել մի քանի օժտված սովորողների: Դպրոցական առարկայական օլիմպիադաների կազմակերպման սկզբունքներից առանձնանում է մեկը, որն իմ կարծիքով չի իրականացվում: Այդ սկզբունքն է՝ «Օլիմպիադաներում ստեղծագործական աշխատանքի խթանումը, սովորողների վերլուծական, քննադատական մտածողության, գիտելիքների ինքնուրույն ձեռքբերման և կիրառման, տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման ունակությունների զարգացման առաջնայնությունը»։

Դպրոցական առարկայական օլիմպիադաների առաջադրանքներն այնպիսին են, որ որևէ կերպ չեն խթանում սովորողների ստեղծագործական աշխատանքը, գիտելիքների ինքնուրույն ձեռքբերման և կիրառման, տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման ունակությունների զարգացման առաջնայնությունը: Հանրապետական առարկայական օլիմպիադաների կազմակերպման և անցկացման թերությունների մասին ես ժամանակին արել եմ իմ դիտարկումները:

Բովանդակային առումով նույնպես մեր հանրապետությունում անցկացվող օլիմպիադաները չեն նպաստում կարողությունների առաջընթացին: 

Ստեղծագործական բնույթի օլիմպիադաներ

Համացանցում հնարավոր չէ գտնել դպրոցականների ստեղծագործական բնույթի  օլիմպիադաներ: Երկար որոնումներից հետո կարողացա գտնել միայն արվեստին վերաբերող ստեղծագործական օլիմպիադա, որն ացկացվում է ԱՄՆ-ում:

2011-ի գարնանը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում առաջին անգամ տարբեր առարկաներից ստեղծագործական ոգով բաց օլիմպիադա անցկացվեց, որը մեծ ոգևորություն առաջացրեց և՛ սովորողների, և՛ դասավանդողների մոտ: Կանխամտածված էր, որ մեր բաց օլիմպիադաները միջազգային էին լինելու և այդ պատճառով էլ տարբեր առարկաների առաջադրանքները թարգմանվում էին անգլերեն ռուսերեն, իտալերեն, ֆրանսերեն: Հատկապես ուշագրավ էին փորձերի վրա հիմնված բնագիտական առարկաների առաջադրանքները: Ստեղծագործական երևակայություն էին պահանջում անգլերենի առաջադրանքների կատարումը: Մեր ստեղծագործական օլիմպիադաները նույնպես կարճ կյանք ունեցան՝  երկու տարի: Ստեղծագործական բնույթի օլիմպիադաների ոգևորությունը մարեց, երբ բոլորը թե՛ դասավանդող, և թե՛ սովորող, դարձան օլիմպիադաների առաջադրանքների կազմողներ: Ոգևորությունը հատկապես մարեց ամռանը, երբ ամառային արձակուրդներին  առարկայական առաջադրանքները փոխարինվեցին արձակուրդային, լողափային բնույթի առաջադրանքներով:

Առարկայական ֆլեշմոբներ           

Ֆլեշմոբը հանպատրաստից հանրային կատարում-ներկայացում է, որը հայտնվում է հանկարծակի, չսպասված՝ մեկ մարդու նախաձեռնությամբ, այդ պահին իր տրամադրության և երևույթների համընկումով ու հոգեկան մեծ վերելքի առկայությամբ նա սկսում է պարել: Այդ ոգևորությունը, տրամադրությունը փոխանցվում է ներկա գտնվող մեկ այլ մարդու, երրորդին, չորրորդին: Որոշ ժամանակ հետո արդեն պարում են հարյուրից ավելի մարդիկ: Մարդիկ հրճվում ու զարմանում են, որ այդ պահին պարում են:

Կրթահամալիրի մանկավարժական լաբորատորիայի ղեկավար Գևորգ Հակոբյանի նախաձեռնությամբ ֆլեշմոբի այս ոգին հետևողականորեն բերվում  է մաթեմատիկական մտածողության թվերի աշխարհ. հետաքրքիր է հնչում՝ մաթեմատիկական ֆլեշմոբ: Ես կարդացել եմ 4-5 –րդ դասարանների համար նախատեսված առաջադրանքները: Հետաքրքիր, զվարթացնող խնդիրներ են, որոնք երբեմն էլ կարող են ծնողներին ու ընտանիքի այլ անդամներին էլ մարտահրավերներ նետել: Աշխատում ենք առցանց: Ժամանակը սկսում է աշխատել: Թվում է՝ հեշտ է, բայց կարող ես լուծել… դե՛, միացիր: Այս ոգին կարող է աշխատել նաև այլ ուսումնական առարկաների համար: Կարևորը ֆլեշմոբի ոգուն հարազատ առաջադրանքներ կազմելն է:  

Աղբյուր`

Հեղինակ՝ Յուրա Գանջալյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով