Գրեթե երեք տարի է, ինչ քոլեջ, արհեստների ավագ դպրոցում գործում է բուսաբուծության ջերմոց-լաբորատորիան: Շատ բանէ փոխվել այդ տարիների ընթացքում՝ մի քանի տասնյակ բույսերը վեր են աճել հազարավոր ծաղիկների: Վերջերս կատարեցինք եղած բույսերի գրանցում և մոտավոր հաշվարկ: Լաբորատորիայում բույսերը ոչ միայն խնամվում, բազմացվում են, այլ նաև հետազոտվում և փորձարկումներ են կատարվում: Արդյունքում բացահայտում ենք յուրաքանչյուր բույսին բնորոշ ճիշտ և արդյունավետ բազմացման եղանակներ, խնամքի առանձնահատկություններ: Մի շարք նախագծեր են իրականացվել, իրականացվում և դեռ պետք է իրականացվեն այս պատերի ներսում:

«Սերմնահավաք» նախագիծը, որի իրագործման համար հարակից բակերից, պարտեզներից, այգիներից մի խումբ սովորողների հետ հավաքել ենք տարբեր բույսերի և ծաղիկների սերմեր, ընտրել առողջ և ցանմանը ենթակա սերմերը՝ ձմռանը ցանելու նպատակով:

«Սերմնացան» նախագիծը, որի իրագործման համար սովորողները մեծ եռանդով և հետաքրքրությամբ իրենց հավաքած և նաև գնված սերմերը ցանում են նախորոք մաղված հողով լցված ցանքարկղերի մեջ, ջրում, ծածկում մոմլաթով (շուտ ծլելու համար՝ ստեղծելով փոքրիկ ջերմոց), 3-4 սմ երկարությամբ սածիլ դառնալուց հետո տեղափոխում:

«Գարնանային ծաղկաձոն» նախագիծը, որն իրականացվեց և մեծ թափ ստացավ շնորհիվ «Գարդենիա» ակումբի սովորողների, կրթահամալիրի դպրոցների դասավանդողների և սովորողների ջանքերով: Գրեթե 200 ընտանիքներում մուտք գործեցին քոլեջ, արհեստների դպրոցի սովորողների կողմից աճեցրած և կրտսեր դպրոցների սովորողների ձեռքով տնկած թաղարներով բույսերը:

«Կանաչ դեղատուն պատուհանագոգին» նախագիծը, որի նպատակն է հանրությանը ծանոթացնել յուրաքանչյուր սենյակային բույսի կարևորության, օգտակարության և բուժիչ հատկությունների մասին: Համաձայն այս նախագծի հավաքվեց և խմբագրվեց տասյակ բույսերի մասին տեղեկություն, որի հիման վրա ստեղծվեց «Կանաչ դեղատուն պատուհանագոգին» հաղորդաշարը:

Մեկնարկեց «Լավանդա» անուշահոտ բույսի տարածումը բանգլադեշյան մռայլ իրականության մեջ: Կարծես թե մոտ են ժամանակները, երբ ամենուր կհանդիպենք մանուշակագույն հրաշագեղ և հոտավետ թփերի, իսկ թե տեխնոլոգիական մշակումներից հետո ինչպիսի եթերային յուղեր են հնարավոր ստանալ՝ թողնենք ապագային: Այս հաջող սկսված գործընթացը ևս մեկ իրագործելի նախագիծ է: Սերմերը մեզ սիրով հատկացրել է Սեյրան Ավագյանը:

Չեք էլ կարող պատկերացնել, թե ինչքան համբերություն, սեր, ջանք, խնամք են պահանջում այս կենդանի էակները, յուրաքանչյուրը՝ յուրովի, և եթե պատահաբար անտեսվում են, ապա կարող է ճակատագրական լինել և՛ նրա, և՛ խնամողի համար:

«Մենք չենք կարող չունենալ մեր տնկարանը՝ որպես ամենախնամված, կրթահամալիրի խորհրդանիշ դարձող ուսումնական տարածք»,- մահոգվում է տիար Բլեյանը: Որոշված է: Փորձում ենք ստեղծել տնկարան՝ ցիտրուսային և էկզոտիկ բույսերի: Աշխատանքները սկսված են: Արդեն ունենք մարակուայի, պապայայի,պասիֆլորայի, լիչիի, լոնգանի, կիտրոնի, բամբակի, մանդարինի, թուրինջի (գրեյպֆրուտի), նռան, նարնջի մի քանի տասնյակ սածիլներ:

Փորձենք ջերմոց-լաբորատորիան ներկայացնել որպես ծաղկադարան: Իհարկե հեղինակային կրթական ծրագրեր իրականացնող դպրոցում դա կդիտվի նույնիսկ անհրաժեշտություն: Իրոք հասունացել է պահը ավելի լուրջ մոտեցում ցույց տալու ձեռք բերված հաջողությունները գրառելու և կարևորելու գործում: 

Այժմ կատարվում են աշխատանքներ ջերմոց-լաբորատորիան և այլ տարածքներ մտովի վերածելու.

  • պահոցների՝ թաղարների, ցանքարկղերի, հողի
  • դարակների՝  ծաղիկների, սածիլների
  • առանձին նոր ջերմոցային տարածքների
  • դարանների՝ սերմնադարան, ծիլադարան, ծաղկադարան:

Ժամանակն է, որ կրթահամալիրի տարբեր դպրոցների շենքային տարածքներում ունենալ նմանատիպ կառույցներ: Ջերմոց-լաբորատորիան պատրաստ է և ունակ օգնելու, համալրելու առանձնացված տարածքներն իր ունեցած բույսերից հատկացումներով:

Ջերմոց-լաբորատորիայում գրանցման փուլում են մոտ 127 անուն ծաղիկ` 3500-ից ավելի քանակով: Տարվում են աշխատանքներ դրանք համակարգելու, ըստ այբենական կարգի ստեղծելու տեղեկատվական գիրք` ծաղիկների եռալեզու անվանումով: Մի օրինակին ծանոթանալով պարզ կդառնա, թե՞ ինչ աշխատանք պիտի արվի:

Ա —Աբուտիլոն (клен, abutilon)

ՏեսակըՄոտ 150 
ԸնտանիքըՀասմիկազգիների 
ՀայրենիքըԱֆրիկա, Ամերիկա, Արևելյան Ասիա
ԼուսավորությունՊայծառ լույս
Օդի խոնավությունՕդի խոնավությունը չափավոր, պետք չի ցողել
ՋերմաստիճանՆվազագույնը՝ 12°C, առավելագույնը՝ 25°C
ԲազամացումԿտրոններով, սերմերով
ՍնուցումԳարուն, ամառ, աշուն` երկու շաբաթը մեկ անգամ
ՋրելՈչ շատ առատ, 15 °C-ից ցածրի դեպքում չափավոր

Աբուտիլոնը համարվում է արևի ծաղիկ: Այն ոչ սովորական կատալիզատոր է և մաքրում է միջավայրը ոչ ցանկալի բացասական էներգիայից, իր շրջապատը ողողում է դրական էներգիայով: Հատկապես օգնում է այն մարդկանց, որ մշտապես տխուր են և հոռետես: Այս հրաշագործ ծաղիկը իր բնական ֆիլտրով զտում է էներգետիկ դաշտը և մաքրում միջավայրը:

Պատմում են, թե շատ դարեր առաջ Հին Ասիայում թագավորական պալատի ազնվական տոհմից մի աղջկա տեսնում է գյուղացի երիտասարդ, ու այդ օրվանից աչքերից փախչում է քունը: Ուրախ, աշխատասեր տղան դառնում է տխուր և օր օրի ասես մարում է` գիտակցելով, որ իր երազանքն անիրականալի է: Այդ ժամանակ շրջապատում մեծ անուն ու փառք վաստակած շամանը խորհուրդ է տալիս ձեռք բերել արևի ծաղիկը, որը կօգնի երիտասարդին վերդառնալու իրական աշխարհ: Երկար փնտրելուց հետո համագյուղացիները գտնում են այդ բույսը, որի անունը Աբուտիլոն էր: Հույսները կտրած՝ ծնողները բույսը դնում են երիտասարդի կողքին: Մի քանի օր անց նկատում են, որ իրենց տղան սկսել է ժպտալ: Նա կամաց-կամաց մոռանում է իր երազների աղջկան, կարճ ժամանակ անց ամուսնանում է մի գեղեցիկ գեղջկուհու հետ՝ ապրելով ուրախ ու երջանիկ, մինչև խոր ծերություն: Իսկ այդ հրաշագործ ծաղիկը բազմացնում են և սրբությամբ պահում յուրաքանչյուր ընտանիքում: Ի պատիվ բույսի՝ գյուղն անվանեցին Աբուտիլոն:

Ունեցեք ձեր տներում այդ բարի ու չքնաղ բույսը և կզգաք դրական փոփոխություն, մեծ սեր դեպի կյանքը:

Վերջում ավելացնենք«Գարդենիա» ակումբի կարգախոսը`սիրի՛ր բույսը, խնամի՛ր, և նա կլինի քո կանաչ բարեկամն ու բժիշկը: Դրանում համոզվիր՝ այցելելով մեր կայքը:

Խմբագիր՝ Սուսան Մարկոսյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով