Երեխաներին ուրախությամբ և առանց հարկադրանքի ուսուցանելը հնարավոր է, եթե ուսուցիչն իր աշխատանքում օգտագործում է նորագույն տեխնոլոգիաներ։ Մեր դպրոցում, որպես ուսուցման առաջատար մեթոդ պետք է դառնա նախագծային-հետազոտական գործունեությունը, որի դեպքում առաջին պլան է մղվում պրակտիկ հմտությունների ձեռքբերումը, գիտելիքը գործնականում կիրառելու կարողությունը, սեփական նախագծերը իրականացնելու և կոնկրետ իրավիճակներում որոշումներ կայացնելու ունակությունը։ Մեր կրթահամալիրում դպրոցական բոլոր առարկաների ծրագրերը ուղղված են վերոնշյալի իրագործմանը։ Այս ձևով սովորողների նախագծային ուսուցումը դառնում է առաջատար մեթոդ մեր հեղինակային կրթական ծրագրերում։ Ժամանակակից սովորողի մոտ արդեն ձևավորված են անհատական կրթական հակումներ, որոնք ցուցադրում են ուսումնական գործունեության՝ իրենց ինքնուրույն կազմակերպման հնարավորությունները։ Ուստի, առաջին պլան է մղվում գործունեությունը, այսինքն՝ սովորելը, որն ուղղված է լուծել ուսուցման նախագծային եղանակի խնդիրները և որում կարևոր են հետևյալ բաղադրիչները՝ հետազոտություն, փորձեր, ուսումնական երկխոսություն, որը եզրափակվում է այս կամ այն կերպ ձևակերպված տեսանելի, գործնական արդյունքով։
Մարտ-ապրիլ ամիսներին 6-րդ և 7-րդ դասարանների սովորողների հետ իրագործել եմ «Արվեստը, նրա տեսակները, ժանրերը և տեխնիկաները» խորագրով նախագիծը։ Առհասարակ, արվեստը սովորողի համար կարևոր միջոց է շրջակա աշխարհը բացահայտելու համար, օգնում է ներթափանցելու կյանքի խորքերը և արժևորելու այն ամենը, ինչը կատարվում է իր շուրջը։
Նախագծի ընթացքում սովորողները ձեռք են բերում միմյանց հետ շփման հմտություններ, դառնում ավելի հաղորդակցվող։ Հետազոտությունը միշտ էլ ստեղծման գործընթաց է, որը ժամանակակից կրթության մեջ մեծ արժեք ունի։ Արդյունքում սովորողը ստանում է գեղագիտական դաստիարակություն, ձևավորվում է նրա գեղագիտական ճաշակը, ինչն էլ իր հերթին նպաստում է սովորողի ինքնակատարելագործմանը։
«Արվեստը, նրա տեսակները, ժանրերը և տեխնիկաները» խորագրով նախագիծը հնարավորություն է ինքնուրույն ինչ-որ հետաքրքիր բան անելու համար՝ օգտագործելով սեփական հնարավորությունները։ Սա գործընթաց է, որը թույլ է տալիս ինքնադրսևորվել, փորձել սեփական ուժերը, ներդնել ձեռք բերված գիտելիքը գործնականում, և առավել կարևոր, արժեքավոր է այն, որ մեծապես հետաքրքրում է սովորողներին։ Սովորողները, հաճախ մեծերի հետ համատեղ սովորում են գտնել անհրաժեշտ տեղեկատվության տարբեր աղբյուրներ, միասնաբար լուծել խնդիրներ, պատասխանել հարցերին և նախագծի իրագործման արդյունքում ստանալ ինքնուրույն գործութեության արդյունքը։
Նախագծի նկարագրությանն ու բովանդակությանը կարող եք ծանոթանալ։
Նախագծային մեթոդը թույլ է տալիս անցկացնել ոչ ստանդարտ դասեր՝ դաս- շրջագայություն, դաս-խաղ, դաս-թանգարանային էքսկուրս։ Ընդ որում, նախագծում ներառված թանգարանային աշխատանքը կարելի է համարել զարգացում, մեկ քայլ առաջ՝ նախագծային ուսուցման համակարգում։ Այս նախագծի շրջանակում սովորողները թանգարաններում իրենց փորձեցին էքսկուրսավարի կարգավիճակում՝ բնականաբար նախապես պատրաստվելով, որի արդյունքում ձևավորվեցին նրանց խմբային աշխատանքի և համագործակցության հմտությունները։
Ռուսական ժամանակակից արվեստի թանգարանում, օրինակ, վեցերորդ դասարանի սովորողները մասնակցեցին թանգարանի աշխատակիցների կողմից կազմակերպված ինտերակտիվ ուսումնական ծրագրին, որը ներառում էր զրույց, քննարկում, խաղ։ Մենք եղանք նաև Մարտիրոս Սարյանի թանգարանում, որտեղ 6-րդ և 8-րդ (պատասխանատու՝ Սեդա Այվազյան) դասարանների սովորողները ուղղակիորեն հանդես եկան որպես էքսկուրսավարներ։ Դա առաջին փորձն էր, որի շրջանակում սովորողները ընտրեցին մեկական նկար Սարյանից, ուսումնասիրեցին այն (գույներ, ժամանակաշրջան, ստեղծման պատմություն), այնուհետ ռուսերեն լեզվով ներկայացրին իրենց համադասարանցիներին։ Նմանօրինակ աշխատանքը խթանեց սովորողների ստեղծագործական մտքի զարգացմանը, նպաստեց, որ իրենց հնարավորությունները ճանաչեն, քթանեց ինքնիրացմանը։ Այս տեսանյութը վերջնական արդյունք-հաշվետվություն է։
Նախագիծն ընդգրկուն է։ Մենք առայժմ անդրադարձել ենք միայն գեղանկարչությանը, երաժշտությանն ու գրականությանը։ Արվեստի մյուս տեսակները կդիտարկվեն ավելի ուշ։
Գրականության ուսումնասիրումը, որպես արվեստի տեսակ, համընկավ կրթահամալիրի ուսումնական օրացույցով սահմանված ռոդարիական օրերի հետ։ Ա՜յ թե հրաշալի հարթակ ստեղծագործելու և կարդալու համար․ մենք ընթերցում, քննարկում, խոսում, շարադրում, խաղում էինք Ռոդարի, նույնիսկ ներկայացում բեմադրեցինք, որն ինքներս էլ նկարահանեցինք և տարածեցինք։ Ստացվեց ահա այսպիսի ֆիլմ՝ «Ինչպես Ալիսան ծով գնաց», իսկ բուն նախագծին և նրա արդյունքներին կարելի է ծանոթանալ այս հղումով։
Փորձը ցույց տվեց, որ նախագծային մեթոդը երեխաների մոտ հետաքրքրվածություն է առաջացնում դասի հանդեպ, նպաստում է կրթության որակի բարձրացմանը, զարգացնում է սովորողների ճանաչողական հմտությունները, օգնում է սովորողներին կեղմնորոշվել տեղեկատվական տիրույթում, հնարավորություն է տալիս զարգացնել յուրաքանչյուր սովորողի ստեղծագործական ունակությունները, ընդլայնում է նրանց հետազոտական գործունեության հարթակը, բարձրացնում է արվեստի նկատմամբ հետաքրքրվածության մակարդակը, զարգացնում է ստեղծագործական մտածողությունը, երևակայությունը, տեսականը գործնականում կիրառելու հմտություններն ու կարողությունները։
Թարգմանիչ՝ Երանուհի Խլղաթյան