«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը՝ որպես պետական այլընտրանքային կրթական ծրագրեր մշակող, փորձարկող, իրականացնող և տարածող ուսումնական հաստատություն, իր տեսակի մեջ առայժմ եզակի է փորձարկումների ծավալով, մասշտաբայնությամբ, բաց համակարգով, ներառականությամբ: Կրթահամալիրի մանկավարժական, մեթոդական նորարարությունների դետալները տարբեր դրսևորումներով ու ձևաչափերով տարածվել-տարածվում են հանրապետության, Արցախի, Վրաստանի տարբեր կրթական հաստատություններում:

Այս զարգացող ու անընդհատ առաջ մղվող մանկավարժության հիմքում ուսուցումը կյանքին համաքայլ դարձնելու սկզբունքն է, այն մերօրյա խնդիրներից, հասարակական-քաղաքական շարժումներից չօտարելը, ամենակարևորը՝ մարդուց՝ սովորողից, ուսուցչից չվանելը: Կրթական ծրագրերի արդիականացումը, գործնականացումը, կյանքից, մարդուց չօտարումը հենց կրթահամալիրային մանկավարժության առաջմղիչներից են:

Այս ենթատեքստում առանձնացնում ենք կրթահամալիրում արդեն 4-5 տարի իրականացվող, մշակվող ու փորձարկվող նախագծային ուսուցումը:

Նախագծային ուսուցումը մանկավարժական մեթոդ է, մոտեցում, որը լայն է, հնարավորություններն ու արդյունքները չսպառած, անընդհատ նոր փորձարկումներով զարգացող: Սովորող-դասավանդողի, կյանքի-կրթության, համագործակցություն, ձևի-բովանդակության համաձայնեցում, կրթության անհատականացում, արդյունքների անընդհատ ներկայացում-հանրայնացում. այս բոլոր տարրերը տարբեր ձևաչափերով ու չափաբաժիններով՝ նպատակի, խնդիրների հետ կապված տարբերություններով, ապահովում է նախագծային ուսուցումը:

Ուսուցման այս մեթոդը տարբեր մշակումների ու թարգմանությունների ձևով արտացոլվել է «Դպիր» մանկավարժական-մեթոդական ամսագրում՝ հնարավորություն տալով ուսումնասիրելու-յուրացնելու օտարերկրյա փորձը, ներկայացնելու ու տարածելու մեր մշակումները, տեսնելու և արձանագրելու զարգացումները: 

Առանձնացնենք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դասավանդողների՝ սույն թեմային վերաբերող մի քանի թարգմանություններ-ուսումնասիրություններ.

Գևորգ Հակոբյան, կրթահամակիրի փոխտնօրեն, թարգմանական շարքերի հեղինակ՝ 

  • Ջոն Դյուի «Դպրոց և հասարակությունը»,
  • Պյոտոր Կապիցա, Կրթությունը պետք է ստեղծական լինի,
  • Ջոն Հոլթ, Մանկական հաջողությունների երաշխիքը,
  • Ֆլեշմոբը դասապրոցեսում։

Յուրա Գանջալյան, անգլերենի դասավանդող՝ Ֆինլանդիայում կրթական հեղափոխություն է սպասվում։ 

Մարգարիտ Սարգսյան, հայոց լեզվի, գրականության դասավանդող՝ Նախագծային մեթոդ։

Ներկայացնենք  կրթահամալիրի դասավանդողների մի քանի մեթոդական մշակումներ, փորձարկումներ.

Հասմիկ Ղազարյան, հայոց լեզվի, գրականության դասավանդող՝

  • Չփակվող նախագծեր, շարունակական գործունեություն,
  • Նախագծային ուսուցում՝ կյանքի դպրոց,
  • Ուսումնական ռադիոն և դրա հավելյալ արդյունքները։

Մարիետ Սիմոնյան, գրական ակումբի ղեկավար, հայոց լեզվի, գրականության դասավանդող՝

  •  Նախագծային անհատականացված ուսուցում,
  • Անհատականացված ուսուցում։

Վահրամ Թոքմաջյան, հասարակագիտության դասավանդող՝

  • Երեք նախագիծ,
  • Սահմանափակ հերոսի ընկալումը պատմության դասագրքերում. դասագիրք, թե՞…

Ժաննա Հակոբյան, ռուսաց լեզվի դասավանդող՝ Միջդպրոցական նախագիծ։

Արմինե Աբրահամյան, հայոց լեզվի, գրականության դասավանդող՝ 

  • Նախագծային ճամբարը՝ հեղինակային մանկավարժության փորձարկան լաբորատորիա,
  • Համագործակցային. սովորող-սովորեցնող նախագիծ։

Լուսինե Բուշ, անգլերենի դասավանդող՝ Միջազգային ծրագրերն ու նախագծերը նախագծային ուսուցման հարթակ։

Նունե Մովսիսյան, հայոց լեզվի, գրականության դասավանդող՝ 

  •  Նախագծային արդյունավետ գործունեություն,
  • Երկարաժամկետ նախագծեր. Խնդիրներ և զարգացում։

Աշոտ Տիգրանյան, հասարակագիտության դասավանդող՝

  • «Մեր թաղը»  նախագիծ,
  • Նախագծային ուսուցում. տեսություն և փորձ։

Մարթա Ասատրյան, Ավագ դպրոցի ղեկավար՝ 

  • «Ցտեսություն» ուսումնական նախագիծ,
  • Գործընկերության հաստատումը ուսումնական աշխատանք։

Հասմիկ Թոփչյան, հայոց լեզվի, գրականության դասավանդող՝ Երևակայության զարգացումն այլընտրանքի միջոցով։

Իրինա Ապոյան, անգլերենի դասավանդող՝ Բառապաշարի և մասնագիտական տերմինների ուսուցում նախագծերի միջոցով։

Քնարիկ Ներսիսյան, դպրոց-պարտեզի ղեկավար՝ Թանգարանը որպես հաղորդակցության համակարգ ևուսումնական գործունեությունը կազմակերպելու հարթակ։

Մարգարիտ Սարգսյան, հայոց լեզվի, գրականության դասավանդող՝ 

  • Սովորող-սովորեցնող նախագիծ,
  • Նախագիծը ներառող-ներառական։

Նախագծային գործունեության կարգավորիչը ուսումնական օրացույցն է. այդ մասին խոսվել է, մեջբերեմ.

Կրթահամալիրի, հեղինակային կրթական ծրագրի առանձնահատկություններից մեկը մեր ուսումնական օրացույցն է՝ ուսումնական տարվա, ամսվա ծրագրով, որ հետզհետե մտավ մեր կյանք, դարձավ կիրառելի` կազմակերպող:  Ամեն ամսվա, շաբաթվա սկզբում թերթվող, ուսումնական առօրյան կանոնակարգող ու ամեն անգամ բովանդակային, դրանից բխող` կազմակերպական շեշտադրում հաղորդող ուղեցույց:

Օրացույցի ուսումնականությունն ապահովում են անընդհատ զարգացող մանկավարժությամբ պայմանավորված պարբերականությունը ու արդեն տարիների բովով անցած ամենամյա ստուգատեսների նորացումը՝ զարգացմանն ուղղված շեշտադրումներով, փոփոխություններով։

Օրացույցն ու հեղինակային կրթական ծրագիրը՝ իրենց տարեկան թարմացումներով, հենց նախագծային ուսուցման կարգադրիչ-կարգավորիչներն են, որովհետև այդտեղ են արտացոլված կրթահամալիրային, տարեկան, մեր միասնականությունը, ծրագրային դրույթները շեշտող նախագծերը:  

Ներկայացնենք առավել ամբողջական՝ օրացույցում ամրագրված, հեղինակային կրթական ծրագրային ուղեցույցով ամրագրված նախագծերը, համապատասխան պարզաբանումներով: Այս բոլոր նախագծերն ամենամյա կամ շուրջտարյա են, գործող ու ներառող, բոլոր նախագծերն  իրենց լուսաբանումներով, բաղադրիչներով ու պատումներով իրենց արտացոլումն են գտել կրթահամալիրի պաշտոնական կայքէջում, դպրոցների ենթակայքերում, այլուր։

  • Նախագծային-ճամբարային ուսուցման հունվարյան, հունիսյան ուսոււմնական շրջանների նախագծեր։ Իրենց տարատեսակ ձևակերպումներով ու զարգացումներով:
  • Ուսումնական արձակուրդային նախագծեր՝ որպես լրացուցիչ կրթություն։
  • Բլոգային ուսուցման նախագծեր։ Հեռավար-առցանց ուսուցման բաց նախագծեր։ Նախագծերում հանրակրթական այլ հաստատությունների սովորողների ներառում։
  • Ինքնակրթության ուսումնական նախագծեր։
  • Սովորողների, դասավանդողների ՏՀՏ հմտությունների անընդհատ զարգացմանն ուղղված նախագծեր:
  • Կրթահամալիրի մեդիագրադարանում սովորողների հետ ուսումնական նոր փաթեթների ստեղծման նախագծեր:
  • Հեղինակային կրթական ծրագրի և կազմակերպման տեսադասեր. Տեսադասը՝ որպես ուսումնական նախագիծ, հմտությունների փորձարկում, փոխանցում:
  • Տեխնոլոգիական հմտությունների զարգացման նախագծեր։
  • Ուսումնական բիզնես կենտրոնի շուրջտարյա գործունեությունը՝ որպես ուսումնական նախագիծ։
  •  Դպրոցում, տանը, բակում միջավայրի խնամքն ու զարգացումը՝ ուսումնական հմտությունների զարգացում։ Լող, կենդանիների (ձի, շուն, ընտանի թռչուն, ձուկ…), բույսերի խնամք՝ նաև որպես սովորողի ամբողջական ներառման ճանապարհ և թերապիա: Տարատարիք ու գործնական նախագծեր:
  • Սովորողի անհատական ոճի ստեղծում ուսումնական նախագծերի միջոցով։ 12-րդ դասարանում՝ Ցտեսություն նախագիծ, սովորողների անհատական, խմբային ցուցահանդեսներ, երգչախմբեր, պարատներ, տոն-համերգներ, ծեսեր:
  • Կրթական պարտեզ բնակելի արվարձանում։ Նյութական միջավայրի բարելավման նախագծերի ստեղծում կրթահամալիրի դիզայներական արվեստանոց-լաբորատորիայում։
  • Հայրենագիտական-էկոլոգիական ուսումնական այլ նախագծերի մշակում-իրականացում։
  • Ուսումնական կենտրոններում սովորողների նախասիրությունների զարգացման նախագծեր, լրացուցիչ կրթության ծրագրեր։ Դրանցում հանրակրթական այլ հաստատությունների սովորողների ներգրավում։
  • 9-րդ, 10-12-րդ դասարանցիների մասնագիտական կողմնորոշման բաց նախագծեր։ Փորձառության ուղղված գործնական վարպետաց դասեր, աշխատանք-ուսուցում հայաստանյան կազմակերպություններում:
  • Հայաստանի գործատուների հանրապետական միության, այլ գործընկերների հետ մշակվող, իրականացվող նախագծեր։
  • Հանրակրթական բոլոր աստիճաններում լողի, հեծանվի, վազքի (եռամարտի) ուսումնական նախագծեր։ 5-12-րդ դասարաններում նետաձգության, սուսերամարտի, հրաձգության, ձիավարության (եռամարտի, հնգամարտի) ուսումնական նախագծեր։ Լողի, եռամարտի, հնգամարտի մրցաշարեր, հեծանվաերթեր, ռազմամարզական խաղեր։
  • Ուսումնական-հայրենագիտական, էկոլոգիական, քաղաքացիական կրթության նախագծեր։
  • Ռազմամարզական, արշավախմբային-հայրենագիտական ճամբարներ, ճամփորդություններ։
  • Ֆլեշմոբներ՝ ըստ ուսումնական օրացույցի։ Սովորողի նախասիրության զարգացման, լրացուցիչ ուսուցման պարբերական հեռավար-առցանց ուսումնական աշխատանք-նախագիծ։
  • Հանրակրթական բաց ստուգատեսներ, ստեղծագործական հավաքները՝ որպես ամբողջական մեգանախագծեր, որոնք իրենց մեջ ներառում են բազում առարկայական, միջառարկայական, տարատարիք նախագծեր, փոխանակումների նախագծեր ու միջազգային նախագծեր
  • Ռազմամարզական ձմեռային, գարնանային, ամառային, աշնանային խաղեր
  • Տարատարիք սովորողների ստուգատեսային ճամբարներ ՀՀ մարզերում, Արցախում, Վրաստանում
  • Հոգևոր, ժողովրդական երգերի տարածում ուսուցչական, պատանեկան, մանկական երգչախմբերի միջոցով։ Մանկական, պատանեկան երգչախմբերի բաց ստուգատեսներ
  • Ուսումնական կայք, TV, ռադիո, պատանեկան ամսագրերը՝ որպես ուսումնական նախագծեր։
  • Գիտագործնական հունվարյան հավաքը՝ դպրոցի, կրթահամալիրի ուսումնական նախագծերի փաթեթ
  • Հեղինակային կրթական ծրագրերի հեղինակների մայիսյան ամենամյա  հավաք
  • Հեղինակային կրթական ծրագրերի հեղինակների ամենամյա սեպտեմբերյան հավաք
  • «Գեղարվեստը կրթահամալիրում» ամենամյա ճամփորդական համերգ-ցուցադրություն
  • Համերգների, ցուցադրությունների, պլեներների, մրցաշարերի, ստեղծագործական բաց հավաքների կազմակերպման ակումբային նախագծեր։
  • Ամենշաբաթյա մեդիաուրբաթ-համերգ-ներկայացումների նախագծեր։

Չսպառեցինք։

Այժմ անդրադառնանք նախագծային գործունեության ժամանակ կարևորվող ու առաջ քաշվող, շեշտադրվող մի քանի առանցքային կետերի:

Նախագծի սոցիալականացում

Նախագծային գործունեությունը իր առարկայական, միջառարկայական, տարատարիք, միջազգային ու բազում այլ դրսևորումներով հնարավորություն է տալիս հանդես գալու հանրության առջև: Նախագծում ներառել տարրեր, որոնք կապված են մերօրյա խնդիրների հետ՝ կլինեն դրանք էկոլոգիական, գրական, մշակութային, գիտական, թե հասարակական այլ խնդիրներ: Այսպիսով՝ հնարավորություն է ստեղծվում, որ սովորողն իր սովորելը չվերածի մեխանիկական աշխատանքի, ընթացքում մտածի, վերլուծի, զուգահեռներ անցկացնի, կապի իր օրերի հետ, տեսնի զարգացումը, հետընթացը, շարժը, այն, ինչ ուզում ենք, ենթադրում, որ պիտի սովորի՝ գործածի: Կրթությունը չի կարող օտարվել մարդուց, ընտանիքից, հասարակությունից. Հենց այդ կապն էլ գործուն ու տեսանելի կարող է դարձնել կրթական առաջընթացը:

Հաջորդ շեշտադրումը. դպրոցը չի կարող օազիս լինել, ապրել ինքն իր կյանքով, իր օրենքներով. հասարակությունը՝ ի դեմս ծնողի, գործչի-մասնագետի, գործընկեր դպրոցի, կազմակերպության, քաղաքացու պետք է ներառվի կրթական գործընթացում: Կրթական գործընթացում ներառումը ենթադրում է, կարող է ունենալ տարատեսակ դսևորումներ՝ համատեղ նախագծեր, քաղաքային ընթերցումներ, հաարակական-սոցիալական, էկոլոգիական նախագծեր, քննարկումներ, վարպետաց դասեր ու փոխանակումներ՝ մուտք ու ելքով հայաստանյան կազմակերպություններ, գործող կառույցներ:

Ներկայացնեմ մի քանի կրթահամալիրային, 2017 թ. շեշտադրվող նախագծեր, որոնք իրականացվում են մեծ թափով կրթահամալիրի 7 դպրոցներում, Քոլեջում՝ ընդգրկելով անհատ քաղաքացիների, բնակիչների, կազմակերպությունների, շահառու խմբերի, միջազգային կառույցների.

Կրթական պարտեզ բնակելի արվարձանում. այս նախագիծը մեզանում տարատեսակ ձևակերպումներ ու խմբագրումներ է ստացել, տարատեսակ զարգացումներ, շեշտադրումներ ստացել, բայց գաղափարը մեկն է՝ ծաղկեցնել, բացել մեր կրթական միջավայրը, կրթական պարտեզը խնամել սովորողների հետ՝ վերածելով ուսումնական գործընթացի, կանաչեցնել մեր կրթական պարտեզի բնակելի արվարձանը՝ Բանգլադեշը: Նախագիծը ամբողջացվել, արտացոլվել է կրթահամալիրի տնօրենի՝ Աշոտ Բլեյանի մանկավարժական պատումներում՝ գրերում: Փոխանակման ծրագրով կրթահամալիրում հյուրընկալած հարյուրավոր դպրոցական խմբեր՝ Վրաստանի, Բագարայի, Երասխահունի, Մաստարայի, Ստեփանավանի, Ստեփանակերտի, Գյումրու, Աշտարակի, Վանաձորի, ներառվել են մեր էկոնախագծերում, ունեցել ենք համատեղ ծառատունկեր, ծաղկատունկեր:

Ենթանախագծերից.

Գետը քաղաքում նախագիծը էկոլոգիական, հասարակական, քաղաքացիական, քաղաքաճանաչողական խնդիրներ վերհանող մեգանախագիծ է, որում ներառված են ինչպես կրթահամալիրի տարատարիք սովորողները, ուսուցիչներն ու ծնողները, այնպես էլ մեր վրաստանյան, արցախյան, հայաստանյան գործընկեր դպրոցները, Զանգվի բնակիչները: Նախագիծը համակարգում են Քնարիկ Ներսիսյանը, Աշոտ Բլեյանը, սակայն ամեն ենթանախագիծ ու կոնկրետ ուղղություն ունի իր ղեկավարն ու նախաձեռնող խումբը, ովքեր իրենց փորձառությամբ են ճանաչում մեր քաղաքի գետը, կատարում իրենց ուսումնասիրությունը, իրենց կոնկրետ ներդրումն ունենում: Սա ոչ միայն հասարակական, կրթական հնչեղություն ունեցող մեգանախագիծ է, այլև կրթության գործնականացում, չտարանջատում քաղաքից, էստեղից ծնունդ առնող բազում ճյուղերով՝ աշխարհագրական (որտեղից է սկիզբ առնում, որտեղ թափվում, ինչ ձեռնարկություններ կան Զանգվի ափին, երբ աղտոտումը սկսեց, երբ անտեսվեց), բնագիտական (ինչ բույսեր են աճում Զանգվի ափին, որ հատվածում, որ բույսերն են ուտելի, որոնք բուժիչ, արդյոք ձկնորսությունն այդ տարածքում վտանգավոր չէ սպառողի առողջության համար…), հասարակագիտական, ընթերցողական , պլեներային և այլ:

Քաղաքային մեդիաուրբաթ համերգներ, ցուցադրություններ, որոնք բաց են, ներառող։ Սրանք մեր մշակութային, միասնականությունը դրսևորող ակցիա-նախագծեր են, որոնք պարբերական բնույթ են կրում:

Դրանց մի մասն ամրագրված է օրացույցում ու ամենամյա բնույթ է կրում, ինչպես.

  • Կոմիտասի թանգարանում մեր ելույթը
  • Գեղարվեստը կրթահամալիրում. Գյուրմու ցուցադրությունը
  • Թբիլիսյան համերգ
  • Իզմիրյան նախագծի ամփոփիչ-համերգ
  • Ընթերցում են Ռուսթավելի
  • Պուրակային ընթերցումներ

Նախագծեր էլ կան, որոնք փոփոխվում են՝ ըստ տարեկան օրացույցի՝ նպատակի՝ ընդգրկելով նորանոր տարածքներ.

  • Մեդաուրբաթ Կասկադ համալիրում
  • Սունդուկյանի պուրակում
  • Հյուսիսային պողոտայում
  • Դիլիջանյան  պլեներ

Նախագծի ներառականություն, ընդգրկում

Այստեղ ևս ուզում ենք առանձնացնել մի քանի կարևոր, առանցքային դիտարկում։

Նախագծի չօտարումը գործչից։ Սովորողը պետք է շփվի, լսի, համագործակցի ժամանակի բոլոր մտածողների հետ՝ կլինեն դրանք մշակութային գործիչներ, գիտնականներ, քաղաքական գործիչներ թե արհեստավոր-վարպետներ՝ հայ, թե օտարազգի: Հենց այս բացությունն ու աշխատանքային, համատեղ ստեղծել գործելու շփումն ու համատեղ իրականացված նախագիծը սովորողի համար ոչ միայն կոնկրետ ու բաց նախագիծ կդառնա, իր ուժերն ու հմտությունները փորձարկելու հնարավորություն, այլև՝ նախամասնագիտական կողմնորոշում:

Հենց այս նպատակով կրթահամալիրային բոլոր հանդիպում-քննարկում-վարպետաց դասերը միավորվել են Հարթակ անունը կրող ակումբային մեկ կրթահամալիրային նախագծում:

Եթե խոսենք կրթահամալիրային միջազգային վարպետաց դասերի ու անհատ-գործիչների նախագծերի մասին, երկար կլինի, կարող ենք մի քանի օրինակով ներկայացնել.

  • Գերմանիա, Գերդ Քյոհլեր, կրթական պարտեզ նախագիծ
  • ԱՄՆ, պարուհի, դերասանուհի Օդրի Վիրտանե
  • Հայ-վրացական «Մեծ լվացք» ինստալացիա
  • Չին արվեստագետ, համադրող Քիփ Քայ Չուն
  • ֆրանսիացի երգեհոնահար Ալեքսիս Փոլ 

Նախագիծը՝ սովորողի համար նախամասնագիտական հարթակ

Սովորողի համար նախամասնագիտական հարթակ կարող են դառնալ բոլոր նախագծերը, բոլոր այն նախագծերը, որտեղ սովորողը գործուն է ու գործող, որտեղ կարևորված է ու առանցքային, նախագիծ, որը հնարավորություն է տալիս սովորողին դրսևորվել, ներկայացնել.

  • Սովորող-սովորեցնող նախագծեր
  • Շրջանավարտի օրացույց, որը կարգավորում, ներկայացնում է անհատ շրջանավարտների կամ շրջանավարտների խմբերի նախագծերը՝ ցուցահանդեսների, ընթերցումների, վարպետաց դասերի, համերգների, պլեներեների տեսքով
  • TV նախագծեր
  • Պատանեկան ամսագրային խմբագրություններ
  • Պատանեկան ռադիո խմագրություններ
  • Ֆոտոնախագծեր
  • Տեսադասեր
  • Համերգային նախագծեր
  • Միջազգային նախագծեր.
    Իզմիրի տիեզերագիտական ամենամյա ճամբար
    Ընթերցում ենք Ռուսթավելի. ընթերցանության ամենամյա միջազգային փառատոն Վրաստանի ազգային գրադարանում 
    Էկոլոգիական նախագծեր Վրաստանի տարբեր դպրոցներում
    Մշակութային նախագծեր Թբիլիսիի թ.116, թ. 54 և այլ դպրոցների հետ
    Մշակութային ամենամյա փառատոն Բաթումիի I  դպրոցի հետ
    Իթվինինգ միջազգային նախագծեր. համակարգող Լուսինե Բուշի բլոգային էջը։

Խմբագիր՝ Սուսան Մարկոսյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով