«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրի կարևոր բաղադրիչ է սովորողների ռազմա-մարզական կրթությունը: Այս բաղադրիչին ուշադրություն է դարձվում առաջին դասարանից մինչև տասներկուերորդ դասարան՝ մարմնակրթություն, ուսումնական ճամփորդություններ, հետիոտն և հեծանվային արշավներ, բարձունքների հաղթահարում, վրանային ճամբարներ: Այս բաղադրիչը սովորողներին մատուցվում է գործնական եղանակով: Արդյունքում մեր շրջանավարտը.
- կրում է պատասխանատվություն սեփական առողջության պահպանման և ֆիզիկական ներդաշնակ զարգացման նկատմամբ.
- սեփական առողջական վիճակին և ֆիզիկական զարգացմանը հետևելու, ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու մշտական պահանջ է ձևավորում.
- ունի բավարար ֆիզիկական պատրաստվածություն, բարոյակամային հատկանիշներ՝ համարձակություն, ընկերասիրություն, հանդուրժողականություն, օգնության հասնելու պատրաստակամություն.
- հայրենասեր է, գիտակցում է հայրենիքի պաշտպանության իր պարտքը.
- կողմնորոշվում է արտակարգ իրավիճակներում:
Կրթահամալիրի դպրոցների ուսումնական պլաններով ֆիզկուլտուրան 1-3-րդ դասարաններում ամենօրյա պարապմունքներ են, որոնք ներառում են մարմնամարզություն, շարժուն խաղեր, հեծանիվ: Առաջին դասարանցիների համար պարտադիր են լողի պարապմունքները՝ ձմռանը փակ լողավազանում, ամռանը՝ բացօթյա: Չորրորդ դասարանցիների ֆիզկուլտուրայի պարապմունքները ներառում են մարմնամարզություն, վազք, հեծանիվ, ծանոթացում տարբեր մարզաձևերի: 5-րդ դասարանից սկսած, ֆիզկուլտուրան սովորողի ընտրած անհատական կամ թիմային մարզաձևի պարապմունքներ են: Սովորողին առաջարկվող մարզաձևեր են հնգամարտ, եռամարտ, ձիավարություն, վազք, սուսերամարտ, լող, հրաձգություն, նետաձգություն, մարմնամարզություն, ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, ձեռքի գնդակ: Սովորողը իր ընտրած մարզաձևի թիմի կազմում մասնակցում է ըկերական խաղերի, հանրապետական և միջազգային մրցումների:
Սովորողների ֆիզիկական պատրաստվածության, բարոյական հատկանիշների զարգացման փորձված միջոց են քայլարշավները, բարձունքների հաղթահարումը, վրանային ճամբարները: Սովորողի տարիքից ելնելով՝ ընտրվում են երթուղիների երկարությունը և դժվարությունը, սովորողի ծանրաբեռնվածությունը: Սովորողները բարձունքներ սկսում են հաղթահարել մանկապարտեզային տարիքից մինչև ավարտելը: Բարձունքները նույնպես տարբեր են ընտրվում՝ ըստ սովորողի հնարավորությունների, սկսած երևանյան բլուրներից մինչև Արագածի հարավային և արևմտյան գագաթները:
Վրանային ճամբարները կազմակերպվում են Հայաստանի տարբեր մարզերում: Քայլարշավների, բարձրունքների նվաճման, վրանային ճամբարների ընթացքում սովորողները ձեռք են բերում անվտանգ գործունեության, արտակարգ իրավիճակներում կողմնորոշվելու, առաջին բուժօգնության հմտություններ: Գործնականում իրականացնում են փոխօգնություն, ցուցաբերում դիմացկանություն, հանդուրժողականություն: Արշավները և ճամբարները շատ լավ միջոց են հայրենագիտության: Սովորողները ոչ միայն ծանոթանում են տեղանքին, այլև տեղացիներին, նրանց սովորություններին: Իրենց հասակակիցների հետ համատեղ նախագծեր են իրականացնում: Կարևոր բաղադրիչ է նաև բնապահպանությունը: Վանո Սիրադեղյանի «Հայաստանը մանրամասն սիրելու երկիր է» նախադասությանն ավելացնում ենք. «Հայաստանը մանրամասն մաքրելու երկիր է»: Յուրաքանչյուր կրթահամալիրցի արշավորդի ուսապարկում կա աղբ հավաքելու համար նախատեսված տոպրակ, ձեռնոց:
Կրթահամալիրի 9-12-րդ դասարանցիների համար կարևոր են ռամա-մարզական ճամբարները: Սովորողի նախաբանակային պատրաստվածության (ոչ բանակային) բովանդակության մի մասը ներառում է «Իրավունք» դասընթացը (ՀՀ օրենքը զինապարտության մասին), մի մասը՝ «Հայոց պատմության» դասընթացը, մնացածը իրականացվում է ռազմամարզական ճամբարներում: Այս ճամբարները սովորողին ծանոթացնում են բանակային կյանքում հանդիպող դժվարությունների՝ սովորեցնում համակեցության: Ռազմամարզական ճամբարների կազմակերպման գործում կրթահամալիրը միշտ ստացել է ՀՀ ՊՆ աջակցությունը՝ նյութական, տրանասպորտային, տեխնիկական հարցերում:
2012–ից մինչև 2015թ.՝ չորս տարի, Արցախի կրթության և գիտության նախարարության հրավերով կրթահամալիրի մոտ 50 սովորող տասը օրով մասնակցում էր Արցախի Նոր Այգեստան գյուղի մոտակա անտառում կազմակերպվող «Ասպետ» ճամբարին: Ճամբարը իր պայմաններով զինվորական էր, հարևան էր գործող զորամասի: Սովորողները քնում էին զորանոցներում: Ճամաբարի ծրագիրը մշակել էր Արցախի կրթության և գիտության նախարարությունը՝ Արցախի Պաշտպանության բանակի հետ միասին: Ճամբարականները, ֆիզիկական և շարային պատրաստության, մարզական խաղերից բացի, ամեն օր լողում էին մոտակա գետում, ունեին գիշերային հերթապահություն: Երկուական անգամ կրակել են մարտական զենքից: Ճամբարին մասնակցում էին միայն տղաները: Ցավոք, 2016թ. ապրիլյան դեպքերից հետո ճամբարը չի վերսկսել իր աշխատանքները:
Սկսած 2014թ.՝ կրթահամալիրը Հայաստանի տարբեր մարզերում կազմակերպել է իր ռազմամարզական ճամբարները, որոնց մասնակցել են նաև աղջիկները:
2014թ. ռազմամարզական ճամբարը ՀՀ ՊԲ ակտիվ աջակցությամբ կազմակերպվեց Լոռու մարզում՝ Ձորագետի հովտում, Կուրթան համայնքի տարածքում: Ճամաբարը վրանային էր, իսկական զինվորական՝ զինվորական վրաններ, երկհարկանի մահճակալներ, դաշտային խոհանոց: Այդ ամենը կազմակերպել էր Ստեփանավան քաղաքում տեղակայված զորամասը: Ֆիզիկական, շարային, տակտիկական պարապմունքներից բացի սովորողները կազմակերպում էին հայրենագիտական արշավներ, ամեն օր լողում Ձորագետում, մաքրում գետի հովիտը: Սովորողները մեկ օր եղան զորամասում՝ մոտիկից ծանոթացան զինվորական կյանքին, կրակային վարժություններ կատարեցին:
2015թ. ռազմամարզական ճամբարը կազմակերպվեց Մեղրաձոր համայնքի տարածքում՝ Մարմարիկ գետի աջ ափի անտառում, կրթահամալիրի միջոցներով: Ճամբարը վրանային էր: Ֆիզիկական պատրաստության մեջ էր նաև ամենօրյա լողը Մարմարիկ գետում: Քայլարշավներին, բարձունքի հաղթահարմանը զուգահեռ սովորողները մարզվում էին նաև նետաձգություն և սուսերամարտ: Մաքրում էին անտառը և գետամերձ տարածքը:
2016թ. ռազմամարզական ճամբարը կազմակերպվեց Սևանի ափին՝ «Ժայռ» գոտում: Ճամբարը վրանային էր, կրթահամալիրի միջոցներով: Տարածքը շատ հարմար է այդպիսի ճամբարի համար՝ ամենօրյա ֆիզիկական պատրաստություն, շարային և տակտիկական պարապմունքներ, բնապահպանական աշխատանք (ջրից հանեցին տասից ավելի տապալված ծառ), բարձունքի հաղթահարում: Ֆիզիկական պատրաստության կարևոր մաս էր լողը: Սովորողները մեկ օր անց են կացրել Ճամբարակի զորամասում՝ մոտիկից ծանոթացել են զինվորական կյանքին, կրակային վարժություններ կատարել: Կրթահամալիրի նախաձեռնությամբ 2016թ. օգոստոսի ճամբարում կազմակերպվեց սովորողների նախնական զինվորական պատրաստության կազմակերպման առաջարկվող ձևի ներկայացում, որին մասնակցեցին ՀՀ ՊՆ և ԿԳ փոխնախարարները:
2017թ. ռազմամարզական ճամբարը կկազմակերպվի Սևանի ափին՝ «Ժայռ» գոտում:
Ուսումնական գործի այսպիսի կազմակերպումը իր պահանջներն է ներկայացնում նաև ուսուցչին: Ուսուցիչն ինքը պետք է ունենա այն կարողությունները, հմտությունները և բարոյակամային հատկանիշները, որ ուզում է զարգացնել սովորողի մեջ: Նա պետք է իր սաների հետ վազի, մագլցի, լողա, կրակի. պետք է զինվոր լինի: «Նա ուզում է, որ իր առաջնորդը լինի ավելի սրտի մարդ, եւ, ամենագլխավորը, նաեւ զինվոր: Խիստ է, բայց ոչ կոպիտ: Հպարտ է, բայց ոչ փառասեր: Պարզ է, չարքաշ, անշահասեր: Նա միաժամանակ եւ դաստիարակն է, եւ ռազմարվեստագետը, եւ կախարդը, եւ ընկերը — նա Աստվածն է իր բանակի»: Այսպես է բնութագրում բանակի ղեկավարին Գարեգին Նժդեհը իր «Էջեր իմ օրագրեն»-ում: Ռազմամարզական գործի կազմակերպիչն էլ այսպիսին պետք է լինի:
Խմբագիր՝ Գևորգ Հակոբյան