Իմ նախորդ հոդվածներում արդեն խոսել եմ այն մասին, որ մեդիագրադարանի նյութերի համալրումը սովորողի համար կարող է լինել հետազոտական աշխատանքի գործուն տարբերակ և ուսումնական գործընթացի կազմակերպման կիրառելի ձև: 2016-2017 ուստարում, մեդիագրադարանի նյութերի համալրումը հետազոտող ուսուցչի իմ աշխատանքի բաղկացուցիչը դարձնելով, որոշեցի նաև սովորողին ներառել այս աշխատանքում: Մարտյան նախագծային շաբաթը լավ առիթ էր՝ իմ առջև դրված խնդիրը փորձարկելու: Ավագ դպրոցի 10-րդ դասարանցիների ու քոլեջի իմ ուսանողների հետ «Վախթանգ Անանյան» նախագծի շրջանակում ձեռնարկեցինք գրողի «Լեռներ հայրենի» ժողովածուի պատմվածքների թվայնացումը: Ժողովածուն հին էր՝ հրատարակված 1952 թվականին, տառատեսակը` մանր, դժվարընթեռնելի: Սկանավորումը, որ փորձարկեցինք սովորողների հետ, ցանկալի որակ չապահովեց, բայց գրքում տեղ գտած պատմվածքները Վ . Անանյանի հաջողված գործերն էին, որոնք ուզում էինք դարձնել, և արդյունքում իսկապես դարձան անհրաժեշտ ու հետաքրքիր ընթերցարան նախակրթարանի սովորողների համար: Աշխատանքի ընթացքում նոր դժվարությունների բախվեցինք: Գիրքը մեկն էր, թվայնացնել ցանկացող աշակերտները` շատ: Այստեղ էլ մեզ օգնության եկան հեռախոսները: Հենց դասարանում սովորողների մի մասը նկարում էր էջը ու թելադրում մուտքագրող գործընկերոջը: Այսպես հնարավոր եղավ միաժամանակ աշխատել մի քանի խմբերով: Թվայնացված պատմվածքները ինքս խմբագրեցի ու սրբագրեցի, և արդեն զետեղված են մեդիագրադարանի կայքում: Մեր համատեղ աշխատանքի ընթացքում ունեցանք հետևյալ արդյունքը:
- Մերի Ավչյանի բլոգ — Հոգատարություն
- Անի Հովհաննիսյանի բլոգ – Երբ տեղը նեղն է
- Բագրատ Սարգսյանի բլոգ-Խռմփոցը քարայրում
- Պայծառ Հարությունյանի բլոգ – Պողոս ամնի և Ղազարանց Կարոյի վեճը
- Պայծառ Հարությունյան – Դեպք Սև ջրի ափին
- Աստղիկ Ասլանյանի բլոգ – Ներոնի մահը
- Աստղիկ Աասլանյան — Լորիկները
- Տաթև Ժամհարյանի բլոգ — Միջօրէին[1]
- Գագիկ Դավթյանի բլոգ, Ավագ դպրոց — Խիղճը
- Անի Ավթանդիլյանի բլոգ, Ավագ դպրոց — Պատմվածքներ
- Անի Ավթանդիլյանի բլոգ, Ավագ դպրոց–Մեր գյուղի հին մարդիկ
Իսկ հիմա այն մասին, թե ինչ տվեց այս աշխատանքը հետազոտող սովորողին.
- սիրելի գործով զբաղվելու հնարավորություն
- սովորողը կարդում է, գրում, մուտքագրում
- համակարգչային հմտությունների խթանում
- գործընկերային փոխհարաբերություններ
- գրագիտություն` ուղղագրական, քերականանական գիտելիքների նոր բացահայտումներ ու իմացածի ամրապնդում
- աշխատանքի նոր ձևի կազմակերպում:
Հետաքրքիր է, երբ կոնկրետ ուղղվածություն ունեցող նախագիծը այլ զարգացումներ է ունենում: Դու ծրագրում ես աշխատել մի որոշակի ուղղվածությամբ, բայց այն իր ճյուղավորումներն է ստանում իրականացման գործընթացում: Այսպես`Անանյանի նախագծին մեր մասնակցությունը, որը միայն պատմվածքների թվայնացման գործընթացը պիտի լիներ, իր շարունակությունն ունեցավ սովորողների հետ հենց այդ պատմվածքների համատեղ ընթերցումների ու քննարկումների, գրավոր ու բանավոր վերլուծությունների («Վախթանգ Անանյանի պատմվածքները». «Մոր կերպարը…»), անանյանագետ Լյուդվիգ Կարապետյանի հետ հանդիպման («Անանյանի հետ», «Հյուր կրթահամալիրում» ու նախագծի` համակրթահամալիրային ամփոփման[2] տեսքով: Այս հետագա փուլերում, ինչպես կարելի էր ենթադրել, մասնակից սովորողների մի մասը դուրս մնացին, նախագծում մնացին նրանք, ովքեր իրապես սիրեցին գրքի թվայնացման աշխատանքը, այն իրենցը համարեցին։ Ավագ դպրոցի սովորող Անի Ավդալբեկյանը, Քոլեջի ուսանողներ Պայծառ Հարությունյանը, Աստղիկ Ասլանյանը, օրինակ, նախագծի բոլոր փուլերում ոչ միայն պատրաստակամությամբ, պատասխանատվության զգացումով ու բարեխիղճ աշխատանքով իրենց ակտիվ մասնակցությունն ունեցան, այլև շարունակում են իրենց համար սիրելի դարձած այս աշխատանքը մեդիագրադարանի` ‹‹Համո Սահյան›› էջը համալրելու գործում: Այսօր արդեն կրթահամալիրում մեծ թիվ են կազմում այն սովորողները, ովքեր այլ օղակներից նույնպես ներառվել են այս աշխատանքի մեջ և իրենց դասավանդողի անմիջական ղեկավարությամբ պատրաստակամորեն մասնակցում են մեդիագրադարանի համալրման գործընթացին: Ուսուցչի և սովորողի համատեղ աշխատանքի արդյունքում էլ վերջին շրջանում թվայնացվել են Խ. Աբովյանի, Ղ. Աղայանի խումբ ստեղծագործություններ:
Հավատացած եմ, որ 2017-2018 ուսումնական տարում մեդիագրադարանի համալրումը` որպես սովորողի ու դասավանդողի հետազոտական նախագիծ, նոր զարգացումների ու բացահայտումների առիթ է դառնալու:
Խմբագիր՝ Հասմիկ Ղազարյան
[1] Ուղղագրությունը համապատասխանեցրած է բնագրին։
[2] Ցավոք, Ավագ դպրոցի ենթակայքի խափանման ժամանակ սովորողի գրած նյութն անհետացել է։