Մեկ ամիս կրթահամալիրում

Գերդ Քյոհլեր. 2017 թ., ապրիլ, «Մխիթար Սեբաստացի» կրթահալիրի 6 դպրոցներ:

Անունս Գերդ Քյոհլեր է, գերմանացի եմ, ավելի ստույգ՝ Սաքսոնիայի (շուրջ 5 մլն. բնակիչ) արևմուտքից՝ գերմանական փոքրիկ Միթվայդա քաղաքից: Իմ ծննդավայր Միթվայդայի բնակչությունը 16.000-ի է հասնում, իսկ Միթվայդայի համալսարանում ուսանողների թիվն անցնում է 7000-ը: Քաղաքն ընկած է Դրզդենի, Լայպցիգի և Շեմնիթցի միջև:

Կրթվել եմ իբրև այգեգործ, ունեմ բազմակողմանի փորձառություն: Երկար տարիներ եղել եմ Սաքսոնիայի այգեգործների միության շուրջ 550 ոլորտների պատասխանատուն, բացի դրանից, նաև այգեշինության-այգեգործական արդյունաբերության մարկետինգի , ինչպես նաև Սաքսոնիայի երկրագործության ոլորտի պատասխանատուն: Այժմ աշխատում եմ իբրև այգեշինության և երկրագործության ոլորտների խորհրդտու և մեդիա ոլորտի պատասխանատու:

Շուրջ 150 տարի ընտանիքս այգեմշակման արդյունաբերություն է վարում: Դրա միջոցով Միթվայդայի բնակիչներին առաջարկում ենք բույսեր, ծաղիկներ, մրգեր, բանջարեղեն: Այստեղ ես ևս ունեմ իմ զբաղվածությունը, որքանով որ ժամանակը բավականացնում է:

Գերմանական փորձագետների ծառայության նշանակմամբ ապրիլի մեծ մասը աշխատանքային գործուղումով անցկացրել եմ Հայաստանի մայրաքաղաք Երևանում: Այս անգամ Երևանի բազմապրոֆիլ (տարրական դպրոց, միջին դպրոց, ավագ դպրոց, արհեստի, մշակույթի դպրոցներ) դպրոցներից մեկում՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, որտեղ իրականացրել եմ տարբեր սեմինար և գործնական աշխատանքներ: Իմ հանձնարարությունն է մասնագետների հետ փորձի փոխանակումը, ինչպես նաև սովորողների հետ երկրագործական-պարտեզաշինական կառուցվածքների պլանավորումը, ծառատունկը, ծառահատումները, ջերմոցաշինության վերաբերյալ խորհրդատվությունը, ոռոգման կազմակերպումը, ինտերյերի հարդարման և բազմակողմ այգեգործական փորձի փոխանակումը: Կարելի է ասել՝ հատուկ ինձ համար գտնված աշխատանք: Դպրոցներն իրար կապելու համար ինձ տրամադրվեց հեծանիվ:

Առաջին անգամ եմ Հայաստանում: Շատ եմ լսել Հայաստանի՝ հատկապես իբրև առաջին քրիստոնյա պետության մասին: Հազարամյակների պատմության ընթացքում այն ձգվել է Կասպից ծովից մինչև Միջերկրական ծովը: Երկար ժամանակ զրկված է եղել պետականությունից, հայերը նաև ոչնչացման եզրին են կանգնած եղել: Հայաբնակ շատ տարածքներ այդ պատճառով այժմ հայաթափված են: Այս պատճառով գոյություն ունի հայկական սփյուռքը՝ հայեր, որ ապրում են հայրենիքից դուրս: Հայերը շարունակաբար փրկել են անկումից իրենք իրենց, այժմ Հայաստանում բնակվում են շուրջ 3 մլն հայեր: Բազմափորձ այս ազգը ունի իր յուրօրինակ լեզուն, գիրը և կրոնը: Այս փոքրիկ և գեղեցիկ երկրի համար սրանք և՛ առավելություններ են, և՛ թերություններ: Եվրոպաբնակ այցելուների համար և գիրը, և խոսքը անհասանելի են մնում: Լատիներեն տառերով: ays tsetsvats azgy pahel e dzer hatuk lezun, ir hatuk tarratesaki yev dzer krony miasin.

Հայաստանում մարդիկ խոսում են նաև ռուսերեն, և ինձ հետ միշտ ուղեկցող թարգմանիչ կա: Հայերի, և հատկապես ոգևորված սովորողների հետ, շատ արագ կարելի է և առանց խոսքի միմյանց հասկանալ: Գարունն այստեղ ամառ է հիշեցնում, տաք է, ի տարբերություն ցուրտ և անձրևային Գերմանիայի: Ուրախ եմ, որ Հայաստանում եմ և շատ ոգևորված եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրով: Բոլոր այս դպրոցները սովորողների համար տան նշանակությունն ունեն: Շատ գեղեցիկ տոնակատարություն եղավ ապրիլի 7-ին Մայր դպրոցում՝ մայրությանը և գեղեցկությանը նվիրված: Սովորողների և դասավանդողների մի մեծ խումբ միասնաբար կազմակերպել էր միջոցառումը առատ երգով ու պարով:
Իմ հավատարիմ թարգմանիչ Վաչեի շնորհիվ ինքս էլ կարողացա այս պարերի մասնակիցը դառնալ:

Ես ապրում եմ անմիջապես դպրոցներից մեկում: Մեկ շաբաթ իմ հարևանները եղան Թբիլիսիի դպրոցներից մեկի սովորողները: Այստեղ ես ներկա էի Հայաստանի և Վրաստանի սովորողների համատեղ զվարճություններին: Հաճախ եմ հանդիպում դպրոցի տնօրեն Աշոտ Բլեյանին, այցելում եմ կենդանասերների ակումբ, որտեղ ձիավարության համար հատկացված մեծ տարածք կա: Երևանից ոչ հեռու, բայց և այնպես թուրքական տարածքից, ողջունում է 5000 մ բարձրությամբ, ձյունածածկ, սրբազան Արարատ լեռը, որտեղ ժամանակին կանգ առավ Նոյի տապանը:

Գեղեցիկ Հայաստանի մասին արտասահմանում գիտեն, թերևս, միայն ռադիո Երևանի միջոցով: Մինչ այժմ ռադիո Երևանի գլխավոր կայքէջում Սովետական Միության գերբն է:

Կրթահամալիրը կրում է հայերի հոգևոր առաջնորդ, կաթոլիկ վարդապետ, ուսյալ աստվածաբան, Մխիթարյան միաբանության հիմնադիր Մխիթար Սեբաստացու անունը, որի հայացքը տիրող է բոլոր դպրոցներում:

Դպրոցների ճաշասրահներում, օրվա տարբեր ժամերին, հանդիպում են ուսուցիչներն ու սովորողները: Այստեղ նրանք համատեղ պատրաստում և ճաշում են: Առավոտյան ժամը 9:00-ին ողջ դպրոցը միասնաբար պարում և երգում է, դրան միացնելով նաև փոքրիկ մարզական վարժանք: Այս տևում է 15 րոպե: Հետո ամենքը գնում են իրենց դասարաններ: Մենք հողի մեջ ենք թաղում իմ բերած սերմերն ու սոխուկները:

Ավելի ուշ այս սերմերը կտեղափոխվեն ավելի բարեբեր հողի մեջ, որոնք վաճառվում են բուսաբանական խանութներում: Մայր դպրոցում մենք ծրագրեցինք ծաղկանոցների, մասնավորապես վարդերի, ոռոգման նախագիծը: Այս գործին ծառայեց ինձ հետ Գերմանիայից բերված ոռոգման ավտոմատ գործիքը:

Մայր դպրոցի ջերմոցում դասակարգում ենք սենյակային բույսերը: Այս դպրոցի մեծ սրահում, սակավ լույսի պատճառով, բույսերը վատ են աճում։ Իմ առաջարկն էր առաստաղի պատուհանների վարագույրները հեռացնել: Սակայն խոչնդոտը նույն սենյակում տեղադրված մեծ էկրանն էր, որը գործածվում է միջոցառումների ժամանակ:

Մասնագիտական գրքերը պահվում են Հարավային դպրոցում: Այս գրքերը բոլոր դպրոցների այգեգործներին հասանելի են հավասարապես:

Արևմտյան դպրոցում, ծառահատումներից հետո, որոշ շիվեր վերատնկվեցին ագարակում: Սեբաստացի կրթահամալիրն առհասարակ մի վայր է, որտեղ համատեղվում են ուսուցման բնական ճանապարհները և արվեստները: Բույսերի հետ գործնական աշխատանքը հատկապես յուրահատուկ կերպով է նպաստում սովորողների ֆիզիկական և հոգևոր ուժերի զարգացմանը: Խնամելով կենդանիներին և բույսերը՝ դպրոցահասակները ընտելանում են, ծանոթանում են միջավայրի խնամքի առանձնահատկություններին: Այստեղ, Սեբաստացի կրթահամալիրում, սովորողները ծանոթանում են կենդանիների և բույսերի տեսակներին, դրանց կենսակերպին ու կենսապայմաններին, դրանց միջև բնապահպանական կապերն են յուրացնում, և այս ամենը՝ գործնակա- կիրառական մեթոդով: Նպատակն է շրջակա միջավայրի խնամքի տարածումը: Սովորողները փորձում են ուսումնասիրել, հետազոտել, փորձարկել, ծրագրել, նախագծել, իրականացնել, գնահատել և արձանագրություն կազմել: Աշխատանքի համատեղ իրականացման ընթացքում նրանք փորձում են նպատակասլաց, համբերատար, հանդուրժողաբար և զգուշորեն համագործակցել: Սեբաստացի կրթահամալիրի բոլոր դպրոցները մեծ ջանք են գործադրել շրջակա միջավայրի բարեկարգման ուղղությամբ. կարևորագույն նախապայման ընդունելով՝ արտաքին միջավայրի կանաչապատումը: Արվեստի դպրոցում տիկին Շողիկի հատուկ խնամված լաբորատորիան և ջերմոցը հատուկ ուշադրություն են գրավում:

Կարծիքների փոխանակում Հայաստանում այգեգործության ոլորտում ջրային ռեսուրսների գործածման ինստիտուտի ղեկավար տիկին Աստղիկի հետ։

Հատկանշական տարբերություն Հարավային դպրոցի և այլ դպրոցների միջև. այստեղ Գերդը դարձավ նաև ձավար մաքրելու և կարատեի ուսանող: Ծառերի էտմանը հաջորդեց ինձ հետ բերված, կողովների մեջ տեղադրվող՝ պարզունակ ջրատարի փորձը: Ջրում ենք ծաղկի սերմերը, որոնք ևս ինձ հետ էի բերել:

Կրկնազատկի տոն-հանդիսություն, որտեղ երգ ու պարին միացա նաև ես:

Հատկանշական էր մեր այցելությունը Հրազդան գետի կիրճ: Գետի ափամերձ տարածքի աղտոտվածությունը իր մեջ էր ներառում խոշոր հողակտորներ, որոնց հարակից ցանկապատերից այն կողմ բնակիչները փոքրիկ, կոկիկ ու մաքուր այգիներ էին տնկել: Սա լավագույնս մտածված և կազմակերպված էքսկուրս էր, որը միտված էր բնապահպանական դաստիարակությանը:

Այսպիսի էքսկուրսները տեղին են նաև Գերմանիայում, որտեղ շրջակա միջավայրի նկատմամբ խախտումներն ու աղտոտումը խստորեն պատժվում են:
 Շատ հետաքրքիր և բոլորովին անակնկալ հայտնվեցինք բնակիչներից մեկի տանը՝ նրա հրավերով: Մենք, որ թվով 22 մարդ էինք, անկաշկանդ հյուրընկալվեցինք գյուղացիներից մեկի տանը, որտեղ մեզ սուրճ առաջարկեցին. մտերմիկ զրույցի շուրջ:
Այս քաղաքը լի է ցայտաղբյուրներով, որոնցից հոսում է խմելու բարձրորակ ջուր:

Միջմշակութային կապերի շրջանակներում այստեղ են Թբիլիսիի դպրոցի սաները: 14.04-ին, Վրացական դեսպանության ներկայությամբ, երկու դպրոցները՝ հայկական և վրացական, ցուցադրում են իրենց երկրների մշակույթը: Հնչում են երգեր, պարեր, բանաստեղծություններ: Շատ հաճելի հանդիպում տեղի ունեցավ երկու դպրոցների տնօրենների և արվեստի դպրոցի տնօրինուհու մասնակցությամբ (արվեստի դպրոցում):

Պետք է հատուկ գովասանքի արժանացնեմ դպրոցում պատրաստվող կերակուրը: Ամեն օր, յուրաքանչյուր դպրոցում, տեխնիկայի իսպառ բացակայության պայմաններում այստեղ եփվում են համեղ, մաքուր ու սննդարար կերակուրներ: 

Հայաստանը այցելության արժանի երկիր է: Այստեղ 301թ. քրիստոնեությունն ընդունվել է իբրև պետական կրոն, որի հիմքում ընկած է հայ-առաքելական եկեղեցին, քանի որ Թադևոս և Բարդուղիմեոս առաքյալների միջոցով 1-ին դարում այստեղ հաստատվեց քրիստոնեությունը: Ծաղկազարդն այս երկրում նշվում է ամենուր և մեծ շուքով: Եկեղեցում կարող ես հանդիպել ճյուղերով ու ծաղկեպսակներով զարդարված գլուխներ: Բոլոր հայկական եկեղեցիները (մեծ մասամբ 1500 տարվա վաղեմության) պաճուճանքներից զուրկ, կոկիկ դասական կառուցվածք ունեն՝ գմբեթավոր բազիլիկ. գավիթով և եռակողմ մուտքերով: Սուրբ Զատկի պատարագն անցկացվեց արքայանիստ քաղաք Էջմիածինում: Պատարագը գլխավորում էր Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Ես արժանի եղա ոչ միայն անձնապես ներկա գտնվելու այս պատարագին և վայելելու այն, այլև արժանացա հաղորդություն առնելու Կաթողիկոսի իսկ ձեռքից: Այստեղ էին ոչ միայն հոգևոր դասի ներկայացուցիչներ և կառավարության ողջ անձնակազմը, այցելուների մի մեծ բազմություն եկեղեցուց դուրս, էկրանների միջոցով էր մասնակցում պատարագին և հաղորդությանը:

Այցելեցի ցեղասպանության զոհերի հուշարձան, Մատենադարան, Պատմության թանգարան: Պարոն Կարոյի հետ փոքրիկ շրջագայության մեկնեցինք Սևանա լիճ, կղզի: Իսկ ետդարձին շքեղ հյուրասիրություն էր սպասում ինձ:

Քանի որ Սեբաստացի կրթահամալիրում ես շարունակաբար շրջապատված եմ սովորողներով, ուստի օրվա հենց սկզբում, երբ սկսվում են ընդհանուր պարապմունքները, արդեն օրը լի է լինում ուրախությամբ և միասնական աշխատանքի բերկրանքով: Սա հրաշալի հնարավորություն էր ինձ համար և հույս ունեմ, որ կարողացա օգտակար լինել Գերմանիայում ունեցած իմ փորձով: Շատ հաճելի իրողություն էր հարցազրույցը Բ4 դպրոցում:

Իբրև ավարտ՝ հանդիպում ունեցա Տաթև Աբրահամյանի և տնօրեն Աշոտ Բլեյանի հետ: Ջերմ բարեմաղթաններով և նվերով հրաժեշտ տվեցին ինձ, և ես էլ հնարավորություն ունեցա նվերներ հանձնելու և շնորհակալություն հայտնելու այս հրաշալի համագործակցության համար:

Կարող եմ կրթահամալիրի բոլոր դպրոցների տնօրեններին, կազմակերպիչներին և պարոն Բլեյանին շնորհավորել՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն իր դպրոցներով փայլուն և առաջադեմ ուսումնական հաստատությունների օրինակ է նույնիսկ Գերմանիայի շատ դպրոցների համար: Շնորհակալ եմ, որ այսչափ հաճելի, հետաքրքիր և գեղեցիկ օրեր անցկացրեցի Երևանում: Շնորհակալությո՛ւն:

Սրտանց՝
Գերդ Քյոհլեր

Թարգմանիչ՝ Եկատերինա Գրիգորյան
Խմբագիր՝ Սուսան Մարկոսյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով