Մանկավարժական ուղին երբեք չի ավարտվում, այն շարունակվում է այնքան ժամանակ, քանի դեռ ուսուցիչը սովորում և կրթում է ՝ անընդհատ սովորելու պատրաստակամությամբ։ Իմ սեբաստացիական-մանկավարժական մեկ տարվա ճանապարհը եղել է միաժամանակ նորացման, վերաիմաստավորման, փորձարկման և ներշնչման շրջան։
Ուսումնական տարվա սկզբում անցա վերապատրաստման փուլ, որն իր մեջ ներառում էր մանկավարժական նախագծերի մշակում, ներկայացում և քննարկում։ Այս փուլը կարևոր էր որպես ներքին վերարժևորում՝ ուսուցչի դերակատարման, մեթոդների և մոտեցումների առումով։ Վերապատրաստման ընթացքում ունեցանք նաև մի քանի ճամփորդություններ։ Պետք է առանձնացնեմ բարձունքի հաղթահարումը, որն ինձ համար եզակի էր և խորհրդանշական։ Հանրապետության ամենաբարձր գագաթը հաղթահարված էր։ Այն դարձավ ինձ համար ուղենիշ, որ երբեք չկասկածեմ ու երկմտեմ իմ ուժերին։ Ինձ համար շատ կարևոր էր սկզբից զգալ, որ Սեբաստացի կրթահամալիրում ուսուցիչը ոչ միայն դասավանդող է, այլ նաև՝ մշակութային միջավայր ձևավորող, կրթական միջանցքներ բացող, նախագծային առաջնորդ։ 2024 թվականից սկսած «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ստանձնեցի պատմության ուսուցչուհու պատասխանատու և պատվաբեր առաքելությունը։ Սրանով մեկնարկեց իմ մանկավարժական ճանապարհի մի նոր փուլ՝ լի փորձառությամբ, ստեղծականությամբ և անկեղծ նվիրումով։ Իմ հիմնական առարկան՝ պատմությունը, հաճախ ընդունվում է որպես անշարժ գիտելիքի շարք, բայց իմ մանկավարժական նպատակը եղել է՝ պատմությունը ներկայացնել որպես կենդանի, փոխկապակցված և ներշնչող ընթացք։ Հենց այդ պատճառով էլ սովորողները, ովքեր նախապես անտարբեր էին, տարվա ընթացքում սկսեցին ոչ միայն սիրել պատմությունը, այլև՝ հասկանալ դրա նշանակությունը և առնչությունները իրենց ներկայության ու ինքնության հետ։
Ճամփորդական բաղադրիչի դերը մանկավարժական գործունեության մեջ
Սեբաստացի կրթահամալիրում իմ մանկավարժական մեկ տարվա գործունեության առանցքային ուղղություններից մեկն անշուշտ ուսումնա-ճանապարհորդական բաղադրիչն էր։ Ճամփորդությունները դարձան ոչ միայն ուսումնական գործընթացի հետաքրքիր մաս, այլև ինքնուրույն մի դպրոց և՛ ինձ համար, և՛ սովորողների։
Պատրաստվածության փուլը
Յուրաքանչյուր ճամփորդությունից առաջ մենք անցնում ենք նախապատրաստական փուլ, որը ներառում էր թե՛ տեսական աշխատանք, թե՛ կազմակերպչական պատրաստվածություն։ Սովորողները նախապես ուսումնասիրում էին այն տարածքի պատմամշակութային առանձնահատկությունները, ուր պիտի ուղևորվենք․ օրինակ՝ Արատեսի մասին տեղեկություններ, Թեժառույքի վանական համալիրի պատմություն, Արտանիշ գյուղի և լեռան մասին, նաև տարբեր թանգարանների հավաքածուների և կրթական ծրագրերի մասին: Այս պատրաստվածությունը նպաստում էր, որ ճամփորդությունը չդիտվի միայն որպես ժամանց, այլ ունենա ուսումնական հենք։ Ինձ համար այս փուլը կարևոր էր նաև այն առումով, որ սովորողները սովորում էին աշխատել աղբյուրների հետ, հավաքել տեղեկություններ, համեմատել և դրանք քննարկել խմբով։ Սովորում են նաև թանգարանների կարգուկանոնին։
Ճամփորդության ընթացքը
Ճամփորդության ընթացքում սովորողներն ու ուսուցիչը միասին դառնում են ոչ միայն դիտորդներ, այլև մասնակցողներ։ Արատեսում՝ բնության գրկում, մենք կարողացանք հաղթահարել բարձրունքը, ինչը սովորողների մոտ զարգացրեց կամքի ուժ և համառություն։ Թեժառույքում նրանք ոչ միայն տեսան հին վանքի ճարտարապետական յուրահատկությունները, այլև քննարկեցին միջնադարյան հայ եկեղեցական կյանքի դերը։ Արտանիշում վրանային ճամբարն էլ ավելի հետաքրիր ու ժամանցային անցավ։ Ճամբարում դառնում ենք մի ընտանիք, համախմբված, մեկմեկու օգնող ու հարեհաս։ Թանգարանային այցերի ժամանակ կարևորում եմ, որ սովորողները ոչ թե պարզապես շրջեն ցուցասրահներով, այլ կատարեն հատուկ առաջադրանքներ՝ խաղ-առաջադրանքներ, փոքր հետազոտություններ, որոնք հետագայում վերածվում էին քննարկումների։ Այս ամենի ընթացքն ինձ համար ևս դպրոց էր․ ես տեսնում էի, թե ինչպես սովորողներն աստիճանաբար դառնում են ավելի հետաքրքրասեր, ակտիվ հարցեր են տալիս, փորձում են կապել անցյալի իրադարձությունները ներկայի հետ։
Արդյունքը և նշանակությունը
Յուրաքանչյուր ճամփորդությունից հետո մենք ունենում ենք ամփոփիչ քննարկում, որտեղ սովորողները ներկայացնում են իրենց տպավորությունները և նոր գիտելիքները, պատումներ և տեսանյութեր են հրապարակում իրենց բլոգներում։ Նրանք հաճախ նշում էին, որ եթե դասագրքում կարդալով պատմությունը թվում էր հեռու և անտեսանելի, ապա ճանապարհորդությունների ընթացքում այն դառնում էր կենդանի, շոշափելի։ Սա համարում եմ իմ աշխատանքի ամենամեծ ձեռքբերումներից, քանի որ պատմության հանդեպ հետաքրքրությունը ձևավորվում է հենց անձնական փորձառության միջոցով։
Ինձ համար ճամփորդությունները դարձան մանկավարժական ինքնաճանաչման ուղի․ հասկացա, որ դասասենյակից դուրս կազմակերպված ուսուցումը երբեմն շատ ավելի արդյունավետ է, քան դասագրքայինը։ Իսկ սովորողների համար դրանք նշանակալի են ոչ միայն գիտելիքի տեսանկյունից, այլև սոցիալական հմտությունների զարգացման․ նրանք սովորում էին աշխատել խմբով, օգնել միմյանց, հարգել շրջակա միջավայրը և գնահատել սեփական մշակութային ժառանգությունը։
Ուսումնական ճամբարներ
Ճամփորդություններին զուգահեռ մեր կրթական գործընթացում առանձնահատուկ տեղ ունեն նաև ուսումնական ճամբարները։ Ամառային (հունիս) և ձմեռային (հունվար) ճամբարները ոչ միայն հանգստի և ժամանցի հնարավորություն են, այլև կարևոր կրթական հարթակ։ Այս մեկ տարվա ընթացքում մի շարք նախագծեր իրագործեցինք։ Հղումները ստորև կտեղադրեմ, բայց առանձնացնեմ մի քանիսը։ Սովորողները շատ են սիրում խոհանոցային աշխատանքները, այցելությունները և մեծ ոգևորությամբ մասնակցում են նաև թանգարանների կրթական ծրագրեին։
Ամառային ճամբարներում սովորողները հնարավորություն են ունենում բաց երկնքի տակ, բնության գրկում փորձառական ուսուցման միջոցով զարգացնելու իրենց գիտելիքները։ Տարբեր խաղերի, թիմային աշխատանքների, նախագծային գործունեության և ստեղծագործական վարժությունների շնորհիվ նրանք սովորում են համագործակցել, ստանձնել պատասխանատվություն և նախաձեռնություն ցուցաբերել։ Հունիսյան ճամբարի նախագծերն ու ամփոփումներն՝ այստեղ
Ձմեռային ճամբարներն առանձնանում են իրենց յուրահատուկ մթնոլորտով․ ձմեռային եղանակի հրաշքները միախառնվում են ուսումնառությանը՝ ստեղծելով տոնական, բայց նաև գիտելիքներով հարստացված միջավայր։ Այս ճամբարներում ավելի շատ ընդգծվում են ընթերցողական, արվեստի նախագծերը, ինչպես նաև կազմակերպվում են քննարկումներ ու վարպետաց դասեր։ Հունվարյան նախագծերն ու ամփոփումներն՝ այստեղ ։
Ճամբարները, ինչպես նաև ճամփորդությունները, նպաստում են սովորողների համակողմանի զարգացմանը․
- նրանք ձեռք են բերում նոր հմտություններ,
- ավելի լավ են ճանաչում միմյանց,
- սովորում են գործնական կյանքում կիրառել դասարանում ստացած գիտելիքները։
Այս ամենի արդյունքում ճամբարները դառնում են ոչ միայն կրթական, այլև հոգևոր աճի տարածք՝ ամրապնդելով դպրոցի և սովորողների կապը։
Հասարակագիտական ստուգատեսի մասին
Ուսումնական տարվա ընթացքում կարևոր տեղ է զբաղեցրել նաև հասարակագիտական ստուգատեսը։ Մարտ ամիսը հասարակագիտական ստուգատեսի ամիս է, որի շրջանակում սովորողները հնարավորություն ունեցան ներկայացնելու իրենց գիտելիքներն ու հմտությունները նախագծային աշխատանքների միջոցով։ Ստուգատեսը համագործակցության, փորձի փոխանակման ու ստեղծագործական նախաձեռնությունների դաշտ է։ Այն դարձավ յուրօրինակ հարթակ՝ սովորողների քննադատական մտածողությունը զարգացնելու, թիմային աշխատանքը խթանելու և հասարակագիտական թեմաների շուրջ հետաքրքիր ու բովանդակալից քննարկումներ կազմակերպելու համար։ Հասարակագիտական ստուգատեսի մանրամասները՝ այստեղ։
Մշակութային հանդիպումներ
Հասարակագիտական ստուգատեսի շրջանակում ունեցանք հանդիպումներ։ Մեր կրթական ծրագրերը հարստացան նաև արվեստի բնագավառից հրավիրված երկու հյուրերի ներկայությամբ։ Հատկապես նշանավոր էին հանդիպումները՝ Գևորգ Գրիգորյանի թանգարանի տնօրեն, արվեստաբան Արփինե Սարիբեկյանի և Նիկոլայ Նիկողոսյան հիմնադրամի տնօրեն Լիլիթ Հովհաննիսյանի հետ։ Նրանք յուրովի օգնեցին բացահայտելու ստեղծագործական մտածողության ու գեղարվեստական ինքնարտահայտման կարևորությունը։ Հրավիրյալ հյուրերը դասախոսությամբ ներկայացրեցին արվեստի ազդեցությունը մարդու զգացմունքային և հոգեբանական աշխարհում։ Այս երկու հանդիպումները մեր կրթական ծրագրերին հաղորդեցին նոր շունչ․ սովորողները ոգեշնչվեցին, իսկ ամառային ուսումնական ճամբարի օրերին համագործակցային այց կատարեցինք նշված թանգարաններ։ Հանդիպման ամփոփումներն՝ այստեղ/ այստեղ։
Հոգեբանություն՝ որպես ուսուցման միջուկ
Իմ մանկավարժության մեջ հոգեբանական բաղադրիչը հանդիսանում է առանցքային հիմք։ Հոգեբանության ոլորտում իմ կրթական պատրաստվածությունը թույլ է տալիս առավել խորությամբ հասկանալ սովորողի հոգեբանական առանձնահատկությունները, վարքային դրսևորումները, մոտիվացիան և հաղորդակցման եղանակները։
Դասերը կառուցելիս ուշադրություն եմ դարձրել՝
- հուզական անվտանգության մթնոլորտ ստեղծելուն,
- անհատական մոտեցման ապահովմանը,
- ինքնագնահատման ու փոխընկալման մշակույթի ձևավորմանը։
Սովորողն ինձ համար չի եղել «գիտելիք ստացող», այլ՝ գործող անձ կրթական հոլովույթում։
Ուսումնական նախագծեր՝ ճանաչողության և ստեղծագործության գործընթաց
Տարվա ընթացքում իրականացրինք մի շարք նախագծեր, որոնք ուղղված էին ինչպես առարկայական, այնպես էլ համայնքային, ճանաչողական նպատակների։ Առանձնացնում եմ «Ճանաչենք Կոնդը» նախագիծը՝ իրականացված 8-րդ դասարանցիների հետ։
Նախագիծը միտված էր Երևանի ամենահին թաղամասերից մեկի՝ Կոնդի պատմության, մշակութային շերտերի, բնակիչների հիշողության բացահայտմանը։ Սովորողները դուրս եկան համայնք, իրականացրին հարցազրույցներ, տեսանկարահանումներ, ուսումնասիրեցին հին աղբյուրներ, և իրենց կատարած աշխատանքները վերածեցին պատմական փոքրիկ ֆիլմի։
Սա ոչ միայն ճանաչողական, այլև նախագիծ կազմելու և իրագործելու լավ փորձ էր։ Ինչու չէ նպաստեց նաև սովորողների՝ միջավայրի ու քաղաքի նկատմամբ ունեցած վերաբերմունքի վերաիմաստավորմանը։
Մանկավարժական ակումբ
Ուսումնական տարվա ընթացքում կարևոր դեր ունեցավ նաև մանկավարժական ակումբը, որը ղեկավարում էր շատ սիրելի Մարիետ Սիմոնյանը։ Ակումբի հանդիպումները հնարավորություն տվեցին սկսնակ դասվանդողներին բացահայտելու նոր մեթոդներ ու մոտեցումներ կրթության մեջ։ Այն դարձավ փորձի փոխանակման հարթակ, որտեղ քննարկվում էին ժամանակակից մանկավարժության կարևոր հարցեր, տարին ամփոփեցինք ամփոփիչ նախագծերով։ Տիկին Մարիետի նախաձեռնությամբ ակումբը նպաստեց մասնագիտական աճին և ստեղծագործական մթնոլորտի ձևավորմանը։ Մենք ոչ միայն հավաքվում էինք փորձի ու մտքերի փոխանակման համար, այլև ընթերցում ու քննարկում էինք տարիների փորձ ունեցող մանկավարժ-հոգեբանների հոդվածներ։ Այս հանդիպումները նպաստում էին մեր մասնագիտական աճին, հնարավորություն տալիս նորից գնահատելու դասավանդման ձևերն ու մեթոդները, ինչպես նաև յուրաքանչյուրը կարողանում էր արտահայտել սեփական փորձն ու դիրքորոշումը։ Ակումբի շնորհիվ ձևավորվում էր ստեղծագործական և համախմբված միջավայր, որտեղ ուսուցիչները մշտապես միմյանցից սովորում էին։ Խորին շնորհակալություն տիկին Մարիետին, մանկավարժական ակումբը վարելու և մասնագիտական փորձի փոխանակման համար։ (Ամփոփում)
Դժվարություններ և զարգացման հեռանկար
Առանձնացրել եմ երեք կարևոր խնդիր։
Չնայած ձեռքբերումներին, տարվա ընթացքում բախվել ենք որոշ օբյեկտիվ դժվարությունների։ Հաճախ դասերն անցկացվել են տարբեր դասարաններում՝ առանց մշտական, խաղաղ դասասենյակի, ինչը երբեմն խոչընդոտել է կենտրոնացված ուսուցման ընթացքին։ Աղմուկի և միջավայրային փոփոխականության պայմաններում դասերի կազմակերպումը դարձել է մարտահրավեր։ Այդուհանդերձ, ուսուցչի պարտքն է՝ գտնել ճկուն լուծումներ և շարունակել արդյունավետ աշխատել։ Հաջորդ ուսումնական տարվա համար իմ ակնկալիքն է ունենալ մշտական դասասենյակ, որպեսզի կարողանամ հնարավորինս արդյունավետ կազմակերպել դասընթացները։ Ժամանակակից աշխարհում կրթության մեջ տեխնոլոգիաների դերը անփոխարինելի է։ Սովորողները՝ որպես նոր սերնդի ներկայացուցիչներ, զգայուն են թվային մշակույթի նկատմամբ։ Նրանք ակնկալում են, որ ուսուցումը լինի հետաքրքիր, ժամանակակից, բազմազան ձևերով մատուցված։ Այս պահանջին արձագանքելու համար ուսուցչին անհրաժեշտ է նաև տեխնիկապես հագեցած ուսումնական միջավայր։ Վստահ եմ, որ կրթության որակի բարձրացման համար առաջնահերթ է ապահովել ուսուցչի համար հարմար, կայուն և տեխնիկապես հարուստ միջավայր։ Սա ոչ միայն ուսուցչի աշխատանքի արդյունավետության, այլև սովորողի կրթության լիարժեքության երաշխիքն է։
Մանկավարժական գործունեության ընթացքում ամենամեծ և ամենաբարդ դժվարություններից մեկը սովորողների անհատական տարբերությունների հետ աշխատելն է։ Ժամանակակից դպրոցը բաց և ներառական կրթական համակարգ է, որտեղ ընդունվում են տարբեր կարողություններով, տարբեր մշակութային և սոցիալական փորձառություն ունեցող սովորողներ։ Սա, բնականաբար, կրթության կարևոր և առաջադեմ կողմն է, սակայն ուսուցչի վրա դնում է լրացուցիչ ծանրաբեռնվածություն։ Ուստի անհրաժեշտ է, որ կրթական համակարգում հոգեբանական աջակցության դերը չհամարվի հավելում կամ երկրորդական ծառայություն, այլ դիտվի որպես ուսուցման բաղադրիչ մաս։ Սա թույլ կտա ստեղծել ներառական, աջակցող և զարգացմանը նպաստող կրթական միջավայր՝ ի նպաստ թե՛ սովորողի, թե՛ ուսուցչի։
Փորձեմ ամփոփել այս փոքրիկ, բայց ինձ համար կարևոր այս հոդվածը, քանի որ այն առաջինն է։ Սեբաստացիական մեկտարյա աշխատանքիս կարևորագույն ձեռքբերումը համարում եմ սովորողների արձագանքը։ Նրանք հաճախ ասում էին, որ սկսեցին սպասել պատմության դասերին, որ իրենց հետաքրքիր է, որ մտածում են, վերլուծում, և սկսում են պատմական երևույթներին նայել ոչ թե որպես անհաղորդ անցյալ, այլ բովանդակություն ունեցող իրականություն։ Այս հաջողությունն ինձ միայն ուրախացրեց, բայց միաժամանակ նոր պարտավորություն ստեղծեց՝ շարունակել զարգացնել պատմության դասավանդումը։
