Դպրոցական միջավայրն այն սոցիալական մոդելն է, որտեղ պետք է ձևավորվի իր արարքների համար պատասխանատու, ապրումակցելու և օգնելու պատրաստ քաղաքացին։ Հոգևոր ու համամարդկային արժեքների դաստիարակությունը, այլոց իրավունքների հանդեպ հարգանքը, յուրաքանչյուր անհատի համար հավասար պայմանների ապահովումը մանկավարժության առաջնահերթ խնդիրներն են եղել և մնում։
Պետք է խոստովանենք, որ ներկայիս անհանդուրժող ու արժեհամակարգային փոփոխություններ պատրադրող հասարակության մեջ առավել մեծ մարտահրավերներ են ուղղված դպրոցին և մանկավարժական աշխատողներին, էլ չխոսենք օրեցօր զարգացող և կրթական համակարգում նորարարություն բերող տեխնոլոգիական մարտահրավերներից։ Նշածս վերջին մարտահրավերն ավելի հեշտ է հաղթահարել, քանի որ հաճախ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառության ու նոր հմտությունների ձեռքբերման հարցում սովորողներն ավելի առաջ են անցնում՝ գերազանցելով ուսուցիչներին, սակայն այլ է հարցը մարդկային շփումների ու հաղորդակցության ոլորտում։ Սովորողներիս ու երեխաներիս դիտարկելով՝ ցավալիորեն արձանագրում եմ, որ ամենօրյա մարդկային շփումը, խաղաղ ու հարգալից վերաբերմունքն իրենց տեղը զիջում են ժամանակի թելադրանքը դարձած շտապողականությանն ու սովորական դարձող անտարբերությանը։
Ինչպե՞ս կարող է դպրոցական միջավայրը, ուսուցիչն այսքա՜ն բազմազան խնդիրների պարագայում հազարավոր ընտանիքների համար ներդաշնակ դաստիարակության ու կրթության երաշխավորը դառնալ։
Յուրաքանչյուր սովորողի հանդեպ ցուցաբերած անհատական մոտեցումից ու խտրության բացառումից բացի, ուսուցիչն իր ամենօրյա գործունեության արդյունքում պետք է փոխանցի նաև այն գիտակցությունը, որ յուրաքանչյուրս անհատական վերաբերմունքի, սիրո և հոգատարության կարիք ունենք, որ բոլորս տարբեր ենք, ու մեր գլխավոր նպատակը միմյանց հասկանալն ու հնարավորության դեպքում աջակցելն է։ Առանց այս մտածողության փոխանցման, ցանկացած գիտելիքի կամ կարողության փոխանցում անիմաստ չի՞ դառնում արդյոք։ Իսկ ինչպե՞ս ենք մենք՝ մանկավարժներս, ամենօրյա աշխատանքով նպաստում ավելի բարեկիրթ, ոգեղեն, հայրենասեր ու իր արարքների համար պատասխանատու անհատների ձևավորմանը։
Նման վերամբարձ թվացող խնդիրների լուծումն անիրական կլիներ, եթե չկենտրոնանայինք պարզ ու մարդկային առօրեական հարցերի վրա։ Կարևոր է, որ հե՛նց սկզբից մեր առջև անհնարին թվացող խնդիրներ չդնենք, այլ փորձենք դասարանում փոխադարձ հարգանքի ու բարյացկամության մթնոլորտ ստեղծել։ Մնացյալ հարցերն էլ ժամանակի ընթացքում կլուծվեն, եթե դրանք հասկանալու ու լուծելու անկեղծ մղումը կա։
Իմ փորձից
Կրթահամալիրում աշխատում եմ 2001 թվականից։ Սկսած դասվարական տարիներիս աշխատանքից՝ միշտ իմ առջև ծառացած մանկավարժական խնդիրները լուծել եմ սովորողներիս հասկանալու և օգտակար լինելու մղումից դրդված՝ նրանց անհատական կարիքները դիտարկելու և ճանաչելու միջոցով։ Հոգատարությունը և սիրելու ունակությունը ամենակարևոր ուղղորդիչներն են ցանկացած պարագայում, իսկ սեփական օրինակը ամենից վարակիչն է։
Հիմա կպատմեմ մի գեղեցիկ նախագծի մասին (մեկ-երկու դասարանի օրինակով), որի հեղինակներն ու մասնակիցներն իմ բոլոր սովորողներն են։
Դասերի ընթացքում հաճախ էի նկատում, որ սովորողներից մի քանիսը, իրենց աշխատանքը թողած, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող ընկերների համար առաջադրանքներ են պատրաստում։
Օրերից մի օր էլ դասարան մտա այն պահին, երբ բոլորը խմբվել էին դասընկեր Ռաֆայելի շուրջը։ Մոտենալով նկատեցի, որ նրա համար պատրաստած խաղերն են փորձարկում։ Տպավորված էի․․․
Ասել է թե` սովորողներս ինձ հուշեցին մայրենի լեզվի պարապմունքներին հատկացված ժամաքանակը նաև անհատական առաջադրանքների ստեղծմանը տրամադրել։ Այդ օրվանից սկսած մենք համացանցում համապատասխան առաջադրանքներ ու խաղեր էինք փնտրում, անհրաժեշտության դեպքում՝ թարգմանում, վերափոխում և փորձարկում էինք դրանք։ Հետո ոգևորված ներկայացնում էինք մեր գտած աշխատանքը, ստեղծած խաղը։ Շաբաթական մեկ կամ ամիսը երկու անգամ Մայրենի լեզվի դասաժամը տրամադրում էինք առաջադրանքների ստեղծման և փորձարկման աշխատանքներին։ Ի՜նչ մեծ էր հրճվանքը, երբ մեր ընկերներին հաջողվում էր լուծել առաջադրած խնդիրը։
Այսպիսով, սովորողներս ներգրավվեցին իրենց ընկերների համար առաջադրանքների փաթեթի ստեղծման կարևոր աշխատանքին։ Կարելի է պատկերացնել, թե այս ընթացքում նաև որքան լեզվական և մանկավարժական խնդիրներ լուծվեցին։ Չէ՞ որ առաջադրանք կազմելու համար նախ պետք է ճանաչել ընկերոջը, հասկանալ ու ձևակերպել առաջադրանքը, ստեղծագործել․․․։
Ուրախալի է, որ շուտով այս գործընթացին ընդգրկվեցին սովորողներիս ընտանիքի անդամները։ Առանձին դեպքերում ստեղծված առաջադրանքները հաջողված էին, առանձին դեպքերում՝ պակաս հաջողված, սակայն այս աշխատանքում էականը արդյունքը չէր, այլ այն կարևոր ճանապարհը, որով անցնում էինք բոլորս։ Այսպիսով, մեզ հաջողվեց համախմբվել ամենակարևորի՝ մեր ընկերոջը օգտակար լինելու խնդրի շուրջ։ Նկատելի էր, թե մեր երկու ընկերները, նրանց ընտանիքները որքա՜ն վստահ էին զգում մեր շրջապատում։ Բոլորս փոխադարձ վարձատրված էինք․․․
Տարիներ են անցել, հիմա նրանք կրթահամալիրի Միջին և Ավագ դպրոցների սովորողներ են, սակայն մեր նախագիծը շարունակվում է՝ ընդգրկելով նոր սովորողների։
Վերջին երեք տարիների ընթացքում գործընկերներիս հետ նախաձեռնեցինք «Սովորող-սովորեցնող» շուրջտրյա նախագիծը, որի ընթացքում յուրաքանչյուրը հնարավորություն ունի նարկայանալ, հանդես գալ սովորեցնողի դերում՝ շրջելով ու տարատարիք ընկերներին փոխանցելով իր գիտելիքներն ու հմտությունները։ Փորձարկված իրողություն է․ ավելի լավ ես տիրապետում այն հմտությանը կամ գիտելիքին, որը ցանկանում ես փոխանցել։
Ուրախությամբ նշեմ, որ այս նախագծի ընթացքում ինքս էլ նոր տեխնոլոգիական ծրագրեր յուրացրի, որոնք հիմա կիրառում եմ իմ աշխատանքում։ Շնորհակալ եմ սովորողներիս և ուրախ, որ նրանց նորովի բացահայտելու հնարավորություն ունեցա։
Այնպիսի միջավայրում, որտեղ մշտապես փոփոխվում են սովորողի և սովորեցնողի դերերը, ավելի հեշտ է ինքնադրսևորվել։ Այստեղ չկան քարացած ու պարտադրող կարծրատիպեր, կա օգտակար լինելու համոզմունքն ու այն գիտակցումը, որ բոլորս տարբեր ենք ու միշտ միմյանցից սովորելու բան ունենք։ Կարծում եմ, որ այս գիտակցությունը կարևոր առաջընթաց կապահովի յուրաքանչյուրիս կյանքում, կփոխի այն իրականությունը, որից հաճախ ենք դժգոհում։
Իմ այս մանկավարժական պատումի մեջ հիմնականում անդրաձարձա համագործակցային ու խմբային նախագծերին, սակայն չեմ կարող չկարևորել բարձրարժեք գրական ստեղծագործությունների միջոցով ոգեղենության փոխանցման, հանդուրժողականության ու գրական ճաշակի ձևավորմանն ուղղված մեր ջանքերը։ Կրթահամալիրի հեղինակային մանկավարժության սկզբունքը ազգային ու հոգևոր մշակույթի, գեղարվեստական բարձր արժեքների կարևորումն ու ամենօրյա փոխանցումն է՝ երգ ու պարի, ընթերցանության ու ստեղծագործելու, ճամփորդելու ու աշխարհին լեռան բարձունքից նայելու միջոցով։
Առանց բաժանող պատերի ու անցանկապատ կանաչ միջավայրում փորձում ենք ձևավորել թումանյանական բնորոշմամբ՝ աշխարհին արևի պես նայող մարդու հայացքը։ Բոլորս գործում ենք միաբան՝ մեզ բաժին հասած առաքելության կարևոր գիտակցումով։ Հավատում ենք, որ բարին ու գեղեցիկը, ի վերջո, կփրկեն աշխարհը։
