Սովորողների ուսումնադաստիարակչական գործն առավել արդյունավետ կազմակերպելու համար հարկավոր է յուրահատուկ տեղ հատկացնել ճամփորդությունների կազմակերպմանն ու իրականացմանը:
Ճամփորդություններ ասելով չպետք է հասկանալ միայն քաղաքից դուրս կազմակերպվող երթուղիները: Այսօր մեր երեխաներն ավելի լավ տեղեկացված են Էջմիածնի, Գառնիի, Գեղարդի պատմամշակութային օջախներին, որն, ի դեպ, գովելի է: Բայց, ցավոք, ապրելով մայրաքաղաքում՝ տեղյակ չեն, թե մեր քաղաքի որ հատվածում ինչ կրթական, մշակութային օջախներ են գտնվում: Կարծում եմ՝ այդ գործում կարևոր դեր պետք է ունենա դպրոցը: Առաջին հերթին պիտի կարևորվի ներքաղաքային երթուղիների կազմակերպումը, որը կօգնի սովորողներին ճանաչելու մեր մայրաքաղաքը:
Ճամփորդություններ կազմակերպելիս պետք է հաշվի առնել հետևյալ խնդիրները.
- Օրեցօր փոխվում է սովորողների հետաքրքրությունների շրջանակը, նրանք փորձում են քայլել ժամանակին համընթաց, և մենք էլ մեր հերթին պետք է փորձենք բավարարել նրանց հետաքրքրությունները:
- Ճամփորդությունները կազմակերպելիս հարկավոր է հաշվի առնել սովորողների տարիքը, նրանց զարգացման մակարդակը:
- Իմ կողմից կազմակերպված ճամփորդությունների վայրի ընտրությունը հաճախ կատարվում է նրանց իսկ առաջարկով: Արդյունքում կազմակերպված ճամփորդությունները սպասվածից էլ ավելի հետաքրքիր ու բովանդակալից են անցնում:
Ճամփորդություններ կազմակերպելիս ես իմ առջև նպատակ եմ դնում. սովորողներին ծանոթացնել մեր քաղաքի կրթական, մշակութային օջախներին՝ թանգարաններ, կինոթատրոններ, թատրոններ, համերգասրահներ, գրադարաններ և նմանատիպ այլ վայրեր:
Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում
Հ. Թումանյանի տուն- թանգարանում
Էն Լոռու ձորն է, ուր հանդիպակաց…
Մեր անկա՜խ Հայաստան,տարեդարձդ շնորհավոր
Հիմնական դպրոցն և միջին դպրոցն այս անգամ էլ Մաստարայում
- Միաժամանակ նրանց ծանոթացնում եմ մեր քաղաքի զբոսայգիների, փողոցների անվանումներին, վարչական շենքերին և քաղաքի այլ նորամուծություններին:
“Ճարտարագիտության աշխարհ” ցուցահանդես
Flash Mob «Մոսկվա»կինոթատրոնի բակում
- Ճամփորդություն կազմակերպելիս պետք է համադրել և’ մշակույթը,և’ ժամանցը՝ ճամփորդությունը ավելի բովանդակալից և հետաքրքիր դարձնելու համար:
Հիմնական դպրոցը «Հաղթանակ»զբոսայգում
- Ճամփորդություն իրականացնելու ընթացքում կատարում ենք նաև էկոլոգիական-հասարակական նախագծեր:
Հրազդանի կիրճը մի մասով մաքրված է աղբից
Մեր էկոլոգիական նախագիծը Հրազդանի կիրճում
Եվ վերջապես, պարտադիր չէ որևէ կոնկրետ վայր ճամփորդություն կազմակերպել:
Այս պարագայում ևս կա հետաքրքիր լուծում:
Իմ սովորողների հետ հաճախ գնում ենք քաղաքում պարզապես թափառելու, որն էլ օգնում է ավելի մտերմիկ, ջերմ հարաբերություններ ստեղծելու իմ և նրանց միջև: Մենք բոլորս մանկանում ենք, լիցքաթափվում, զանազան ժամանցի վայրեր հաճախում՝ կարողանալով օգտվել կոլեկտիվ գործող զեղչային համակարգից, այնուհետև լուսանկարվում ենք, զբոսնում և հիանալի ժամանակ անցկացնում:
Ցրտին դիմակայելու մեր տարբերակը «Սառցաշխարհ»գնալն է
Ձմռան 1-ին օրը մի լավ թափառեցինք քաղաքում
Մեր ուրախ էքսկուրսիան Երևան քաղաքում
Ես էլ իմ հերթին, օգտագործելով մանկավարժական իմ հնարքները,այդ ամբողջը փորձում եմ ուսումնական դարձնել:
Հաճախելով որևէ զբոսայգի՝ նրանց տեղեկացնում եմ այդ զբոսայգու անվանմանը, միաժամանակ ծանոթացնում տվյալ զբոսայգու հարակից փողոցների անվանումներին, կրթական կամ մշակութային օջախներին:
Կամ էլ, թափառելով փողոցներում, նրանք սկսում են ճանաչել մեր քաղաքը՝ միաժամանակ պլանավորում հաջորդ իրականացվող երթուղին:
Եվ այսպես, մի լավ թափառելուց հետո, բոլորս հոգնած տուն ենք վերադառնում՝ հասկանալով, որ շատ հետաքրքիր և հագեցած օր ենք անցկացրել, և որ այդ հոգնածությունը նույնիսկ հաճելի է մեզ համար:
Արդյունքում ՝
- Բավարարվում են սովորողների հոգևոր պահանջները:
- Սովորողները ճանաչողական ակտիվություն են ձեռք բերում:
- Նրանց մեջ ինքնուրույնություն է զարգանում:
- Վարքի կուլտուրա է դաստիարակվում:
- Հոգատար վերաբերմունք է ձևավորվում մեր քաղաքի, մեր շրջակա միջավայրի պահպանման նկատմամբ:
Ճամփորդություններն օգնում են սովորողների վարքի կուլտուրայի ձևավորմանը: Տանը և դպրոցում երեխաներն ավելի կազմակերպված և քաղաքավարի են լինում, մինչդեռ հասարակական վայրերում հաճախ չեն կարողանում իրենց դրսևորել: Ուստի ճամփորդություններն օգնում են նաև նրանց վարքի ձևավորմանը՝ սկսած նրանից, թե ինչպես պետք է ճիշտ անցնել փողոցը: Բացի դրանից՝ դրսում նրանք մեկը մյուսի հանդեպ ավելի ուշադիր են լինում, ավելի կազմակերպված ու համախմբված:
Ահա սա է ճամփորդության իրականացման իմ բանաձևը:
Խմբագիրներ՝ Արևիկ Ներսիսյան, Մարիետ Սիմոնյան