Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ 21-րդ դարը նորագույն տեխնոլոգիաների դարաշրջան է, և չկա կրթական, մշակութային, կենսական մի ոլորտ, որտեղ նորագույն տեխնոլոգիաներն իրենց անդրադարձն ու անմիջական ազդեցությունը չունենան։
ԱԲ-ի ներխուժումը մեր կյանք չի կարող անհետևանք թողել որևէ ոլորտ և՛ դրական, և՛ բացասական առումով։ Գաղտնիք չէ, թե որքան շատ են դրա օգտատերերը, այդ թվում նաև սովորողներն ու ուսանողները։
Այս տեխնիկական մարտահրավերների մեծ դաշտում ո՞րն է գրադարանի ու գրադարանավարի դերը, երբ սովորողը նույնիսկ սովորական տեքստի վերլուծությունը կարող է առանց ջանք գործադրելու ստանալ ԱԲ-ից։
Մի կողմից՝ թվում է, թե առաջադեմ ծրագրերի, էլեկտրոնային ռեսուրսների առկայությամբ, մյուս կողմից էլ նորագույն տեխնոլոգիաների բազմազանությամբ պայմանավորված՝ գրադարանները կորցնում եմ իրենց լիարժեք գործառույթը։ Բայց մյուս կողմից էլ՝ տեսնում ենք մեծ տենդենց հրատարակչությունների գործունեության, շնորհանդեսների և փառատոների ամենամյա միջոցառումների առատության, գրադարանից օգտվող ընթերցողների նորանոր խմբերի ավելացում։
Գրադարանավարի մասնագիտությունը վերածնունդ է ապրում․ պարզապես պետք են նոր մոտեցում և արժեքային համակարգի վերաիմաստավորում։
Արդի գրադարանավարը չի կարող իր գործունեությունն արդյունավետ կազմակերպել և սովորողին հետաքրքիր լինել, եթե ինքը չի տիրապետում ժամանակակից ծրագրերի, տեխնոլոգիաների և այլ հնարքների։ Իհարկե շատ կարևոր են նաև գրադարանային միջավայրը և պայմանները, բայց այս ամենի հետ մեկտեղ պակաս կարևոր չեն յուրաքանչյուր գրադարանավարի շահագրգռվածությունը, ինքնակրթությունն ու զարգացումը։
Կա կարծրատիպ, որ գրադարանավարի աշխատանքը թեթև ծանրաբեռնվածությամբ, հանգիստ աշխատանք է։ Սակայն տարիների աշխատանքային փորձս թույլ է տալիս այլ բան ասելու․ այն ստեղծական և մշտապես զարգացում պահանջող հանրային և ծավալուն աշխատանք է։ Յուրաքանչյուրիցս է կախված, թե ինչքանով կհաջողվի մեր աշխատանքը։
Գրադարանավարն ապահովում է ընթերցողներին ոչ միայն ռեսուրսներով, այլև նա խորհրդատու- ուղղորդող է։
Որպես «Տիգրան Հայրապետյան» գրադարանի ղեկավար՝ ուզում եմ ներկայացնել մեր փորձը։
«Տիգրան Հայրապետյան» գրադարան-ուսումնական կենտրոնը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կազմում գործող կառույց է՝ ֆիզիկական և մեդիա (lib.mskh.am ) միջավայրերով: Սպասարկում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հեղինակային կրթական ծրագրին՝ իր բաղկացուցիչներով: Աջակցում և խթանում է հեղինակային կրթական ծրագրի մշակման, իրականացման, տարածման աշխատանքներին:
Կրթահամալիրի ուսումնական գործունեությունը կազմակերպվում է ուսումնական օրացույցով, որի կազմակերպմանը մասնակցում է նաև գրադարանը։
Ունի նորացված մեդիագրադարան` lib.mskh.am, որը ստեղծել են կրթահամալիրի հետազոտական վարժարանի սովորողները։ Շատ կարևոր է սովորողների ներգրավվածությունն այս կարևոր աշխատանքում, համագործակցությունը նրանց հետ, նրանց ուժերին վստահելը և իմացական ռեսուրսներին ճիշտ ուղղություն տալը։
Կրթահամալիրի առանձնահատկությունն այն է, որ ուսուցումն այստեղ բլոգային է։
Դա այն տիրույթն է, որ մարդուն հնարավորություն է տալիս ինքնարտահայտվելու, ընթերցողական նյութեր ստեղծելու և սեղծագործելու։
Գրադարանը թվայնացնում է ոչ միայն էլեկտրոնային նյութեր, այլև դասավանդողները ստեղծում են հեղինակային ուսումնական փաթեթներ։
Մեդիագրադարանի համար կարևոր էլեկտրոնային ռեսուրսներ են նաև «Դպիր» մանկավարժական հանդեսը, նրա հավելվածը՝ Հետազոտական վարժարան, կրթահամալիրի սովորողների և դասավանդողների կողմից ստեղծված ամսագրերը և «Պարտեզ» ամսագիը։
Գրադարանի աշխատանքային ուղղություններն են.
- Էլեկտրոնային հրատարակչություն
Այդ թվում՝
Դասավանդողների, այլ մասնագետների ստեղծած ուսումնական, թվային փաթեթների ամբողջացում, հրապարակում:
Գրադարանը հանդես է գալիս նաև որպես ուսումնակա փաթեթների ստեղծման պատվիրատու: - Հեղինակային կրթական ծրագրին սպասարկող այլ ուսումնական նյութերի ստեղծում, այդ թվում նաև՝ սովորողների և դասավանդողների միջոցով թվայնացման աշխատանքներ:
- Գրադարանավարի վերապատրաստման սեմինարների կազմակերպում:
- Համագործակցություն ԴՏՀՏՇՀ-ի հետ, աշխատանք դպրոցական միջգրադարանային ավտոմատացված համակարգում:
- Կրթահամալիրի դասավանդողների հետ համամատեղ նախագծային աշխատանքների իրականացում:
- Գրադարանում սովորողների հետ աշխատանք՝ թվայնացում, արխիվացում, գրքերի վերանորոգում:
- Համագործակցություն հրատարակչությունների, գրատների հետ (այդ թվում՝ ուսումնական ճամփորդությունների կազմակերպում):
- Միջգրադարանային համագործակցություններ, միջոցառումներին մասնակցություն:
- Կրթահամալիրի օրացույցից բխող այլ նախագծեր և աշխատանքներ:
Գրադարանում են կազմակերպվում Գրական ակումբի ամենշաբաթյա աշխատանքները, որտեղ պարբերաբար քննարկվում են գրական ստեղծագործություններ։ Հրավիրում ենք գորղների, մշակութային գործիչների։
Գրադարանը աջակցում է «Ստեղծագործ պատանի» նախագծին, որի ընթացքում սովորողները ներկայացնում են իրենց էլեկտրոնային գրքերը։ Կազմակերպում է պատանի ստղծագործողների էլեկտրոնային գրքերի շնորհանդեսներ։ Աշխատանքին՝ ձևավորմանը, գրքի շնորհանդեսի կազմակերպմանը մասնակցում են նաև սովորողները։
Կրթահամալիրի նախակրթարաններում ունենք գրադարակ-անկյուններ, որոնք նախատեսված են տվյալ տարիքի երեխաների համար։ Նաև կրտսեր դպրոցներում ունենք ընթերցողական անկյուններ, բացօթյա ընթերցարաններ։
Կարևոր է նաև գրադարանի աշխատանքների հանրայնացումը։ Ունենք Գրադարանավարի բլոգ և Ֆեյսբուքյան էջ։
Որպես արդի գրադարանավարի համար կարևոր աշխատանքային գործիքներ՝ կարելի է առանձնացնել օրացույցով աշխատանքը, բլոգավարությունը, հանրային սոցիալական տիրույթներում ակտիվությունը, համակարգչային մի շարք ծրագրերի յուրացումը՝ սքանավորում, «Avatan», որ հնարավորություն է տալիս մաքրելու, լավացնելու սքանավորած նյութերը, «ABBYY fineReader», որը հնարավորություն է տալիս նկար-pdf-ը դարձնել աշխատանքային word փաստաթուղթ, «Adobe acrobat DC» խմբագրական ծրագիրը, որով հնարավոր է pdf wgrkgp=pyut խմբագրական աշխատանք անել, «Fotoshop» և այլ խմբագրական ծրագրեր։ Կարևորում ենք նաև էլեկտրոնային գրադարանների, հրատարակիչների գործունեությանը հետևելը, քաջատեղյակ լինելը։
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջում ունենք նաև «Գրադարանային գործ» մասնագիտությունը։ «Տիգրան Հայրապետյան» գրադարանը, որպես ուսումնական կենտրոն, համակարգում է ուսանողների ուսումնառությունը, ինչպես նաև աշխատանքային փորձառություն է ապահովում նրանց համար։ Նորարարական այս մոտեցումները փորձում ենք փոխանցել մեր ուսանող-գրադարանավարներին։
