Որպես «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջի «Քաղաքագիտության և սոցիոլոգիայի հիմունքներ» առարկայի դասավանդող` իրականացնում եմ մի շարք նախագծեր։ Հոդվածում կանդրադառնամ  «Հարցումների շարք» նախագծին, որը իրականացնում ենք քոլեջի 2-րդ կուրսի ուսանողների հետ։

Սովորողը կամ աշխատանքային խումբը իրեն հետաքրքրող կամ առաջարկվող ցանկից ընտրում է որևէ թեմա և իրականացնում է ուսումնասիրություն։ Ամփոփում է արդյունքները, ներկայացնում է նկարագրական- վերլուծական նյութ:

Որպեսզի աշխատանքը համարվի ամբողջական և ավարտուն, նախագիծն իրականացնելիս պարտադիր է.

  • գրել ուսումնասիրութjան պլան
  • ընտրել հարցման մասանակիցների խումբ
  • կազմել հարցաթերթիկ
  • ամփոփել արդյունքները՝ գրելով վերլուծական նյութ
  • նախագծի արդյունքները հրապարակել բլոգի համապատասխան բաժնում

Նախագիծը կատարելու ընթացքում ձևավորվում են մի շարք հմտություններ, որոնք կարևոր են հետազոտական աշխատանքների կազմակերպման, իրականացման և ներկայացման համար։ Սովորողը կազմում է հետազոտման պլան՝ նշելով թեմայի արդիականությունը, ձևակերպում է նպատակն ու խնդիրները, մտածում է հարցադրումների շուրջ, կազմում է գրագետ հարցաթերթիկ՝ առարկայի ուսումնասիրության ընթացքում յուրացնելով հարցման տեսակները, հարցաթերթիկ կազմելու սկզբունքները։ Կիրառում է հարցումներ կազմակերպելու մի շարք գործիքներ։ Հարցերին պատասխանելուց զատ շատ ավելի կարևոր է հարցեր ձևակերպելու հմտությունը։ Երևույթներին տարբեր տեսանկյուններից նայելու կարողությունը և դրա զարգացումը։ Սովորողը տարբեր տեսանկյուններից մոտենում է հարցերին և դրանց ենթադրվելիք պատասխաններին, փորձում է հաշվի առնել հարցվողների բազմազանությունը, առանձնահատկությունները։ Աշխատում է ընտրանքի վրա՝ ընտրելով համապատասխան խումբը, ում հետ պետք է անցկացնի ուսումնասիրությունը։ Կարողանում է կազմակերպել ոչ միայն քանակական այլև որակական հարցումներ։ Ընտրում է հարցման գործիքը՝ ստանդարտ հարցաթերթիկ- հարցում՝ խմբային կամ անհատական, հարցազրույց- հարցում, հեռախոսային և էլեկտրոնային փոստով հարցում։ Ընտրում է համապատասխան հարթակը՝ օնլայն կամ օֆլայն։ Սրանք բոլորը հմտություններ են, որ ձևավորվում են առարկայի ուսումնասիրության և նախագծի իրականացման ընթացքում։ Շատ կլարևոր փուլ է նաև լրացված հարցաթերթիկների ուսումնասիրությունը և դրանց արդյունքների ամփոփումն ու վերլուծությունը։ Ժամանակակից գործիքները թույլ են տալիս ավելի հեշտ ու արդյունավետ կազմակերպելու այս աշխատանքները։ Սովորողներն աշխատանքը իրականացնելիս օգտվում են մի շարք գործիքներից, ինչպիսիք են հարցաթերթիկներ կազմելու օնլայն գործիքները՝  ձևաթղթերը։

Սովողողն իր ընտրությամբ հարցումը կարող է իրականացնել և՛ օնլայն հարթակում, և՛ կենդանի շփումով։ Ուսումնասիրության մեջ կարող է ներառվել միաժամանակ հարցման մի քանի ձև․ կենդանի շփումով տեսագրված, ձայնագրված անհատական հարցազրույցներ, խմբային կամ անհատական ստանդարտ հարցաթերթիկով հարցումներ։

Ուսումնասիրության համար տրամադրվում է մեկ- երկու ամիս ժամանակ՝ կախված հարցվողների քանակից և ուսումնասիրության թեմայից։

Աշխատանքը կատարելիս սովորողին տրվում է նաև ուսումնական գրականություն՝ որպես ուղեցույց։

Աշխատանքներն ամփոփում ենք կլոր սեղանի միջոցով, որոնք հիմնականում ներառվում են հունվարյան՝ ուսումնական երկրորդ շրջանի աշխատանքների մեջ, որին մասնակցում են քոլեջի սովորողներ, դասավանդողներ և թեմայով հետաքրքրված այլ մարդիկ։ Սովորողները հանդես են գալիս վերլուծական զեկույցներով։ Թեմաները հետաքրքիր են, արդիական, կապվում են իրենց նախասիրությունների, ինչպես նաև մասնագիտական ոլորտի հետ։ Սովորողները աշխատում են  և՛ թիմով, և՛ ներկայացնում են անհատական նախագծեր։

Փորձը ցույց է տալիս, որ ուսումնասիրության արդյունքների ներկայացումը մեծ ոգևորություն և հետաքրքրություն է առաջացնում հավաքի մասնակիցների շրջանում, հատկապես, որ նրաց մեջ լինում են մարդիկ, ովքեր իրենց անմիջական մասնակցությունն են ունենում ուսումնասիրություններին, և ծավալվում է հետաքրքիր քննարկում։

Սովորողների շրջանում ևս նախագծի իրականացումը առաջացնում է մեծ ոգևորություն, քանի որ նրանց խոսքով «շփվում են կենդանի կարծիքների և արդյունքների հետ»։

Նախագծի իրականացումը կարևոր է նաև միջառարկայական կապերի ստեղծման համար։ Սովորողներն իրենց կատարած ուսումնասիրություններն օգտագործում են մասնագիտական հետազոտական աշխատանքների և դիպլոմային նախագծերի մեջ։

Աշխատանքը կարևորվում է նաև այն տեսանկյունից, որ սովորողները, ովքեր կարողանում են համատեղել ուսումնասիրության և իրենց դիպլոմային աշխատանքների ու հետազոտական նախագծերի թեմաները,  նաև արդիականություն և կենդանություն են հաղորդում իրենց աշխատանքին, նպաստում նրան, որ հետազոտական աշխատանքներն առավել հետաքրքիր անցնեն։ Իհարկե, ամենի արդյունքում կարևոր է հմտությունների ձևավորումը, որը կիրառելի է դառնում տարբեր աշխատանքներ կատարելիս։

Ստորև ներկայացված են 2025- 2026 ուստարվա և 2024- 2025 ուստարվա սովորողների առավել հաջողված մասնագիտական ոլորտի և նախասիրությունների հետ կապվող ուսումնասիրությունների արդյունքները։

  • Մասնագիտության հետ կապվող ուսումնասիրություններ

Երազիկ Հովհաննիսյան, Շուկայաբանություն, Հաճախորդների սպասարկման որակի ազդեցությունը հավատարմության վրա

Օլգա Ալեքսանյան, Շուկայաբանություն, Ապրանքի արտաքին տեսքի ազդեցությունը նրա իրացման վրա

Սոնա Արզումանյան, Զբոսաշրջություն, Հիմնական խնդիրները, որոնք խանգարում են մարդկանց ավելի հաճախ ճանապարհորդել Հայաստանում

Մարիաննա Սարգսյան, Զբոսաշրջություն, Էքստրիմ տուրիզմի նկատմամբ հետաքրքրությունը և դրա տարածվածությունը երիտասարդների շրջանում

Նվարդ Ղահրամանյան, Հրաչյա Աղեկյան, Համակարգչային գեղարվեստական նախագծում,  Մասնագիտական պոստեր 

Անի Բալայան, Համակարգչային գեղարվեստական նախագծում, Տիպոգրաֆիա

Անաստասիա Չերնյախովսկայա, Հագուստի մոդելավորում, Հագուստը մեր օրերում

  • Նախասիրություններից հետ կապվող ուսումնասիրություններ

Անժելա Դադոյան, Զբոսաշրջություն, Որքանո՞վ են Ձեր ներքին հույզերն ազդում Ձեր շրջակա միջավայրի և Ձեզ շրջապատողների վրա

Արծրունի Ղարագյոզյան, Լիլյա Պալյան, Համակարգչային գեղարվեստական նախագծում, Արկածներ ֆանտաստիկայի աշխարհում․ ինչ կլիներ, եթե անհնարինը դառնար իրական

Գոհար Թաթոյան, Արեգ Աբգարյան,  Համակարգչային գեղարվեստական նախագծում, Անիմե և մանգա:

Հետաքրքիր են նաև սովորողի նախասիրությունների հետ կապվող ուսումնասիրությունները, քանի որ սրանք հնարավորություն են տալիս իմանալու  արդի երիտասարդների հետաքրքրությունների ուղղվածությունը։

Ամփոփելով կարող եմ ասել, որ սովորողների հետ աշխատում են մեծ հետաքրքրությամբ ու սիրով՝ ամեն անգամ համոզվելով աշխատանքի կարևորության ու անհրաժեշտության մեջ, ինչը որպես հետադարձ կապ ստանում եմ սովորողների աշխատանքների արդյունքներից։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով