«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում հունվարի 7-23-ը ուսումնական երկրորդ շրջանն է, որը համարվում է ուսումնական ստուգատեսային-նախագծային ճամբարի շրջափուլ: Ձմեռային ճամբարն առանձնանում է իր կազմակերպմամբ, բովանդակային շեշտադրումներով: Ձմեռային ճամբարի ընթացքում մեծ հնարավորություն է տրվում՝ ներկայացնելու բազմաբովանդակ նախագծեր, որոնք հետաքրքրություն կառաջացնեն ճամբարականների մոտ: Այս շրջանում թեմատիկան լայն է. կազմվում են տարատարիք խմբեր, իրականացվում են միջդպրոցական սովորող-սովորեցնող նախագծեր, նոր նախաձեռնություններ են ի հայտ գալիս: Ճամբարականների համար ձմեռային ճամբարը կարևորվում է նաև մարզական ստուգատեսներով, ճամփորդական նախագծերով: Ձմեռային ճամբարի ժամանակ կրթահամալիրը տարաբնույթ նախագծեր է իրականացնում՝ արտադրական, բնագիտատեխնիկական, դիջիթեքյան ստուգատեսների, ազգագրական փառատոնի, երաժշտական և այլ նախագծեր: Ձմեռային ճամբարը օգնում է սովորողներին, որպեսզի նրանք բազմաթիվ նախագծերի միջոցով սովորեն, զարգանան, ստեղծագործեն, գործնականորեն տեսնեն: Այս ճամբարն այնքան հարուստ է, ուսուցողական, որ գրավում է ճամբարականներին, որովհետև այս շրջանում նաև տարբեր ոլորտների մասնագետներ են հրավիրվում կրթահամալիր՝ ծրագրավորող, ինժեներ, պատմող, հետազոտող՝ անկախ տարիքից և փորձից:
Ձմեռային այս ճամբարի ընթացքում, քանի որ պետք է համատեղեի և՛ «Տիգրան Հայրապետյան» կենտրոնական ընթերցասրահի աշխատանքը, և՛ որևէ նախագծով ներկայանալը, իրականացրի «Բարբառային ընթերցումներ» նախագիծը (թերևս ազգագրության փառատոնի շրջանակում է ընդգրկվում): Վերջինս իրականացրել եմ Հյուսիսային դպրոց-պարտեզի երկու ջոկատներում՝ «Լրագրողների» և «Ընթերցասերների», ինչպես նաև Արևելյան դպրոց-պարտեզի «Հետաքրքրաշարժ մաթեմ» ջոկատում: Ջոկատի անդամները 4-6-րդ դասարանցիներն էին, սակայն երեք ջոկատում էլ գերակշռում էին 5-րդ և 6-րդ դասարանցիները: Սա, իհարկե, լավ էր, քանի որ 4-րդ դասարանցիների համար որոշակի դժվարություններ էին լինում որևէ բարբառով հեքիաթ կարդալը: Պետք է անպայմանորեն նշեմ, որ նախագիծը սպասվածից առավել «գունագեղ» եղավ, կարծես թե գրադարակներում շարված գրքերը հոգու կանչով աջակցում էին, քանի որ այն իրականացրել եմ «Տիգրան Հայրապետյան» ընթերցասրահում: Անշուշտ, յուրաքանչյուր նախագիծ ներկայացնելու համար հատուկ ընտրված վայր պետք է լինի, որ օգնի՝ այն ըստ էության իրագործելու:
Նախագիծը գովելի է այնքանով, որ ճամբարականները ծանոթանում են բարբառներին, նրանց առանձնահատկություններին, լեզվական փոփոխություններին, իմանում են նաև, թե դարեր առաջ վերաբնակեցված գյուղերում արդյոք լա՞վ են պահպանվել այս կամ այն բարբառները:
Այս նախագծի շնորհիվ ճամբարականները նաև տեղեկացվում են բանահավաքների մասին, որ սերնդեսերունդ փոխանցվել են մեզ, ինչպես նաև նրանց հավաքած ծանոթագրությունները, գրառումները: Մասնավորապես նշել եմ հայ ազգագրագետ, բանահավաք Երվանդ Լալայանի ներկայացրած նյութերը Այրարատ տարածաշրջանի բարբառով, որն իր մեջ ընդգրկում է Աշտարակի, Օշականի, Փարպիի որոշ ասացողների հեքիաթները: Նախագծի շրջանակում նաև ցույց ենք տալիս բանասեր-բանահավաք Սահակ Մովսիսյանի (Բենսե) գրի առած Մուշի (Բուլանըխ) բարբառով հեքիաթները՝ ներկայացնելով բանահավաքի ջանքերով գտնված ասացողների նյութերի արժեքայնությունը, մեզ հասած ծանոթագրությունները:
Նախագիծը հետաքրքրաշարժ է, որովհետև ճամբարականների համար նորույթ են տարբեր գյուղերում վերաբնակեցված ժողովրդի խոսվածքի լեզվական առանձնահատկությունները, քանի որ առանձնանում են գրական հայերենի համեմատությամբ:
Նախագծում ընտրված են այնպիսի բարբառներ, որոնք մեծ մասամբ հասկանալի են: Ընտրվել են հայ ժողովրդական հեքիաթներ՝ Խոյի, Աշտարակի, Օշականի, Լոռու, Մուշի բարբառներով: Պետք է նշեմ, որ ճամբարականների համար գրավիչ է նման խոսվածքով պատմություններ, հեքիաթներ կարդալը, նրանք իրենց զգում են «յոթերորդ երկնքում» և ոգևորվածությամբ կարդում են՝ երբեմն ծիծաղելի զգացողություններ արթնացնելով: Նախագիծն օգնում է, որպեսզի 21-րդ դարի սովորողները զգան, տեսնեն դարեր առաջվա մարդկանց հաղորդակցության ոգին, շունչը: Թեպետ հիմա Հայաստանի շատ վայրերում պահպանված չէ բարբառը, քանի որ սերնդափոխություն է լինում, և քիչ-քիչ բարբառը «մահանում է», սակայն կարևոր է իմանալ, թե մեր նախնիները ինչպես են հաղորդակցվել, և արդյոք կա՞ն որոշ բառեր, որոնք մեզ անցել են իրենց խոսվածքից:
Նախագծի ընթացքում բացահայտվում է նաև ճամբարականների ընտանիքներում կամ բարեկամ-հարազատների շրջանակում բարբառակիր մարդկանց մասին: Ճամբարականները նաև պատմում են, թե ինչպես են իրենց ծանոթ ազգականները խոսել բարբառով:
Նախագծի առաջին մասում ես սպասում էի, որ որոշ ճամբարականներ քիչ թե շատ կդժվարանան կարդալ բարբառով հեքիաթ, եթե իրենց ծանոթ հեքիաթը չէր: Սակայն նաև հակառակ գործընթացը եղավ, այն էր՝ ջոկատներում կային ճամբարականներ, որոնք մեծ մասամբ սահուն և պատկերավոր կարդացին, վերլուծեցին և կիսվեցին իրենց տպավորություններով: Այս ընթացքում ես նկատեցի, որ ջոկատներում կար այն սպասումը, որ իրենք պիտի կարդային, պիտի լսեին, քանի որ իրենց համար հետաքրքիր էր, թերևս նոր էր:
Նախագծի երկրորդ մասում ճամբարականները լսում են տարբեր բարբառներով ուսուցողական պատմություններ, այնուհետև քննարկում են, վերապատմում: Բարբառային ընթերցումների հետ կարևորվում է բարբառային պատմություններ լսելը, քանի որ կարդալը այլ բան է, լսելը՝ մեկ այլ բան, որն ամրապնդում է մտքում և զգալ տալիս խոսքի «համեմունքի»՝ բարբառի շունչը, առանձնահատկությունը: Երկրորդ մասում դժվարություններից թեկուզև որոշակիորեն խուսափելու համար տեսանյութերն այնպիսին էի ընտրում, որ որևէ բարբառով ներկայացնող անձի խոսքը, արտահայտչության ձևը հիմնականում հասկանալի լինեին ունկնդիր ճամբարականների համար: Այստեղ պատճառահետևանքային կապ կա: Քանի որ նրանք տեսանյութերի միջոցով պիտի իրենց մոտ ամրապնդեին բարբառային պատմության իմաստային արժեքը և որից հետո վերարտադրեին: Սիրված եղավ նաև այս մասը, և որպես հավելում՝ կավելացնեմ, որ նախագծի երկրորդ մասը ամբողջացնում է առաջին մասը: Նշեմ համացանցային ուսուցողական տեսանյութերից մի քանիսը, որոնք սիրվեցին ճամբարականների կողմից՝ Բարբառը մենք ենք. Իսկական ընկերություն, Բարբառը մենք ենք. Նանիս զրույցը խմորի հետ, Բարբառը մենք ենք. Իմաստուն զինվորը:
Այսպիսով, նախագիծը սիրվեց ջոկատների ճամբարականների կողմից, նույնիսկ եղան արձագանքներ, որ այս նախագծի նյութերին առավել մանրամասն կանդրադառնան նաև տանը:
Մտածում էի՝ ջոկատների անդամները կուրախանան, կոգևորվեն, եթե նախագծի հեղինակը՝ ես, կարդամ որևէ բարբառով հեքիաթ: Այդ պատճառով որոշեցի իմ՝ տարիներ առաջ Խոյի բարբառով փոխադրած հեքիաթը ընթերցեմ ճամբարականների համար. խոսքը Հ. Թումանյանի «Անխելք մարդը» հեքիաթի մասին է: Ես իմ տարերքի մեջ էի, բովանդակ հոգով կարդում էի, հիշում էի, թե տարիներ առաջ ինչպե՜ս էի սա փոխադրել Խոյի բարբառով (հեքիաթը փոխադրել եմ քաղցրախոս տատիկիս և ազգականուհուս օգնությամբ), ի՜նչ ջերմեռանդ սրտով եմ նվիրվել այս աշխատանքին ու երբևէ չէի մտածել, որ հնարավոր է՝ մի օր կանգնեմ ճամբարականների առջև և վերհուշով, իսկական ժպտուն աչքերով ընթերցեմ:
Հյուսիսային դպրոց-պարտեզի «Լրագրողների» ջոկատն իրենց «Հյուսիսափայլ TV-ի» 11-րդ և 12-րդ թողարկումների ընթացքում անդրադարձել են «Բարբառային ընթերցումներ» նախագծին: Ստորև կարող եք տեսնել՝
- «Հյուսիսափայլ TV»-ի 11-րդ թողարկում/ վերոնշյալ նախագծի իրականացման մասին դիտեք 1:36-3:15 րոպեներին/:
- «Հյուսիսափայլ TV»-ի 12-րդ թողարկում/ վերոնշյալ նախագծի իրականացման մասին դիտեք 2:58-4:16 րոպեներին/:

