«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ուսուցումը սահմաններ չի ճանաչում, իսկ արդյունքների գնահատումը հեռու է ավանդական «թվանշանային» համակարգից։ 5-6 տարեկանների զարգացման կարևորագույն բաղադրիչը «Ամսիկ» ստուգատեսն է, որը «Իմացումի հրճվանք» ծրագրի հայելին է։ Սա պարզապես հանդես կամ միջոցառում չէ, այլ սանի մեկամյա ձեռքբերումների, հմտությունների և ինքնադրսևորման բաց հարթակ: Այն հնարավորություն է տալիս տեսանելի դարձնել «Իմացումի հրճվանք» ծրագրի արդյունքները՝ ստեղծելով մի միջավայր, որտեղ սովորողը, դաստիարակն ու ծնողը գործում են մեկ միասնական թիմով։
2017 թվականին, երբ ստուգատեսը նոր-նոր էր մուտք գործել «Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների ուսուցման գործընթաց, ուներ կազմակերպման այլ ձև։ Այն իրականացվում էր ամեն շաբաթ՝ ամփոփելով գործունեության որևէ բաղադրիչ․ սանը ներկայացնում էր իր ձեռքբերած հմտությունները և կարողությունները։
2024 թվականին կրթահամալիրի 2-5 տարեկանների խնամքի և զարգացման լաբորատորիայի կողմից եղավ առաջարկ փոփոխել և մշակել «Ամսիկ» ստուգատեսի կազմակերպման ձևը։ Առաջարկվեց «Ամսիկ» ստուգատեսը կազմակերպել ամիսը մեկ անգամ՝ շաբաթական փոքրիկ ստուգատեսներով, որոնք կապահովեին «Ամսիկի» զարգացումն ու շարունակականությունը։ Իսկ ամսվա ամփոփում-շքերթը կամբողջացներ ամսվա ընթացքում իրականացված աշխատանքները, ձեռքբերված արդյունքները։ Կազմակերպման այս ձևը միտում ուներ նաև առավել ամրապնդել դաստիարակ-սան-ծնողական համայնք կապը։ Ծնողների համար հնարավորություն էր ստեղծվում ոչ միայն տեսնել ու գնահատել սաների ձեռքբերած կարողություններն ու հմտությունները, այլև դառնալ ստուգատեսի լիարժեք մասնակիցը՝ երգելով, պարելով, բերանացի ընթերցելով, մարզվելով ու իրական իմացումի հրճվանք ապրելով։
Ինչպե՞ս է ծնվում «Ամսիկը»
Շատերի մոտ կարող է հարց առաջանալ՝ ինչպե՞ս է հաջողվում սանին ներգրավել այսքան բազմաշերտ գործունեության մեջ առանց հոգնեցնելու: Արդյո՞ք դա լրացուցիչ բեռ չէ սանի համար։ Պատասխանը պարզ է՝ նախագծային ուսուցում և ամենօրյա հետևողական աշխատանք:
- Մենք չունենք հատուկ «փորձերի» ժամեր։ Ստուգատեսի բովանդակությունը ձևավորվում է ամենօրյա աշխատանքի արդյունքում։ Այն երգը, որ սանը երգում է առավոտյան ընդհանուր պարապմունքին, կամ այն հմտությունը, որ ձեռք է բերում կավագործության ժամին, դառնում է ստուգատեսի մաս։
- Յուրաքանչյուր ամսվա սկզբին դաստիարակների լաբորատորիան մշակում է ուղղությունը։ Օրինակ՝ եթե ամիսը մարզական է, ապա բոլոր գործունեությունները (նկարչություն, լեզվագործունեություն, խաղ) թեքվում են դեպի այդ ուղղությունը։
- Մեր առանցքային նպատակը ծնողին «հանդիսատեսի» պասիվ կարգավիճակից դուրս բերելն ու նրան ուսումնական պրոցեսի կենդանի մասնակիցը դարձնելն է։ Այդ իսկ պատճառով, ստուգատեսի նախապատրաստական փուլում ծնողները բլոգների և էլեկտրոնային նամակների միջոցով նախապես ստանում են նախագծային ամբողջական փաթեթը՝ երգերի ձայնագրություններով, բառերով և խաղերի մանրամասն նկարագրությամբ։ Սա ունի մեթոդական կարևոր նշանակություն. երբ ծնողը տիրապետում է նյութին, ստուգատեսի ժամանակ նա ոչ թե հեռախոսի էկրանի հետևից է դիտում երեխային, այլ դառնում է նրա լիարժեք խաղընկերը՝ միասին երգելով, պարելով ու վայելելով ընդհանուր գործունեությունը։ Այսպիսով, հեռախոսով արձանագրվող կադրերին փոխարինելու են գալիս իրական զգացողությունները, իսկ ծնողը դառնում է երեխայի ամենամոտ խաղընկերը։
- Ուսումնական գործընթացում ամենամեծ մարտահրավերը սոցիալականացման դժվարությունների և կաշկանդվածության հաղթահարումն է։ Բնական է, որ որոշ սաներ նոր միջավայրում կամ բազմամարդ հավաքների ժամանակ կարող են պարփակվել։ Մեր լուծումը ջերմ «ընտանեկան միջավայրի» ստեղծումն է, որտեղ բացակայում են բեմի և հանդիսասրահի պաշտոնական սահմանները։ Երբ բոլորը՝ մեծ թե փոքր, հատակին նստած խաղում են գույներով կամ միասնական պարի շուրջպար բռնում, երեխայի վախերն ու լարվածությունը բնականորեն չեզոքանում են։ Ավելին, տեսնելով, որ սեփական մայրիկը կամ հայրիկը նույնպես կարող են սխալվել կավի հետ աշխատելիս կամ շփոթել պարային շարժումը, երեխան ազատվում է «կատարյալ լինելու» լարվածությունից։ Հենց այդ պահին էլ անհետանում է արհեստական պատնեշը և սկսվում է իսկական «իմացումի հրճվանքը»։ Մյուս կողմից, այս ձևաչափը հաղթահարում է նաև ծնողների զբաղվածության խնդիրը. ստուգատեսն այնքան գրավիչ ու հուզականորեն հագեցած է դառնում, որ ծնողը սիրով հետաձգում է իր առօրյա գործերը՝ նախապատվությունը տալով երեխայի հետ համատեղ ստեղծագործելու բացառիկ հնարավորությանը:
Այսպիսով, լաբորատորիայի և 5-6 տարեկանների խմբերի ղեկավարների մշակմամբ ունեցանք 2024-2025 ուսումնական տարվա «Ամսիկ» ստուգատեսի ամբողջական փաթեթը։
«Սեպտեմբերիկ» ստուգատեսի համար ընտրված էր երաժշտական ուղղությունը՝ իր ամենշաբաթյա բաղադրիչներով՝ հակաբացիլ երաժշտական կատարումներով, թռնոցիներով ու երաժշտառիթմիկ խաղերով։
Ամփոփում-շքերթի ծրագիրը նախապես փոխանցվել էր ծնողներին, որպեսզի հասցնեին ծանոթանալ և դառնալ օրվա լիարժեք մասնակիցը։
Ծնողների արձագանքից․
Արսեն Գևորգյան, 5 տարեկան
Ծնող՝ Կարինե Արզումանյան
«Նույնիսկ 40 աստիճան ջերմություն էլ ունենամ, միևնույն է, մասնակցելու եմ բոլոր ստուգատեսներին։ Եթե երջանիկ է տղաս, ուրեմն երջանիկ եմ և ես, որ իր համար ճիշտ ընտրություն եմ կատարել»։
«Տանը ոչինչ չի երգում, չի արտասանում, ինձ թվում էր՝ ոչինչ չգիտի, բայց անսահման ուրախ եմ, որ մասնակցեցի ու տեսա, թե ինչ ակտիվությամբ է երգում ու պարում»։
«Հոկտեմբերիկ» ստուգատեսի մարզական ամփոփումը մեծ ոգևորություն առաջացրեց։ Այն իրական մարզատոն դարձավ, քանի որ մասնակից էին բոլորը՝ թե՛ սաները, թե՛ ծնողները, չկային հաղթողներ կամ պարտվողներ, կար ընկերություն և թիմային աշխատանք, միմյանց օգնելու և աջակցելու պատրաստակամություն։
Ծնողների արձագանքից․
Արեգ Նազարյան, 5 տարեկան
Ծնող՝ Մերի Հարությունյան
«Գիտե՞ք, թե որքան եմ ափսոսում, որ նախորդ ստուգատեսին չեմ կարողացել մասնակցել, այնքան դրական էներգիա եմ ստացել այսօր, որ կբավականացնի մինչև հաջորդ ստուգատեսը»։
«Նոյեմբերիկ» ստուգատեսի համար ընտրված էր տեխնոլոգիական ուղղությունը։ Ամսվա ընթացքում սաները կատարել էին տարբեր տեխնոլոգիական աշխատանքներ պլաստիլինով, կավով, ստեղծել մեդիակերպարներ, որոնք ցուցադրվեցին ամփոփում-շքերթի ժամանակ։ Բայց ամփոփում-շքերթը միայն աշխատանքները ցուցադրելով չէր կարող լինել։ Այդ իսկ պատճառով ամբողջ սրահը վերածեցինք տեխնոլոգիական տաղավարների։ Յուրաքանչյուր տաղավար ուներ իր յուրահատուկ թեման և առաջադրանքը։ Սաները ծնողների հետ շրջում էին տաղավարից տաղավար, ցույց տալիս նկարելու, պլաստլինով կամ կավով ծեփելու իրենց հմտությունները, իսկ ծնողներն անմասն չէին մնում և փորձում էին իրենց ուժերը։ Այս ձևաչափը հնարավորություն տվեց, որ սաներից յուրաքանչյուրն ինքն ընտրի գործունեության ձևը, իսկ ծնողների ակտիվ մասնակցությունը դարձավ ստուգատեսի ամենահավես բաղադրիչներից մեկը՝ ստեղծելով համագործակցության և վստահության մթնոլորտ։
Ծնողների արձագանքից․
Արամ Առաքելյան, 5 տարեկան
Ծնող՝ Մանե Զորյան
« Վաղուց ջրաներկով չէի նկարել, շնորհակալ եմ, որ հնարավորություն տվեցիք գույներով ստեղծագործելու, իրական թերապիա էր»։
«Դեկտեմբերիկ» ստուգատեսի համար ընտրել էինք երաժշտական-տեխնոլոգիական ուղղությունը՝ «Ամանորյա խառնաշփոթ» ամփոփում-շքերթով։ Եվ իսկապես, Մարմարյա սրահում իրական խառնաշփոթ էր՝ մեծով-փոքրով, իրական հրաշքի սպասումով, որտեղ 5 տարեկանները և ծնողական համայնքը ներկայացան ամանորյա գունեղ տոնախմբությամբ՝ ռիթմիկ ծափերով, երգերով, խաղ-պարերով, բարեմաղթանքներով։
«Հունվարիկ» ստուգատեսի համար շեշտը դրել էինք ազգային խաղերի վրա։ Ազգային խաղերը մեր մշակույթի կենդանի մասն են՝ ուրախ, շարժուն և սերունդներին միավորող։ Ամբողջ ամսվա ընթացքում 5 տարեկանները ծանոթացել էին ազգային տարբեր խաղերի հետ, խաղացել, որոնք էլ «Դդմատոնով ազգային խաղերի ստուգատես» ամփոփում-շքերթի ժամանակ փոխանցեցին նաև ծնողներին։
«Փետրվարիկ» ստուգատեսը չէր կարող չհամընկնել թումանյանական օրերի հետ, իսկ թումանյանական օրերն առանց կոմիտասյան ստեղծագործությունների հնարավոր չէ պատկերացնել։ Ամսվա ընթացքում 5 տարեկանները ծանոթացել էին թումանյանական մի շարք ստեղծագործությունների հետ, սիրելի հերոսների դիմակ-կերպարներ պատրաստել, որոնք ներկայացրեցին «Բարեկենդանով թումանյանական օրերի ամփոփում» շքերթին։
«Մարտիկ» ստուգատեսի հիմնական ուղղությունը մայրիկատոնն էր։ Է՛լ կավե ինքնաշեն թաղարներ, է՛լ մայրիկների դիմանկարներ, է՛լ մայրիկագովք, ահա այն ամենն ինչ անհրաժեշտ էր «Ձոն մայրիկին» ստուգատեսի ամփոփում-շքերթի համար։ Աշխույժ ու բարձր տրամադրությունն ամենուր էր։ 5 տարեկանները ներկայացրեցին իրենց կատարած տեխնոլոգիական աշխատանքները, եռալեզու բարեմաղթանքներով շնորհավորեցին մայրիկներին։ Էլ ինչ ստուգատես առանց մեր ազգային պարերի, երբ կենտրոնում հենց մայրիկներն էին։ Օրն ամփոփեցինք միասնական վարդատունկով, որտեղ յուրաքանչյուր սան-ծնող Քոլեջի բակում տնկեց իր վարդենին։
«Ապրիլիկ» ստուգատեսը համընկավ Սուրբ Հարության տոնի հետ՝ ածիկացան, զատկական խոհանոցի ներկայացում, զատկական ուտեստների պատրաստում։ Իսկ ամփոփում-շքերթն առավել հետաքրքիր դարձավ զատկական երգերով ու զանազան ավանդական, ազգային խաղերով, որին մասնակից էին բոլորը։
«Մայիսիկ» ստուգատեսի հիմնական ուղղությունը լեզվագործունեությունն էր, որն օգնեց 5 տարեկաններին ոչ միայն հայերենով վստահ արտահայտել սեփական մտքերը, այլև ռուսերենով և անգլերենով։ Իսկ որպես ամփոփում-շքերթ՝ 5 տարեկանները ներկայացան «Ես եմ…I am…Я» եռալեզու ինքնաներկայացումների ստուգատեսով։
«Հունիսիկ» ստուգատեսով 5 տարեկաններն ամփոփեցին իրենց մեկամյա գործունեությունը։ Այս անգամ ամփոփում-շքերթը կազմակերպել էինք 2 մասով։ Առաջին մասում 5 տարեկանների և ծնողների համատեղ խոհանոցային գործունեության արդյունքում ստացանք օրվա համեղ հյուրասիրությունը՝ պիցցայի տեսքով։ Օրվա երկրորդ մասն առավել խաղային էր՝ լող, ջրային խաղեր, նույնիսկ անձրևը չխանգարեց մեր միասնական ջրոցիին։
Կրթահամալիրում կարևորագույն դեր ունի մեդիան, և «Ամսիկը» բացառություն չէ։ Ստուգատեսն ավարտվում է, բայց այն շարունակում է ապրել բլոգներում և սոցիալական ցանցերում։ Սաների համար իրենց իսկ մասնակցությամբ ֆիլմերը դիտելը ուսուցման ևս մեկ փուլ է։ Երբ երեխան էկրանին տեսնում է իրեն՝ երգելիս կամ կավով աշխատելիս, նա սկսում է կողքից ճանաչել ինքն իրեն, ձևավորվում է առողջ ինքնագնահատական։ Իսկ ծնողի համար այդ «թվային հիշողությունը» դառնում է ընտանեկան արխիվի ամենաթանկ մասնիկը՝ փաստելով երեխայի մեծացման ու զարգացման ամեն մի քայլը։ Այսպիսով, «Ամսիկը» ոչ միայն ակնթարթային ուրախություն է, այլև տեսանելի, չափելի և պահպանվող պատմություն։
«Ամսիկ» ստուգատեսների այս շղթան լուծում է նաև հոգեբանական շատ կարևոր խնդիր՝ սահուն անցումը դեպի դպրոցական կյանք։ 5-6 տարեկան սանը, ով արդեն սովոր է ներկայացնել իր աշխատանքը, ով չի վախենում հանրային խոսքից և գիտի՝ ինչպես համագործակցել ընկերոջ ու ուսուցչի հետ, առաջին դասարան է մուտք գործում առանց սթրեսի։ Նրա համար դպրոցը ոչ թե անհասկանալի պահանջների վայր է, այլ արդեն ծանոթ ու հարազատ միջավայր, որտեղ ուսումը նույնքան բնական է, որքան խաղը։
«Ամսիկ» ստուգատեսը մեզ համար ոչ թե վերջնակետ է, այլ նոր հնարավորությունների սկիզբ։ Այն մեզ թույլ տվեց ևս մեկ անգամ համոզվել, որ մեր կրթահամալիրում կրթությունը հենց իրական կյանքն է՝ իր բոլոր գույներով, հույզերով ու անմիջականությամբ։ Սա մի յուրահատուկ միջավայր է, որտեղ սովորելը չի տարանջատվում ապրելուց, իսկ յուրաքանչյուր ձեռքբերում դառնում է ընդհանուր երջանկության մաս։ Մենք չենք սովորում կյանքի համար, մենք ապրում ենք սովորելով, ստեղծագործելով ու միասին «իմացումի հրճվանքը» վայելելով։ Հենց այս տարածքում է, որ կրթությունը վերջնականապես դադարում է պարտականություն լինելուց և վերածվում է իրական երջանկության։
