«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում 2-4 տարեկանների մուտքը պարտեզ սկսվում է սանի ուշադիր դիտարկմամբ և ծնողի հետ անկաշկանդ զրույցով։ Դաստիարակը հետևում է, թե ինչպես է սանն իրեն զգում խմբասենյակում․ արդյոք նա հոգեպես ապահով է, չի լալիս, հետաքրքրությամբ ներգրավվում է ընկերների խաղին, շփվում է նրանց հետ, թե հակառակը՝ անհանգիստ է, դժվարությամբ է բաժանվում ծնողից կամ չի ցանկանում խաղալ ընկերների հետ։ Այս առաջին դիտարկումները կարևոր են յուրաքանչյուր սանի առանձնահատկությունները հասկանալու և նրան համապատասխան աջակցություն ցուցաբերելու համար։
Միևնույն ժամանակ տեղի է ունենում զրույց ծնողի հետ։ Պարզվում է՝ կա արդյոք որևէ անհանգստացնող հարց, վարքային կամ զարգացման առանձնահատկություն, որի մասին անհրաժեշտ է նախապես տեղեկացնել դաստիարակին։ Ծնողը ծանոթանում է կրթահամալիրում իրականացվող նախագծերին, ստանում է ուղեցույց ՝ դաստիարակի և 2–5 տարեկանների լաբորատորիայի բլոգը, որտեղ ներկայացված են սաների առօրյան, աշխատանքներն ու ձեռքբերումները։
Այս ամենի արդյունքում ձևավորվում է վստահելի և արդյունավետ ծնող-սան-դաստիարակ համագործակցություն, որն օգնում է սանին ավելի հեշտ հարմարվել նոր միջավայրին, իրեն ապահով զգալ և սիրով մասնակցել խմբի գործունեությանը։ Ծնողների հետ համագործակցությունը լիարժեք է դառնում այն ժամանակ, երբ այն հիմնված է ամուր ու վստահելի կապի վրա։ Մեր կրթահամալիրում այդ կապը մշտապես կենդանի է, քանի որ ծնողները մեծ պատասխանատվությամբ ու ոգևորությամբ ներգրավված են բոլոր նախաձեռնություններին և նախագծերին։ Այս համագործակցային միջավայրը նպաստում է ոչ միայն սաների համակողմանի զարգացմանը, այլև ձևավորում է ջերմ ու միասնական կրթական համայնք։
Ազգային, ծիսական խոհանոց և ծեսեր
Մեր կրթական միջավայրը չի սահմանափակվում միայն խմբասենյակով․ այն շարունակվում է նաև Ագարակի կենդանի ու հարազատ տարածքում։ Այստեղ սաները ներգրավվում են իրական թոնրի շուրջ իրականացվող աշխատանքներին, միասին թխում են լավաշ և գաթա՝ շփվելով ավանդական մշակույթի և համատեղ ստեղծագործ աշխատանքի հետ։
Ագարակի թոնրատանն այդ օրերին իսկական տոն է։ Հավաքվում են մեծով ու փոքրով՝ մայրիկներ, հայրիկներ, տատիկներ ու պապիկներ։ Մայրիկներն ու տատիկները գրտնակում են խմորը, սաները վազվզում են Ագարակում, իսկ բոլորը միասին ստեղծում են մի կենդանի, գյուղական միջավայր, որտեղ թխվում է ամենահամեղ լավաշը։ Երբ թոնրից հանում են տաք ու բուրավետ լավաշը, սաների աչքերը փայլում են ուրախությունից։ Նրանք համտեսում են իրենց իսկ ձեռքով թխված լավաշը: Իսկ այն, վստա՛հ եղեք, անմահական է, որովհետև թխված է մեծ ջերմությամբ։ Ծնողները հավաքվում են թեյի սեղանի շուրջ, համտեսում պատրաստված ուտեստները, կիսվում տպավորություններով։
Այս անկաշկանդ հանդիպումները ոչ միայն հաճելի պահեր են ստեղծում, այլև ամրապնդում են ծնող-սան-դաստիարակ համագործակցությունը՝ կրթական գործընթացը դարձնելով ավելի ամբողջական։ Փոքրիկ Ագարակը յուրաքանչյուր սեբաստացու համար յուրահատուկ աշխարհ է, որտեղ կրթությունն ու ավանդույթը միաձուլվում են բնական ու կենդանի ձևով։
Երբ ընտանեկան խոհանոցը մտնում է պարտեզ․․․
Արցախից տեղահանված Դավիթի մայրիկը՝ Մարիամը, վաղուց գիտեր կրթահամալիրի գործունեության մասին և մեծ ցանկություն ուներ, որ Դավիթը հաճախի պարտեզ։ Սակայն փոքր տարիքի պատճառով հաճախումը սկզբնական շրջանում դժվարություններ էր առաջացնում։ Որպես խմբի դաստիարակ՝ առաջարկեցի մասնակցել «Երբ ընտանեկան խոհանոցը մտնում է պարտեզ» նախագծին։
Յուրաքանչյուր հանդիպումից առաջ մանրամասն քննարկում էինք՝ ինչ կարելի է պատրաստել սաների հետ՝ հաշվի առնելով նրանց տարիքային առանձնահատկությունները և սննդային նախասիրությունները։ Սաները խոհանոցային գործունեությունը շատ են սիրում և պատրաստ են անմիջապես գործի անցնել։ Մեկը բերում է տախտակները, մյուսը լցնում ալյուրը, մեկը ուշադիր հետևում է, որ ամեն ինչ ճիշտ լինի, իսկ մնացածը համտեսում են։ Անհամբեր սպասում են, թե երբ է ջեռոցից դուրս գալու անուշաբույր թխվածքը՝ կեքսը, խաչապուրին կամ գաթան։
Մարիամը մեծ պատասխանատվությամբ ու սիրով ընդգրկվեց նախագծին։ Արդյունքում Դավիթը աստիճանաբար սկսեց մասնակցել գործունեություններին, ձևավորվեց հետաքրքրություն, և առաջացած դժվարությունները հաղթահարվեցին։ Մայրիկը սաների հետ միասին պատրաստեց քաղցրահամ ու օգտակար կոնֆետներ։ Սաները մեծ ոգևորությամբ մասնակցում էին ողջ գործընթացին՝ հարցեր տալիս, դիտարկումներ անում և վայելում արդյունքը։
Այսպիսի համագործակցությունը կարևոր է, որովհետև միավորում է պարտեզը, ընտանիքը և սաներին։ Սաները սովորում են աշխատել միասին, օգնել միմյանց, լսել մեծերին և վստահել իրենց կարողություններին։ Ծնողի ներկայությունն ու մասնակցությունը սանին տալիս է ապահովության զգացում, իսկ սովորածը երեխան հաճույքով շարունակում է նաև տանը։
Համատեղ նախագծեր ու տոնական օրեր
Նույն նախագծի շրջանակում Արևի տատիկի՝ տիկին Անուշի և Արսենի մայրիկի օգնությամբ պատրաստեցինք համեղ խաչապուրի։ Խմբասենյակը վերածվել էր իսկական խոհանոցային արտադրամասի։ Սաները նախ ալյուրով խաղացին՝ ամբողջությամբ թաթախվելով ալյուրի մեջ, ապա թխեցին ու համտեսեցին իրենց պատրաստած խաչապուրին։
Ալրախաղը սաների համար ոչ միայն խաղ է, այլև ուսումնառություն։ Ալյուրը դառնում է ուսումնասիրելու, շոշափելու, զգալու նյութ։ Այդ խաղերը զարգացնում են մանր մոտորիկան, որն այս տարիքում առանձնահատուկ կարևոր է։ Ալրախաղի ընթացքում սաների անկեղծ ծիծաղն ու հրճվանքը կարելի է դիտել անվերջ, որովհետև յուրաքանչյուր գործունեության վերջում ամենակարևորն ուրախ աչքերն են։
Խմբասենյակներում պատրաստեցինք նաև ծիսական թխիկներ։ Ուրախ երգելով, սոխ ու սխտոր ծեծելով՝ հայրիկների օգնությամբ բանջարեղենը տեղավորեցինք տարաների մեջ։ Շուտով թթուն պատրաստ կլինի, և բոլորս միասին կհամտեսենք։
Ավանդույթ դարձած «Ատամհատիկի ծեսը» ևս մեծ տոնախմբություն է կրթահամալիրում։ Սեբաստացի Դավիթի ատամհատիկը նշեցինք ազգային երգ ու պարով, օրհնանքներով ու բարեմաղթանքներով՝ մաղթելով առողջ ու ամուր ատամիկներ։ Տոնը եզրափակվեց ազգային ուտեստների հյուրասիրությամբ։
Ծնողը ակտիվ մասնակից է
Սեբաստացի ծնողներն իրենց ձեռքով պատրաստեցին գունեղ խաղալիքներ, որոնք դարձան ընտանիքների ամենաջերմ ամանորյա հիշողություններից մեկը։ Ծնողները խմբասենյակում էին՝ պատրաստ օգնելու սաներին։ Միասին ընտրեցին թելերի գույները, փաթաթեցին, ամրացրին, ձևավորեցին։ Յուրաքանչյուր խաղալիք ստացվեց վառ ու տարբերվող, իսկ յուրաքանչյուր ընտանիք իր հետ տարավ պարտեզի մի փոքրիկ, ջերմ մասնիկ։
«Նվեր շապիկներ» նախագծի ընթացքում սաները ներկեցին իրենց փոքրիկ թաթիկները և տպեցին շապիկների վրա՝ որպես նվեր իրենց ավագ ընկերներին։ Օրը շարունակվեց բացօթյա ցուցահանդեսով, երգ ու պարով և 5 տարեկանների «Ես սեբաստացի եմ» տեսանյութերի դիտմամբ, որը մեծ հուզմունք առաջացրեց թե՛ սաների, թե՛ ծնողների շրջանում։
Շատ սաներ պարտեզ են գալիս դեռ երկու տարեկանից։ Այստեղ մեծանում են, ընկերանում, ձևավորում իրենց փոքրիկ աշխարհը։ Հետո գալիս է 5 տարեկանների խումբ տեղափոխվելու պահը, և կարևոր է այդ անցումը դարձնել ջերմ ու հիշվող։ Այդ օրը նրանք իրենց մեծ էին զգում՝ վստահ քայլելով դեպի նոր միջավայր, որտեղ նրանց սպասվում են նոր հետաքրքրություններ, նոր ուղի, նոր ստեղծագործ միջավայր, բայց գիտեն, որը փոքրիկ խմբասենյակի դռները միշտ բաց են իրենց համար, որտեղ անցել են մանկության անմոռանալի հուշերը:
— Դանի՛, ախր ինչու՞ շուտ մեծացանք։
Մարզական և հոգեբանական համագործակցություն
Մարզական նախաձեռնությունները՝ «Մարզական ստուգատեսը», «Ազգագրական փառատոնը», ձիավարությունն ու հեծանվավարությունը, ստեղծում են համախմբման, առողջ կենսակերպի և փոխադարձ վստահության միջավայր։ Սաները մեծ սիրով այցելում են Ագարակ, խնամում կենդանիներին, ձիավարում և այդ տպավորություններով գնում տուն։
Սաներն իրենց մայրիկներին տեսնում են միայն մի միջավայրում՝ տանը՝ խոհանոցում: Այդպես կարելի էր ասել, եթե այլ ծնողների մասին լիներ խոսքը, բայց ոչ սեբաստացի ծնողների: Սեբաստացի ծնողները մասնակից են սանի բոլոր գործունեություններին՝ միասին մարզվում են, միասին ձիավարում, միասին խնամում պարտեզի բակը․ այս շարքն անվերջ կարելի է շարունակել: Սաները տեսնում են ծնող-դաստիարակ կենդանի կապը:
Իսկ հոգեբան Արևիկ Բաբայանի վարած սեմինար-պարապմունքներն էլ ծնողներին հնարավորություն են տալիս քննարկելու երեխայի զարգացման կարևոր հարցերը, ստանալու մասնագիտական խորհրդատվություն և վերանայելու ծնողավարման մոտեցումները։
Հեքիաթաթերապիա
Հեքիաթի ընթերցումը թե՛ տանը, թե՛ պարտեզում վերածվում է ջերմ ու սպասված հանդիպման, որտեղ ընտանիքի անդամները մեծ սիրով և ոգևորությամբ մասնակցում են գործընթացին, իսկ սաները հետաքրքրությամբ լսում են, մտածում և ակտիվորեն մասնակցում քննարկումներին՝ կիսվելով իրենց պատկերացումներով ու զգացողություններով։
Պարտեզի առօրյայում ամենակարևորն այն անտեսանելի, բայց զգալի կապն է, որը ձևավորվում է ծնողի, դաստիարակի և սանի միջև։ Այդ կապը սկսվում է վստահությունից՝ ծնողի վստահությունից դաստիարակի նկատմամբ, դաստիարակի հավատից սանի կարողությունների հանդեպ և սանի զգացողությունից, որ իրեն ընդունում են, հասկանում ու սիրում։ Յուրաքանչյուր սան գալիս է իր բնավորությամբ, իր պատմությամբ, իր առանձնահատկություններով։ Դաստիարակի գործը դրանք նկատելն է, ընդունելը և աջակցելը, իսկ ծնողինը՝ այդ ճանապարհին գործընկեր լինելը։ Երբ ծնողն ու դաստիարակը խոսում են նույն լեզվով, լսում են միմյանց և միասին են մտածում սանի մասին, երեխան զգում է, որ իրեն հասկանում են, որ իրեն սպասում են և սիրում են հենց այնպիսին, ինչպիսին կա։
