Սոցիալական մեդիայի ազդեցությունը կրթության հանրայնացման գործընթացում գնալով աճում է։ Ուսուցչի անձնական Instagram բլոգը, ունենալով ոչ մեծ հետևորդային բազա, կարող է դառնալ ազդեցիկ հանրային հարթակ կրթական միջավայրի ներկայացման համար։ Սույն վերլուծություն-հոդվածը հիմնված է իմ անձնական Instagram էջի իրական վիճակագրական տվյալների վրա։
Ընդհանուր վիճակագրական պատկերը (բազային տվյալներ)
- Վերջին 30 օրվա դիտումներ՝ 399 500+
- Դեկտեմբեր ամսվա ընդհանուր դիտումներ՝ 553 000
- Դիտումների աճ՝ +155% նախորդ ամսվա համեմատ
- Դիտումների 89%-ը ոչ հետևորդներից
- Ոչ հետևորդների դիտումների աճ՝ +277%
- Նոր հետևորդներ մեկ ամսում՝ +81
Այս թվերը վկայում են, որ բովանդակությունը դուրս է գալիս անձնական լսարանից, տեղի է ունենում կրթական հաստատության գործունեության հանրայնացում։ Վերը նշվածը կփորձեմ ներկայացնել մի 2 եռամսյակի կոնկրետ օրինակներով՝ առանձնացնելով մի քանի ուղղություններ․
- Ճամփորդություններ
- Հանդիպումներ
- Կրթահամալիրայաին այլ իրադարձություններ
Սովորողների հետ ճամփորդությունները՝ որպես ուսումնառության հանրային ձև
Ես սիրում եմ ճամփորդել, ու դա շատ կարևոր է, քանի որ սովորողների հետ ճամփորդություններն էլ ոչ թե աշխատանքային պարտականություն են, այլ տրամադրող ու գրավիչ նոր ուղղությունների որոնում։ Կրթահամալիրում բլոգային ուսուցումն արդեն հաղթահարել է մեկ տասնամյակի շեմը, և դրա զարգացումները երևում են սոցհարթակների ակտիվացմամբ։ Իմ ճամփորդական պատումները ես միշտ հրապարակում եմ իմ բլոգում, բայց ժամանակները փոխվում են, և մարդիկ ավելի շատ ժամանակ են անցկացնում Instagram-ի, tik tok-ի, facebooke-ի փոստերն ու reel-երը դիտելով։ Ուստի իմ աշխատելաոճն էլ փոխվեց, ու ես սկսեցի ճամփորդական առօրյան կարճ փոստերով և reel-երով ներկայացնել։ Հավատացեք, դա բերեց մեծ հանրայնացում։ Սովորողների հետ ճամփորդություններին նվիրված հրապարակումներն ունեն ամենաշատ դիտումները ու տարածումը։
| Հրապարակում | Դիտումview | Հավանումlike | Տարածումshere | Ռեփոստrepost |
| Օգոստոս՝ Ռազմամարզական ճամբար/ reel/ | 5126 | 137 | 43 | 4 |
| Սեպտեմբեր՝ Սյունիք Գորիսի Ակսել Բակունցի դպրոցից հրապարակում | 9127 | 168 | 1 | 1 |
| Սեպտեմբեր՝ Սյունիքի ճամփորդությունն ամփոփող հրապարակում | 9636 | 193 | 15 | |
| Հոկտեմբեր՝ Ստաբուլ Եսայան Վարժարան այցելության հրապարակում | 24900 | 461 | 33 | 3 |
| Նոյեմբեր՝ Ալավերդի Հանքարդյունաբերական նախագծի փոստ | 9083 | 185 | 33 | |
| Հունվար՝ Ձմեռային ձիարշավի հրապարակում | 14 000 | 472 | 54 |
Նման ցուցանիշները գերազանցում են էջիս հետևորդների քանակը, ինչը փաստում է, որ սովորողների հետ ճամփորդությունները հանրության կողմից ընկալվում են որպես կրթական արժեքավոր փորձ, ոչ թե պարզապես ուղևորություն և ունենում են մեծ դիտումներ ու տարածում։ Աղյուսակից կտեսնեք, որ դիտումների ու հավանումների աճ է գրանցվել ըստ ամիսների։
Ուսումնական ճամփորդությունները կրթական ծրագրի բաղկացուցիչներն են: Դրանք որոշված են առարկայական ծրագրով կամ ուսումնական նախագծով և ինքնուրույն ուսումնական նախագիծ կամ ուսումնական պարապմունք են։ Սովորողների հետ ճամփորդությունների հանրայնացումը սոցիալական մեդիայում նպաստում է դպրոցի ճամփորդությամբ ուսուցման մոդելի ճանաչելիությանը։
Հանդիպումներ, ընդհանուր պարապմունք-համերգներ
Կրթահամալիրը մեծ փորձ ունի հրավիրյալ մասնագետների հետ ուսումնական պարապմունքների, հանդիպումների։ Դրանք ուսումնական շատ կարևոր բաղադրիչ են։ Իսկ ինստագրամյան հարթակում հայտնի մարդկանց հետ հանդիպումները նաև կրթահամալիրի ճանաչելիությունն են բարձրացնում սոցիալական հարթակներում։ Այդ հանդիպումներին վերաբերող հրապարակումները նույնպես ունեն բարձր դիտումներ և ներգրավվածություն՝ հիմնականում ոչ հետևորդների շրջանում։
- դիտումների մեծ մասը՝ ոչ հետևորդներից (մինչև 89%),
- մեկնաբանություններում նկատվում են հարցեր դպրոցի գործունեության, կրթական ծրագրի մասին։
Օրինակ՝ Էկոլոգիա դասընթացի ժամանակ իրականացվող Հայաստանում զբոսաշրջության ոլորտի ուսումնասիրությունների շրջանակում հյուրընկալել էինք «Քամանչա» ռեստորանի հիմնադիր Արեգ Գևորգյանին, ում հետ հանդիպման հրապարակումն ունեցավ անհավանական մեծ դիտումներ․
- 172 000 դիտում
- 1475 հավանում
- 96 տարածում
- 2 ռեփոստ
- 7 մեկնաբանություն
Այս տվյալները ցույց են տալիս, որ դպրոցի հանդիպումները հետաքրքրում են ոչ միայն անմիջական մասնակիցներին, այլ նաև արտաքին լսարանին՝ ծնողներին, կրթությամբ հետաքրքրված հանրությանը, այլ մարդկանց։ Կրթահամալիրային հանդիպումները սոցհարթակում ներկայացնելը նպաստում է, որ դպրոցի բաց և համագործակցային կրթական միջավայրն ավելի լայն շրջանակներում տարածվի։
«Ուրբաթ-համերգը», շրջանավարտների «Ուսումնական ժամերգությունը» նույնպես առանձնացել են մեծ դիտելիությամբ։ Նշածս երկու նախագիծը հեղինակային կրթական ծրագրի կարևոր բաղադրիչ են, ու դրա տարածումը, հանրային արձագանքը շատ կարևոր է։
«Ուրբաթ-համերգը» կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված ուսումնական նախագիծ է, որին ամեն ուրբաթ ներկայանում են կրթահամալիրի դպրոցների նախագծային խմբերը երաժշտական, ծիսական ծրագրով։ Այս նախագիծը միավորող յուրահատուկ բան ունի իր մեջ և հատկապես, երբ ծրագրի պատասխանատուն դպրոցն է ողջ կազմով, այն դառնում է ավելի գրավիչ և ոգեշնչող։
«Ուսումնական ժամերգությունը» (այսուհետ՝ ժամերգություն) կրթահամալիրի կողմից մշակված հոգևոր, միասնական և ներառող հանրակրթական ծեսի նախագիծ է, որն իրականացվում է Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցում: Այս նախագծի շնորհիվ հազարավոր պատանիներ հոգևոր ծրագրի մասնակից են դառնում, իսկ դրա լուսաբանումը սոցհարթակներում տարածում է հեղինակային կրթական ծրագրի այսքան կարևոր նախագիծը։
Ահա այդ երկու կարևոր նախագծերի հրապարակումների ցուցանիշները
| Հրապարակում | Դիտում | Հավանում | Տարածում | Ռեփոստ |
| Ուրբաթ համերգի ֆոտոշարք | 11 100 | 257 | 72 | 4 |
| Ժամերգության ֆոտոշարք | 6 896 | 178 | 22 | 6 |
Շարունակելով կրթահամալիրային նախագծերի հրապարակումների ներկայացումը՝ խոսեմ կոնֆերանսների մասնակցությունից։
Կոնֆերանսների և միջոցառումների մասնակցությունը նույնպես կարևոր կրթական ծրագիր է, և դրանց մասնակցության վերաբերյալ հրապարակումները ապահովում են դիտումների կայուն աճ և նոր հետևորդների ներգրավում։
- մեկ ամսում հետևորդների աճ՝ +81,
- դիտումների ընդհանուր աճ՝ +155%։
Հետազոտական վարժարանի 10-11-րդ դասարանի սովորողների հետ նոյեմբեր ամսին մասնակցել ենք 2 հետաքրքիր կոնֆերանսի՝ Մեդիամաքս մեդիա ընկերության և Skill Skill Event Marketing Company-իի կողմից կազմակերպված Robust Armenia 2025 և International Tourism Fair Armenia 2025։ Դրանք հայաստանյան կարևոր նախաձեռնություններ էին, որին հիմնականում մասնակցում են գործարարներ, կազմակերպություններ։ Սովորողների համար սա շատ կարևոր փորձառություն էր, մասնագիտական կողնորոշում, ինչպես նաև կրթահամալիրի ճանաչելիությունը մեդիատիրույթում ներկայացնելու լավ հնարավարություն։
| Հրապարակում | Դիտում | Հավանում | Տարածում | Ռեփոստ |
| Robust Armenia 2025 | 7915 | 182 | 15 | 1 |
| International Tourism Fair Armenia 2025 | 8983 | 168 | 12 | 3 |
Այս տվյալները վկայում են, որ կոնֆերանսների վերաբերյալ կոնտենտը ընկալվում է որպես մասնագիտական վստահելի բովանդակություն և բարձրացնում է դպրոցի հեղինակությունը։ Դպրոցից դուրս կրթական միջոցառումների հանրայնացումը նպաստում է, որ ավելի շատ մարդիկ տեսնեն կրթահամալիրի զարգացող և նորարար կրթական հաստատություն լինելը։
Ամփոփելով վիճակագրությունը՝ ուզում եմ ներկայացնել ամենաշատ դիտում ունեցած հոլովակը։ Տարեվերջին սովորողների և դասավանդողների մասնակցությամբ նկարեցինք թրենդային հոլովակ, որպեսզի հումորային տրամադրություն ապահովենք և ունեցանք այսպիսի պատկեր՝
- 130000 դիտում
- 2532 հավանում
- 797 տարածում
- 61 ռեփոստ
- 41 մեկնաբանություն
Այս հոլովակն անհավանական մեծ թվով տարածում էր ստացել, ու բազմաթիվ նամակներ էի ստանում, որտեղ կրթահամալիրում սովորելու մասին տեղեկություն էին հարցնում։
Վիճակագրական տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ ուսուցչի Instagram բլոգը կարող է ունենալ զգալի ազդեցություն կրթական հաստատության հանրայնացման գործում՝ նույնիսկ սահմանափակ հետևորդների դեպքում։ Սովորողների հետ ճամփորդությունները, դպրոցական հանդիպումները և արտաքին կոնֆերանսները ներկայացված են իրական և կենդանի ձևով, որոնք ապահովում են շատ դիտումներ, լայն հասանելիություն և հանրային վստահություն։
