«Փոքր հմտությունները, որոնք կիրառում ենք սիրով և հետևողականությամբ, մեծ արդյունքի են բերում»։  Դալայ Լամա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում տարիներ շարունակ ուսումնական գործընթացը կազմակերպվում է ուսումնական օրացույցի հիման վրա։

Ուսումնական օրացույցում տեղ են գտել հեղինակային կրթական ծրագրի արդեն ավանդական դարձած նախագծերը, ստեղծագործական հավաքները, ստուգատեսներն ու տոները, ինչպես նաև նոր նախագծեր, որոնք ուսումնական գործընթացը դարձնում են ավելի հետաքրքիր ու բազմազան։

Հեղինակային կրթական ծրագրի շրջանակում այն առանձնանում է իր ճկունությամբ․ յուրաքանչյուր դասավանդող, ելնելով սովորողների տարիքային առանձնահատկություններից ու հետաքրքրություններից, օրացույցից ընտրում է համապատասխան նախագծերը և դրանց միջոցով ամբողջացնում ու հարստացնում է դասարանական օրացույցը՝ ապահովելով ուսումնական գործընթացի շարունակական զարգացումը։

Դասարանական օրացույցը ուսումնական տարվա մեկնարկից առաջ վերանայվում, թարմացվում և հրապարակվում է դասարանական բլոգում։ Այն քարացած չէ․ անհրաժեշտության դեպքում ուսումնական գործընթացի ընթացքում ևս կարող է խմբագրվել, լրացվել կամ փոփոխվել՝ ավելի արդյունավետ կազմակերպելու համար։

Դասարանական օրացույցում ներառված նախագծերի իրականացումը զարգացնում է սովորողների հետազոտական, ստեղծագործական, հաղորդակցական և համագործակցային հմտությունները, խթանում է ինքնուրույնությունը, պատասխանատվության զգացումը և նախաձեռնողականությունը։

Նախագծերի իրականացման գործընթացում ակտիվորեն ներգրավված են նաև ընտանեկան դպրոցները, որոնք իրենց մասնակցությամբ նպաստում են նախագծերի ամբողջական, բազմակողմանի և արդյունավետ իրականացմանը։ Համագործակցության այս ձևաչափը ամրապնդում է դպրոց–ընտանիք կապը, ապահովում է սովորողների ուսումնական փորձի շարունակականությունը և նպաստում է կրթական միջավայրի ընդլայնմանը դպրոցից դուրս։

 «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կրտսեր դպրոցի 1-3-րդ դասարաններում իրականացնում է «Իմացումի հրճվանք» կրթական ծրագիրը։ Քանի որ «Իմացումի հրճվանք» կրթական ծրագիրն իրենից ներկայացնում է ինտեգրված, անառարկայական ուսուցում, ըստ այդմ տեխնոլոգիան սերտ կապված է կրտսեր դպրոցում 
իրականացվող ուսումնական գործունեության բոլոր ձևերի և իրականացվող նախագծերի հետ։ 

«Տեխնոլոգիա» դասընթացի ուսուցումը կրտսեր դպրոցում ուղղված է նախնական 
աշխատանքային հմտությունների ձևավորմանն ու զարգացմանը,  նյութերից, աշխատանքային 
գործիքներից անվտանգ օգտվելու հմտությունների ձևավորմանը:  

Դասընթացն իր մեջ ներառում է  նաև «Խոհանոցային հմտություններ» գործունեության ձևը: (մեջբերում՝ «Իմացումի հրճվանք» կրթական ծրագիր)

Խոհանոցը միշտ եղել է կյանքի և ստեղծականության անկյուն, որտեղ գիտելիքն ու զգացումները հանդիպում են։ Այստեղ ամեն շարժում ունի իր իմաստը․ կտրելու ձայնը, եփվող ուտեստի բույրը, սպասման լռությունը։ Խոհանոցում մարդը ոչ միայն կերակուր է պատրաստում, այլ նաև հոգ է տանում՝ իր և ուրիշների համար։

Յուրաքանչյուր բաղադրատոմս իր մեջ կրում է հիշողություն՝ տատիկի ձեռագիր տետրի դեղնած էջերը, մայրիկի փոխանցած խորհուրդը, կամ այն առանձնահատուկ պահը, երբ ինչ-որ գործողություն առաջին անգամ հաջողվեց։ Իսկ ստեղծականությունը սկսվում է հենց այնտեղ, որտեղ համարձակվում ես մի փոքր շեղվել կանոններից՝ ավելացնելով քո տրամադրությունը, քո ձեռագիրը, քո պատմությունը։

Խոհանոցը կարող է լինել խաղաղության վայր, երբ աշխարհը աղմկոտ է, կամ ուրախության կենտրոն, երբ սեղանի շուրջ հավաքվում են երեխաները։ Եվ գուցե հենց դրա համար է, որ ամենահամեղ ուտեստները պատրաստվում են ոչ միայն ձեռքերի, այլ նաև համատեղ աշխատանքի արդյունքում։

Երեխայի համար խոհանոցային գործունեությունը ոչ միայն սովորելու, այլև զգալու և փորձառություն ձեռք բերելու վայր է։ Երբ երեխաները ներգրավվում են ուտեստ պատրաստելու գործընթացում, նրանք սովորում են հաշվել՝ չափելով բաղադրիչները, զարգացնում են լեզվական հմտությունները՝ քննարկելով քայլերը, անվանումները և գործողությունները, ինչպես նաև ձեռք են բերում բնագիտության տարրական գիտելիքներ՝ դիտելով ջերմության, խառնման, հալման և փոփոխության գործընթացները։ Այս ամենը տեղի է ունենում առանց  պարտադրանքի՝ հետաքրքրության և ոգևորության մթնոլորտում։

Խմբով աշխատելիս երեխաները սովորում են համագործակցել, սպասել իրենց հերթին, կիսվել նյութերով և պատասխանատվություն ստանձնել ընդհանուր արդյունքի համար։ Յուրաքանչյուր փոքրիկ առաջադրանք՝ խառնելը, դասավորելը կամ ձևավորելը, երեխային տալիս է «ես կարող եմ» զգացողությունը, որն ամրապնդում է ինքնավստահությունը։

Խոհանոցը նպաստում է նաև զգայական զարգացմանը։ Բույրերը, համերը, գույները և հպման զգացողությունները ակտիվացնում են երեխայի ընկալումը և հիշողությունը։ Ուսուցումը դառնում է ամբողջական փորձ՝ միաժամանակ ներգրավելով տեսողությունը, լսողությունը, հպումը և համը, ինչը հատկապես կարևոր է այս տարիքային խմբի համար։

Ավելին, խոհանոցային գործունեությունը ձևավորում է առողջ ապրելակերպի առաջին պատկերացումները։ Երեխաները ծանոթանում են մթերքների ծագմանը, օգտակար և ոչ օգտակար սննդի տարբերություններին, սովորում են մաքրության և անվտանգության տարրական կանոնները։ Այս գիտելիքները չեն մնում տեսական, այլ անմիջապես կիրառվում են գործնականում։

Գաղտնիք չէ, որ կրթահամալիրում տասնամյակներ շարունակ նախագծային ուսուցում ենք իրականացնում։ Տարբեր նախագծային աշխատանքների շրջանակում հաճախ ենք խոհանոցային գործունեություն կազմակերպում։ Ի ուրախություն սեբաստացիներիս, կրթահամալիրի ուսումնական միջավայրը մեզ հնարավորություն տալիս է առանց դժվարությունների կազմակերպել թե՛ պատրաստելու, թե՛ թխելու և եփելու գործընթացը։

Ստորև կփորձեմ ներկայացնել, թե ինչպես է ուսումնական գործընթացում խոհանոցային գործունեությունը դարձել ոչ միայն նոր հմտություններ փոխանցելու, այլև երեխային իմացումի և զգացումի հրճվանք պարգևելու, ստեղծագործական մտածողությունը զարգացնելու միջոց։

Առանձնացնել եմ անցած ուսումնական տարում 6-7 տարեկան սեբաստացիների հետ իրականացված այն նախագծերը, որոնցում խոհանոցային գործունեությունը կարևոր բաղադրիչ է եղել։

Տառաճանաչության փուլն ամփոփեցինք յուրահատուկ և հիշվող նախաձեռնությամբ՝ «Տառթխիկ»-ով, որը ուսուցումը վերածեց ստեղծագործական և զգայական հավես գործընթացի։ Երեխաները մեծ ոգևորությամբ «փոշոտվեցին» ալյուրով, ուսումնասիրեցին խմորի կառուցվածքը, զգացին դրա փափկությունն ու սեփական ձեռքերով ձևավորեցին արդեն ծանոթ տառերը։

Կրթահամալիրի հեղինակային նախագծերից է նաև «Հարթակում ծնողն է» նախագիծը։ Այն նպատակ ունի սովորողների մեջ խթանելու հետաքրքրությունը տարբեր մասնագիտությունների հանդեպ՝ ուսումնական գործընթացում ակտիվորեն ներգրավելով նրանց ծնողներին։ Նախագծի ընթացքում ծնողները ներկայացնում են իրենց մասնագիտական փորձն ու անցած ուղին՝ սովորողների համար բացահայտելով աշխատանքի իրական միջավայրը։ Այս մոտեցումը թույլ է տալիս սովորողներին ոչ միայն ավելի լավ պատկերացնել մասնագիտությունների բազմազան աշխարհը, այլև ամրապնդում է դպրոց–ընտանիք համագործակցությունը՝ ձևավորելով միասնական, վստահելի և արդյունավետ կրթական միջավայր։

«Հայ-իրանական մշակութային օրեր» և «Հարթակում ծնողն է» նախագծերի շրջանակում հյուրընկալեցինք Բարանա Մուսավիանի մայրիկին։ Միասին իրանական ավանդական «Քաղցր լեզու» քաղցրավենիքները պատրաստեցինք։

Էլ ի՞նչ ամառ առանց լողափի։ Էլ ի՞նչ լողափ առանց մրգային աղցանի…
Ամառային ճամբարի լողափին թարմ ու հյութեղ մրգերից պատրաստեցինք մեր յուրահատուկ «Մրգային խորոված»-ները՝ համադրելով գույները, համերը և լավ տրամադրությունը։

«Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն» ստուգատեսը կրթահամալիրի ուսումնական օրացույցով հաստատված, կրթահամալիրի ծնունդը խորհրդանշող նախագիծ է, որը իրականացվում է ամեն տարվա նոյեմբեր ամսին։

Այդ օրերին կրթահամալիրը վերածվում է մի մեծ ստեղծագործական միջավայրի, որտեղ սովորողներն իրենց ընտանիքների, դասավանդողների և ավագ սեբաստացիների հետ ներկայացնում են պատմություններ, ստեղծագործություններ, տեխնոլոգիական աշխատանքներ և ուսումնասիրություններ՝ նվիրված կրթահամալիրին և նրա հիմնադիր գաղափարներին։

«Լավաշթխիկ» և «Թթուդրիկ» նախագծերը կարևոր տեղ են զբաղեցնում տոնական ծրագրում։ Նախագծերի շրջանակում ստեղծված թթուն և լոշիկը ներկայացվում և համտեսվում են տոնի ամփոփման՝ «Հարիսայի ծեսի» ժամանակ։

Այս օրերի ընթացքում փորձեցինք նաև պատրաստել օգտակար և խրթխրթան «Բանջարեղենի չիփսեր»։ Ընտրեցինք գազար, բազուկ և բողկ, որպեսզի չիփսերը գունավոր լինեն։ Բանջարեղենը լվացինք, բարակ կտրատեցինք, այնուհետև չիր չորացնելու սարքի օգնությամբ չորացրեցինք։ Ստացված խրթխրթան չիփսերը ոչ միայն վայելեցինք, այլև փաթեթավորեցինք և ներկայացրեցինք ցուցահանդես-վաճառքին։

Ամենաուրախ նախագծերից է նաև «Ամանորի ծես»-ը։ Նախագծի շրջանակում ծանոթացանք հայկական ամանորյա ավանդույթներին, ամանորյա երգեր ու բարեմաղթանքներ սովորեցինք։ Մեծ հետաքրքրությամբ և ուրախ տրամադրությամբ սովորողները մասնակցեցին նաև «Տարեգաթա» թխելու գործընթացին։ Թխելու ընթացքում նրանք ոչ միայն ձեռք բերեցին գործնական հմտություններ, այլև ամանորյա բարեմաղթանքներն ու երգերը երգելով՝ ջերմացրեցին տոնական մթնոլորտը։

Օրեր առաջ, Հունվարյան ճամբարի շրջանակում, խոհանոցային գործունեությունը կազմակերպեցինք Սեբաստացի կենտրոնի խոհանոցում։ Շատ համեղ «Ամանորյա թխվածքաբլիթներ» թխեցինք։ Հաճելի էր նման հարմար և հագեցած միջավայրում աշխատելը։ Դե իսկ մեր ձեռքերով պատրաստած գեղեցիկ ու համեղ թխվածքաբլիթները ոչ միայն մենք համտեսեցինք, այլև հյուրասիրեցինք Սեբաստացի կենտրոնում աշխատող կրթահամալիրի տնօրեն տիկին Սուսանին, հաշվապահներին և մյուս աշխատակիցներին։

Առջևում «Դդմատոն» նախագիծն է՝ նոր դիտարկումներով և համերի բացահայտումներով։

Տարբեր մթերքների հետ աշխատանքը նպաստում է ոչ միայն մանր մոտորիկայի, այլև երևակայության ու ստեղծագործական մտածողության զարգացմանը՝ դարձնելով խոհանոցային գործունեությունը երեխաների համար ոչ միայն ուսուցողական, այլև ուրախ ու հաճելի փորձառություն։

Երեխաները հետաքրքիր աշխարհ են բացահայտում, երբ խոհանոցում սնունդ են պատրաստում։ Խոհանոցային գործունեությունը նրանց համար ոչ միայն հաճելի զբաղմունք է, այլև հնարավորություն՝ զարգացնելու տեխնոլոգիական հմտությունները՝ տարբեր սարքեր ու նյութեր օգտագործելով, քայլ առ քայլ հրահանգներին հետևելով և մտածելով լավագույն արդյունքին հասնելու ուղիների մասին։ Այս ընթացքում երեխաները սովորում են չափել, համեմատել, խառնել, ձևավորել և կազմակերպել աշխատանքը՝ պահպանելով մաքրության ու անվտանգության կանոնները։

Այսպիսով, խոհանոցը կարող է լինել արդյունավետ ուսումնական միջավայր, որտեղ ուսուցումն ու ստեղծականությունը միահյուսվում են։ Կրտսեր սովորողների համար ոչ միայն նոր գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերելու հնարավորություն է, այլ նաև յուրահատուկ ձև է ինքնարտահայտվելու, համագործակցելու և կյանքի համար կարևոր հմտություններ զարգացնելու։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով