Հայրենիքը ճանաչելը սկսվում է մեկ քայլից, բայց ժամանակի ընթացքում այդ քայլը վերածվում է ճանապարհի, որը միավորում է մարդկանց, համայնքների և սերունդների։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի համար այդ ճանապարհը վաղուց դարձել է կրթության, հայրենաճանաչության և մարդկային հարաբերությունների ձևավորման կարևոր հարթակ. կրթություն, որը դուրս է գալիս դասասենյակի սահմաններից։

Ամեն ուսումնական տարվա սկզբին, երբ կազմում եմ հայրենագիտական ճամփորդությունների քարտեզը, ինքս ինձ տալիս եմ մեկ պարզ հարց. ո՞ր ճանապարհով դեռ չի անցելլ մեր սովորողը։

Ես երբեք պարզապես քարտեզի վրա կետեր չեմ ընտրում։ Ընտրում եմ պատմություններ՝ վայրեր, որտեղ քարը դեռ խոսում է, վանքը պահպանում է իր լռությունը, ամրոցը՝ իր հիշողությունը, իսկ գյուղերում ապրող մարդիկ պատրաստ են իրենց օջախի ջերմությամբ պատմել հայրենիքի մասին։ Կարևոր չէ, թե տվյալ վայրը որքան հայտնի է. երբեմն ամենամեծ բացահայտումները հենց այն ճանապարհներին են, որոնց մասին քիչ մարդ գիտի։ Այդպես ծնվեցին մեր հայրենագիտական նոր ուղղությունները՝ Ջրովանքը և Պռոշաբերդը. ոչ թե պարզապես նոր կանգառներ, այլ նոր հնարավորություններ՝ բացահայտելու այն Հայաստանը, որը հաճախ մնում է զբոսաշրջային երթուղիներից դուրս։

Յուրաքանչյուր նոր երթուղուց առաջ երկար ուսումնասիրում եմ պատմական աղբյուրները, հին քարտեզները, մարդկանց հուշերը, զրուցում համայնքների բնակիչների հետ։ Հաճախ հենց նրանց պատմած մեկ դրվագը փոխում է ամբողջ երթուղին։ Ուզում եմ, որ սովորողները տեսնեն ոչ միայն քարերն ու բնությունը, այլև այն մարդկանց, ովքեր այսօր էլ շարունակում են ապրել այդ պատմության կողքին։

Ամեն ճամփորդությունից հետո համոզվում եմ, որ ճիշտ ընտրություն եմ կատարել՝ ոչ թե գեղեցիկ տեսարանների, այլ երեխաների աչքերում ծնված հետաքրքրության շնորհիվ։ Նրանք սկսում են հարցեր տալ, որոնել, վերադառնալ այդ վայրերի պատմությանը, պատմել իրենց ընտանիքներին։ Այդ պահին հասկանում եմ, որ հայրենագիտական ճանապարհն իր նպատակը կատարել է. օգնել սովորողին սիրել հայրենիքը ոչ թե պարտականությունից, այլ ճանաչելու միջոցով, քանի որ մարդն իսկապես սիրում և պահպանում է միայն այն, ինչ ճանաչում է։

Ամեն տարի, երբ բացում եմ Հայաստանի քարտեզը, տեսնում եմ, որ այն դեռ լի է չբացահայտված ճանապարհներով։ Դրանք նորից ու նորից կանչում են մեզ, որովհետև հայրենիքը հնարավոր չէ ճանաչել մինչև վերջ։ Այն կարելի է ճանաչել միայն ամբողջ կյանքի ընթացքում՝ քայլ առ քայլ, բարձունք առ բարձունք, հանդիպում առ հանդիպում, ինչպես ասում է տիար Բլեյանը։

Պռոշաբերդ. հաղթահարված ճանապարհի արժեքը

Ամեն բարձունք ինձ համար պարզապես լեռնագագաթ չէ։ Այն ճանապարհ է, որտեղ սովորողները ճանաչում են ոչ միայն հայրենիքը, այլև իրենք իրենց։ Այդ պատճառով էլ միշտ ասում եմ. «Բարձունքը հաղթահարելուց կարևոր է այն ճանապարհը, որով հասնում ես այնտեղ»։

Սպիտակավոր տանող ճանապարհը հեշտերից չէր. մոտ 16 կիլոմետր երկարությամբ քարքարոտ, տեղ-տեղ զառիթափ արահետը յուրաքանչյուրից պահանջում էր կամք, համբերություն և փոխադարձ աջակցություն։ Եղան հոգնածության պահեր ու լռություններ, բայց նաև այնպիսի ժպիտներ, որոնք ծնվում են միայն միասին հաղթահարելու ընթացքում։ Ամեն կանգառի ժամանակ լսում էի.

— Ընկե՛ր Ալինա, հոգնել ենք, բայց հետ չենք դառնա։

Մյուսն ավելացնում էր.

— Եթե այսքան ճանապարհ ենք եկել, մինչև վերջ պետք է հասնենք։

Երբ հեռվում երևաց Պռոշաբերդը, հոգնածությունը մի ակնթարթում փոխարինվեց ոգևորությամբ։ Երբ բարձրացանք ամրոցի պարիսպների մոտ, մի քանի րոպե ոչ ոք չէր խոսում. բոլորը պարզապես նայում էին Վայոց ձորի լեռներին, հիշում անցած ճանապարհը և փորձում հասկանալ հաղթահարված բարձունքի զգացողությունը։ Այդ լռությունը խախտեց մի սովորող.

— Ընկե՛ր Ալինա, հիմա եմ հասկանում, թե ինչու էիք ասում, որ պետք է անպայման գանք այստեղ։

Այդ պահին հասկացա, որ նման ճամփորդությունների ամենամեծ արդյունքը ոչ թե հաղթահարված կիլոմետրերն են, այլ այն զգացողությունները, որոնք երեխաները տանում են իրենց հետ։ Նրանք տուն են վերադառնում ոչ միայն նոր գիտելիքով, այլև այն վստահությամբ, որ կարող են հաղթահարել դժվար ճանապարհներ, եթե կողքին ունեն ընկեր, նպատակ և հավատ։ Պռոշաբերդը դարձավ ոչ միայն հայրենագիտական նոր ուղղություն, այլև մի վայր, որտեղ հերթական անգամ համոզվեցինք, որ ամենաբարձր բարձունքներն առաջին հերթին հաղթահարվում են մարդու ներսում։

Ջրովանք. նոր ճանապարհ, որը շարունակություն կունենա

Ամեն անգամ, երբ բացահայտում ենք նոր հայրենագիտական ուղղություն, մտածում եմ ոչ միայն այսօրվա խմբի, այլև այն սովորողների մասին, ովքեր տարիներ հետո կքայլեն նույն ճանապարհով։ Ինձ համար ամենամեծ ուրախությունը նոր վայր այցելելը չէ, այլ գիտակցումը, որ այդ ճանապարհը դառնալու է կրթական նոր երթուղի։

Վայոց ձորի Արփի գյուղի նեղ փողոցներով քայլելով, անցնելով Արփա գետի վրայով կառուցված կամուրջը և մոտ երեք կիլոմետր իջնելով դեպի ձորը՝ հասանք մի վայր, որը կարծես տարիներ շարունակ լուռ սպասել էր իր այցելուներին։ Բնության ու ժայռերի մեջ թաքնված Ջրովանքը մեզ դիմավորեց խաղաղությամբ, լռությամբ և պատմության անտեսանելի ներկայությամբ։ Առաջին հայացքից այն պարզապես բնության գրկում թաքնված հուշարձան էր թվում, բայց որքան երկար մնում էինք այնտեղ, այնքան ավելի էր բացվում նրա իրական արժեքը։ Ջրի ձայնը, ժայռերի հզորությունը և վանքի քարերի լռությունը ստեղծում էին մի միջավայր, որտեղ պատմությունը բառերի կարիք չուներ։

Այդ պահին հասկացա, որ մենք պարզապես նոր վայր չենք այցելել. մենք բացահայտել ենք մի ճանապարհ, որը պետք է շարունակի ապրել մեր հայրենագիտական ծրագրերում։ Ինքս ինձ ասացի. «Այս ճանապարհով դեռ շատ սեբաստացիներ են քայլելու»։ Հենց այդ մտքից էլ ծնվեց որոշումը՝ Ջրովանքը դարձնել մեր հայրենագիտական նոր ուղղություններից մեկը։

Համոզված եմ, որ Արատես մեկնող յուրաքանչյուր խումբ, անցնելով այս ճանապարհով, կհասկանա, որ երբ երթուղին սկսվում է գյուղի մարդկանցով, շարունակվում է գետի վրայով և ավարտվում բնության ու պատմության այս հրաշալի անկյունում, այն դադարում է պարզապես երթուղի լինելուց և դառնում է կրթություն, բացահայտում ու հիշողություն։ Այսօր արդեն Ջրովանքը դարձել է Արատես մեկնող յուրաքանչյուր խմբի ևս մեկ կարևոր կանգառ՝ վայր, որտեղ սովորողները մի քանի րոպեով կտրվում են առօրյայից, լսում բնության ձայնը, շոշափում պատմությունը և հասկանում, որ հայրենիքի ամենամեծ գանձերը հաճախ թաքնված են ամենահամեստ ճանապարհների վրա։

Ճանապարհը շարունակվում է

Այս տարվա ընթացքում մեր հայրենագիտական քարտեզը համալրվեց նոր ուղղություններով՝ Պռոշաբերդով և Ջրովանքով։ Սակայն դրանք պարզապես քարտեզի վրա ավելացած կետեր չեն, այլ նոր կրթական հնարավորություններ, որոնք դեռ երկար կծառայեն սովորողներին։

Ամեն նոր ճանապարհ ընտրելիս ինքս ինձ հարց եմ տալիս. արդյո՞ք այս վայրը կարող է սովորողին տալ այն, ինչը դասագիրքը չի կարող փոխանցել։ Եթե պատասխանը «այո» է, ապա այդ ճանապարհը պետք է դառնա մեր կրթական քարտեզի մի մասը։

Ուրախությամբ կարող եմ ասել, որ Ջրովանքն արդեն սկսել է իր կրթական կյանքը. Հյուսիսային, Արևելյան և Արևմտյան դպրոց-պարտեզների Արատես մեկնող խմբերն արդեն ընդգրկել են այն իրենց նախագծերում։ Նրանց ոգևորությունն ու տպավորությունները ևս մեկ անգամ հաստատեցին, որ նոր երթուղին ճիշտ էր ընտրված։

Հավատում եմ, որ հայրենագիտական գործունեության ամենամեծ արժեքներից մեկն այն է, երբ կարողանում ես ոչ միայն ինքդ բացահայտել ճանապարհը, այլև փոխանցել այն մյուսներին. այդ ժամանակ ճանապարհը դադարում է միայն քոնը լինելուց և դառնում է բոլորինը։ Վստահ եմ, որ առաջիկա տարիներին Ջրովանքը կդառնա Արատեսյան նախագծերի բնական և սպասված կանգառներից մեկը, որտեղ ամեն նոր խումբ կթողնի իր քայլերի հետքը և կվերադառնա նոր բացահայտումների զգացումով։

Մեզ սպասում են նոր ճանապարհներ, նոր բարձունքներ, նոր կրթական ծրագրեր և նոր բացահայտումներ։ Իսկ հայրենիքը, ինչպես միշտ, շարունակելու է կանչել մեզ՝ քայլ առ քայլ բացահայտելու նրա դեռևս անհայտ ճանապարհները։


Հ.Գ. Հայրենիքը ճանաչելու ճանապարհը ռազմավարական և կրթական կարևորություն ունի, և Վայոց ձորում նոր հայրենագիտական ուղղությունների՝ Ջրովանքի և Պռոշաբերդի բացահայտումը նման նախաձեռնությունների լավագույն օրինակներից է։ Արժե շարունակաբար բացահայտել նոր վայրեր, որոնք թաքցնում են պատմություն և մեծացնում սովորողների հետաքրքրությունը՝ սովորեցնելով նրանց սիրել և ճանաչել իրենց հայրենիքը։ Յուրաքանչյուր նոր ճանապարհ ընտրելիս կարևոր է, որ այն ապահովի այնպիսի փորձ, որը դասագրքերը չեն կարող տրամադրել։