Կրթությունն ինձ համար ոչ միայն գիտելիքի փոխանցումն է, այլև հույսի լեզու, գոյության իմաստ և ապագայի խոստում։ Երբ այսօր հայացք եմ գցում անցած ճանապարհին, տեսնում եմ ոչ միայն մանկավարժական նախագիծ, այլ սրտիս խոսքը, որով փորձում եմ դիմադրել մեր գյուղերի դանդաղ մարմանը։

Մենթորական աշխատանքի ստանձնումը նման էր հերանց տուն գնալուն: Դե, ես ծնունդով Վայքից եմ…Բայց այս վերադարձը ուրիշ էր՝ արդեն նոր հայացքով, նոր պատասխանատվությամբ։ Հուզմունքս մեծ էր, քանի որ հասկանում էի՝ այլևս պարզապես ինձ չեմ ներկայացնում, այլ մի ամբողջ կրթական համակարգ, փիլիսոփայություն, հույս։

Ամեն անգամ, երբ մտնում եմ Գոմքի դպրոցի դռներից ներս, զգում եմ այն հայացքների ծանրությունը, լրջությունը, որոնք  ուղղված են ինձ։ Չէ՞ որ ես  այնտեղ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն եմ ներկայացնում։ Գոմքում մեզ սպասում են, ոչ միայն որպես դպրոց, այլ որպես ընկեր, միտք։

Սկզբում ունեի  վախեր, կասկածներ, տագնապի զգացողություն, հուզմունք… Ամեն ինչ խառնվել էր իրար… Ինչպե՞ս մի քանի օրում կարող եմ փոխանցել այն, ինչը տարիների աշխատանքի արդյունք է, որտեղի՞ց սկսել։ Իսկ եթե այս նախագիծը չհետաքրքրի՞…Հարցաշփոթ։ Բայց հետո հասկացա, որ հենց այս անորոշությունն ու խոցելիությունն են դառնում իմ ստեղծագործական, մտավոր խթանը։ Դրանք ինձ ստիպում են մշտապես վերանայել մոտեցումներս՝ փնտրելով նոր, ավելի կենսունակ ուղիներ։

Ես ուղղակիորեն դարձա կամուրջ, որ պետք է հուսալի լինի, ամուր, դիմացկուն… Այլապես ի՞նչ իմաստ կունենար այս ամենը։ Կամուրջը, որ չի դիմանում, կործանում է ոչ միայն իրեն, այլև բոլոր նրանց, ովքեր հավատացին ու քայլեցին նրա վրայով։

Ի՞նչ է նշանակում լինել կամուրջ կրթահամալիրի և Գոմքի նման գյուղի միջև, գյուղ, որտեղ յուրաքանչյուր երիտասարդ ընտանիք տարվա որոշակի պահի կանգնում է երկընտրանքի առջև՝ մնա՞լ, թե՞ հեռանալ, գնալ քաղաք։ Մենթորությունն ինձ համար դարձավ ոչ թե պարզապես մասնագիտական գործունեություն, այլ պայքար գյուղական համայնքի գոյատևման, գյուղերի երիտասարդացման, նրանց նոր շունչ հաղորդելու համար։

Մեր գործունեությունը սկսեցինք ոչ մեկանգամյա համատեղ ուսումնական պարապմունքներով, ,կրթության մեր մոտեցումներին ծանոթացնելով, ցույց տալով մանկավարժական մեր մեթոդի կիրառումը, դրա ազդեցությունը․․․Իրականում այլընտրանք առաջարկեցինք գյուղերից հեռանալուն։ Սա արդեն բարոյական, էքզիստենցիալ քայլ էր, մի խոստում, որ պետք է իրագործվի… Դառնալ փոխակերպման, նոր իրականության ստեղծման մասնակից ու վկա։

Այն օրը, երբ առաջին անգամ մտանք Գոմքի դպրոց և անջատեցինք զանգը, տեսա, թե ինչպես են սովորողների  դեմքերը փոխվում։ Հենց այդ պահին հասկացա, որ միջավայրի փոքր փոփոխությունը կարող է արմատապես փոխել սովորողների վերաբերմունքը կրթության, կրթական միջավայրի հանդեպ։ Ապշեցուցիչ էր տեսնել, թե ինչպես երաժշտության հնչյունները, որ թևածում էին դպրոցի միջանցքներով, առաջացնում են ժպիտներ, հետաքրքրասեր հայացքներ և փոխանցում ակտիվ մասնակցության ոգի։

Ամեն այցից հետո այդ պայծառ աչքերը, ժպիտներն ու հարցասեր հայացքները ինձ նորից ու նորից հիշեցնում են՝ ինչի համար եմ ես այստեղ։ Դրանք ինձ պարտավորեցնում են՝ վերադառնալ նույն վայրերը նոր գաղափարներով, նոր նախագծերով, 

Մենթորական այս փորձառությունն ինձ համար վերածնունդ էր, անցում «սովորական դասավանդողից» դեպի հեղինակային մանկավարժության փոխանցողի, ծրագրի պատասխանատուի, համայնքային փոփոխության առաջնորդի, առաքելության կրողի։ Այս դերերի բազմազանությունը պահանջում է ամենօրյա վերաիմաստավորում, մշտական անդրադարձ սեփական գործողություններին, գործունեությանը, հաղորդակցման նուրբ քայլերի։

Յուրաքանչյուր այց Գոմք, շփում ինձ համար դառնում է մի փոքրիկ դպրոց՝ գյուղական համատեքստում աշխատելու։ Հասկացա, թե որքան կարևոր է վերանայել նորարարական մոտեցումները՝ հարմարեցնելով դրանք տեղական իրականությանը։ Սա հայացք է ներսից, շատ նուրբ ու կարեւոր հայացք։ Ստեղծագործական իրական մարտահրավեր է, որը պահանջում է հաշվի առնել տեղի սահմանափակ ռեսուրսները, ավանդույթների կարևորությունը և համայնքային առանձնահատկությունները։

Երբ դու մտնում ես գյուղական դպրոց, հասկանում ես, որ այստեղ քո յուրաքանչյուր քայլ, խոսք և գործողություն դիտարկվում է մանրադիտակի տակ։ Դպրոցը փոքր գյուղերում համայնքի սիրտն է։ Եվ քո բերած փոփոխությունները տարածվում են ալիքների նման՝ դպրոցից դեպի տներ, դեպի ողջ համայնք։

Սա միայն մասնագիտական հարաբերություն չէ։ Երբ աշխատում ես հեռավոր գյուղական դպրոցի հետ, դու անխուսափելիորեն մտնում ես մարդկանց կյանք՝ նրանց ուրախություններով ու ցավերով, հույսերով ու հիասթափություններով։ Ինձ համար հուզիչ էր տեսնել, թե ինչպես են Գոմքի ուսուցիչները ողջունում մեզ՝ ոչ միայն որպես մասնագետների, այլ որպես սպասված հյուրերի և ընկերների։

Հատկապես հուզիչ էր սովորողների և դասավանդողների հետ գյուղով շրջելը, հին դպրոցի տարածքում տոնախմբությունը։ 

Մենթորական համագործակցությունը գյուղական դպրոցի ուսուցիչների համար դարձավ մասնագիտական մեկուսացվածության հաղթահարման ուղի։ Չէ՞ որ գյուղերում դպրոցը փակ համայնք է, որտեղ ուսուցիչները տարիներ շարունակ կարող են աշխատել առանց նոր մեթոդների, առանց նոր մանկավարժական ինվարիանտներին հաղորդակից դառնալու։

Ես տեսնում էի, թե ինչպես է յուրաքանչյուր այցի հետ նրանց մեջ ծնվում այն, ինչը կարելի է անվանել մանկավարժական քաջություն։ Սկզբում զգուշավոր էին․ «Արդյո՞ք սա կաշխատի մեր դպրոցում», «Արդյո՞ք մենք կկարողանանք», «Արդյո՞ք մեր երեխաները պատրաստ են»։ Բայց աստիճանաբար այդ կասկածները փոխարինվեցին հետաքրքրասիրությամբ և նորարարական ոգով։

Ինձ համար առանձնահատուկ հպարտության պահ էր, երբ մայիսյան ֆլեշմոբի առաջադրանքները «Մայրենի» առարկայից համատեղ մշակեցին Գոմքի և Սեբաստացի ուսուցիչները։ Սա նշանակում էր, որ մենթորությունն արդեն դարձել էր համագործակցություն, իսկական փոխանակում, որտեղ մենք նույնքան շատ սովորում ենք, որքան սովորեցնում և ունենք փոքրիկ հաղթանակներ։

Սովորողների համար մեր այցերը դառնում էին պատուհան դեպի այլ աշխարհ։ Հատկապես հուզիչ էր կրթահամալիրի սովորողների հյուրընկալությունը գյուղական տներում։ Այդ հյուրընկալությունը դարձավ ոչ միայն կացարան, այլ՝ իրական սովորելու փորձառություն։ Ինչպես գրել էի, նպատակը մեկն էր՝ սովորել ոչ միայն գրքերից, այլ՝ մարդկանցից, հողից ու իրական կյանքից։

Տեսնում էի, թե ինչպես են սովորողների աչքերում հայտնվում նոր հեռանկարներ։ Հեռավոր գյուղերում դպրոցը դառնում է նոր հեռանկարների միակ աղբյուրը։ Մենթորական մեր ծրագրերը բացում էին այդ հեռանկարները՝ ցուցադրելով կրթության այլընտրանքային մոդելները և հնարավորությունները հենց իրենց համայնքում՝ շոշափելի, իրական։

  • Երբ գյուղերը կենդանանում են

Ամենաբարդը հենց այդ է՝ օգնել հասկանալ, որ գյուղում ապրելը չի նշանակում մնալ հնի մեջ, կտրվել աշխարհից կամ զրկվել հնարավորություններից։ Ամեն անգամ, երբ աշխատում ենք Գոմքի դպրոցի հետ, փորձում ենք ցույց տալ, որ գյուղական միջավայրը կարող է դառնալ առավելություն, եթե կրթությունը կապվում է տեղի իրականության, մշակույթի, ավանդույթների հետ։

Հիշում եմ ղափամայի ծեսը Գոմքի միջնակարգ դպրոցում“։ Ոչ մի բառ չի կարող նկարագրել այն զգացողությունները, որոնք մենք բոլորս ապրեցինք։ Դդումը մեր կողմից էր, իսկ մեղրն ու չրերը՝ վայոցձորյան բնությունից։ Այս խորհրդանշական համագործակցությունն արտահայտում էր մեր ողջ նախագծի էությունը՝ ավանդականի և նորարարականի միաձուլումը, քաղաքի և գյուղի փոխադարձ հարստացումը։

  • Երբ կրթությունը դառնում է կյանքի իմաստ

Այսօր, երբ նայում եմ հետ, տեսնում եմ, որ մենթորությունը փոխել է ոչ միայն Գոմքի դպրոցը, այլև ինձ։ Այն դարձել է իմ մասնագիտական և անձնական կյանքի անբաժանելի մասը։ Որպես մենթոր՝ իմ առաքելությունն է մշտապես տեսնել ու տեսանելի դարձնել կրթության իսկական ուժը։

Երբ գյուղերը ծերանում են, երիտասարդները լքում են դրանք՝ հայացքում ունենալով քաղաքում կերտվող ապագան։ Ես փորձում եմ ցույց տալ, որ կարելի է ունենալ նոր տիպի գյուղական դպրոցի մոդել՝ կենտրոնանալով գյուղի առավելությունների, ավանդույթների վրա և զարգացնելով այն։

Այս փորձառությունը վկայում է, որ կրթությունը իսկապես կարող է լինել «իրական կամուրջ» տարբեր համայնքների միջև։ Այն առաջարկում է արժեքավոր մոդել, թե ինչպես կարելի է բարելավել գյուղական շրջանների կրթության որակը՝ պահպանելով տեղական մշակույթի հարստությունը և միաժամանակ բացելով նոր հեռանկարներ։

Ամեն անգամ Գոմք վերադառնալիս զգում եմ պատասխանատվություն՝ շարունակել այն, ինչ սկսել ենք։ Քանի որ այդ պայծառ աչքերը, այդ ժպիտները, այդ վստահությունը ինձ նորից ու նորից հիշեցնում են՝ կրթությունը ոչ թե առարկաներ և դասեր է, այլ ապրելու, զգալու և ստեղծելու միջոց։​​​​​​​​​​​​​​​​

Սեբաստացի սովորողների համար այցերը դեպի գյուղական համայնքներ իսկապես դառնում են պատուհան դեպի մի այլ աշխարհ՝ աշխարհ, որտեղ ժամանակը հոսում է այլ ռիթմով։  Կրթահամալիրի սովորողների հյուրընկալվելը գյուղական տներում առանձնահատուկ հուզական և կրթական փորձառություն էր։  Գյուղական տանը հյուրընկալվելը սեբաստացի սովորողների համար միջոց է դառնալու գյուղական կենսակերպի անմիջական մասնակիցը, ոչ թե պարզապես կողքից դիտորդ: Նրանք ներգրավվում են ընտանիքի առօրյայում, կենցաղում՝ միասին ճաշ պատրաստելով, տնային գործերում օգնելով, կենդանիներին խնամելով, այգում աշխատելով: Այս ամենը ստեղծում է խորը ապրումակցման զգացում, ու սա է իսկական ապրումակցման կրթությունը, որը հիմնված է անձնական փորձի և զգացմունքային կապի վրա: Այս ձևաչափում երկուստեք է ազդեցությունը թե՛  սեբաստացիների, թե՛ գոմքեցիների համար։ Գյուղական միջավայրում անցկացրած ժամանակը յուրօրինակ ինքնաճանաչման փորձություն է: Հեռու լինելով քաղաքային հարմարավետությունից, տեխնոլոգիաներից և սովորական միջավայրից՝ սովորողները ստիպված են հանդիպել իրենց իսկական “ես”-ին:

Նրանք բացահայտում են իրենց սահմանափակումներն ու ուժեղ կողմերը, սովորում են հարմարվել նոր պայմաններին, դիմակայել դժվարություններին և գնահատել պարզ ուրախությունները: Շատերի համար սա դառնում է անձնական աճի կարևոր փուլ, որը փոխում է նրանց աշխարհընկալումը: Աստեղ կրկին տարվում է համապատասխան մանկավարժական աշխատանք, որ սովորողները ճիշտ ընկալեն, հայացք ունենան սպասվող նոր միջավայրին։

Հյուրընկալող ընտանիքները ստանում են հնարավորություն՝ կիսվելու իրենց կյանքով և արժեքներով, զգալու իրենց գիտելիքների և փորձի կարևորությունը: Իսկ սովորողները ձեռք են բերում հուսալի  մարդկային կապեր, որոնք կարող են օգտակար լինել կյանքում և ինչու ոչ՝ մասնագիտական գործունեության մեջ: Այս կապերը դառնում են արժեքավոր սոցիալական կապիտալ թե՛ սովորողների, թե՛ գյուղական ընտանիքների համար:

Այսպիսով, գյուղական տներում հյուրընկալությունը վերածվում է կրթական գործընթացի առանցքային բաղադրիչի, որը տալիս է այն, ինչ չի կարող տալ ոչ մի դասարան՝ իրական կյանքի անմիջական զգացողություն և խորը մարդկային կապեր: Սա է իսկական կրթության էությունը՝ սովորել ապրելով և ապրել սովորելով:​​​​​​​​​​​​​​​​ Այս կրթական, մարդկային կամուրջները գյուղերում դառնում են նոր հեռանկարների աղբյուր։ Մենթորական մեր ծրագրերը բացում են այդ հեռանկարները՝ ցուցադրելով կրթության այլընտրանքային մոդելները և հնարավորությունները հենց իրենց համայնքում՝ շոշափելի, իրական։ Այն առաջարկում է արժեքավոր մոդել, թե ինչպես կարելի է բարելավել գյուղական շրջանների կրթության որակը՝ պահպանելով տեղական մշակույթի հարստությունը և միաժամանակ ստեղծելով նոր հնարավորություններ։

Պատանիների պայծառ աչքերը, ժպիտները, փոխանցված վստահությունը մեզ  նորից ու նորից հիշեցնում են՝ կրթությունը ոչ թե դասեր են, այլ ապրելու, զգալու և ստեղծելու միջոց։​​​​​​​​​​​​​​​​

Շուտով կհանդիպենք, նոր ասելիքով, հույզերի նոր տարափով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով