«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում գործում է Մենթորական բաց լաբորատորիա, որի հիմքում ընկած է կրթահամալիրի առաջարկը։ Առաջարկով մենթորական աշխատանքի փուլեր են․

  • կրթահամալիրում մենթորական բաց, շուրջտարյա գործող լաբորատորիայի ձևավորում,
  • գործընկերների ծանոթություն,
  • անհրաժեշտ օգնության ձևակերպում,
  • աշխատանքային ծրագրի և աշխատակարգի կազմում,
  • որոշված աշխատանքների իրականացում,
  • աշխատանքային յուրաքանչյուր փուլից հետո հաշվետվություն։

Մենթորական աշխատանքի ստեղծման գործիքներ են՝

  • Ծանոթություն կրթահամալիրին։ Մասնակիցները ֆիզիկական միջավայրում ծանոթանում են կրթահամալիրին, իրականացվող ծրագրին, ուսումնական օրացույցին, կազմակերպմանը, կրթական միջավայրին,
  • Կրթահամալիրի մասնագետի՝ մենթորի այցելությունը գործընկերոջ կարիքները ճշտելու, աշխատանքային պայմաններին ծանոթանալու համար,
  • Առցանց հանդիպումներ և հավաքներ, այդ թվում՝ էլեկտրոնային նամակագրություն,
  • Սովորողի հետազոտական և նախագծային աշխատանքների, այդ թվում՝ համատեղ, իրականացում,
  • «Դպիր» մանկավարժական հանդեսը՝ որպես ուրիշների մանկավարժական աշխատանքներին ծանոթանալու, սեփականը ներկայացնելու հարթակ,
  • Սովորողների ճամփորդությունների, ճամբարների համատեղ կազմակերպում,
  • Կրթահամալիրի մեդիագրադարանը, կայքը, կրթահամալիրի մասնաճյուղերի, մանկավարժական աշխատողների, սովորողների ուսումնական բլոգները, որոնք բաց են և մատչելի յուրաքանչյուրի համար,
  • Մենթորական աշխատանքի օրագրի վարում։ Մենթորական աշխատանքի ամբողջ ընթացքը ուղեկցվում է պարբերական դիտարկումներով։ Աշխատանքի փուլերն ամփոփվում են մասնակիցների բլոգներում, կլոր սեղանի ձևաչափով ներկայացվում են հեղինակային կրթական ծրագրի ամենամյա ստեղծագործական մայիսյան, հոկտեմբերյան հավաքներում, «Դպիր» ամսագրում։

Բլեյան ցանցի մենթորական բաց լաբորատորիայի շրջանակում ապրիլի 9-11-ը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հասարակագիտական մասնախմբի ղեկավար Վարդան Կարապետյանը և նույն մասնախմբի անդամ Աշոտ Տիգրանյանը գործուղվել են Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանի Աշնակի և Պարտիզակի միջնակարգ դպրոցներ, որոնց հետ առկա է երկարատև համագործակցություն։

Ապրիլի 9-ի երեկոյան Աշնակ գյուղում Գևորգ Չաուշի անվան միջնակարգ դպրոցի վարչատնտեսական մասի համակարգող Վահրամ Մարտիրոսյանի տանը քննարկեցինք Աշնակի դպրոցում իրականացվելիք մենթորական աշխատանքի հիմնական ուղղությունները։ 

Ապրիլի 10-ին այցելեցինք Աշնակի միջնակարգ դպրոց, որտեղ նախ մեր անելիքները քննարկեցինք դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե Գասպարյանի հետ, այնուհետև մանկավարժների առանձին խմբերի ներկայացրեցինք կրթահամալիրի առանձնահատկությունները և Բլեյան ցանցի մենթորական բաց լաբորատորիայի գործունեության բովանդակությունը՝

Քննարկումների արդյունքում ձեռք բերվեցին հետևյալ պայմանավորվածությունները՝

  • Հետազոտական աշխատանքը՝ համատեղ աշխատանքային գործիք․ ներկա գտնվել կրթահամալիրի վարժարանում իրականացվող հետազոտական աշխատանքների պաշտպանություններին, հետազոտական աշխատանքներ կատարել Աշնակի դպրոցում գյուղական իրականությունից բխող թեմաներով՝ մենթորական բաց լաբորատորիայի աջակցությամբ, համատեղ հետազոտական աշխատանքների իրականացում սեբաստացի և աշնակցի սովորողների մասնակցությամբ,
  • Համատեղ ուսումնական նախագծեր․ աշնակցիներին առաջարկվեց «Մեր գերդաստանը» ընտանեկան նախագիծը, առաջարկությունն ընդունվեց ջերմորեն,
  • Աշնակի դպրոցի ուսուցիչներին ներառել հեղինակային կրթական ծրագրով իրականացվելիք վերապատրաստումներին,
  • Աշնակի դպրոցին տրամադրել կրթահամալիրում գործող մասնախմբերի բլոգները, ուսումնական փաթեթները։

Աշխատանքային օրն ավարտվեց փորձի փոխանակմամբ դասավանդման ձևաչափով․ 10-րդ դասարանում «Հայոց պատմություն» առարկայի դասաժամն անցկացրեցինք մենք՝ դպրոցի որոշ ուսուցիչների ներկայությամբ։ Այդ փորձը դրական ընկալում ունեցավ։

Օրը` Պարտիզակի միջնակարգ դպրոցում

Ապրիլի 11-ին այցելեցինք Պարտիզակի միջնակարգ դպրոց, որտեղ մեր անելիքները նախ քննարկեցինք դպրոցի տնօրեն Արայիկ Շեկիկյանի հետ, այնուհետև մանկավարժական հավաքանու հետ քննարկման ժամանակ շեշտադրում արեցինք հետազոտական և նախագծային աշխատանքների իրականացման ընթացքին։ Պարտիզակում մասնավորապես կարևորեցինք «Մեր գերդաստանը» նախագծի շրջանակում հանդիպումը և աշխատանքը նախագծային խմբի հետ, որի արդյունքն ապրիլի 18-ին ներկայացվել է կրթահամալիրում։ Ի դեպ, նախագծային խմբում ընդգրկված էին ինչպես հայ, այնպես էլ եզդի սովորողներ։ Ինչպես Աշնակում, այնպես էլ Պարտիզակում  աշխատանքային օրն ավարտվեց 9-րդ և 10-րդ դասարանների միացյալ խմբի հետ Հայաստանի երրորդ հանրապետության հիմնական իրադարձությունների շուրջ քննարկումով։ Սովորողներին առաջարկվեց համատեղ քննարկել «44. Պարտություն» /գիրքն ուղարկված է Պարտիզակի միջնակարգ դպրոց/ և «Կոտրված վահան» գրքերը կրթահամալիրում։

Քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություններ՝

  • Համատեղ նախագծային աշխատանքի իրականացում,
  • Համատեղ հետազոտական աշխատանքների իրականացում,
  • Համատեղ գրքերի քննարկումներ,
  • Փոխայցելություններով համագործակցային կապերի ընդլայնում,
  • Կրթահամալիրում գործող մասնախմբերի բլոգների, ուսումնական փաթեթների տրամադրում ուսուցիչներին:

Օրն ավարտվեց Ներքին Բազմաբերդի վարչական ղեկավարի և դպրոցի տնօրենի հետ հանդիպումով, որի ընթացքում քննարկվեցին համագործակցային մի շարք հարցեր: Դպրոցի տնօրենի հետ ձեռք բերվեց պայմանավորվածություն, ըստ որի Բլեյան ցանցի մենթորական բաց լաբորատորիայի շրջանակում առաջիկայում կայցելենք Ներքին Բազմաբերդի դպրոց:

Հեղինակներ՝ Վարդան Կարապետյան, Աշոտ Տիգրանյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով