«Ասա ինձ, և ես կմոռանամ։ Ցույց տուր և ես կհիշեմ։ Ներգրավիր ինձ և ես կսովորեմ»։ Չինական այս ասացվածքը բավականին լավ է բնորոշում նախագծային մեթոդը։
Նախագծային մեթոդը կյանքի է կոչվում իբրև ժամանակի պահանջ. այն դառնում է կրթական համակարգի յուրահատուկ պատախանը պետության ու ծնողական համայնքի առաջ քաշած հարցադրումներին: Այս մեթոդը ժամանակակից մանկավարժության ինտերակտիվ մեթոդներից մեկն է, այն կրթական գործընթացի անհրաժեշտ բաղկացուցիչ է՝ անվանվում է նաև ապագայի մանկավարժություն: Ինչպես նշում է ռուս մանկավարժ, գիտնական Պոլատը. «Միասին սովորելը ոչ միայն հեշտ է և հետաքրքիր, այլև զգալիորեն արդյունավետ»:
Նախագծային մեթոդը համարվում է կրթական մի համակարգ, որը հնարավորություն է տալիս ձեռք բերելու գիտելիք և հմտություն գործունեության մեջ, երբ ինքդ նախագծում ես, իրականացնում՝ աստիճանաբար բարդացող նախագծերը: Նախագծերը, որքան էլ առաջին հայացքից լրիվ տարբեր թվան, իրականում փոխկապակցված են՝ դրանց շարունակական զարգացումը հնարավորություն կտա ապահովելու ուսումնական գործընթացի շարունակականությունն ու զարգացումը:
Նախագծից նախագիծ առաջադրվող խնդիր-առաջադրանքները պետք է բարդանան, անպայման անհրաժեշտ է հաշվի առնել նախորդ նախագծում կոնկրետ սովորողի, խմբի ձեռք բերած հմտությունները և հաջորդ նախագծում ապահովել դրանց զարգացումը: Նախագծից նախագիծ սովորողների զարգացող հմտություններին զուգահեռ պետք է փոխվեն նաև գնահատման մոտեցումները:
Այժմ ուզում եմ անդրադառնալ նախագծերի դասակարգմանը: Իմ որոնումները ցույց տվեցին, որ այս մասում ևս դեռ շատ անելիք կա՝ աշխատանքի լայն դաշտ: Հետաքրքրեց երկու դասակարգում. մեկը՝ ռուս մանկավարժ, գիտնական Պոլատի դասակարգումն է, որն, իր տեսակի մեջ, ամբողջական է ու համակարգային: Ծանոթանալ, կարդալ` արժե։ Ներկայացնում եմ ռուս մանկավարժի դասակարգումը` իմ թարգմանությամբ և խմբագրմամբ:
Նախագծերի տեսակները
1. Ըստ գործունեության տեսակի.
- Հետազոտական
- Ստեղծագործական
- Դերային-խաղարկային
- Տեղեկատվական
- Գործնական-կողմնորոշիչ
2. Առարկայական- բովանդակային.
- Մոնոնախագծեր
- Միջառարկայական
3. Տարածքային.
- Ներքին կամ տարածաշրջանային
- Միջազգային
4. Սովորողների քանակի.
- Անհատական
- Զույգային
- Խմբային
5. Ժամանակային.
- Կարճաժամկետ
- Միջնաժամկետ
- Երկարաժամկետ
6. Արդյունքների.
- Զեկուցում, ալբոմ, ժողովածու, կատալոգ
- Մակետ, գծագիր, ուղեցույց-քարտեզ
- Վիդեոֆիլմ
- Ցուցահանդես
Մյուս դասակարգումը ավստրալիացի նովելագիր, ծրագրավորող Սայմոն Հայնեսի դասակարգումն է. թարգմանաբար ներկայացնեմ նաև այս դասակարգումը։ Հայնեսն առանձնացնում է նախագծերի հետևյալ տեսակները.
- Տեղեկատվական կամ հետազոտական նախագծեր (Information and Research projects)
- Ուսումնասիրություն-նախագծեր (Survey projects)
- Արտադրական նախագծեր (Production projects)
- Դերային խաղ և դրամատիկ ներկայացում նախագծեր (Performance and Organisationalprojects):
Ժամանակակից մանկավարժությունը շատ է անդրադառնում այս մեթոդին՝ կատարվում են տարատեսակ փորձարկումներ ու մշակումներ: Որպես խոչընդոտ նշվում է դասարանում սովորողների մեծ թիվը, ժամանակային ծանրաբեռնվածությունը, վերապատրաստող մասնագետների ու համապատասխան մշակումների պակասը: Որպես առավելություն՝ կրթության հանդեպ հետաքրքրության առաջացումը, մտածող ու հասարակական ակտիվություն ունեցող քաղաքացու ձևավորումը, թեստային համակարգի իրական այլընտրանքի ստեղծումն ու ապագային ուղղվածությունը:
Օգտագործված հիմնական գրականություն
Проект как одна из современных технологий обучения
Метод проектов, Е. С. Полат
Особенности использования технологии проектного обучения в начальной школе
Концепция модернизации российского образования на период до 2010 года. – М.;2002.
Полат Е.С. Метод проектов на уроках английского языка.
Борисова Е.М. Проект на уроках немецкого языка // Иностр. Языки в школе. – 1998. – №2.
Бахтиярова Е.М. Метод проектов и индивидуальные программы в продуктивном обучении //Школьные технологии, 2001, №2.
World Book‘s CD–ROM encyclopaedia, Topics Entertainment. – 2003.