Դիջիամփոփում 2011-2015
Ոնց որ թե նոր բան չեմ անում, ուղղակի փորձում եմ հետևողականորեն իրականություն դարձնել ասածս:
Դեռ 2011-2012 ուս. տարում գրված հոդվածներից մեկում՝ «Ինչ է տալիս կամ տալու բլոգավարությունը» մատնանշված էին բլոգավարության հետագա զարգացումները:
Դրանք էին՝
- առարկայական բլոգների վերածում ինտերակտիվ կայքերի
- բլոգոլորտի ընդլայնման միջոցով միասնական ուսումնական համայնքի ստեղծում։
Հոդվածում կարծիք կար, որ «միասին և համակարգված աշխատելու դեպքում մոտ ապագայում հնարավոր կլինի հյուսել կրթական բլոգոլորտ (բլոգոսֆերա)` բլոգային ցանց, որը հնարավորություն կտա ստեղծել ուսուցման լիարժեք, ամբողջական և, որ ամենակարևորն է` միասնական ուսումնական համայնք, իսկ առարկայական բլոգները, վերածվելով ինտերակտիվ կայքերի, կապահովեն արդյունավետ, հետաքրքիր կրթական միջավայր և կդառնան դասավանդողի թիվ մեկ օգնականն ու խորհրդատուն»:
Իսկ արդեն «Դիջիպատում 2013-2014»-ում ուրվագծված էր սովորողների՝ մեկ միասնական վիրտուալ տարածքում սեփական էջ ունենալու գաղափարը: «Սա իր հերթին ժամանակի ընթացքում օժտված սովորողների համար կդառնա միավորող հարթակ, ուր ամեն մեկը յուրովի կներկայանա ու կներկայացնի իր զարմանահրաշ ներաշխարհը՝ ասելիքը, նկարը, ստեղծագործությունը…»:
Ուսուցման կազմակերպման կրթահամալիրային փորձը միանգամայն հնարավոր դարձրեց 2014-2015 ուստարում անցում կատարել ուսուցման կազմակերպման որակական առումով բոլորովին նոր փուլի, այն է՝ ուսուցման կազմակերպումը առանց տնային պարտադիր աշխատանքի:
«Ուսուցման կազմակերպման այս ձևի ամենամեծ առավելությունը, իմ կարծիքով, ինքնակրթության կազմակերպումն ու խրախուսումն է՝ դրանից բխող բոլոր առավելություններով. ինքնակազմակերպվածությամբ ու դիտարկելի գործունեությամբ, ինքնագնահատումով ու սեփական արդյունքների վերանայմամբ, ու էլի լիքը տեսանելի ու անտեսանելի որակներով»:
Առանցքային եմ համարում «Հեգելն ու մենք» հոդվածը: Հոդվածում, ըստ Հեգելի մանկավարժական հայացքների, փորձ է արվել սովորողի ազատ կամքի ձևավորման գործուն ձևեր ուրվագծել (խոսքը ներքին ազատության մասին է): Հիմնական միջոցը՝ պարտադրանքի և միջամտության բացառում:
Բանն այն է, որը մարդն ի սկզբանե պատասխանատվություն է կրում իր արարքների ու իր ասածների համար: Այն, ինչ ինքը իր ազատ կամքով չի ընտրել, ասել է թե՝ առանց իր համաձայնության ընտրել են այլոք (այս դեպքում՝ դասավանդողը) ու իր փոխարեն որոշել ուրիշները, ուրեմն և, իմ կարծիքով, լուրջ ու հետաքրքիր արդյունքներ չեն կարող գրանցվել: Շատ պարզ պատճառաբանությամբ՝ ինքը չի ընտրել, բնականաբար, պատասխանատվություն չի կրում այս կամ այն բանն անելու, ասելու կամ գրելու: Ելքը իմ խորին համոզմամբ մեկն է՝ պարզապես ինչ-որ բան պահանջելուց առաջ սովորողին ընտրության հնարավորություն պետք է տալ, որպեսզի ինքը սեփական կամքով որոշի իր անելիքը: Եվ, եթե քերականական վարժություններն ու գրականագիտական առաջադրանքները կատարելիս սովորողին ներկայացվող որոշակի «պարտադրանքներ» կան, ապա նույն բանը բացառվում է, երբ խոսքը վերաբերում է ստեղծագործական աշխատանքի կատարմանը: Բավական է՝ ինչ-ինչ պայմանականություններ մտցվեն ու մեծապես սկսում է տուժել ստեղծական աշխատանքի որակը: Որպես օրինակ կարող եմ բերել «Շողակն» էլեկտրոնային ամսագրի սովորողների կատարած աշխատանքը: Իրենք միանգամայն ազատ են՝ ինչ կարդալ, ինչ գրել, երբ թողարկել: Իրենց հասանելիք աշխատանքը կարող են միանգամից թողարկել, կարող են՝ մաս-մաս:
Ունենք երկու հիմնական պայմանավորվածություն՝
- ամենակարևորը՝ ապահովում ենք որակ
- կեղծ նոտայով (բստրած-մոգոնած) գրերը որպես կատարված աշխատանք ընդունվում են, բայց չեն կարող թողարկվել mskh-ում:
Հիմա փորձելու եմ մեկ քայլ ետ գնալ ու պատասխանել այն հարցին, թե ինչպես է հնարավոր սովորողին չպարտադրել, նրա գործերին չմիջամտել, բայց հասնել որոշակի արդյունքի:
Սա հասկանալու համար այս անգամ էլ դիմենք մեկ այլ փիլիսոփայի՝ Գեորգի Գյուրջիևի օգնությանը: Որոշակի թվով մարդկանց խմբի հետ աշխատելուց առաջ պիտի կարողանալ հաղթահարվել հետևյալ հոգեբանական արգելքները:
Դրանք են՝
- Սովորողին ներկայացվող առաջին պահանջ՝ ոչինչ չասել բացի ճշմարտությունից, ասել է թե՝ ստի նկատմամբ հաղթանակ:
«Ընդհանրապես, ամենադժվարը ստի նկատմամբ հաղթանակն է: Մարդն այնքան շատ է խաբում և՛ ինքն իրեն, և՛ ուրիշներին, որ դադարում է դա նկատելուց: Բայց և այնպես ստին անհրաժեշտ է հաղթել: Եվ առաջին ջանքը, որ պահանջվում է մարդուց, ուսուցչին խաբելը հաղթահարելն է»: - Սովորողին ներկայացվող երկրորդ պահանջ՝ անկեղծություն:
Ի դեպ, «անկեղծ լինելը բացարձակ պահանջ է, քանի որ եթե մարդը խմբում շարունակում է ստել, ինչպես իր կյանքում ինքն իրեն և ուրիշներին է խաբում, ապա նա երբեք էլ չի կարողանա ճիշտը ստից տարբերել»: - Սովորողին ներկայացվող երրորդ պահանջ՝ վախի նկատմամբ հաղթանակ:
«Սուտ և վախեր. ահա այն միջավայրը, որտեղ ապրում է սովորական մարդը: Ինչպես ստի նկատմամբ հաղթանակը, այնպես էլ վախի նկատմամբ հաղթանակը անհատական պիտի լինի: Ինքն իր մեջ պայքարը ստի և պայքարը վախի դեմ առաջին դրական աշխատանքն է, որ մարդն սկսում է կատարել»:
Գյուրջիևը թիմային աշխատանքը համարում էր ուսուցման անկյունաքար և դիտարկում ուսումնական խմբի համագործակցության երեք ուղղություն` աշխատանք իր համար, աշխատանք խմբի համար և աշխատանք ուսուցչի կամ Աշխատանքի համար:
Ի դեպ, Գեորգի Գյուրջիևի այս գաղափարախոսությունը հիմնականում կիրառում են մշտադիտարկում (մոնիտորիգ) իրականացնող կազմակերպությունները: Իսկ նրա յուրօրինակ սկզբունքները ու գաղափարները ներդրած ընկերությունները լուրջ հաջողություններ են ապահովում բիզնեսի և տնտեսության բնագավառում:
Վերադառնանք «Հեգելն ու մենք» հոդվածին ու շարունակենք կարդալ. «Մի լավ խումբ սովորողներ սկսել են և կարծում եմ՝ հաջողությամբ կիրականացնեն «Բլոգավարությունը՝ ինքնակրթության միջոց» նախագիծը (ես որ ոգևորված եմ)»: Այսօր արդեն միանգամայն տեսանելի և շոշափելի են «Բլոգավարությունը՝ ինքնակրթության միջոց» նախագծի արդյունքները: Խնդրեմ՝
- «Առականի» թարգմանական» բլոգ (Տիգրան Աբրահամյան և ընկերներ, 9.1 դաս.)
- «Շողակն» էլեկտրոնային ամսագիր (Էրիկ Թելունց և ընկերներ, 8.3 դաս.)
- «Մանկապատանեկան ֆիլմադարան» (Շուշան Եփրիկյան և ընկերներ, 8.1 դաս.):
Սրանք այն նախագծերն են, որոնք այս կիսամյակի ընթացքում մեկնարկած մեկ տասնյակից ավելի նախագծերից առանձնացան ղեկավարների արդյունավետ աշխատանքի և մասնակից ընկերների գործուն աջակցության շնորհիվ: Ընդ որում, երեք բլոգներն իրականացնում են խոսքի մշակման միանգամայն տարբեր ձևեր:
Ընդհանուր դիտարկումներ
Կարծում եմ՝ աշխատանքի հաջողությունը մեծապես կապ ունի արվելիք գործի հետ`
- կոնկրետության ու հստակության
- պարզության ու թեթևության
- արագության ու ճկունության:
Սովորողները հենց սկզբից հստակ գիտեն՝ ինչ ծավալի աշխատանք են իրականացնելու, որքան ժամանակահատվածում են անելու:
Հնարավորինս պարզ ու միանգամայն իրագործելի է գնահատման համակարգը:
Հասկանալի ու մատչելի է ձևակերպված սովորողի աշխատանքին ներկայացվող գլխավոր պահանջը. «Գործունեության գնահատումը վերաբերում է այն բազմազան առաջադրանքներին ու իրավիճակներին, որոնցով սովորողը հնարավորություն է ստանում դրսևորելու գիտելիքի իր ըմբռնումը, կարողանում է կիրառել ձեռք բերած գիտելիքները, հմտություններն ու մտածելու կարողությունը: Այս գնահատումն իրականացվում է ժամանակի ընթացքում` հիմնվելով շոշոփելի արդյունքի կամ դիտարկելի գործունեության վրա: Նման մոտեցումը խրախուսում է ինքնագնահատումը և սեփական արդյունքների վերանայումը, պահանջում արդյունքների հրապարակում-գնահատում»:
Հետագա զարգացումներ
Կրթահամալիրյան բլոգոլորտը (բլոգոսֆերա) աստիճանաբար պետք է կարողանալ վերածել միավորող վիրտուալ ձեռագործ գորգի, ուր ամեն մի նախշ, ամեն մի գույն, ամեն մի ձև իր ուրույն-անկրկնելի տեղն ու դերակատարում-նշանակությունը և, մանավանդ, ասելիք-խորհուրդը կունենա:
Այդ վիրտուալ գորգի գլխավոր-միավորող նախշերը կդառնան «Պարտեզի», «Լուսաստղի», «Շողակնի» նման այլ միավորող-միացնող հարթակներ ևս: Միայն թե պետք է այն բնականոն զարգացում ապրի:
«Շողակն»-ը պիտի իր մեջ ուժ գտնի ու կարողանա դուրս գալ 8.3 դասարանից՝ մտնելով այլ դասարաններ ևս (բացարձակ նշանակություն չունի՝ ես դասավանդո՞ւմ եմ տվյալ դասարանում, թե՝ ոչ): Պետք է միանան այլ դասավանդողներ ևս՝ անկախ առարկայից: Արդեն իսկ կարող եմ բերել կոնկրետ օրինակ՝ «Սոկրատեսի պաշտպանականը»:
Պետք է կարողանալ ընդլայնել նման հարթակների գործունեության շրջանակները՝ բացի ասելիք ունեցող սովորողներից ներառելով այլ «արտադրանք» ևս իրականացնող սովորողների: Օրինակ՝ դիզայներական հակումներ ունեցողների կամ նկար-քանդակ անողների: Սրանք ժամանակի ընթացքում ինքնիրացման և ինքնարտահայտման միավորող հարթակից աստիճանաբար պիտի վերածել նախամասնագիտական հմտություններ ազդարարող վիրտուալ տարածքների:
Հանրակրթության նվազագույն պարտադիր մասը պետք է ոչ թե նպատակ, այլ միջոց-հարթակ լինի սովորողների նախասիրությունները բացահայտելու և հեղինակային ծրագրերի բովանդակային միջուկը իրականացնելու-զարգացնելու համար: