Որքան արագ ու համակողմանի է ընթանում կյանքի առաջընթացը, այնքան լեզուն առավել շեշտակիորեն է հարստանում նոր բառերով ու արտահայտություններով: Կյանքի տարբեր բնագավառներում սկիզբ առած ամեն մի նորույթ, մի երկրից մյուսը, մի լեզվից մյուսին անցնելով, փոխանցում է նրան իր անվանումը կամ անհրաժեշտություն է ստեղծում, որ տվյալ լեզուն այդ երևույթն իր սեփական լեզվամիջոցներով անվանի: Թվային նորագույն տեխնոլոգիաները նվաճել են աշխարհը, և ահա թե ինչու այդպես հախուռն է այսօր նորաբանությունների հոսքը: Սակայն տարբեր լեզուներ տարբեր կերպ են «հյուրընկալում» օտար բառերը: Մեր մայրենին հնուց ի վեր միշտ էլ արժևորել է լեզվական փոխառությունները և ըստ տեղվույն օգտվել բառակազմության իր անբավ հնարավորություններից:
Մեծանուն լեզվաբան Մանուկ Աբեղյանը փոխառությունների մասին գրում է. «Լեզվի փոխառությունը ուրիշ լեզվի ազդեցությամբ բնական պրոցես է: Ամեն լեզու այս եղանակով հարստանում է և ճկուն է դառնում նորանոր գաղափարներ արտահայտելու համար: Լեզվի զարգացումն այս ճանապարհով երբեք չի դադարել: Այսպիսի դեպքում բառերն ու կապակցությունները արդեն ազգայնանում են, և օտար բառերը նույնիսկ ենթարկվում են նույն հնչյունափոխությանը, ինչ որ բնիկ բառերը»:
Փոխառությունների հարցը չի վրիպել նաև Ստ. Մալխասյանցի ուշադրությունից: «Հայերենը…, -գրում է նա,- հեղեղված է պահլավական բառերով ու ոճերով: Խորենացին հունաբան էր, և նա հայերեն ներմուծեց հունական նախդիրներով ստեղծված հունական ձևով բազմաթիվ բառեր, ինչպես նաև հունաբանությունը զգալի դարձրեց շարահյուսության մեջ: Դրանից հայերենը ոչ թե տուժեց, այլ հարստացավ»:
Մայրենի և օտար բառերի մրցության խնդիրը ի վերջո կարգավորում է լեզուն՝ հաստատելով բառի գոյությունը ամենօրյա գործածությամբ և կյանքի հրամայականով:
Նորագույն տեխնոլոգիաների ներթափանցումն այսօր մեր լեզվի զարգացման գործընթացին էլ նոր խլրտում է հաղորդել: Այն զգալիորեն ընդլայնել է լեզվի կիրառության սահմաններն ու ծավալները: Թվային տեխնոլոգիաների, համացանցի գոյությունը նպաստավոր պայմաններ է ստեղծել լեզվի կենսունակության պահպանման համար: Սակայն քիչ չեն նաև մտահոգությունները համացանցային հայերենի աղետալի վիճակի և լեզվի նկատմամբ իրականացվող ոտնձգությունների մասին: Այսպես՝ լատինատառ հայերենի կիրառումը սոցիալական ցանցերում, բջջային հեռախոսների հաղորդագրություններում ակնհայտորեն գերազանցում է մեսրոպատառ հայերենին: Լատինատառ հայերենի պատճառած անհանգստությունն այնքան է աճել, որ համացանցում նույնիսկ հայատառ գրելու օր է սահմանվել:
«Մեսրոպատա՞ռ, թե՞ լատինատառ» մտահոգիչ հարցադրումից զատՙ մեծ թվով բառեր ու արտահայտություններ են ներթափանցել մեր լեզու: Դրանք նորաբանություններ են, օտարաբանություններ: Մեր ամենօրյա խոսքի գործածական բառերն են դարձել մեսիջ, նոթբուք, նեթբուք, ուլտրաբուք, պլանշետ, սենսոր, սմարթֆոն, անդրոյիդ, օնլայն, մոդեմ, ֆայլ, ֆլեշ, բլոգ, բլոգեր, մեյլ, դիջիթեք, սայթ, վինչեստր, պրոցեսոր, յուպիես, յուեսբի, բրաուզեր և այլ բառեր, ինչպես նաև մի շարք արտահայտություններ՝ անգլերենի կամ ռուսերենի ու հայերենի համադրությամբ՝ ինչպիսին «սթարթ կամ ռեսթարթ տալ», «սեյվ անել», «քոփի-փեսթ անել», «սայն աութ անել», «քաթ անել», «սկաչատ անել», «զագրուզկա տալ» և այլն: Շարքը, անշուշտ, կարելի է շարունակել:
Իմ դիտարկումներն ինձ հնարավորություն տվեցին հասկանալու նաև, որ փոխառությունները՝ մասնավորապես նորաբանությունները, մեր կյանք մտնելով, անվարան «հյուրընկալության» են արժանանում հատկապես այն միջավայրում, որտեղ նորագույն թվային տեխնոլոգիաներն ամենալայն կիրառությունն ունեն: Դրանք ամենատարբեր բնագավառի հաստատություններ են, կրթական օջախներ, հիմնարկ- ձեռնարկություններ: Ասելիքս ուզում եմ մասնավորեցնել` անցնելով կրթական այն միջավայրին, որ մեր կրթահամալիրն է:
Մեդիակրթություն իրականացնելու ուղղությամբ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը հանրապետությունում եզակիներից է, և հենց այստեղ է, որ լայն դաշտ է ստեղծվում փոխառությունների, հաճախ նաև օտարաբանությունների կիրառման համար: Այսօր աշխատանքային գործունեության ընթացքում, համացանցերում մենք՝ դասավանդողներս և սովորողներս, հաճախ ոչ միայն գործածում ենք վերը թվարկված փոխառյալ բառերն ու արտահայտությունները, այլև երբեմն նաև մեսրոպատառ հայերենը փոխարինում լատինատառ հայերենով: Թվարկած բառերի շարքում, անշուշտ, կան բառեր, որոնք վաղուց արդեն ունեն իրենց հայերեն համարժեքները, ինչպես ֆլեշ -կրիչ, մեյլ – էլեկտրոնային փոստ, օնլայն – առցանց, մեսիջ – նամակ կամ հաղորդագրություն և այլն: Բայց մենք, չգիտես ինչու, շարունակում ենք գործածել օտար բառերը: Դիջիթեքյան ստուգատեսի անցկացման օրերին առիթ եմ ունեցել հասարակության տարբեր խմբերում ներկայացնելու, լուսաբանելու մեր աշխատանքային գործունեությունը, ստուգատեսն ու նպատակը: Եվ ամեն տեղ ինձ ուղղված հարցերի մեջ հնչում էր նույնը՝ ի՞նչ է դիջիթեքը: Ամենուր հարկ էր լինում բացատրել, որ բառն այս անգլերեն «digital technologis» արտահայտության «հայկականացված» հապավումն է: Արդեն յոթ տարի է, ինչ անցկացնում ենք այս ստուգատեսը: Յոթ տարին, կարծում եմ, բավարար ժամանակ է, որ փորձենք կամաց-կամաց հրաժարվել այս փոխառությունից և ստեղծենք հայերեն համարժեքը՝ ասենք «թիվտեխնոլոգիա» հապավումը՝ հայերենում այս սկզբունքով գոյություն ունեցող հապավումների նմանողությամբ (ասենք՝ հրամկազմ, մանկխորհուրդ, զինգրքույկ և այլն): Մտահոգություններ, անշուշտ, շատ կան, բայց դրանց վրա չէ, որ ուզում եմ հրավիրել ընթերցողի ուշադրությունը: Ի վերջո, ամեն լեզու իր զարգացման տարբեր շրջափուլերում հաճախ է բախվում այսպիսի խնդիրների: Լեզվի կենսունակությամբ է պայմանավորված, թե նա ինչ ճանապարհ կորդեգրի և ինչ արագությամբ ինքնամաքրման գործընթացների միջոցով կձերբազատվի օտարաբանություններից կամ կհայկականացնի դրանք:
Մեր լեզվի զարգացման այսօրվա խնդիրների մասին խոսելիս ըստ արժանվույն պետք է գնահատել աշխատանքների այն ահռելի ծավալը մեդիաոլորտում, որ իրականացնում է կրթահամալիրը: Կրթահամալիրի գլխավոր կայքը, բոլոր ենթակայքերը, էլեկտրոնային «Դպիր», «Լուսաստղ», «Պարտեզ», «Թարգմանիչ» ամսագրերը, դասավանդողների և սովորողների բլոգները, նրանց ներգրավվածությունը այլ սոցիալական ցանցերում արդեն փաստում են մայրենիով նորանոր տիրույթներ զբաղեցնելու մասին: Ոչ մի ուրիշ ժամանակ մենք՝ դասավանդողներս և սովորողները, այսքան հայերեն չենք կարդացել ու գրել, որքան հիմա, և այսքան հայերեն չենք թարգմանել: Կրթահամալիրում նախագծային ուսուցում վաղուց ենք իրականացնում, որի շնորհիվ ամեն մի դասվանդող ու սովորող հարստացնում է հայալեզու համացանցը: Բայց ահա ուրախությամբ պիտի փաստեմ «Վիքիմեդիա» նախագծի աշխատանքների մասին 1: Ուրիշ ե՞րբ է եղել, որ դպրոցականը հնարավորություն ունենա մասնակցելու այսպիսի ազգանվեր (թող բարձրագոչ չհնչի) գործի, ինչպիսին հիմա: Այո’, հետաքրքիր կլիներ, որ մեր հետազոտական նախագծերում լինեին նաև այնպիսի աշխատանքներ, որտեղ սովորողները կառանձնացնեին նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ իրենց բառապաշար մտած բառերը, դրանց միջոցով կարելի է հետաքրքիր լեզվական խաղեր, «գլուխկոտրուկներ» հորինել կրտսեր դպրոցի սովորողների համար և նրանց մասնակցությամբ, ուսումնական տեսաֆիլմեր նկարահանել: Բառերն այսպես, թե այնպես օգտագործվում են, պարզապես անհրաժեշտ է ուսումնական ուղղվածություն տալ գործածությանըՙ այս ճանապարհով սովորողին ոչ միայն ուղղորդելով ձերբազատվելու պարտադրված օտար ձևերից, այլև սրտով զգալու ու սիրելու մայրենին:
Ավելի բարձր դասրանցիները՝ հատկապես լեզվական հմտություններ ունեցողները, կարող են մտածել դրանց հայերեն համարժեքների շուրջ: Առաջարկում եմ ստեղծել երկլեզու, եռալեզու բառարաններ, որոնք կընդգրկեն նորագույն տեխնոլոգիաների միջոցով հայերեն թափանցած նորաբանությունները անգլերենով, ռուսերենով ու հայերեն համարժեքով կամ քանի դեռ չկա համարժեքըՙ փոխառությամբ: Թումանյանն ասում է. «…միայն պետք է իմանալ դրանք շնորհքով, խելացի առնել և տեղը գործածել…»:
Լեզուն օրենք ու պարտադրանք չի ճանաչում: Նա գնում է իր ճանապարհով և այն, ինչ ժամանակի մեջ իբրև պարտադրանք՝ աննկատելիորեն կպչում, փաթաթվում է իրեն, նա ինքնամաքրման գործընթացների շնորհիվ ազատագրվում է այդ պարտադրանքներից: Մենք արագ ենք ընտելանում օտար լեզվական տարրերին և կաղապարներին, բայց և նույն արագությամբ էլ ստեղծված հաճախ անկառավարելի լեզվական խառնաշփոթի մեջ սրվում են մեր մտահոգություններն ու անհանգստությունները լեզվի մաքրության շուրջ: Արդյունքում մեզանում ավելանում, զարգանում է մաքրախոսության ձգտումը: Սա բնական լեզվական գործընթաց է, և լեզվի անաղարտությունն ապահովելու գործը յուրաքանչյուրինս է: Շարունակենք մտածել, գրել ու խոսել հայերեն: