Սովորողների ինքնուրույն, ստեղծական ու ակտիվ գործունեության ավելի լավ շրջան քան այս ստուգատեսայն ճամբարն էր, դժվար է պատկերացնել: Միանգամից երեք ստուգատես՝ Հանրակրթական Դիջիթեք, բնագիտատեխնիկական և մարզական, «Ես կարողանում եմ» ստուգատեսն էլ նոր ենք ավարտել:

Ճամբարային առօրյան կրթահամալիրի համար նորություն չէ, բայց այս անգամ ճամբարն իր բովանդակությամբ, կազմակերպման ձևով և ժամանակացույցով տարբերվում էր մյուս բոլորից: Սկզբում մտավախություն կար, որովհետև ճամբարի ստուգատեսային բովանդակությունն այնքան էլ լավ չէինք պատկերացնում. ճամբարի բովանդակության բաղկացուցիչներն էին ակումբային գործունեությունը, լրացուցիչ կրթությունը և ստուգատեսները, իսկ կրտսեր դպրոցում, որպես կանոն, վերոնշյալ երկու բաղադրիչները՝ ակումբային գործունեություն և լրացուցիչ կրթություն, չեն լինում, մնում էին միայն ստուգատեսները: Ստուգատեսներին ներկայացվում են տարվա ընթացքում պատրաստված աշխատանքներ, ու ենթադրվում էր, թե ճամբարային երկու շաբաթվա ընթացքում անելիք չենք ունենա, ճամբարային ուրախ առօրյան կվերածվի սովորական պարապմունքների… Բայց սկսված և շարունակվող ստուգատեսները թելադրեցին իրենց ընթացքը:

Ճամբարը դարձավ մինչև վերջ ուսումնական և գործունեության միջավայր: Երբեք ոչ մի ճամբարին դասավանդողներն այսքան կոնկրետ ու ամբողջական անելիքների նախագիծ չեն ունեցել, ինչպես այս անգամ, իսկ սա ցուցանիշներից կարևորն է, ինչպես ցանկացած գործում կարևոր է գործը նախաձեռնողի ոգևորվածությունը, կարևոր է անելիքն իմանալու և նպատակաուղղված աշխատելու միտումը, այնպես էլ կրթության կազմակերպման մեջ շատ մեծ է այն իրականացնողի դերն ու նշանակությունը, որովհետև եթե կա դասավանդողի ոգևորվածությունը, ապա այն անպայման փոխանցվում է սովորողին: Ուսումնական աշխատանքը նման է հայելու, որն արտացոլում է դասավանդողի բոլոր արածներն ու չարածները. եթե հավեսով ես աշխատում, ունենում ես ոգևորված ու հավեսով սովորողներ, եթե ոչ, ապա՝ հակառակը:  

Բնականաբար ուսուցչի ոգևորվածությունը փոխանցվեց սովորողին, իսկ սովորողից էլ ոգևորությունը գնաց ավելի հեռու, հասավ ընտանիք, և տեսեք, թե Հիմնական դպրոցի ենթակայքը ինչպես են ողողել ընտանեկան ստուգատեսային նյութերըԱռաջին դասարանցիները իրենց ծնողների հետ մեդիադպրոցին արժանի սովորողների լուրջ հայտ են ներկայացնում: Ես անգամ չէի էլ պատկերացնում, որ բնագիտությունն այսքան գրավիչ, այսքան ոգևորող ու ուսումնական կարող է դառնալ. տեսեք Թամար Մարիմյանի բնագիտական փորձերի շարքը: Ճամբարի հաջողության մասին են վկայում ոգևորության արդյունք ուսումնական բազմաբովանդակ նյութերը:  բա որ տեսնեք, թե Գասպարյան Լուսինեի 3-րդ դասարանի, Անահիտ Աղասյանի 2-րդ դասարանի սովորողներն ինքնուրույն ինչ ռոբոտ են պատրաստում…

Ճամբարը հունվարին կազմակերպելու դրական կողմերից մեկն էլ սովորողների հաճախումներն են: Եթե հետևենք հաճախումների գրանցման մատյանին, առանց պատճառները մեկնաբանելու ուրախությամբ փաստում ենք, որ բացակայություններ գրեթե չունենք:

Հունվարյան ստուգատեսային ճամբարը Հիմնական դպրոցում ունեցավ  հետաքրքիր դրսևորումներ. երաժշտության երկշաբաթյա պարապմունքներն ամփոփվեցին ծիսական երաժշտական համարով, որտեղ սովորողներն ու դասավանդողները ներկայացան իրենց ողջ հմայքով, երաժշտական հակումներով: 

Ստուգատեսներում երաժշտական մասը կարծես թե պակասում էր, բայց այդ պակասը ճամբարային բովանդակության մեջ լրացրինք: Ազգային երգն ու պարը, խաղիկները յուրահատուկ հմայք ունեն, ու դրանց ուսուցումը կրտսեր դպրոցում առանձին գրավչություն է հաղորդում հենց մեր՝ դասավանդողներիս առօրյային: Ինքս մեծ հաճույքով եմ մասնակցել բոլոր երգերի, պարերի, խաղիկների ուսուցմանը, դասվաների, երաժշտության մասնագետի հետ մշակել ենք Բարեկենդանի ծիսական երգերի կատարման փոքրիկ սցենար: Նախապես բոլոր երգերն ու խաղիկները բացատրել ենք սովորողներին, մեկնաբանել դրանց դերն ու նշանակությունը, որի շնորհիվ սովորողները դրանք հասկանալով և հաճույքով էին կատարում: 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով