Կրթահամալիրի տնօրենի օրագրից 1500-րդ գրառումը
Նոր շեշտադրում իմ գրում 1500-րդ հոբելյանական․․․ Ջա՜ն․․․
Ինձ թվում է, նախնիք այլ կերպ են շեշտադրություն ունեցել։ Հնագույն եղանակների, անհայտ շարականների տաղաչափությունը շատ հետաքրքրական է, որ բավական պարզեցավ ինձ համար, որովհետև երաժշտական շեշտադրությունը պահպանված է երևում, որին կից և լեզվինը․․․
Կոմիտասից այս շեշտադրումով ես բացում եմ Արթուր Շահնազարյանի «Տաղաչափությունը»՝ միջնադարյան խազարվեստը հայ երաժշտական մշակույթի համակարգում բազմահատորի երրորդ գիրքը, որ «Զանգակ»-ի հրատարակմամբ, Արթուրի նվիրմամբ հայտնվել է իմ սեղանին, որի բացումով, ահա, ակնածանքով-դողով, սկսում եմ իմ 1500-րդ գիրը․․․
Ֆեյսբուքի վաղորդյան իմ անդրադարձում Լիլիթ Բլեյանի այս հրավեր-տեղեկությունը մնաց։ Լոֆթ ակումբում, hոյեմբերի 28-ին, երեկոյան ժամը 19։30, կկայանա «Ինչպես խոսքը դարձնել երգ» թեմայով զրույց-քննարկումը… ժպիտ։ Լիլիթն այս նախագծով ներկայացավ կրթահամալիրի գրական ակումբում և Սեբաստացու օրերին՝ ամենամյա նոյեմբերյան․․․
— Մի՛ անհանգստացիր, Արմի՛ն,- Լուսինե Փաշայանն իրեն զարդարող լույսով-խաղաղությամբ դիմում է երեկ Արմինե Աբրահամյանին՝ ընկերական․․․- Դավիթն արդեն բոլորին՝ սովորողներին, ուսուցիչներին, ում հանդիպել է, բոլորին ասել է, որ վաղը՝ նոյեմբերի 21-ին, իր քույրիկ Աստղիկն է ծնվելու․․․ Դու քո օրով զբաղվի, Արմին ջան․․․
Իսկ Արմինեն այնքա՜ն ուզում էր, որ ծնունդից հետո մարդիկ իմանային․․․
Ժպի՜տ․․․ Դավիթն ու իր քույրիկը՝ իր որոշած Աստղիկը․․․
Ուսուցիչ ինձնից չստացվեց, և իմ գիրը-պատումը ուսուցչի չէ․․․ որքան էլ նրան հավատարիմ ընթերցողը ուսուցիչ-սեբաստացին է․․․ Զարմանալի այս մասնագետը, նրանց մեջ և Արմինե Աբրահամյանը, միշտ ու կոնկրետ, իմ՝ տիար-տնօրենի աջակցություն-պաշտպանությունն ունի․․․ Բլեյան բաց կրթական ցանցով՝ կրթահամալիրում ստեղծված հեղինակային մանկավարժության տարածումով, ես կարող եմ այդպիսի աջակցություն ունեցողների-պաշտպանվածների թիվը-աշխարհագրությունն ընդարձակել, միայն թե մարդը-հավաքանին նախաձեռնի, որոշի, կամենա… Միայն թե ուսուցիչը մանկավարժությամբ զբաղվի…
Դպրոցի տնօրեն էլ ինձնից չստացվեց, որքան էլ Բլեյանի դպրոցում՝ կրթահամալիր փորձարարական-հետազոտական միավորումում տարբեր կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների մեծ տեսականի եղել է ու կա՝ նախակրթարան, կրտսեր դպրոց, դպրոց-պարտեզ, միջին ու հիմնական դպրոց, տարատեսակ ավագ դպրոցներ ու քոլեջ, ուսումնական կենտրոնների փունջ… Այլ՝ առաջամարտիկի փոթորկուն-թափով զարգացում ունեցավ թիվ 183 միջնակարգ դպրոցը՝ հայերեն և ռուսերեն ուսուցմամբ, բազմաքանակ, երկհերթ, հընթացս-հախուռն կառուցապատվող Բանգլադեշում՝ Հարավարևմտյան զանգվածի բնակելի արվարձաններում… Ու ես դարձա կրթահամալիրի Բանգլադեշի նախաձեռնողը, նախագծողն ու շինարարը․․․ Դավիթ Բլեյանի որոշումը՝ շինարար-նախագծող դառնալու, 6 տարեկանում, երբ քարտեզ—տեղեկատվական թերթիկը յուրացրեց ուրիշներին փոխանցելուց առաջ, այստեղի՞ց է․․․
Ֆոտոմիացում կրթահամալիրի Արևմուտքից:
Լուսանկարները՝ Սոնա Փափազյանի:
Իմ խոսքն այո, նախ և առաջ կրթական ամենատարբեր ծառայությունների բազմապիսի շահառուներով հանրակրթության մասին է… Եվ Բլեյանի կրթական ցանցը մտածված է, որ ես, որպես տիար, օգտակար լինեմ մեծ թվով կրթության կազմակերպիչների, դպրոցների, ծառայությունների անկախ-ղեկավար նախաձեռնողների՝ իրենց նախաձեռնությունների հաջողության մեջ, կրթահամալիրի Բանգլադեշում, Երևանում և Երևանից դուրս․․․ Միայն թե մանկավարժության կազմակերպիչը մանկավարժության կրող լինի։ Հեղինակային մանկավարժական ցանցը մեր բաց է, որպես կրթություն՝ առանց սահմանների, որպես ամբողջական ներառական ուսուցման միջավայր, որպես հասարակ մարդկանց զարգացող ընկերակցություն․․․
Եվ այսպիսի կրթական ցանցը՝ անսահման-անիշխան, մտածված է որպես գործատու տիարին՝ անհաշիվ, անորոշ թվով Աստղիկ-Դավիթների բատուտային-հետաքրքիր, անվտանգ-հիգիենիկ, ինքնավար-ինքնաբուխ կյանքով զարգացող աշխարհ․․․
Երեկ ես կարողացա 14։30-15։00 հանդիպել Բլեյան ցանցով վերապատրաստվող հանրապետության դաստիարակներին, փորձառու սեբաստացիների խմբի հետ՝ սենսեյ Հայկուհու, լաբորատորիայի ղեկավար՝ Նելի Արղությանի ու դաստիարակ սեբաստացիների։ Ես ներկա էի, մասնակցում էի ո՛չ որպես տնօրեն, այլ որպես տիար․․․
Եվ այն լրջությունը, որով ոտքի վրա, մեր Հյուսիսային դպրոցի արևելյան կողմում կայացավ ծնող, ինչպես պարզվեց՝ ճարտարապետ-նախագծող Արթուր Այվազյանի հետ հանդիպումը, որ ուղեկցում էր իր երեխային․․․
— Ես կարող եմ, տիա՛ր, ձեզ օգտակար լինել, դուք դրա կարիքը հիմա շատ ունեք…
Հարգելի Արթուր, երեկվա մեր հանդիպումը պատահական չէր, անհրաժեշտություն էր։ Հենց ունենաք ժամանակ, զանգեք, քայլենք կրթահամալիրի Բանգլադեշով։ Ձեր աշխատանքի գործունեության նկարագիրը տպավորիչ է։ Շնորհակալ եմ։
Այո՛, մենք հիմա մեր մանկավարժության պատվիրատու ծնողի, մեր գործընկերոջ մասնագիտական բարեխիղճ աջակցության կարիքը ունենք․ փողն ի՜նչ… այդ ընթացքում բազում գաղափարների ձևով կստեղծվի… Այսպիսի աջակցության, տնտեսության կազմակերպման տարատարիք կոոպերացիայի՝ արտադրությամբ ուսուցմամբ, տեխնոլոգիական հանրակրթության շրջանում է Բլեյանի դպրոցը՝ նախակրթարանից սկսած… Սրա համար է հենց հրավիրված Կարապետ Ռուբինյանը…
— Դա այնքա՜ն ակհայտ է, Վաթսո՛ն,- կբացականչեր հայտնի Շերլոկ Հոլմսը։ Ու իմ գիրը դա գիտի․․․ Ես չեմ կարող ենթակա լինել ո՛չ անձի ֆիզիկական, ո՛չ կազմակերպության, ո՛չ անգամ Հայաստանի Հանրապետությանը․․․ Ես ուխտ ունեմ՝ միշտ դեպի լույս․․․
Խմբագիր՝ Սուսան Մարկոսյան