Արգելել չի կարելի թույլատրե՞լ

Շատ մեծահասակներ կրակահերթեր, ռումբեր ու դաժանություն են պատկերացնում, երբ մտածում են տեսախաղերի մասին: Հենց դա է պատճառը, որ ծնողները ջանում են նվազագույնի հասցնել այն ժամանակը, որը երեխաներն անցկացնում են խաղալով: Սակայն նոր հետազոտությունը խոսում է այն մասին, որ վարվելով այդպես, կարող եք խանգարել ձեր երեխայի զարգացմանը:

Սոցիոլոգ Սթիվեն Ջոնսոնը՝ «Ցանկացած վատ բան ձեզ համար լավ է» աղմուկ հանած գրքի հեղինակը, ասում է. «Շատ գործածելու դեպքում այս բոլոր խաղերը քայքայում են ուղեղը, սակայն նորմալ չափաբաժիններով ունենում են ծածուկ բարերար ազդեցություն»: Ջոնսոնը համարում է, որ թեˊ բռնություն պարունակող, թեˊ դրանից զուրկ տեսախաղերը երեխային ավելի խելացի են դարձնում: «Խաղի ժամանակ պետք է մի քանի խնդիր միաժամանակ կատարել, տարբեր ռեսուրսներ օգտագործել ու յուրաքանչյուր վայրկյան որոշում կայացնել»: Իրոք, որպես կանոն, տեսախաղերում հաղթելու համար խաղացողը պետք է կատարի որոշակի թվով խնդիրներ:

Խնդիրլուծում

Փորձագետների կարծիքով տեսախաղեր խաղացող երեխաները ցուցաբերում են «ճկուն միտք» կամ խնդրի լուծում: «Նրանք պետք է հասկանան խաղի կանոնները և սկսեն ռազմավարորեն մտածել»,- ասում է Ջեյմս Փոլ Ջին՝ Վիսկոնսին-Մեդիսոնի համալսարանի դասախոս-պրոֆեսորը:

Հիշողության մարզում

ԱՄՆ-ում հետազոտողներն արձանագրում են բնակչության շրջանում IQ-ի ցուցանիշների չլսված արագ աճ: Հնարավոր է, որ դրա պատճառը տեսախաղերն են, որոնք մարզում են ուղեղը և ընտելացնում այն՝ ինֆորմացիան արագ անալիզի ենթարկելու: Ռոչեսթրի համալսարանի վերջին հետազոտությունը ցույց տվեց, որ այն մարդիկ, որոնք հաճախ են տեսախաղեր խաղում, չխաղացողներից տասներեք տոկոսով ավելի լավ են հիշում, թե քանի պատկեր կա համակարգչի էկրանին:

Դաստիարակչական ազդեցություն

Սրընթաց հաղորդակցության և արագ որոշումների ժամանակակից աշխարհում խաղերը երեխաներին կարող են օգնել՝ հետագայում հաջողության հասնելու ձիրք զարգացնելով նրանց մեջ: «Երեխաները պետք է սովորեն այնպես մտածել, ինչպես հարկ է լինելու մտածել գրասենյակում աշխատելիս»,- ասում է Ջոնսոնը: Այդուհանդերձ, սոցիոլոգը խորհուրդ է տալիս բռնություն չպարունակող խաղեր առաջարկել երեխաներին՝ այդպես տեսախաղերի ուսուցողական ազդեցությունը նաև դատիարակչական կլինի:

Թարգմանություն ռուսերենից 
Լուսանկարը` Տաթև Թամազյանի բլոգից

Թարգմանիչ՝ Սուսան Հովհաննիսյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով