Սովորեցրեք ձեր սեփականը
Երկու տարեկան տղայի մայրն ինձ ասաց, որ մի պատմություն է գրել, որտեղ հերոսն իր որդին է , իսկ մյուս բոլոր կերպարներն իրենց փոքրիկ կալվածքի կենդանիները: Տղային դուր էր եկել պատմությունը: Ավելի ուշ նա գրի առավ և մի օրինակ ուղարկեց ինձ՝ ասելով.
— Դուք այն փոքր-ինչ սրամիտ կարող եք համարել, սակայն հինգ տարեկան տղան ողջ ճանապարհին շշուկով հարցնում էր. «Արդյո՞ք սա ճիշտ է»:
Երեխաները, քաղաքում լինեն, թե գյուղում, ավելի հետաքրքրված են այն պատմություններով, որոնցում իրենք դեր ունեն, և որոնք լի են իրենց ամենօրյա կյանքից վերցված իրադարձություններով: Ծնողները կամ այլ մարդիկ, որոնք երեխաներին լավ գիտեն, ամենակատարյալ մարդիկ են այդ պատմությունները հորինելու համար: Նույնիսկ, եթե դրանք շատ հղկված չեն, այդպիսի պատմությունները շատ ավելի հետաքրքիր են, քան փոքր երեխաների համար գրված գրքերի պատմությունների մեծ մասը:
Սամերհիլից Ա. Ս. Նեյլը պատմություններ էր հորինում այնտեղի երեխաների համար, որտեղ նրանք գլխավոր հերոսներն էին, որոնք հետապնդում էին կամ հետապնդվում էին տարբեր գործակալների, գողերի և չարագործների կողմից: Ինչպես շատերը գիտեն, «Ալիսը հրաշքների աշխարհում»-ն էլ ստեղծված էր իրական երեխայի համար, որն Ալիսն էր պատմության մեջ: Այսպիսով, փորձեք պատմություններ գրել ձեր երեխաների համար: Ինչպես ցանկացած այլ դեպքում, հենց որ դուք անեք դա, կսկսեք որակը լավացնել:
Ահա իմ ընկերոջ պատմության մի մասը.
Խոզն անկողնում
Անցյալ երեքշաբթի մի տարօրինակ բան պատահեց. Ջեքը շուտ տուն եկավ, և նրա ծնողները գնացել էին: Նա անմիջապես հասկացավ, որ ինչ-որ բան կատարվում է։ Երբ նայեց իր ընկերոջը՝ քոթոթին (նա կոկա կոլա էր խմում, կում էր անում խոսելիս):
— Հե՜յ, Ջե՛ք, դուրս նայի՛ր, ավելի լավ է մի կողմ քաշվես:
Ձին ու իր քուռակը գնում էին վարգելու:
Ջեքը շրջվեց, երբ պիկապ բեռնատարը արձակեց մի ձայն, որ շարժվելիս է լինում:
Ձին վերցրեց սարքը և անցավ, հետո, մինչև սրընթաց գնալը, նա գոչեց.
– Կներես, Ջեք, որ վերցնում եմ քո մեքենան։
Սակայն արդեն բավականին ժամանակ է, ինչ հեռու ենք գնացել:
Ջեքն ապշած նայեց, հետո զարմացավ, հետո ասաց.
– Լավ, բայց դու կփորձե՞ս օրվա վերջում վերադառնալ:
Նա թոթվեց ուսերն ու գնաց խոհանոց, բայց երբ հասավ, խոհանոցը լի էր հավերով:
— Պարզապես մի փոքր կեսօրվա հյուրընկալություն է: Մենք սարսափելի հոգնել ենք հին ցորենն ուտելուց,- ասացին հավերը և խառնեցին ու թխեցին, մինչև պատրաստեցին բանանի համեմունքներով տորթ:
Ուր էլ որ Ջեքը տանը նայում էր, կենդանիներ էր տեսնում, նույնիսկ անկողնում: Ինչպե՞ս նրանց հաներ, մինչև իր ծնողները կվերադառնային:
Հետո նա մի լուծում մտածեց.
— Հասկացա՜,- ասաց Ջեքն ու սկսեց բղավել.- մառանում շոկոլադե պաղպաղակ կա:
Հավերը թև առան, խոզը դուրս ցատկեց անկողնուց:
Կովը լքեց լոգարանը, և այծերն արագ փախան:
Ճանապարհի կողքին ձին կայանում էր բեռնատարը:
Ջեքը վազեց դեպի սառնարան:
— Օ՜, բախտս բերեց:
Նա հանեց երկու գալոն շոկոլադե պաղպաղակ:
— Բոլորին կհերիքի, քանի դեռ լավ եք ձեզ պահում:
Նա արդար բաժանեց այն կալվածքում բոլորին՝ խոզին՝ խոզանոցում, կովին՝ գոմում:
— Շնորհակալ եմ Աստծուն, որ դու գիտեիր, թե ինչ անես,- ասաց շունը՝ անցնելով իր ափսեի մոտով: — Ես էլ եմ ուզում:
— Իհարկե, — ասաց Ջեքը:- Բայց ի՞նչ կասի մայրիկը, երբ տեսնի, որ այսօր երկու գալոն պաղպաղակ եմ կերել:
Շատ ծնողներ, կալվածքում լինեն, թե քաղաքում, կարող են հյուսել նման տնային դյուցազներգություն: Կարիք չկա, որ այն նույնքան պոետիկ կամ հանգավորված լինի, որքան սա. երեխաները, որոնք գտնեն իրենք իրենց պատմության մեջ, չեն բարկանա:
Ռեքվիեմ կրիայի համար
Փոքր երեխաները, երբ մենակ են մնում, սիրում են իրենց սեփական երգերն ու ներբողները ստեղծել: Մի մայր ինձ պատմեց մի ներբողի մասին, որ իր երկու տարեկան և ինն ամսական դուստրն էր հորինել մի օր, երբ ռիթմով պտտվում էր, և տեսավ, թե ինչպես ինչ-որ բան ճռճռոցով անհետացավ իր կատվի բերանում:
Ներբողն այսպիսին է.
Օհ, մենք գնացինք քաղաք:
Քաղաք գնացին իմ մայրիկն ու Մերի Ջինը:
Մենք մի քանի սիրուն կրիա տեսանք, մի քանի
Փոքրիկ կրիա:
Այո, տեսանք, օ՜, այո, տեսանք:
Սիրունիկ, սիրունիկ փոքրիկ կրիաներ:
Նրանք այս ու այն կողմ էին շարժվում,
Նրանք վերուվար էին անում իրենց գլուխները,
Նրանք վերուվար էին անում իրենց ոտքերը,
Եվ իրենց պոչերն էին շարժում, շարժում: Օ՜հ:
Իմ մայրիկն ինձ համար գնեց
Երկու փոքրիկ կրիա,
Երկու փոքրիկ կրիա,
Եվ մեկ փոքրիկ կրիան
Մյուս փոքրիկ կրիայի
Միայնությունը զարդարեց…
Նա նրա միայնությունը զարդարեց… Օ՜:
Նա նրա միայնությունը զարդարե՞ց: Ոչ:
Նա դուրս սողաց, դուրս սողաց:
Նա ընկավ գետնին… Օ՜:
Օհ, օհ, օհ, օ՜հ:
Նա դուրս սողաց
Նորից ու նորից:
Հավատս չի՜ գալիս:
Ես նայում եմ, նայում եմ գետնին:
Ես գտել եմ այդ փոքրիկ կրիային, օ՜:
Հավատս չի՜ գալիս:
Բայց նա շարժվում է ու բարձրանում:
Նա ընկում է դուրս՝ սեղանին, օ՜:
Այդ հիմարիկ, փոքրիկ կրիան, օ՜:
Նա ընկնում է գետնին, օ՜:
Խեղճ փոքրիկ,
Հիմարիկ, փոքրիկ կրիա, օ՜, և Պոկոն՝
Կատուն կերավ նրան ամբողջությամբ:
Վա՛տ, վա՛տ Պոկո:
Այդ կրիան ճանկռեց նրան,
Նա ճանկռեց նրան, այդ Պոկոյին,
Ստամոքսում:
Կարծում եմ:
Կարծում եմ՝ նա ճանկռեց Պոկոյին ստամոքսում:
Իմ մայրկիկն ինձ համար մի ուրիշ փոքրիկ կրիա կգնի:
Միգուցե:
Որպեզի այս լավ փոքրիկ կրիայի հետ խաղա:
Խեղճ, հիմարիկ, փոքրիկ կրիա:
Օհ, օհ, օ՜հ:
(Հետո պարզվեց, որ կատուն չի կերել կրիային, այն երեխայի մահճակալի տակ էր):
Մի շատ պատանի նկարիչ
Մի հայրիկ գրում է մի «վաղահաս» նկարչի մասին.
«Մենք տանը կրթվելու մասին երջանիկ մի պատմություն ունենք:
Մինչև Մ-ի ծնվելը, մենք որոշել էինք նրան չուղարկել դպրոց: Քաղաքից դուրս տեղափոխվեցինք՝ մտածելով, որ այստեղ ավելի հեշտ կլինի: Հիմա հասկանում եմ, որ երբեմն կարող է ավելի դժվար լինել:
Մեր բախտը բերեց։ Մեր տեղական դպրոցի ուսուցիչն ու դպրոցական խորհուրդը, որտեղ ես պահակ եմ աշխատում, հանդուրժող ու աջակից էին: Ուսուցիչը լավագույններից մեկն է:
Մ-ն գնում է շաբաթը մեկ օր՝ որ օրը ցանկանա: Նա կարծում է, որ շաբաթական մեկ անգամից ավելին ահավոր կլինի: Մի պատճառաբանությունը, որ հուսով ենք՝ կօգնի, եթե դպրոց չգնալու հետ կապված որևէ խնդիր ունենանք, այն է, որ նա երկլեզու է և տանը մյուս լեզվով է սովորում: (Երկլեզվությունը պաշտպանող օրենքներ կան կալիֆորնիական դպրոցներում): Մ-ի մայրը ճապոնացի է: Մ-ն սկսել է նկարել, երբ վեց ամսական էր: Ամեն ինչ, որ նա անում էր, համարվում էր կարևոր արվեստ: Մեկ տարեկանում նա ավելի լավ էր նկարում, քան շրջապատում գտնվող որևէ մեկը: Իմանալը, որ նա ինչ-որ բան ավելի լավ է կարողանում անել, քան որևէ մեկը, նույնիսկ ավելի լավ, քան ամենագիտակ հսկաներն իր շրջապատում, ամրացնում էր իր կարողությունը: Մյուս բնագավառներում այն նրան վստահություն էր տալիս որևէ դժվար բան փորձելու, հետո՝ շարունակելու, մինչև որ ինքը կարողանար լավ անել: Մեկ տարեկանում նրան նկարակալ և մի քանի տեմպերա ներկեր տվեցինք: Իր երկրորդ ծնունդին նա ոչ տոկսիկ ակրիլներ ստացավ. այն ժամանակից ի վեր նախընտրում է միջին չափսը:
Նա այնքան շատ սկսեց սիրել նկարելը, որ սկսեց ինքն իրեն նկարչուհի անվանել: Մենք սկսեցինք հետաքրքրվել մյուս նկարիչ երեխաներով և ուրեմն ստուգեցինք մանկական նկարչական ասպարեզը Սան Ֆրանցիսկոյում, որտեղ այն ժամանակ ապրում էինք: Մի զարմանալի հայտնագործություն արեցինք, որ Մ-ն մանուկ նկարիչ է, որը մանկական նկարչություն չի անում: Մանկական ցուցահանդեսում նրա գործն անհեթեթորեն անտեղի էր թվում: Մանավանդ այն բանից հետո, երբ նա սկսեց ակրիլներ օգտագործել, քանի որ միշտ համարվում է, որ մանկական նկարչությունը պիտի արվի ջրաներկերով: Ակնհայտ պատճառներով ակրիլներն ավելի հեշտ է օգտագործել, քան պաստառային ներկերը կամ տեմպերաները, բայց ավելի թանկ են: Մարդիկ գիտեմ, որ իմ աշխատավարձից հինգ կամ վեց անգամ ավելի են ստանում, բայց ասում են, որ չեն կարող իրենց թույլ տալ երեխաների համար ակրիլներ գնել: Սա իրականում նշանակում է, որ նրանք մտածում են, թե երեխաները չեն կարող անել այդքան արժեցող բան: Այս ուղղությամբ ավելի մանրամասն հետաքննելով, մեծահասակների աշխարհը հասկանալու միջոցով կարելի է սկսել բացատրել, թե ինչը ես ի նկատի ունեմ՝ ասելով, որ մանկական նկարչությունը մեծահասակների հայտնագործությունն է: Սան Ֆրանցիսկոյում և Տոկիոյում մանկական նկարչական հաստատությունների հետ ունեցած մեր բոլոր շփումները եղել են տհաճ փորձություններ: Մարդիկ զարմանում են, բայց ավելի թերահավատ են: Երևի մտածում են, թե նա կլինի քառասուն տարեկան ծեր գաճաճ կլինի՝ ձեր գրքերից մեկից: (Հեղինակի ծանոթագրությունը. սա վերաբերում է «Փախչելով մանկությունից» գրքի մի էպիզոդի):
Վերջապես հասկացանք, որ նրանք թշնամի են: Մենք խուսափում ենք նրանցից, արհամարհում մանկական նկարչության մասին նրանց հիմար գրքերը («Երեխաներն ընդհանրապես պատրաստ չեն լինում նկարելու մինչև հինգ տարեկանը»), ունքերն ենք կիտում այն միսիոներական ժպիտի վրա, որ սովորաբար պահոմ են իրենց դեմքերին: Երբ նրանք ասում են, որ Մ-ի գործերը չափազանց լավն են իր տարիքի համար, ես հարցնում եմ նրանց, արդյո՞ք կասեն, թե Պիկասոյի էրոտիկ նկարները՝ արված վերջին տարիներին, լավն են իր տարիքի համար:
Ապացուցված է, որ երեխաներն ունեն իրենց ուրույն երևակայությունը, որը փչանում է սոցիալականացման ընթացքում, և որ իբրև հասուն նկարիչներ, նրանք պետք է պայքարեն՝ այն վերագտնելու համար, եթե ուզում են օրիգինալ տեսակետ ստեղծել:
Պետք է մարդկանց համար ինչ-որ տարբերակ լինի մեծանալու՝ առանց դա կորցնելու, թեև դա հազվադեպ է պատահում: Ամենաակնհայտ բանը տանը կրթվելը, և միգուցե, աղճատված մանկական նկարչության ազդեցությանը ենթարկվելը կանխելն է: Մի ցուցանիշ, թե ինչ կպատահեր Մ-ի հետ, եթե նա ստիպված լիներ ողջ ժամանակ գնալ դպրոց, այն է, որ երբ նա նկարում է դպրոցում, նրա նկարները կաշկանդված ու անհետաքրքիր են: Դրանք այնպիսին են, ինչպիսին մանկական նկարները պիտի լինեն՝ սրամիտ և հեշտ հասկանալի: Նա նաև իր ստորագրությունն է տպագրում դրանց վրա, ինչպես մյուս երեխաներն են անում: Նա միշտ իր անունը ձեռագիր է ստորագրել, և բացի ձեռագրից ուրիշ ոչինչ չի օգտագործել չորս տարեկանում այն սովորելուց իվեր: Հիմա նա յոթ տարեկան է:
Մ-ի երկխոսությունները նկարներում պատկերվածի վերաբերյալ այնքան հետաքրքիր էին. երբ նա նկարում էր, որ երբ նա չորս տարեկան էր, ես որոշեցի հանել նրա հին նկարներից մի քանիսը՝ խոսելու դրանց մասին: Նրան դուր եկավ իր գանձերը նորից տեսնելը: Նա կրկնեց նույնը, ինչ որ ասել էր, բայց ավելի հակիրճ: Նա դրանք բանաստեղծություն էր անվանում:
Հինգ տարեկանում նա սկսեց գրել իր սեփական բանաստեղծություններն ու պատմությունները:
Չորս տարեկանում նկարի մասին նրա գրած բանաստեղծություններից մեկը նկարագրում է իր երևակայածը, թե ինքն ինչ էր անում, երբ իր ծնվելուց հինգ տարի առաջ մեզ հետ թափառում էր աշխարհով. «Երբ ես մայրիկիս ստամոքսում էի, այնտեղ շատ մութ էր, և ես երբեմն ուզում էի դուրս գալ: Գաղտնի դռան միջով ես նայում էի մայրիկիս ստամոքսից դուրս՝ պորտի միջով: Ուր էլ որ մայրս գնում էր, ես նայում էի գաղտնի դռան միջով: Ամեն անգամ, որ ես դուրս էի նայում, նա գալիս էր մի նոր քաղաք: Ես տեսա ամբողջ աշխարհը: Այդտեղ եմ ես ծնվել»:
Իր նամակի հետ միասին հայրն ուղարկել էր ինձ Մ-ի վաղ աշխատանքների վերարտադրություններ՝ հինգ նկար՝ արված քսանվեցից երեսունութ շաբաթականներում: Դրանք տպագրված էին Ճապոնիայում, հավանաբար ինչ-որ թանագարանի կողմից, մանկական նկարչության ցուցահանդեսի առնչությամբ: Ես ենթադրում եմ, բայց նրանք նման էին բացիկների, որ թանգարանում կարելի է գնել: Իրենք՝ նկարները ցնցող են: Դրանցից երեքը տեսնելիս ձեր բերանը բաց կմնար, եթե տեսնեիք «մեծերի» նկարչական ցուցահանդեսում:
Գույները, ուրվագծերը, նկարչությունը, դիզայնը, նկարների հիմքում ընկած գաղափարը յուրահատուկ են: Ես պատրաստ եմ հավատալու, որ Մ-ն բացառիկ տաղանդավոր երեխա է:
Բայց սա այն է, ինչ ես զգում եմ, երբ առաջին անգամ լսում եմ չորսից վեց տարեկան երեխաների, Ճապոնիայի Սուզուկիի աշակերտների՝ Բախի, Վիվալդիի և այլ մարդկանց հեղինակած բարդ ստեղծագործությունները նվագելիս՝ կատարյալ ժամանակով և տոնայնությամբ:
Հավանաբար ուրիշ երեխաներ կկարողանային նույն գեղեցկությամբ ու հզորությամբ աշխատանք կատարել, եթե նրանց տաղանդները լուրջ ընկալվեին և ասպարեզ ընձեռվեր:
Թարգմանիչ՝ Սուսան Հովհաննիսյան