Լու Արոնիկի մասնակցությամբ
Նախաբան
Մի քանի տարի առաջ լսել եմ հրաշալի մի պատմություն, որը շատ եմ սիրում պատմել: Կրտսեր դպրոցի մի ուսուցչուհի նկարչության դաս էր անում վեց տարեկանների խմբում: Դասարանի վերջում նստել էր մի փոքրիկ աղջիկ, որ ուսուցիչներին հիմնականում չէր ուրախացնում իր ուշադրությամբ և ջանասիրությամբ: Բայց դա չէր վերաբերում նկարչության դասերին: Քսան րոպե շարունակ աղջիկն ինքնամոռաց նկարում էր՝ իր թերթիկը ծածկելով բոլորից: Հետաքրքրքված ուսուցչուհին չհամբերեց և հարցրեց, թե ինչ է նկարում: Աղջիկը չբարձրացնելով աչքերը՝ պատասխանեց.
— Աստծուն եմ նկարում:
Զարմացած ուսուցչուհին ասաց.
— Բայց չէ՞ որ ոչ ոք չգիտի, թե ինչպիսի տեսք ունի Աստված:
Աղջիկն ասաց.
-Մի րոպեից կիմանան:
Ինձ շատ է դուր գալիս այս պատմությունը: Այն հիշեցնում է, որ փոքրերը զարմանալիորեն վստահ են ներկայացնում: Մեզանից շատերը մեծանալով կորցնում են այդ վստահությունը: Առաջին դասարանցիներին հարցրեք, թե ով է վստահ իր ստեղծագործական ընդունակությունների վրա, ի պատասխան կտեսնեք ձեռքերի անտառ: Այդպիսի հարց տվեք նաև բարձր դասարանցիներին, և կզարմանաք իրենց ստեղծագործ ունակությունների վրա վստահ դեռահասների փոքր թվից: Կարծում եմ, որ բոլորս ծնված օրվանից օժտված ենք բնածին ունակություններով, բայց դրանցից շատերը կորցնում ենք շրջապատող աշխարհի հետ շփման ժամանակ: Պարադոքս է, բայց փաստ. այդ վիճակի հիմնական պատճառներից մեկը կրթությունն է: Արդյունքում մեզանից շատերը, չգիտակցելով իրենց իսկական տաղանդն ու հնարավորությունները, չեն պատկերացնում, թե ինչ բարձունքների կարող էին հասնել:
Այլ կերպ ասած՝ մարդիկ չգիտեն, թե ով են իրենք իրականում:
Ես շատ եմ ճամփորդում ու աշխատում տարբեր երկրների մարդկանց հետ: Աշխատում եմ ուսումնական գործակալությունների, կորպորացիաների և վարկային կազմակերպությունների հետ: Ամենուր հանդիպում եմ ուսանողների, որ փորձում են որոշել իրենց ապագան, բայց չգիտեն՝ ինչից սկսեն: Հանդիպում եմ անհանգստացած ծնողների, որ փորձում են նրանց օգնել, բայց դրա փոխարեն հաճախ երեխաներին խանգարում են իրականացնել իրենց իրական տաղանդը՝ պնդելով հաջողության հասնելու ավանդական և ընդունված ուղիները: Հանդիպում եմ գործատուների, որ փորձում են հասկանալ և լավ օգտագործել իրենց աշխատողների տարբեր ունակությունները: Ինչ-որ պահի ես կորցրի հաշիվն այն մարդկանց, որ իրականում չգիտեին, թե որոնք են իրենց ինքնատիպությունն ու իսկական հետաքրքրությունները: Ինչով զբաղվում են` նրանց հաճույք չի պատճառում. սակայն այդ մարդիկ պատկերացում անգամ չունեն, որ ինչ-որ բան իրականում իրենց երջանիկ կդարձներ:
Մյուս կողմից բազմիցս հանդիպել եմ մարդկանց, որ շատ հաջողակ են, տարված են իրենց գործով և չեն էլ պատկերացնում իրենց այլ դերում: Վստահ եմ, որ նրանց պատմությունները կարևոր դասեր են մեզ համար: Դրանք մեզ գիտելիք են տալիս մարդկային ընդունակությունների և դրանց իրականացման հնարավորությունների մասին: Ամբողջ աշխարհում ելույթ ունենալով ամենատարբեր միջոցառումների ժամանակ՝ ես վերջնականորեն համոզվեցի, որ ոչ թե չոր վիճակագրությունն ու երևակայող փորձագետի կարծիքը, այլ իրական մարդկանց հենց իրական պատմություններն են մեզ համոզում անհրաժեշտության դեպքում փոխել մեր կարծիքը մեր մասին, այն մասին, թե ինչպես ենք կառուցում մեր կյանքը, ինչպես ենք դաստիարակում մեր երեխաներին և ղեկավարում մեր կազմակերպությունները:
Այս գիրքը շատ տարբեր մարդկանց ստեղծագործական որոնումների բազում պատմությունների մասին է: Նրանցից շատերի հետ հարցազրույց է անցկացվել հատուկ այս գրքի համար: Այդ մարդիկ պատմում են, թե ինչպես են առաջին անգամ իրենց մեջ տաղանդ բացահայտել և ինչպես են հաջողել կյանքում՝ զբաղվելով սիրելի գործով: Առանձնահատուկ տպավորվել եմ նրանից, որ հաճախ նրանք դրան հանգել են անսովոր ճանապարհներով՝ կտրուկ շրջադարձերով ու անակնկալներով լի: Գրքի ստեղծման ընթացքում հարցազրույց էի վերցնում մարդկանցից ու հաճախ լսում, որ մեր զրույցն իրենց հնարավորություն է տալիս նորովի գնահատելու իրենց մտքերն ու կյանքի փորձը, որ առաջ երբեք ոչ մեկի հետ չեն քննարկել նման ձևով: Ապրել ճանաչման պահը: Փորձել տաղանդի զարգացումը: Զգալ ընտանիքի, ընկերների և ուսուցիչների օգնությունը կամ ընդդիմությունը: Այն, ինչն օգնել է նրանց առաջ գնալ բազում արգելքներին հակառակ:
Այս մարդկանց պատմությունները հեքիաթ չեն: Նրանք բոլորն էլ ապրում են բարդ կյանքով՝ լի մարտահրավերներով ու դժվար խնդիրներով: Նրանց ճանապարհը դեպի իրենց հեշտ ու խաղաղ չի եղել: Նրանք բոլորն էլ զգացել են և՛ նվաճումներ, և՛ անկումներ: Նրանցից ոչ մեկը չի ապրում իդեալական կյանքով: Սակայն բոլորին միավորում են իրենց կատարելության յուրահատուկ զգացումն ապրելու պահերը:
Հենց դրա համար էլ կարծում եմ, որ նրանց պատմություններն ու փորձը այնպես կարևոր են ձեզ համար, իմ գրքի իրական հերոսներ:
Ստեղծելով այս գիրքը՝ ես ձգտել եմ ձեզ առաջարկել ավելի լայն նայելու մարդու ընդունակություններին և ստեղծագործական ներուժին և այն առավելությանը, որ մեզնից յուրաքանչյուրին տալիս է սեփական տաղանդի և նախասիրության մասին հստակ պատկերացումը: Գիրքը նվիրված է յուրաքանչյուր մարդու կյանքում սկզբունքային նշանակություն ունեցող հարցերի, և հետևաբար նրան շրջապատող երեխաներին, ընկերներին, աշակերտներին… Այս հարցերի քննարկման համար և անվանելու համար ոլորտը, որտեղ մեր նախասիրություններն ու առավելությունները ներդաշնակորեն ձուլվում են, կօգտագործեմ «սեփական տարերք» տերմինը: Ես հավատում եմ, որ մեզնից յուրաքանչյուրի համար սեփական տարերքը գտնելն անհրաժեշտ է ոչ միայն նրա համար, որ այն կբարձրացնի կյանքից բավարարվելու մակարդակը, այլ նաև նրա համար, որ աշխարհի զարգացման հետ մեր միությունների և հաստատությունների ապագան էլ հենց դրանից կախված կլինի:
Այսօր աշխարհն ավելի քան դինամիկ է, քան երբևէ: Հասկանում ենք, որ նոր դարաշրջան թևակոխելու համար մարդկային ընդունակությունների բոլորովին այլ հարացույց է պետք: Մեզ անհրաժեշտ է նոր հայացք մշակել մարդկային տաղանդի զարգացման կարևորության վրա և հասկանալ, որ տաղանդը դրսևորվում է տարբեր ձևով: Անհրաժեշտ է դպրոցներում, աշխատավայրերում և պետական կառույցներում ստեղծել այնպիսի միջավայր, որ ամեն մարդու ոգևորեին զարգացնելու իր պոտենցիալ տաղանդը: Անհրաժեշտ է ապահովել, որ յուրաքանչյուր մարդ վստահ լինի, որ հնարավորություն ունի և կարող է զբաղվել նրանով, ինչով պետք է զբաղվի, որպեսզի բացահայտի իր կոչումը:
Այս գիրքը հիմն է մարդկային տաղանդի և նախասիրությունների անհավանական բազմազանությանը, մեր անսովոր պոտենցիալի աճի ու զարգացման հիմն է: Այն հնարավորություն է տալիս հասկանալու, թե ինչ պայմաններում է մարդկային տաղանդը ծաղկում, ինչ պայմաններում՝ մեռնում: Նաև այս գիրքն այն մասին է, թե ինչպես սովորենք կենտրոնանալ ներկայում և միակ հնարավոր եղանակով պատրաստվենք անհայտ ապագային:
Որպեսզի լավագույն ձևով դրսևորենք մեզ և օգնենք իրար, մեզ անհրաժեշտ է արագ վերանայել մարդկային ունակությունների վերաբերյալ մեր տեսակետը: Մեզ անհրաժեշտ է գտնել սեփական տարերքը:
1-ին գլուխ
Իմ քույրերին ու եղբայրներին՝ Էթել Լենային, Քիտին, Դերեկին, Իենին, Ջոնին և Նեյլին, մեր ոչ սովորական մայրիկին և հայրիկին՝ Էթելին և Ջիմին, իմ որդի Ջեյմսին, իմ դուստր Քեյթին և իմ կյանքի ուղեկից Թերիին: Այս գիրքը նվիրված է ձեզ բոլորիդ, ձեր բազում տաղանդներին: Այն անսահման սիրուն և ուրախությանը, որ նվիրում ենք իրար: Չէ՞ որ ձեր կողքին՝ սիրելով և սիրվելով եմ ես իսկապես գտնում իմ տարերքը:
Սեփական տարերք
Ջիլիանն ընդամենը 7 տարեկան էր, բայց նրա ապագան արդեն վտագի մեջ էր: Դպրոցում նրա առաջընթացն ուղղակի ահավոր էր: Ջիլիանն ուշացումով էր կատարում առաջադրանքները, ձեռագիրն անտանելի էր, իսկ ստուգումների արդյունքները՝ ճնշող: Բացի դրանից աղջիկն ամբողջ դասարանին շեղում էր դասից՝ մե´կ աղմուկով շարժվում էր տեղում, մե´կ պատուհանից էր նայում` ուսուցիչներին ստիպելով ընդհատել դասը, մե´կ խելքին փչած բաներն անելով խանգարում էր իր շուրջը նստածներին: Դա առանձնապես չէր անհանգստացնում Ջիլիանին. նա սովոր էր, որ մեծերն իրեն դիտողություն են անում, և իրեն իսկապես չէր համարում «դժվար» երեխա, բայց ուսուցիչներն անհանգստացած էին: Իրավիճակը հասավ գագաթնակետին, երբ դպրոցի ղեկավարությունը նամակ գրեց նրա ծնողներին:
Ուսուցիչները համարում էին, որ Ջիլիանը սովորելու խնդիրներ ունի, և գուցե նրա համար լավ կլինի, եթե տեղափոխվի սահմանափակ կարողություններով երեխաների դպրոց: Այս ամենը տեղի էր ունենում 1930-ական թվականներին: Կարծում եմ, որ այսօր կախտորոշեին ուշադրության պակասի և գերակտիվության սինդրոմ և նրան նշանակումներ կանեին: Բայց այն ժամանակ այս տերմինները դեռ չկային:
Ջիլիանի ծնողները, ստանալով դպրոցից ուղարկած նամակը, շատ անհանգստացան և ամիջապես սկսեցին գործել: Ջիլիանի մայրիկը աղջկան ամենալավ զգեստը հագցրեց, ամենալավ կոշիկը, մազերը սիրուն պոչիկ արեց և տարավ հոգեբանի մոտ՝ վախենալով վատթարագույնից:
Ջիլիանն ինձ պատմել է, որ հիշում է, թե ինչպես իրեն հրավիրեցին մի մեծ սենյակ, ուր դարակներում կաշվից գրքեր էին դրված: Սենյակում՝ մեծ գրասեղանի կողքին, կանգնած էր բրդյա պիջակով մի տղամարդ: Նա Ջիլիանին տարավ սենյակի ծայրը և նստեցրեց կաշվե մեծ բազմոցի վրա: Ջիլիանի ոտքերը չէին հասնում հատակին, շրջապատող միջավայրը լարում էր: Նա նյարդայնանում էր նրանից, թե ինչ տպավորություն է թողնում, դրա համար էլ ձեռքերը դրեց տակը, որ չհուզվի:
Այնուհետև հոգեբանը վերադարձավ իր սեղանի մոտ և հաջորդ տասը րոպեների ընթացքում Ջիլիանի մայրիկին հարցնում էր դպրոցում աղջկա դժվարություններից ու խնդիրներից: Ոչ մի հարց չտալով Ջիլիանին՝ նա ամբողջ ժամանակը ուշադիր հետևում էր նրան: Դրանից Ջիլիանը ծայրահեղ շփոթություն էր զգում: Նույնիսկ այդ վաղ հասակում նա հասկանում էր, որ այդ մարդն իր կյանքում էական դեր է խաղում: Նա գիտեր, թե ինչ է նշանակում հաճախել հատուկ դպրոց, և ոչ մի ընդհանուր բան չէր ուզում ունենալ այդ դպրոցի հետ: Նա իսկապես չէր մտածում, թե խնդիր ունի, բայց կարծես շրջապատը հակառակն էր կարծում: Ելնելով այն բանից, թե ինչպես էր մայրը հարցերին պատասխանում, երևի նույնիսկ նա էր այդպես մտածում:
«Ով իմանա, գուցե նրանք ճիշտ են»,- խորհում էր բազմոցին նստած Ջիլիանը:
Վերջապես Ջիլիանի մայրն ու հոգեբանը վերջացրին խոսելը: Տղամարդը վեր կացավ սեղանից, մոտեցավ բազմոցին և նստեց աղջկա կողքին:
— Ջիլլիա´ն, դու շատ համբերատար եղար, շնոհակալություն, – ասաց նա: – Բայց էլի մի քիչ համբերիր: Ես պետք է մայրիկիդ հետ առանձին խոսեմ: Մենք մի քանի րոպեով դուրս կգանք: Մի´ անհանգստացիր, դա երկար չի տևի:
Ջիլիանը գլխով արեց, և երկու մեծահասակները դուրս եկան սենյակից՝ նրան թողնելով մենակ: Բայց հոգեբանը դուրս գալուց առաջ, շրջանցելով գրասեղանը, հանկարծակի միացրեց ռադիոն:
Հենց նրանք սենյակից դուրս եկան միջանցք, բժիշկն ասաց Ջիլիանի մայրիկին.
— Մի րոպե կանգնենք այստեղ և նայենք, թե ինչով է նա զբաղվում:
Պատի վրա պատուհան կար, որով կարելի էր տեսնել, թե ինչ է կատարվում սենյակում: Մեծահասակները կանգնել էին այնպես, որ Ջիլիանը նրանց չտեսներ: Գրեթե անմիջապես աղջիկը ոտքի կանգնեց և սկսեց երաժշտության ռիթմի տակ շարժվել սենյակում: Երկու մեծահասակները մի քանի րոպե լուռ հետևում էին աղջկան՝ ցնցված նրա բնական և պարզունակ շնորհից:
Վերջապես հոգեբանը վերադարձավ Ջիլիանի մոր մոտ և ասաց՝ «Գիտե՞ք, միսիս Լինն, Ջիլիանը հիվանդ չէ: Նա պարուհի է: Տարեք նրան պարի դպրոց»:
Ես հարցրի Ջիլիանին, թե ինչ եղավ հետո: Նա պատասխանեց, որ մայրը հետևել է հոգեբանի խորհրդին:
— Ես չեմ կարող փոխանցել այդ հրաշք զգացողությունը,– պատմում էր նա ինձ:– Ես մտնում էի այնպիսի մարդկանցով լի սենյակ, ինչպիսին ես էի: Մարդիկ, որոնք նույն տեղում երկար նստել չէին կարողանում: Մարդիկ, որոնց մտածելու համար շարժվել է պետք:
Նա սկսեց շաբաթական մեկ անգամ գնալ պարի դպրոց և ամեն օր պարապել տանը: Ի վերջո, նա ընդունվեց Լոնդոնի Թագավորական բալետի դպրոց: Հետո Ջիլիանն ընդունվեց Թագավորական բալետի թատերախումբ և դարձավ մենակատար ու ելույթներով շրջեց աշխարհով մեկ:
Երբ նրա կարիերայի այս փուլն ավարտվեց, երիտասարդ կինը ստեղծեց իր սեփական պարային ստուդիան, բեմադրեց բավականին հաջողված ելույթներ Լոնդոնում և Նյու-Յորքում: Հետո նա ծանոթացավ պարոն Էնդրյու Լլոյդ Ուեբերի հետ, ում համագործակցությամբ ստեղծվեցին աշխարհին հայտնի մյուզիքլները՝ «Կատուները» և «Օպերայի ուրվականը», որոնք ունեցան մեծ համբավ և վիթխարի հաջողություն:
Փոքրիկ Ջիլիանը, աղջնակ, ում ապագան վտանգի տակ էր, ձեռք բերեց համաշխարհային համբավ որպես Ջիլիան Լինն՝ մեր ժամանակների ամենահայտնի պարուսույցներից մեկը, ով հաճույք է պատճառել միլիոնավոր մարդկանց և վաստակել միլիոնավոր դոլարներ: Դա եղավ, որովհետև ինչ-որ մեկը խորը նայեց նրա աչքերի մեջ, մեկը, որ ուշադիր ու նրբազգաց էր, ով առաջ էլ էր տեսել նման երեխաների և թաքնված տաղանդի նշանները կարդալ գիտեր: Մի ուրիշը կարող էր դեղեր նշանակել և պահանջել, որ հանգստանա:
Բայց Ջիլիանը պրոբլեմատիկ երեխա չէր, և նրան ուղարկելու հատուկ դպրոց կարիք չկար: Նրան ընդամենը պետք էր օգնել դառնալ այնպիսին, ինչպիսին էր իրականում:
* * *
Ի տարբերություն Ջիլիանի՝ Մեթը դպրոցում միշտ լավ էր սովորում, ստանում լավ գնահատականներ և գլուխ էր հանում բոլոր կարևոր ստուգողական աշխատանքներից: Բայց նա մահու չափ ձանձրանում էր: Որպեսզի ինչ-որ ձևով զվարճանա, սկսեց դասերի ժամանակ նկարել: «Ես կարող էի անընդհատ նկարել,- պատմում էր նա,- և հասել էի այնպիսի բարձունքի, որ կարողանում էի նկարել առանց նկարին նայելու, իսկ ուսուցիչները մտածում էին, որ լսում էի»: Նկարչության դասերը նրան հնարավորություն տվեցին ամբողջությամբ տրվելու իր կրքին: «Մենք ներկելու գրքույկներում նկարներ էինք գունավորում, և ես ուղղակի ի վիճակի չէի հիմարաբար ներկելու եզրագծերի ներսը: Ուզում էի դուրս գալ դրանցից: Սահմանները խանգարում են ու շղթայում երևակայությունը»: Նկարելու հոբբին անցավ մի նոր մակարդակի, երբ Մեթը դարձավ բարձրդասարանցի: «Նկարչության դասերին մյուսներն ուղղակի ժամանակ էին անցկացնում, ուսուցիչը ձանձրանում էր, իսկ նկարչական պարագաները մի անկյունում էին. ոչ մեկը դրանք չէր օգտագործում: Դրա համար էլ ես ոգեշնչված անում էի այնքան նկար, որքան կարողանում էի. մի դասի ընթացքում՝ երեսուն նկար: Հուզիչ բան կար ոչնչից ինչ-որ բան ստեղծելու մեջ: Բայց մի անգամ ուսուցիչները որոշեցին, որ շատ եմ թուղթ օգտագործում, և այլևս թույլ չտվեցին: Եվ որքան իմ վարպետությունն աճում էր, ամեն ինչ ավելի հետաքրքիր էր դառնում: «Օ՜, դա իսկապես հեռակա կարգով հիշեցնում էր այն, ինչին պետք է նման լիներ»: Բայց հետո ես հասկացա, որ իմ նկարները տեխնիկապես չեն դառնում լավը, դրա համար էլ կենտրոնացա պատմությունների և անեկդոտների վրա: Դա ինձ ավելի զվարճալի էր թվում»: Մեթ Գրոուինգը, աշխարհին հայտնի «Սիմփսոնների» հեղինակը, հետո ոգեշնչվեց ուրիշ նկարիչների նկարներով, որոնցում ճիշտ է՝ բացակայում էր տեխնիկական հմտությունը, բայց նրանք կարողացել էին համատեղել իրենց ինքնատիպ գեղարվեստական ոճը օրիգինալ պատմությունների հետ: «Ինձ հուսադրում էր այն, որ կային մարդիկ, որ չէին կարողանում նկարել, բայց կյանքում լավ էին վաստակում, այդպիսին էր Ջեյմս Թերբերը: Ջոն Լենոնը նույնպես ինձ համար կարևոր մարդ էր: ««In His Own Write»» և «A Spaniard in the Works» գրքերը լի են նրա ինքնուրույն, իսկապես խեղճ նկարներով, բայց այնտեղ շատ են արձակ գրված ուրախ բանաստեղծություններն ու խենթ պատմությունները: Ինչ-որ փուլում ես փորձում էի ընդօրինակել Ջոն Լենոնին: Նմանապես ինձ վրա մեծ ազդեցություն է թողել Ռոբերտ Կրամբը»: Մեթի ուսուցիչներն ու ծնողները, նույնիսկ հայրը, որ արվեստագետ-մուլտիպլիկատոր և ռեժիսոր էր, տղային համոզում էին զբաղվել այլ գործով: Նրանք տղային առաջարկում էին քոլեջ ընդունվել և ստանալ առավել ծանրակշիռ մասնագիտություն: Իրականում Մեթին միայն մեկ ուսուցիչ էր հանդիպել, որ իսկապես ոգեշնչել էր նրան կյանքի ուղին ընտրելիս: «Իմ առաջին դասարանի ուսուցչուհին, որ պահել էր իմ նկարած նկարները: Նա դրանք իսկապես պահել էր երկար տարիներ: Ես խորապես հուզված էի. դուք հասկանո՞ւմ եք, չէ՞, թե նա ինչքան շատ սովորողներ է ունեցել այդ տարիների ընթացքում: Նա Էլիզաբեթ Գուվերն է: «Սիմփսոնների» կերպարներից մեկին ես կոչել եմ նրա պատվին»:
Մեծերի հավանություն չտալը Մեթին չէին հուսահատեցնում, որովհետև հոգու խորքում նա գիտեր, թե ինչն է իրեն իսկապես ոգեշնչում:
«Երբ մենք՝ երեխաներս, պատմություններ էինք հորինում, խաղում խաղալիքներով, ես գիտեի, որ այդ ամենով զբաղվելու եմ իմ ամբողջ կյանքում: Ես տեսնում էի մեծահասակներին պայուսակներով, որ գնում էին իրենց գրասենյակները, և մտածում էի՝ ես այդպես չեմ կարող: Իսկ ահա սա միակն է, ինչով ես իսկապես ուզում եմ զբաղվել: Իմ կողքին էլի կային երեխաներ, որ նույնն էին զգում, բայց նրանց մեջ աստիճանաբար դա անցնում էր, նրանք լրջանում էին: Իսկ ես միշտ ուզում էի խաղալ և պատմություններ պատմել: Ես հասկանում էի, որ ինձանից սպասում էին պլանավորված կյանք՝ սկզբում դպրոց, հետո քոլեջ, դիպլոմի ստացում և վերջապես լավ գործի հաջող ձեռքբերում: Գիտեի, որ դա ինձ համար չէ: Գիտեի, որ պատրաստվում եմ ամբողջ կյանքում մուլտֆիլմ նկարել: Ես գտա ընկերներ, որ դպրոցում ունեին նույն հետաքրքրությունները: Մենք միասին էինք անցկացնում մեր ազատ ժամանակը, նկարում էինք կոմիքսներ, հետո բերում էինք դպրոց և ցույց տալիս իրար: Ժամանակ անցավ, մենք մեծացանք, դարձանք փառասեր և սկսեցինք տեսանյութեր նկարահանել: Դա հիասքանչ էր: Դա կարծես մասնակի հատուցումն էր նրա, որ հասարակության մեջ մեզ հարմար չէինք զգում: Հանգստյան օրերին տանը մնալու փոխարեն գնում և տեսանյութեր էինք նկարահանում: Հինգշաբթի երեկոները ֆուտբոլային հանդիպումների գնալու փոխարեն, գնում էինք տեղի ինստիտուտը նայելու «անդերգրաունդ» ոճի ֆիլմեր: Ես որոշեցի, որ պետք է ապրեմ իմ խելքով: Ի դեպ, այնքան էլ վստահ չէի, որ կստացվի: Իմ քիչ թե շատ հաջող կյանքը պատկերացնում էի մոտավորապես այսպես՝ ցերեկը գարշելի աշխատանք, որ ատում եմ: Գուցե պետք լինի այստեղ-այնտեղ անվադողեր գլորել ինչ-որ պահեստում: Բայց ընդմիջումներին… Դա կլինի միայն իմ ժամանակը: Ես կնկարեմ իմ մուլտֆիլմերը: Բայց ամեն ինչ դասավորվեց այլ կերպ»: Մեթը տեղափոխվեց Լոս-Անջելես, ուր հրապարակեց «Կյանքը դժոխքում» կոմիքսների շարքը և աստիճանաբար սկսեց հայտնի դառնալ: Դա բերեց նրան, որ «Fox Broadcasting» ընկերությունից առաջարկություն ստացավ նկարելու կարճամետրաժ անիմացիոն ֆիլմեր «Թրեյսի Ուլման» շոուի համար: Կատարելով այդ աշխատանքը՝ նա իր համար էլ անսպասելի հորինեց «Սիմփսոնները»: Շոուն կեսժամանոց հաղորդում դարձավ, և «Fox»-ը տասնինը տարի շարունակ ամեն կիրակի այն եթեր էր տալիս: Բացի դրանից հաղորդման հիման վրա հայտնվեցին ֆիլմեր, կոմիքսների գրքեր, խաղալիքներ և անթիվ այլ հուշանվերներ: Այլ կերպ ասած՝ ստեղծվեց փոփ-մշակույթի մի ամբողջ կայսրություն: Սակայն ոչ մի նման բան չէր լինի, եթե Մեթ Գրոունինգը լսեր նրանց, ովքեր ասում էին, թե պետք է «իսկական» կարիերա անի:
Թարգմանություն ռուսերենից
Լուսանկարը` theoryandpractice.ru կայքից
Թարգմանիչ՝ Մարինե Ամիրջանյան
Խմբագիր՝ Սուսան Մարկոսյան
Մենք չգիտենք, թե իրականում ով ենք:
<> հոդվածը սկսվում է հրաշալի նախաբանով: Այնտեղ պարզորոշ ներկայացվում է, որ ուսանողները չգիտեն, թե ինչից սկսեն, իսկ ծնողները խանգարում են՝ երեխայի տաղանդը բացահայտելու ժամանակ: Հաջողակ լինելու բանաձևի, մարդկանց տաղանդի բացահայտման քայլերի մասին խոսվում է այս հոդվածում, որը կարող է լինել հիանալի առաջընթաց հետաքրքրվող անձանց համար:
Նախաբանում արծարծվող մտքերին լիովին համաձայնություն եմ տալիս: Այո՛, հաջողության և կատարելության հասնելու ճանապարհը դյուրին չէ. այդ ճանապարհին հանդիպում են բազմաթիվ խոչընդոտներ, արգելքներ, որոնք պետք է հաղթահարել և կարողանալ առաջ շարժվել՝ նպատակին հասնելու և ամուր կառչելու համար: Համամիտ եմ նաև այն մտքին, որ անհայտ ապագան մեր ձեռքերում է, և մենք ունենք դեռ չբացահայտված սեփական տարերք: Ըստ իս՝ մարդու ունակությունների բացահայտմանը օգնում է յուրաքանչյուրի ես-ը: Գիտակից մարդն իր կյանքի ընթացքում պետք է փորձի հասկանալ, թե որտե՛ղ է իր թաքնված տաղանդը, կամ արդյոք այն թաքնվա՞ծ է, թե մենք չենք տեսնում:
Մեծ խանդավառությամբ ընթերցեցի հոդվածը, որն ինձ գրավեց և մի շնչով կարդալ տվեց: 7 տարեկան Ջիլլիայի տաղանդը բացահայտեց հոգեբանը, որը հասկացավ, թե ինչի կարիք ուներ այս փոքրիկ աղջնակը: Նա երաժշտության միանալուց անմիջապես հետո պարային նուրբ շարժումներով իր ընդունակության հիմքը դրեց և տեսնել տվեց ներկաներին: Մեկնաբանելով և վերլուծելով հոդվածը՝ հասկանում ենք, թե իրականում ինչ մեծ դեր և նշանակություն ունեն կողքի մարդիկ, որոնք կարող են տեսնել այն, ինչ մենք չենք տեսնում, և որն ուղղված է միմիայն մեր տաղանդի, ունակությունների բացահայտմանը:
Հետաքրքրական էր նաև այն միտքը, որ տղան գիտեր, թե ինչ էր ինքն ուզում, և ինչն էր իրեն իրապես հետաքրքրում: Ընտանիքում պլանավորված կյանքի շղթաներն անվերջ շարունակվում են: Եվ զարմացնող էր այն գաղափարը, որ տղան մի կողմ է թողնում այդ պլանավորված կյանքը, այսինքն՝ <>: Լավ է, երբ երեխան է հասկանում, որ դա իրենը չէ, այսինքն՝ երեխան փորձում է գնալ իր ընդունակությունների ճանապարհով և գտնել սեփական տարերքը: Իմ մանկավարժական գործունեության ժամանակ հասկանում եմ, որ երեխաներն արդեն սկսում են փոքրուց իրենց հետաքրքրությունների հետևից գնալ և խորացնել այն:
Իսկապես համաձայն եմ, որ ժամանակն անխնա չպետք է վատնել, քանի որ այդ ընթացքում է ծնվում սերը այս կամ այն արհեստի կամ մասնագիտության հանդեպ: Պետք է մշտապես ուղեղն աշխատեցնել, ստեղծագործական աշխատանքներ կատարել, երևան հանել, հորինել և իրագործել, նոր գաղափարներով ներկայանալ հանրությանը: Պակաս կարևոր չէ նաև մարդկանց հաջողության պատմությունը. ժամանակ առ ժամանակ յուրաքանչյուրն իր տաղանդով կարող է ներկայանալ և պատմել իր կյանքի դժվարին, հետաքրքիր ճանապարհի մասին: Հարց է առաջանում, թե ինչու: Պատասխանն ինքնըստինքյան հասկանալի է, որովհետև սերունդները կարիք ունեն կարդալու հաջողության և ընդունակությունների բացահայտման ուղիներով ընթացող մարդկանց պատմությունները, որոնք ուսուցանող են և առաջընթացի քայլեր գծող:
Որպես վերջաբան ուզում եմ մեջբերել սփյուռքահայ գրականության ներկայացուցիչ Շ. Շահնուրի խոսքերը. <>:
Չակերտային տողերը կարդալու համար այստեղ թողնում եմ նաև հոդվածի հղումը՝
https://ofelyagasparyan4.wordpress.com/2024/10/26/%d5%ab%d5%b6%d5%b9%d5%ba%d5%a5%d5%bd-%d5%a3%d5%bf%d5%b6%d5%a5%d6%84-%d5%a1%d5%b5%d5%b6-%d5%ab%d5%b6%d5%b9%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d6%80-%d5%bd%d5%bf%d5%a5%d5%b2%d5%ae%d5%be%d5%a1%d5%ae-%d5%a5/
https://susannasusunyan.wordpress.com/2024/10/27/%d5%ab%d5%b6%d5%b9%d5%ba%d5%a5%d5%9e%d5%bd-%d5%a3%d5%bf%d5%b6%d5%a5%d6%84-%d5%a1%d5%b5%d5%b6-%d5%ab%d5%b6%d5%b9%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d6%80-%d5%bd%d5%bf%d5%a5%d5%b2%d5%ae%d5%be%d5%a1/
«Ինչպես գտնեք այն, ինչի համար ստեղծված եք, և ապրեք սեփական տարերքով»
Հոդվածը շատ արդիական բնույթ է կրում։ Հատկանշական է այն, որ մարդու օժտվածությունը մեր օրերում բացահայտելը շատ դժվար է։ Ու ցանկացած որակ, եթե չի ապրում, ապա այն ժամանակի մեջ մեռնում է։ Շատ կարևոր է, որ կրթությունը չբանտարկի սովորղներին, չուռճացնի նրանց։ Դպրոցը պետք է օգնի սովորողներին նախ ճանաչել իրենց կարիքները՝ կապված սովորելու և զարգանալու հետ։ Հաջողակ լինելը այնքան էլ հեշտ չէ ու ցանկացած ճանապարհ լուսավորելու համար անհրաժեշտ են ամուր ձեռքեր, որպեսզի ամեն անգամ կարողանա փոխել փչացած լամպը։ Համաձայն եմ, որ հաջողակ մարդու անցած ճանապարհի մասին լսելը, հաստատ ինչ-որ մի բան կտա ունկնդրին։ Ծանոթանալով գրքում զետեղված մարդկանց պատմություններն՝ ուղղակի ապշում եմ ու միառժամանակ հպարտանում՝ իրենց անկոտրուն բնավորությամբ։
Ջիլիանի պատմությունը շատ չքնաղ ու հուզիչ է։ Մի փոքրիկ աղջնակ, ով ուղղակի չէր «կարդացվել» միջավայրի կողմից, դիտրակվում էր որպես «հիվանդ» երեխա։ Սակայն դիտարկելով նրան տեսան, որ նրա մեջ փոքրիկ պարուհի է քնած, ում պետք է արթնացնել, որ արթնանար Ջիլիանի ամբողջ ոգին։ Ու արի ու տես, որ նա այժմյան հայտնի պարուսույցներից մեկն է եղել, ում անունն ունի շատ մեծ նշանակություն։
Մեթն էլ դպրոցում բարձր առաջադիմություն ունեցող երեխա էր, սակայն նրա կյանքում մի բայն այն չէր։ Նրա կյանքի գույներն ու վրձինները պահվել էին մի փոքրիկ դարակում։ Երբ բացվեց դարակի դուռը, և Մեթը վերցրեց այն ներկապնակն ու վրձինները՝ իր կյանքը միանգամից փոխվեց ու գունավորվեց։ Ու նա չմարելով ժամանակի մեջ, դարձավ այնպիսի մի մարդ, ով փոխեց մի հսկայական բան աշխարհի պատմության մեջ։
Այս ամենն ամփոփելով կասեմ՝ պետք է միշտ բաց պահել աչքերն ու նայել կյանքին ուղիղ։ Ցավոք մեր օրերում ուրիշների կարծիքը շատ կարևոր է։ Չէ՞ որ առաջին դասարանցու համար շատ կարևոր է իր մայրիկի կարծիքը։ Եվ առհասարակ կարծիքներ արտահայտելիս պետք է մտածենք, որ այն կարող է ինչ-որ մի բան կոտրել մեկի հոգում։
Միշտ պետք է բարձր պահել ստեղծագործական ոգին, աշխատել ու մտածել, օգնել, որ մեր սիրելինների տաղանդները արթնանան, չէ՞ որ հենց մեր երեխան կարող է լինել, որևէ ժամանակի գյուտարարը․․․։
«Ճանաչիր ինքդ քեզ» Ապոլլոնի Դելֆյան տաճարի ճակատին փորագրված այս ասույթը ոչ միայն կանխորոշել է Սոկրատեսի ճակատագիրը՝ դառնալ փիլիսոփա, այլև կանխորոշել է նրա փիլիսոփայական որոնումների հիմնական ուղղությունները։ «Ճանաչիր ինքդ քեզ» ը մարդու կողմից աշխարհում իր տեղը ճանաչելու կոչ է։ Վերոնշյալ կոչին հավատարիմ լինելով, մենք ՝ հոգեբաններս փորձում ենք օգնել դիմացինին ճանաչել ինքն իրեն, իր հույզերը, իր թաքնված ընդունակությունները, այն ամենն ինչ անհասկանալի է, բայց իր ներաշախարհի մի մասն է։ Ինքաճանաչման ուղին ոչ միշտ է հարթ լինում և մենք այդ մասին խոսում ենք մեր այցելուների հետ, նախազգուշացնում, որ ինքնաճանաչման ճանապարհին կանդրադառնանք ցավոտ թեմաների, որոնք գուցե բացասական հույզեր և ապրումներ կառաջացնեն, սակայն մենք միասին պետք է հաղթահարենք այդ ճանապարհը, ընթացքում ճանաչելով մեր թույլ և ուժեղ կողմերը։ Երբ այցելուն հաշտ է լինում իր հետ, ճանաչում է իրեն և հստակ գիտի, թե ինչ է ուզում նրա համար սեփական տարերքով ապրելը դառնում է ժամանակի հրամայական։
Հոդվածում հոգեբանի օրինակը լավագույնս ցույց է տալիս, թե ինչպես պետք է նրբանկատորեն դիտարկել երեխաներին։ Ներկա ժամանակներում ինքնաճանաչման մեթոդները և ուղիները բազմազան են, ներկա սերնդի ծնողներն էլ ավելի տեղեկացված և գրագետ, սակայն շատ դեպքերում ծնողների համար խնդիր է դառնում ընդունել, որ իրենց երեխան երազում է դառնալ բարմեն, այլ ոչ թե՝ իրավաբան, և երեխայի անուշահամ կոկտելներ պատրաստելու փորձերը, նրանց համար ծիծաղելի, անլուրջ են (տիպիկ օրինակ,թե ինչպես կոտրել երեխայի մեջ երազկոտ ոգին)։ Ըստ իս ամենացավալի և անընդունելի փաստն այն է, երբ կաղապարված է նաև կրթական համակարգը և երեխայի ինքնաճանաչման ուղին միայն սահմանափակվում է ակադեմիական գիտելիքների ձեռքբերմամբ։ Դպրոց-ընտանիք գրագետ համագործակցությունը կարող է խթան հանդիսանալ երեխայի ընդունակությունների բացահայտման, ինքնաճանաչման գործընթացում, երկուսն էլ կարևոր օղակ են և յուրաքանչյուրի թերացումը կարող է ճակատագրական լինել երեխայի կյանքում։
https://anahitlalayan1.wordpress.com/2024/11/02/%d0%bc%d0%be%d0%b5-%d0%bc%d0%bd%d0%b5%d0%bd%d0%b8%d0%b5-%d0%be-%d1%81%d1%82%d0%b0%d1%82%d1%8c%d0%b5-%d0%ba%d0%b5%d0%bd%d0%b0-%d1%80%d0%be%d0%b1%d0%b8%d0%bd%d1%81%d0%be%d0%bd%d0%b0-%d0%bf%d1%80/#more-354
https://englishteacherlilit.wordpress.com/2024/11/05/%d5%ab%d5%b6%d5%b9%d5%ba%d5%a5%d5%bd-%d5%a3%d5%bf%d5%b6%d5%a5%d6%84-%d5%a1%d5%b5%d5%b6-%d5%ab%d5%b6%d5%b9%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d6%80-%d5%bd%d5%bf%d5%a5%d5%b2%d5%ae%d5%be%d5%a1%d5%ae-%d5%a5/
[…] ակումբի շրջանակներում ընթերցեցի “Դպիր” ամսագրում հրապարակված (թարգմանությունը ռուսերենից՝ Մարինե Ամիրջանյանի) Քեն […]
Հոդվածի վերլուծությունը կարող եք կարդալ անցնելով հղումով՝
https://bellaabrahamyan.wordpress.com/2024/11/06/%d5%ab%d5%b6%d5%b9%d5%ba%d5%a5%d5%bd-%d5%a3%d5%bf%d5%b6%d5%a5%d6%84-%d5%a1%d5%b5%d5%b6-%d5%ab%d5%b6%d5%b9%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d6%80-%d5%bd%d5%bf%d5%a5%d5%b2%d5%ae%d5%be%d5%a1%d5%ae-%d5%a5/
https://martirosyanmarine.wordpress.com/2024/11/09/%d5%b0%d5%b8%d5%a4%d5%be%d5%a1%d5%ae-%d5%be%d5%a5%d6%80%d5%ac%d5%b8%d6%82%d5%ae%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%e2%80%a4%d5%ab%d5%b6%d5%b9%d5%ba%d5%a5%d5%bd-%d5%a3%d5%bf%d5%b6%d5%a5%d6%84/
https://irendemiryan2.wordpress.com/2024/11/12/%d5%ab%d5%b6%d5%b9%d5%ba%d5%a5%d5%bd-%d5%a3%d5%bf%d5%b6%d5%a5%d6%84-%d5%a1%d5%b5%d5%b6-%d5%ab%d5%b6%d5%b9%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d6%80-%d5%bd%d5%bf%d5%a5%d5%b2%d5%ae%d5%be%d5%a1%d5%ae-%d5%a5/