Ջենեթ Վոս
Ամերիկյան կրթության դոկտոր
Հնարավո՞ր է արդյոք նախադպրոցական երեխային սովորեցնել երկրորդ` օտար լեզու
Տարիներ շարունակ նախադպրոցական երեխային օտար լեզու սովորեցնելը համարվել է ապարդյուն: Այնուամենայնիվ, վերջին տարիներին արված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ երեխայի համար օտար լեզու սովորելու լավագույն ժամանակահատվածը կյանքի առաջին 3-4 տարիներն են: Ստորև ներկայացված են մի քանի շատ կարևոր պատճառներ, թե ինչու է պետք երեխաներին օտար լեզուն այդքան վաղ տարիքից սովորեցնել:
Լեզվի ուսուցումը բնականոն ընթացք է, երբ երեխան փոքր է
Մեծահասակներ շատ հաճախ փորձում են օտար լեզուն տարբեր ձևերով և մեթոդներովսովորել: Մարդկանց մեծ մասն, օրինակ, կարող է անգիր սովորել ֆրանսերեն բայեր ՝ je suis, ես եմ, tu es/դու ես/, il est/նա է/, elle est/նա է/, nous sommes/մենք ենք/, vous êtes/դուք եք/, բայց այնուամենայնիվ նրանց համար շատ դժվար է խոսել ֆրանսերեն, երբ նրանք այցելում են Ֆրանսիա կամ հայտնվում են լեզվակիրների միջավայրում: Սակայն, երբ մարդիկ երեխաների նման ըմկղմվում են լեզվի մեջ խաղի, ուսումնասիրության և հետազոտության միջոցով, նրանք ավելի հեշտ և արագ են յուրացնում լեզուն:
Որքան շատ ենք նմանվում երեխայի, այնքան սովորելն ավելի է հեշտանում։
Երեխաները մեծանում են այնպիսի հագեցած միջավայրում, որ կյանքի առաջին 4 տարում հասցնում են սովորել առնվազն 2 000 բառ: Եթե ուսումնասիրենք, թե երեխան ինչպես է սովորում խոսել, ապա կհասկանանք, որ նրանք բնածին սովորողներ են:
Կյանքի առաջին վեց ամիսների ընթացքում երեխաները թոթովանքով արտաբերում են 70 հնչյուն, որոնք յուրաքանչյուր լեզվի հիմքն են հանդիսանում: Նրանք սովորում են խոսել՝ օգտագործելով միայն իրենց շրջապատից, մասնավորապես՝ ծնողներից լսած, ընկալած հնչյուններով: Այնուհետրև երեխայի ուղեղը ինքնաբերաբար հրաժարվում է այն լեզվից, որը նա չի լսել (Կոտուլակ 1996):
Նախադպրոցական տարիները կարևոր տարիներ են
«Այս ժամանակաընթացքում՝ հատկապես կյանքի առաջին 3 տարիներին, ձևավորվում են երեխայի մտածողությունը, լեզուն, տեսողությունը, վերաբերմունքը, կարողությունները», – նշում է Ռոնալդ Կուտալակը՝ «Ուղեղի ներսում» գրքի հեղինակը: Հետևաբար՝ մեծ սխալ կլիներ երեխայի երկրորդ լեզուն մայրենի լեզվի նման սովորելու բնական կարողությունը չօգտագործելն իր կյանքի կարևոր տարիներին:
Քանի որ սովորելու կարողության 50 տոկոսը զարգանում է կյանքի առաջին տարիներին, իսկ 30 տոկոսը մինչև 8 տարեկան հասակը, վաղ մանկության զարգացման ծրագրերը հնարավորություն ունեն խրախուսելու երեխայի վաղ սովորելն ու զարգացումը: Դա իհարկե չի նշանակում, որ մարդու ինտելեկտը, իմաստությունը կամ գիտելիքները ձևավորվում են հենց վաղ տարիքում, այլ, որ կյանքի առաջին տարիներին երեխաների ուղեղում ձևավորվում են սովորելու ճանապարհները (Բլում, 1964): Գոյություն ունեն դեպի ուղեղ տանող վեց հիմնական ճանապարհներ՝ տեսնելով, լսելով, փորձելով, շոշափելով, զգալով և կատարելով (Դրայդեն և Վոս, 1997)։
Ավելի ուշ կյանքում ինչ էլ սովորելու լինի անհատը, կառուցելու է այս վաղ տարիքում հավաքած տեղեկության վրա։
Ուղեղի զարգացման փուլերը (Դրայդեն և Վոս, 1997)
Առաջին ամիս — Այն ամենը, ինչ որ երեխան զգում է, ապրում է, հավաքվում և պահպանվում է ուղեղի բջիջներում:
Առաջին վեց ամիսներ— Երեխաներն արտաբերում են տարբեր հնչյուններ, որոնք առկա են աշխարհի բոլոր լեզուներում: Երեխան, սակայն, կսովորի խոսել այն լեզվով, որը նա անընդհատ լսում և ընկալում է իր շաջապատից, այնուհետև նրա ուղեղը կհրաժարվի այն լեզվից, որը չի լսել և խորթ է իր ականջին:
Ութ ամսեկան — Երեխայի ուղեղն ունի միլիոնավոր կապեր, այս տարիքում այդ կապերի մի խումբ սկսում է նվազել, մինչ երեխան իր բոլոր զգայարանների կողմից ենթարկվում է խթանման։
Մոտ 10 տարեկան — Կապերի մեծ մասն արդեն մահացած են, սակայն 500 տրիլիոն կապ կմնա մինչև կյանքի վերջը:
12 տարեկան- Ուղեղը նման է սպունգի, հենց այս տարիքում է, որ ձևավորվում է մտածողությունը, լեզվի ընկալումը, տեսողությունը, վերաբերմունքը, կարողությունները և մնացած բնութագրերը: Զարգացման այս փուլից հետո «դռները փակվում են», ուղեղի ձևավորման հիմնական կառուցվածքն ավարտված է; Ահա թե ինչու է կարևոր երեխային մինչև այդ սովորեցնել օտար լեզուն(Կուտոլակ 1996)
Ներգաղթած երեխաները վառ օրինակ են
Ամերիկյան դպրոցների մեծ մասն օտար լեզվի ուսուցումը սկսում է ավագ դպրոցում: Ըստ Դետրոիդ նահանգի մանկական նյարդաբան Հարի Չուգանիի տեսության՝ օտար լեզվի ուսուցումը պետք է սկսվի նախադպրոցական տարիքից, երբ ուսուցիչը կարող է առավելագույնի հասցնել երեխայի սովորելու ցանկությունն ու կարողությունը: Մինչև սոովորողը հասնում է ավագ դպրոց, նրա սովորելու օպտիմալ ժամանակն արդեն անցած է լինում:
Նախադպրոցական տարիքում օտար լեզվի ուսուցման հաջողությունը կարելի է տեսնել՝ այցելելով Շվեդիայի ներգաղթածների կրտսեր դպրոցներ: Այս դպրոցներում կարելի է տեսնել 3 տարեկան երեխաների, ովքեր սահուն խոսում են երեք տարբեր լեզուներով: Ի դեպ, Շվեդիան աշխարհում հայտնի է գրագիտության իր բարձր մակարդակով: Շատ մարդիկ են խոսում տարբեր լեզուներով, հատկապես գաղթականների ճամբարներում, որտեղ նրանք լեզուներն արագ են սովորում:
Ուղեղի հետազոտությունները հաստատում են լեզվի ուսուցման զարգացման փուլերը
Յուրաքանչյուր առողջ երեխա ծնվում է ուղեղի 100 միլիարդ բջիջներով, որոնցից յուրաքանչյուրն իր հերթին ունի 20 000 կապ: Իսկ թե որքանով են այդ բջիջները շարունակում կապվել այլ բջիջների հետ, կամ արդյոք մահանում են, կախված է երեխայի՝ հագեցած միջավայրում ապրելու հանգամանքից (Բուզան 1984, Դայմնդ 1988, Օնշտեին 1984,1986)։
Ինչպե՞ս կարելի է երեխաներին սովորեցնել երկրորդ կամ երրորդ լեզուն
Երեխաները կարող են սովորել լսելով, տեսնելով, նմանակելով և գործածելով: Դրա համար հարկավոր է խոսել նրանց հետ օտար լեզվով հենց սկզբից: Դասի ընթացքում հարկավոր է անընդհատ խոսել նրանց հետ, պատմել նրանց, թե ինչ եք անում, ներկայացնել բանաստեղծությունները, երգերը, խաղերը և հաշվելը երկրորդ կամ երրորդ լեզվով:
Ինչո՞ւ է զվարճանքը կարևոր
Գլխուղեղը բաղկաած է չորս մասից՝ ուղեղիկ, երկարավուն, էմոցիոնալ, և մտածող ուղեղներից (Ջենսն 1994, Դրայդեն1997, Մաքլիին 1990): Երկարավուն ուղեղը պատասխանատու է մեր մարմնի շնչառական, սիրտ-անոթային, մարսողական համակարգերի գործունեության համար: Էմոցիոնալ ուղեղը գտնվում է ուղեղի կենտրոնական հատվածում և պատասխանատու է հիշողություն համար: Ուստի սովորելն ավելի է հեշտանում, երբ զուգորդվում է էմոցիաներով և ուրախությամբ: Ուղեղիկը դասվում է շարժումները կարգավորող համակարգի մեջ և ղեկավարում է մարմնի հավսարակշռությունը: Այն ուղեղի մի փոքր մասն է կազմում, մտնում է այն հատվածի մեջ, որտեղ նեյրոններն են արտադրվում: Նեյրոնները մահանում են, եթե չեն օգտագործվում ուղեղի մնացած մասերի կողմից: Նեյրոնը նյարդային համակարգի կամզմա-ֆունկցիոնալ միավորն է։ Մարդու օրգանիզմում կան հարյուր միլիարդից ավելի նեյրոններ։ Ուղեղն առողջ և ակտիվ պահելու համար հարկավոր է անընդհատ օգտագործել դրանում արտադրվող նեյրոնները: (Ջենսն 1994, Դրայդեն1997):
Իսկ որտե՞ղ է մտածելու, սովորելու կենտրոնը. կեղևում կամ մտածող ուղեղում: Այն ներառում է շարժողական և զգայական համակարգը: Այստեղ է գտնվում նաև օրգանիզմի մի շարք կարողություններ կառավարող կենտրոնը: Հարվրդի համալսարանի հոգեբան Հոուարդ Գարդները երկար տարիներ ուսումնասիրել է մարդկային ուղեղի աշխատանքը և դրա գործունեությունը կրթության ժամանակ՝ ներառելով նաև լեզվուսուցումը: Ըստ Գարդների՝ գոյություն ունեն կարողությունների տարբեր տեսակներ (Գարդներ, 1983, 1998):
Հոուարդ Գարդներ «Կարողությունների տեսակները» (1983 և 1998)
Լեզվական կարողություն — կարդալու, գրելու և բառերով հաղորդակցվելու կարողություն
Տրամաբանական – մաթեմաթիկական կարողություն – պատճառաբանելու և հաշվարկելու կարողություն
Երաժշտական կարողություն — զարգացած երաժշտական կարողություններ
Տեսա—տարածական կարողություն – տարածքում շուտ կողմնորոշվելու կարողություն
Տեսողական կարողություն – տեսողական հիշողություն, երևակայության օգտագործում
Կինեստեթիկ կարողություն — ֆիզիկական կարողություն, որն օգտագործվում է պարողների և ատլետների կողմից
Սոցիում — շրջապատի հետ հաղորդակցվելու կարողություն
Ինքնաճանաչողության կարողություն – անձի ներքին զգացողությունները, ցանկություններն ու կարիքները հասկանալու կարողություն
Բնական կարողություն – բնույթն ուսումնասիրելու, հետազոտելու միջոցով ճանաչելու կարողություն
Այսպիսով, ինչպե՞ս ենք մենք այսօր այս բոլոր կարողություններն ու հմտությունները կապում երկրորդ կամ երրորդ լեզվի հետ: Ահա մի քանի կետ, ըստ որի կարելի է երեխային սովորեցնել երկրորդ լեզուն:
Սովորել կատարելով. դերախաղեր կազմակերպեք, երևակայական շուկա գնացեք, կենդանաբանական այգի, զբոսանքի: Եվ մինչ երեխան ներառված է նոր միջավայրի մեջ, խոսեք նրա հետ օտար լեզվով (Դրայդեն 1995)։
2. Սովորելը պետք է զվարճալի և հետաքրքիր լինի. որքան հետաքրքիր և զվարճալի է լեզուն մատուցվում, այնքան ավելի հաճույքով է երեխան ցանկանում սովորել այն: Ուսուցումը խաղերի միջոցով լավագույն տարբերակներից է, քանի որ խաղը էմոցիոնալ կապեր է առաջացնում, իսկ էմոցիան դուռ է բացում սովորելու համար (Ջենսեն 1994, Դրայդեն 1997)։
3. Սովորել հանգիստ, ոչ լարված վիճակում. երբեք մի լարեք երեխային: Հետազոտությունները պնդում են, որ սովորելիս խնդիրների 80 տոկոսը կապված է երեխայի լարված վիճակի հետ (Սթոկս, Ուայթսայդ, 1984)։
4. Սովորել երաժշտությամբ և ռիթմիկայով. երաժշտությունն ուղեղն ամբողջովին աշխատեցնելու ճանապարհներից մեկն է: Դուք դեռ հիշում եք, չէ՞, փոքր տարիքում սովորած երգերի բառերը: Մարդկանց մեծ մասը հիշում է, քանի որ երգով համակցված բառերն ավելի արագ են տպավորվում և հեշտ յուրացվում (Լոզանով, 1997, Բրյուեր և Քեմբել 1998)։
5. Սովորել շարժումներով. օգտագործե՛ք մարմինը և միտքը միաժամանակ: Ուղեղն ու մարմինը փոխկապակցված են: Դասի ընթացքում հարկավոր է ակտիվությունն ապահովվող գործունեությամբ զբաղվել: Ցավոք, ավանդական կրթությունը ստիպում է սովորողին նստել և նստած մնալ ողջ օրը՝ չգիտակցելով, որ այդպես դանդաղեցնում են երեխայի ուղեղի աշխատանքը: Այժմ մենք գիտենք, որ սովորում ենք ավելի շատ, երբ շարժվում ենք:
6. Սովորել միմյանց հետ խոսելով, շփվելով. հարկավոր է ստեղծել թեմատիկ իրավիճակ, որպեսզի սովորողները խոսեն միմյանց հետ տվյալ թեմայի շուրջ (Գարդներ 1983, Դրայդեն 1997)։
7. Սովորել ձեռք տալով, զգալով. փոքրիկ մատախաղ կատարեք դասից առաջ: Դա կարող է վերաբերել նաև բանաստաղծություններին և երգերին, որոնք կարող եք արտասանել և մատերով ցույց տալ:
8. Սովորել համտեսելով. դասարանում մրգերի, բանջարեղենի համտես կազմակերպեք: Օգնեք սովորողներին արտահայտվել օտար լեզվով, անվանել մթերքների անունները, նկարագրել իրենց տպավորությունները, ուտելիքի համը և այլն:
9. Սովորել հոտոտելով. պայուսակի մեջ բաներ թաքցրեք, սովորողները պետք է հոտոտելով գուշակեն, թե ինչ է դա:
10. Ձեզ շրջապատող միջավայրը ծառայեցրեք ձեզ. սովորողների հետ ցանկացած տեղ գնալը դարձրեք լեզվի տոն, խոսեք օտար լեզվով: Նրանք կարող են սովորել նոր լեզուն, օրինակ նարինջները հաշվելիս, տերևները համեմատելիս, թռչունների, ուտելիքների մասին խոսելիս:
Եզրակացություն
Կարծում եմ՝ ներքոնշյալ ասույթները լավագույն եզրակացություններն են.
Հարվրդի համալսարանի նախկին պրոֆեսոր Բըրթն Լ. Ուայթից (1994)՝ «Կրթության չորս հիմնային դրույթների՝ լեզվի, հետաքրքրասիրության, իտելլեկտի և սոցիալականացման զարգացումը համարվում է ռիսկային ութ ամսականից երկու տարեկան ընկած ժամանակահատվածում»: Թոնի Ստոքուելլից՝ «Որևէ բան արագ և արդյունավետ սովորելու համար մարդը պետք է լսի, տեսնի և զգա»։ Ջին Հյուսթոնից՝ «Երեխաները կարող են սովորել ամեն ինչ, երբ նրանք պարում են, փորձում են, շոշափում են, տեսնում են և զգում են»
Թարգմանիչ՝ Ստելլա Երիցյան
Խմբագիր՝ Հասմիկ Ղազարյան
Գրականություն
Bloom, B.S. (1964). Stability and Change in Human Characteristics.New York: Wiley
Gardner, H. (1983). Frames of Mind. Basic Books.
Jensen, E. (1994). The Learning Brain. San Diego
Kotulak, R. (1996). Inside the Brain
Krashen, S. (1992). Fundamentals of Language Education
Ornstein, R. (1984). The Amazing Brain