Մանկավարժական գործունեությանս ընթացքում, ինչպես ֆիլմի հերոսը կասեր՝ «…հասկացել եմ մի պարզ ճշմարտություն». ամենահաջողված ուսումնական գործունեությունն ու արդյունքները ստացվում են այն ժամանակ, երբ սովորողներն են հանդես գալիս որպես նախաձեռնողներ, երբ հաճույք են զգում իրենց արածից ու սովորածից:
6-րդ դասարանցիների հետ կարդում էինք Բակունցի «Մթնաձորը», բացատրում յուրաքանչյուր բառն ու պատկերը, փորձում պատկերացնել «այդ կուսական ու վայրի աշխարհը, ուր ծառերն ընկնում են, փտում, ընկած ծառերի տեղ նորն է ծլում, արջերը պար են խաղում, սուլում են չոբանի պես, ոռնում են գայլերը, դունչը լուսնյակին մեկնած, վարազները ժանիքով փորում են սև հողը, աշունքվա փտած կաղիններ ժողվում»: Այդ ժամանակ սովորողներից մեկն ասաց. «Ես այս մասը այսպես կնկարեի…»: Եվ որոշեցինք՝ ամեն մեկս ընտրի իրեն դուր եկած հատվածը, որ նկարի: Ոգևորվեցին, անգամ ուսումնական գործընթացում դժվարությամբ ընդգրկվող սովորողներն ակտիվացան. բոլորն էին ցանկանում մասնակցել: Արդեն հաջորդ դասաժամին բակում էինք վրձիններով, գուաշներով և ջրաներկերով. նկարեցինք, նկարվեցինք ու ձայնագրվեցինք: