Առցանց TV ստեղծելու գաղափարն առաջացավ այն ժամանակ, երբ երրորդ դասարանի սովորողների հետ աշխատելիս նկատեցի, թե երեխաները որքան շատ են սիրում հայելու առաջ կանգնել, իրենք իրենց խոսել, անդադար պատմել ու պատմե՜լ: Հեռուստատեսությունն ինքնին դերային խաղ է՝ հաղորդավար, հաղորդման հյուր, անընդհատ հարց ու պատասխան: Իսկ ի՞նչ են շատ սիրում երեխաները՝ իհարկե հարցեր: Ինչո՞ւ չօգնենք նրանց գտնելու պատասխաններ…
Էլ ի՞նչ TV առանց իսկական տաղավարի: Սկսեցինք մտածել, թե ինչպիսի՞ տաղավար ստեղծենք հենց մեր դասարանում, որ և՛ գունեղ լինի, և՛ հետաքրքիր, և՛ շատ տեղ չզբաղեցնի, և՛ ներառի ամբողջ դասարանը: Սկսեցինք նախագծել: Paint ծրագրով ամեն սովորող իր տաղավարի նախագիծը նկարեց, քննարկեցինք միասին, խորհրդակցեցինք մասնագետների հետ, հետո ընտրեցինք գույներն ու ձևը: Ծնողով, մեծ ու պստիկով ստեղծեցինք ամենաուրախ դասարանական տաղավար-ստուդիան և հենց այդպես էլ կոչեցիք՝ «Ուրախ TV»-ի տաղավար:
Հետո սկսեցինք ուսումնասիրել, թե ինչպե՞ս են աշխատում իսկական լրագրողները, օպերատորները: Մանակցեցիք մի քանի վարպետության դասի, եղանք «Սեբաստացի TV»-ի տաղավարում, Անի Սարսյանը պատմեց, ցույց տվեց, թե ինչպես են նկարահանումներ կատարում, ինչի վրա է պետք ուշադրություն դարձնել, ինչպես տեսախցիկը բռնել, ինչպես նկարել, որ հեշտ լինի մոնտաժելը, իսկ կինո-ֆոտոյի սովորողները ճիշտ լուսանկարելու իրենց փորձը փոխանցեցին:
Հետո սկսեցինք նախապատրաստվել առաջին հաղորդմանը: Մեր առաջին հյուրը տիար Բլեյանն էր: Հարցեր մշակեցինք, հրավիրեցինք հանդիսատեսի: Հարց ու պատասխանով սկսեցինք սովորել: Մեր տաղավար հրավիրում ենք տարբեր հետաքրքիր մարդկանց: Նախապես ընտրում ենք քննարկման նյութը, համացանցից, հանրագիտարաններից, գրքերից կարդում ենք, տեղեկատվություն ենք հավաքում, հետո հյուրին ուղղված հարցեր ենք մշակում: Բացի հարցերից, «Ուրախ TV»-ի լրագրողները տարբեր ռեպորտաժներ, հարցազրույցներ են նկարահանում: Այ, օրինակ, երբ հարբուխի համաճարակ էր, մեր տաղավար հրավիրեցինք բժշկի, հաղորդումներ պատրաստեցինք հարբուխի, նրանից պաշտպանվելու մասին:
Սկսեցինք նաև մոնտաժել սովորել: Wondershare Video Editor ծրագրի գործիքներն ենք ուսումնասիրում, փոքրիկ ռեպորտաժներ նկարահանում և մոնտաժում:
Մի քանի սովորող սկսել է իր հաղորդումն ունենալ, որտեղ իր նախասիրությունների մասին նախ տեղեկատվական նյութ է մշակում, հետո հաղորդում պատրաստում: Օրինակ՝ Ժաննա Հակոբյանը պատմում է կինոյի, Վահեն ձեռքի աշխատանքների, Հայկը բնագիտական փորձերի, Սոսը՝ բույսերի մասին:
Մեր տաղավար-ստուդիա սկսել ենք հրավիրել նաև դասարանի ծնողներին, ովքեր տարբեր թեմաներով զրուցում են, պատմում, նվագում, փորձեր անում:
Նախագիծն օգնում է սովորողներին ազատ, անկաշկանդ լինել: Ինքնադրևորվելու, սեփական հետաքրքրությունները զարգացնելու, նոր հմտություններ, կարողություններ, գիտելիքներ ձեռք բերել հնարավորություն է ընձեռում:
Սովորողներն աշխատում են ինչպես ինքնուրույն, այնպես էլ՝ խմբերով, իրենց հեղինակային հաղորդումներն են ստեղծում: Առցանց TV-ին սահմաններ չունեցող մի մեծ ու հետաքրքիր աշխարհ է, որն օգնում է հաճույքով բացահայտել ու սովորել:
Մեր հաղորդումները
- Ուրախ TV
- «Ուրախ TV» 3-րդ թողարկում
- Առավոտը «Ուրախ TV»-ում
- Կիթառահար Տաթև Աղաջանյանը «Ուրախ TV»-ի տաղավարում
- «Ուրախ TV»-ին Կեչառիսում
- Անտառուտյան դիջիգովազդ
- Հովհաննես Թումանյան
- H1N1-«Ուրախ TV»-ի հատուկ թողարկումը հարբուխի մասին
- Ինչպես պատրաստել թռչնի բույն
- Պայքարում ենք հարբուխի դեմ
- Փուչիկով բնագիտական փորձ