Սա ծնողներին հուզող հարց է, որը հաճախ են ինձ տալիս ծնողները, երբ ներկայացնում եմ 5-6 տարեկանների ուսուցման առաջին տարվա ծրագիրը: Բայց երբ առանց լարումների, խաղալով, ընդհանուր զարգացման գործունեության արդյունքում սովորողները սկսում են կարդալ, մուտքագրել, հորինել, մտքեր ձևակերպել, ծնողի անհանգստությունն անհետանում է, նա սկսում է ավելի վստահ գործընկեր դառնալ:
Վերջերս ինձ համար մի փոքրիկ ուսումնասիրություն արեցի: Նկատել էի, որ սովորողներն անգլերեն տառերը հեշտ ու արագ են ճանաչում: Ո՞րն է գաղտնիքը: Դիտարկումներիս արդյունքում եկա հետևյալ եզրակացության. ցուցանակների, իրենց սիրելի խաղալիքների, կոնֆետների, համակարգչի, ցանկացած ՏՀՏ միջոցի վրա անգլերեն է գրված: Այսինքն՝ սովորողները այդ տառերը տեսնում են անընդհատ, ամեն տեղ, հետն էլ հետաքրքրում է, ուզում են իմանալ՝ ինչ է գրված և … կարդում են: Ահա այդ փաստն էլ ինձ հուշեց հայերենի տառուսուցման հետ կապված խնդրի արագ-արդյունավետ լուծումը: Որոշեցի դասարանում՝ սեղանների վրա, գրել սովորողների անունները, որպեսզի իրենք իրենց և ընկերների անուններն անընդհատ տեսնեն, կարդան։ Երբ սկսեցի սեղաններին գրել, բոլորը ուրախացան, որ կարող են կարդալ իրենց անունը: Հետո այս ամենը վերածվեց խաղի: Սկսեցին կարդալ ընկերների անունները, համեմատել, թե իրենց անվան մեջ որ տառերն են իրար նման, որ տառն է, որ կա իրենց անվան մեջ, իսկ ընկերոջ անվան մեջ չկա և հակառակը: Այս ամենին զուգահեռ սկսեցինք շաբաթը մեկ բառի տառերի հետ ծանոթանալ: Քանի որ աշուն էր և անցնում էինք աշնան ամիսները, սկսեցինք հենց աշուն բառից: Մեկ ամիս չէր անցել, երբ սովորողներն արդեն բավական տառեր գիտեին. կարողանում էին իրենց ծանոթ տառերով բառեր կազմել, իսկ այն տառը, որ չգիտեին, փորձում էին հիշել, թե ում անվան մեջ են տեսել: Արդեն իրենց աշխատանքների վրա ինքնուրույն (տպագիր) գրում էին իրենց անունները: Վերականգնում էին խառնված նախադասություններն ու բառերը:
Երկրորդ ամսվա վերջում, սովորողների մի մասը կարդում էր փոքրիկ հեքիաթներ.
Փետրվարի վերջում, արդեն կարդում էին բոլորը (նշեմ, որ տառաճանաչությունը սկսել էինք հոկտեմբերի 15-ից, իսկ ամբողջ հունվար ամիսը աշխատել ենք հեռավար): Յուրաքանչյուր նոր բառ անցնելիս, սովորողները բղավում էին, թե որ տառը ում անվան մեջ կա:
Մենք հիմա դասարանում օրվա գործունեության ընթացքում շատ ենք ընթերցում: Սովորողների մի մասը պլանշետով, մի մասը նեթբուքով, մի մասը գրքով, մենակ կամ զույգերով կարդում են իրենց ընտրած նյութը, գիրքը: Հատկապես հետաքրքիր է, երբ զույգերով են կարդում: Առանց իրարից նեղանալու, իրար ուղղելով, մի բառ մեկը, մի բառ մյուսը կարդում են և քննարկում (օրինակներ` Մարիա և Վաչագան, Եվա և Դավիթ):
Կարդալը և կարդացածը հասկանալու համար մենք օգտագործում ենք նաև նամակագրությունը: Նամակները դեռևս գրում եմ միայն ես, քանի որ սովորողները ամբողջական միտք առայժմ դժվարանում են մուտքագրել: Իմ գրած նամակները լինում են անվանական՝ ուղղված կոնկրետ սովորողին, սովորողներին, կամ ընդհանուր՝ դասարանին: Օրինակ՝
- Արամ և Աննա, այսօր դուք հերթապահ եք:
- Դավիթ և Վաչագան, ծաղիկները ջրե՛ք:
- Ռազմի՛կ, աթոռակիդ կողքին թուղթ է ընկած, վերցրո՛ւ:
- Նախաճաշի ժամն է, իջնենք նախաճաշելու:
- Այսօր շատ տաք է և արևոտ, իջնում ենք բակ խաղալու:
Նմանատիպ նամակները գրում եմ էլեկտրոնային գրատախտակին, որպեսզի այն կարդան բոլորը, հասկանան բովանդակությունը: Նշում եմ նաև, թե ում է ուղղված նամակը: Սովորողների հետ մշակել ենք կանոններ, որոնց խիստ հետևում ենք: Սովորողները նամակները կարդում են ցածրաձայն, և պահանջը հասկանալուց հետո անձայն անում են այն, ինչ գրված է: Օրինակ, եթե նամակը գրված է ընդհանուր, սովորողը կարդալուց հետո, անձայն անում է այն, ինչ գրված է, իսկ եթե անվանական նամակներ են, կարդալուց հետո, հնչում է հետևյալ հարցը.
— Գալիս են առաջ այն սովորողները, ում ուղղված է նամակը, և ասում են այն, ինչ գրված է նամակում:
Եթե սովորողը ուշադիր չի եղել կամ չի հասկացել, որ նամակն ուղղված էր իրեն, դասընկերներից մեկը մոտենում է նամակի հասցեատիրոջը, միասին կարդում են և հասկանում պահանջը:
Սա զվարճալի խաղ-նախագիծ է, որը օգնում է սովորողին հաղթահարելու կարդալու նկատմամբ վախի զգացումը, կենտրոնացնում է ուշադրությունը, կարդալը և հասկանալը դարձնում է անհրաժեշտություն, դրանով իսկ զարգացնում է կարդալու և հասկանալու հմտությունը: Խաղն ունի իր կանոնները, որը մշակել ենք սովորողների հետ՝
- ուշադիր կարդալ հաղորդագրությունը
- հասկանալ գրվածը
- ճիշտ կատարել հրահանգը
- լռել, չխանգարել (չհուշել) ընկերոջը:
Սրանք այն կարևոր պայմաններն են, որին պետք է հետևեն բոլորը:
Այսօր արդեն կան սովորողներ, որ նույնիսկ տանից ինձ նամակներ են գրում և անչափ ուրախանում են, երբ ես արագ արձագանքում եմ իրենց նամակներին: Օրինակ, վերջերս Դավիթը որոշել էր ինձ ժպիտ ուղարկել և գրել. «Ընկեր Արմինե, այս սմայլիկը չմտածեք, թե տխուր է։ Այն ուրախ է, որովհետև դուք շատ լավն եք»։
Այժմ ամեն սովորող հորինում է իր հեքիաթը, իմ օգնությամբ մուտքագրում են: Բոլոր այս հեքիաթները մենք անպայման կարդում ենք տանը, կամ դպրոցում: Հետո սկսում ենք քննարկել, կարծիքներ հայտնել: Սովորողները սիրով են կարդում իրենց ընկերների գրած նյութերը: Շատ հաճախ բաժանվում են խմբերի, պլանշետներով մտնում են դասարանական բլոգ և այնտեղից կարդում են իրենց ընկերների գրածները:
Որպեսզի սովորողները շատ կարդան, փորձում եմ ընթերցանությունը կազմակերպել խաղի միջոցով: Այժմ նոր խաղ ենք խաղում. ընտրում եմ իրենց ծանոթ հեքիաթ: Չորս տարբեր պլանշետներում գրում եմ հեքիաթի չորս տարբեր հատվածներ, բաժանվում ենք խմբերի, կարդում ենք գրվածը և գուշակում, թե որ հեքիաթն էր: Կամ ամեն պլանշետի մեջ գրում եմ մեկ բառ և սովորողները փորձում են պլանշետները այնպես դասավորել, որ նախադասություն ստացվի: Նմանատիպ խաղերը շատ աշխուժություն և ոգևորություն են առաջացնում դասարանում:
Անկեղծ ասած, իմ գործածած մեթոդները հիմնականում ծնվում են գործունեության ընթացքում: Սովորողներն ու գործի ընթացքը ինքն են թելադրում ինձ, թե հաջորդ քայլը որն է, ինչպես շարունակենք: Այսօր ուրախանում եմ իմ սովորողներից յուրաքանչյուրի ամեն մի փոքրիկ հաջողությունով: Ուրախ եմ, որ նրանք կարողանում են կարդալ, մուտքագրել, հորինել և արտահայտել մտքերը: Հաջորդ քայլը կլինի ձեռքով (մատիտով, գրիչով) գրելը: Դեռևս չգիտեմ, թե երբ և ինչպես կսկսեն, բայց չենք շտապի, և անպայման դա կանենք խաղի միջոցով: