Մեր օրերում տեղեկատվական գերարագ փոփոխությունների հետ կապված` դանդաղորեն, բայց փոխվում է նաև հասարակության վերաբերմունքը հանրակրթության, կրթության խնդիրների, ընդհանրապես` գիտելիքի վերաբերյալ: Եթե նախկինում սովորողը գնահատական էր ստանում սովորած կոնկրետ դասի, կատարած առաջադրանքների և որոշակի քանակով արված վարժությունների համար, ապա այսօր նման գնահատումը միտում ունի դուրս մղվելու. այն այլևս արդիական չէ: Գնահատանիշը կորցրել և շարունակելու է կորցնել իր ուժը, որովհետև հասարակությանն այլևս պետք չեն բարձր գնահատականներով շրջանավարտներ. այսօր աշխատաշուկան իր պահանջներն ունի, որոնք միանգամայն այլ են: Այս հանգամանքն են փաստում նաև աշխարհում կատարված ուսումնասիրությունները: Ըստ այդ ուսումնասիրությունների՝ սովորողները կիրառում են դպրոցում ստացած գիտելիքի ընդամենը 5-ից 7 %-ը: Ասել է թե` որքան գիտելիքն իրական և կիրառելի է այսօր` դպրոցում, նույնքան հավանական է և դրա կիրառումը վաղը` դպրոցն ավարտելուց հետո:
Այդ իսկ պատճառով մեր դպրոցներում հնարավորինս արագ պետք է փոխվեն ուսումնառության չափանիշները` դառնալով առավել ճկուն և կառուցողական: Առավել ևս, կառուցողական պետք է լինի գնահատումը: Գնահատման հիմնաքարը պիտի լինի սովորողի՝ ոչ թե մեխանիկական հիշողությամբ ամրագրածը, այլ կատարած ուսումնական գործունեությունը: Իսկ որպեսզի այդ գործունեությունը որոշակի ժամանակահատվածի համար հնարավորինս տեսանելի և չափելի դառնա, ինչ խոսք, պետք է խրախուսվի և գնահատվի: Գնահատումն ուսուցչին, սովորողին և նրա ծնողին պետք են սովորողի առաջընթացը նշելու և հետագա աշխատանքի ծավալն ու բովանդակությունը որոշելու համար: Սովորողը ցանկության և հնարավորության դեպքում, բնականաբար, կարող է գնահատականը փոխել: Նման մոտեցման դեպքում միայն կկարողանանք ապահովել և ժամանակի ընթացքում բարձրացնել ուսուցման գործընթացի արդյունավետությունը:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում սովորողի կատարած ուսումնական աշխատանքի գնահատումը կատարվում է ըստ հեղինակային կրթական ծրագրի ուսումնական աշխատանքի գնահատման կարգի, 10 միավորանոց համակարգով: Ըստ այս կարգի` «խրախուսվում է սովորողի ուսումնական գործունեության ինքնահսկման և ինքնաստուգման ձևերի կիրառումը և հրապարակայնացումը մեդիայի միջոցով»:
Գործունեության գնահատման համակարգը, որն ուզում եմ ներկայացնել, նորություն չէ: Այն կիրառվում է տարիներ շարունակ: Ահավասիկ` «Դպիրի» 45-րդ համարում թողարկված «Հայոց լեզվի, գրականության ուսուցման արդյունավետության գնահատում» հոդվածը:
Անցնող տարիները հաստատեցին` գործունեության գնահատման այս համակարգը գործուն է: Այն, ինչ չի աշխատել կամ վատ է աշխատել` տարիների ընթացքում դուրս է թողնվել: Համակարգը գործարկելիս հաշվի են առնվել սովորողների կարծիքն ու պնդումները:
Գործունեության գնահատման այս ձևաչափը, ըստ էության, ինքնագնահատման` ինքնահսկման և ինքնաստուգման ճկուն համակարգ է, ավելի ճիշտ` մեխանիզմ, գործիք, որի միջոցով սովորողն ամեն ամիս ինքն իրեն գնահատում է` այսկերպ ձևավորելով ուսումնական տարվա իր գնահատանիշը: Ուսուցչի սուբյեկտիվ վերաբերմունքի ազդեցությունը գնահատականի վրա նվազագույնի է հասցված։
Սովորողը բաց, հրապարակային ներկայացնում է իր կատարած աշխատանքը, ըստ գնահատման սանդղակի գնահատում և հիմնավորում է՝ համապատասխան գնահատանիշը դնելով էլեկտրոնային մատյանում: Կիսամյակային, տարեկան գնահատման մեջ արտացոլվում է սովորողի ամբողջ տարվա աշխատանքի արդյունքը` ներառյալ արձակուրդների ընթացքում կատարածը:
Գնահատման սանդղակը պարզ է, հստակ, հասկանալի: Չափելի և տեսանելի է դարձնում սովորողի ուսումնական աշխատանքը: Այն, ըստ էության, ունի երեք մակարդակ`
- առաջին մակարդակ` ընդհանուր հանրակրթություն (պետական չափորոշիչներ)
- երկրորդ մակարդակ` հեղինակային կրթական ծրագիր
- երրորդ մակարդակ` հեղինակային կրթական ծրագրի զարգացում. ինքնակրթություն։
Ըստ այս համակարգի` ընդհանուր հանրակրթության համար սովորողին տրվում է նվազագույն գնահատանիշ, իսկ երկրորդ և երրորդ մակարդակների համար` առավելագույն: Այս կերպ շեշտադրվում է, որ Կրթահամալիրի կրթական ծրագիրը, ի տարբերություն մյուս դպրոցների, ոչ թե ընդհանուր հանրակրթություն ապահովելն է, այլ ինքնակրթության միջոցով հեղինակային կրթական ծրագիր իրականացնելը:
Ծանոթանանք մայրենիի գործունեության գնահատման համար նախատեսված մեր առաջարկած համակարգին:
Ընդհանուր հանրակրթություն. 4-6 միավոր
Գործնական քերականության, գրական ընթերցանության նվազագույն պարտադիր մասը` քերականական վարժությունների և գրականագիտական առաջադրանքների կատարում։
Հեղինակային կրթական ծրագիր. 7-8 միավոր
Գործնական քերականության, գրական ընթերցանության նվազագույն պարտադիր մասը կատարելուց բացի խոսքի մշակման աշխատանքի ապահովում`
- նախագծային աշխատանքի մասնակցություն
- լրատվություն, կայքի, բլոգի համար նյութի ստեղծում
- ստեղծված այլ նյութ` այլալեզու ԶԼՄ-ներից թարգմանություն, ռադիոնյութ, տեսանյութ
- գրական ինքնակամ ընթերցանություն, վերլուծություն։
Ինքնակրթություն. 9-10 միավոր
- ուսումնական արձակուրդների ժամանակ արված աշխատանք
- նախագծային աշխատանքի արդյունավետ մասնակցություն. նախագծի ղեկավարում
- արդյունավետ բլոգավարություն. ստեղծագործական աշխատանք
Հավելեմ նաև, որ գործունեության գնահատումը վերաբերում է նաև այն բազմազան առաջադրանքներին ու իրավիճակներին, որոնցով սովորողը հնարավորություն է ստանում դրսևորելու գիտելիքի իր ըմբռնումը, կարողանում է կիրառել ձեռք բերած հմտություններն ու մտածելու կարողությունը:
Գնահատումն իրականացվում է ժամանակի ընթացքում` հիմնվելով շոշափելի արդյունքի կամ դիտարկելի գործունեության վրա: Նման մոտեցումը խրախուսում է ինքնագնահատումը և սեփական արդյունքների վերանայումը, պահանջում արդյունքների հրապարակում-գնահատում:
Գնահատման այս համակարգը, ըստ էության, ուղղված է ոչ թե սովորողին գնահատանիշ դնելուն, այլ անհրաժեշտ մի շարք կարողությունների զարգացմանը`
- ինքնագնահատում
- ստեղծագործական մտածողություն
- սովորել սովորելու կարողություն
- համագործակցելու կարողություն
- որոշումներ կայացնելու կարողություն։
Այս համակարգը ենթադրում է կառուցողական ուսուցում` շեշտը դնելով ոչ թե գնահատանիշի, այլ գործունեության գնահատման վրա:
Խմբագիր՝ Հասմիկ Ղազարյան