Շուրջ երկու ամիս մասնացում էի ուսումնական հաստատության ղեկավարի իրավունքի՝ հավաստագրի համար անցակցվող վերապատրաստումներին: Երկամսյա այդ բարդ ընթացքի մեջ կար ձեռքբերումների մի փուլ, որը ես կփորձեմ ներկայացնել: Այն բացը, որն ինձ կաշկանդում էր, լրացվեց. խոսքը իրավագիտակցության մասին էր, որը վարչական աշխատանքի մեջ, ըստ իս, ամենակարևոր բաղադրիչն է: Իսկ այդ լրացման ճանապարհի «ինչպե՞ս»-ի մասին՝ ավելի մանրամասն:

Հարցերը բաժանված էին քարտերի: Յուրաքանչյուր վերապատրաստվող վերցնում էր քարտը և դրանում նշված հարցերը «զույգով աշխատանքի» ձևաչափով հինգ հոգու հետ ընթերցում, ապա տվյալ քարտը փոխում նորով ու կրկին նույն սկզբունքով աշխատում հինգ հոգու հետ: Դու ընթերցում ես քարտում ընդգրկված հարցերը ընկերոջդ համար,նրա՝ պատասխանը իմանալու դեպքում լսում ես այն, չիմանալու պարագայում կարդում ես պատասխանը, ապա հակառակը՝ ընկերդ կարդում է իր քարտում ընդգրկված հարցերը, և նույն սկզբունքով ընթանում է աշխատանքը: Արդյունքում օրվա ընթացքում ամենաքիչը 50 հարց լավ յուրացրած, իսկ ընկերների քարտերի հարցերին ծանոթացած գնում էի տուն: Ստացվում էր, որ ուսուցման գործընթացում խմբի յուրաքանչյուր անդամի գործուն ընդգրկվածությունը ապահովված էր: Խումբը պասիվ լսողի դերում չէր: Գործում էր համախմբային աշխատանք՝ զույգով աշխատանքի ընթացքում փոխազդեցությունը, փոխօգնությունը և փոխստուգումը: Երեք տարրեր, որոնք ուսումնական գործընթացում արդյունք էին գրանցում: Սկզբում վանող էր, քանի որ աշխատանքը ընթանում էր աղմուկի մեջ, ինչը ես տանել չեմ կարողանում, բայց անգամ այդ պայմաններում ընտրված մեթոդի արդյունավետության միջոցով ես ներառվեցի: Պարապմունքները, իհարկե, երբեմն-երբեմն ընդմիջվում էին մեթոդիստի բացատրություններով, սակայն դա չէր գերակշռում. Արվում էր միայն հարցերի և անհրաժեշտության դեպքում: Հիմնականում օգտագործվում են ենթախմբային կամ համախմբային քննարկումների դեպքում, որոնք բավական արդյունավետ են կարծիքների ձևավորման, փոխանակման, ընդհանուր մոտեցումների մշակման համար: Հետաքրքրասիրությունս ինձ ստիպեց դիմել համացանցին: Արդյունքում պարզեցի, որ փոխազդեցության գաղափարը ներդրվել է մանկավարժական մի շարք ուղղություններում, որոնք կայացել, առանձնացվել ու մանկավարժության մեջ ամրագրվել են որպես յուրատեսակ մանկավարժական ավանդույթներ: Դրանց թվին են պատկանում այնպիսի հայտնի ուղղություններ, ինչպիսիք է Բել-Լանկաստերյան համակարգը (փոխուսուցման համակարգ): Ուսուցման այս ձևը առաջացել է 1798 թ. Մեծ Բրիտանիայում, հեղինակ-մշակողները ՝ Ա. Բելլ և Ջ. Լանկաստերը, հետագայում լայն տարածում գտած մեթոդներից է: Ուսումնական պարապմունքների կազմակերպման հիմնական սխեման հետևյալն է. ուսուցիչն ուսումնական խմբի անդամներից ընտրում է մի քանի ավագ՝ ընդունակ սովորողների, և հիմնականում աշխատում նրանց հետ: Ապա այդ սովորողներին կցվում են կրտսեր սովորողների փոքրաքանակ խմբեր, որտեղ ավագները հանդես են գալիս որպես ուսուցիչ: Ավագ, ընդունակ սովորողներին անվանում էին մոնիտորներ:

Համակարգի հիմնական առավելությունները՝ 

  • ուսումնական նյութի մեկնումը կրտսեր սովորողների համար մատուցվում էր իրենց մատչելի մակարդակում, քանզի տարբերությունը նրանց և մոնիտորների տարիքային, ինտելեկտուալ զարգացման միջև այդքան էլ մեծ չէր.
  • համակարգը միաժամանակ խթանում էր մոնիտորների ինքնակրթությունը:

Համակարգի հիմնական թերությունը՝ մոնիտորները չունեն անհրաժեշտ մանկավարժական գիտելիքներ և հմտություններ:

Բել-Լանկաստերյան համակարգը լայն տարածում չի ստացել որպես կրթական աշխատանքի հիմնական ձև, քանի որ երեխաների համար բավարար կրթություն չի ապահովել: Միևնույն ժամանակ այն ինտենսիվորեն օգտագործվում էր մի շարք երկրներում (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և այլն): Եվս մեկ մեթոդ, որն այսօր մեծ ճանաչում է վայելում՝ Րիվինյան երկխոսության, զուգորդությունների մեթոդն է: Արդեն 20-րդ դարասկզբին որոշ մանկավարժներ ուսումնական պարապմունքները կազմակերպելիս սկսեցին օգտագործել սովորողների՝ զույգերով հաղորդակցման ձևերը: Մեթոդի հիմնադիրն ու հիմնական կիրառողը Ա. Րիվինն էր: Նրա կազմակերպած պարապմունքներն առաջին հայացքից բավական պարզ էին: Ուսուցիչը աշխատում էր տարատարիք խմբերի հետ, որտեղ ընդգրկված էին նաև թույլ, ուսումնառությունից հետ մնացած սովորողներ, որոնք ձգտում էին բարձր առաջադիմության: Սովորողներից յուրաքանչյուրն իր ուսումնական նյութը յուրացնելու համար աշխատում էր դասընկերներից մեկի հետ: Որոշ ժամանակ համատեղ աշխատելուց հետո նա այդ դասընկերոջից բաժանվում էր, մոտենում մեկ այլ սովորողի և սկսում աշխատել նրա հետ: Հաղորդակցվելով զույգերով՝ սովորողները կատարում էին տարբեր աշխատանքներ՝ միմյանց բացատրում էին նոր թեմաներ, համատեղ լուծում խնդիրներ, քննարկում տարբեր հարցեր, մեկը ստուգում էր մյուսի կողմից նյութի յուրացման մակարդակը և այլն: Սակայն արտաքնապես պարզ թվացող այսպիսի պարապմունքներն ունեին իրենց ներքին տրամաբանությունը, նպատակաուղղվածությունը և կազմակերպվածությունը: Հետագայում Րիվինի հայտնագործությունները զարգացվեցին ու կիրառվեցին իր սովորողների ու հետևորդների կողմից: Շարժման ներկայացուցիչների (Րիվին, Վիխման, Բրեյտերման, Կոլեսնիկով և ուրիշներ) մտքով անգամ չէր անցնում, որ իրենց հայտնագործությունները ոչ միայն սովորական մանկավարժական հնարքներ են, այլև կարող են հիմք հանդիսանալ ընդհանրապես ուսուցման կազմակերպման նոր եղանակի անցման համար:
 

Սովորողի ուղեցույց

  1. Կարդալ թեման (ուսումնական նյութը):
  2. Գրանցել վերնագիրը, պարբերության համարը:
  3. Ընտրել զույգ (դասընկեր), պայմանավորվել՝ ով է առաջինը ընթերցում, ծանոթացնում թեմային, ով՝ երկրորդը:
  4. Թեմայից ընտրված պարբերությունը կարդալ բարձրաձայն. զույգը այդ ընթացքում ուշադիր լսում է, հետևում տեքստին:
  5. Բացատրել պարբերությունը և առաջարկել վերնագիր. եթե զույգդ (դասընկերդ) համաձայն է առաջարկած վերնագրին, ապա նա պարբերությանը կից նշում է վերնագիրը և իր ազգանունը:
  6. Եթե կա անհրաժեշտություն, ապա պետք է դուրս գրել պարբերությունից բառեր, սիմվոլներ (բանաձևեր), որոնք անհրաժեշտ են հիշել:
  7. Ուշադիր լսել զույգի (դասընկերոջ) թեման և վերնագրել: Պարբերությանը կից նշել քո ազգանունը:
  8. Շնորհակալություն հայտնել և կազմել նոր զույգ, ընտրել նոր դասընկեր:
  9. Պայմանավորվել՝ ով է առաջինը:
  10. Պատմել ընկերոջը առաջին պարբերությունը:
  11. Կրկնել ուղեցույցի 5-րդ կետից նշված բոլոր գործողությունները, մինչև տեքստի ավարտը:
  12. Պատմել տեքստը դասընկերներին սկզբից մինչև վերջ՝ անհրաժեշտության դեպքում օգտվելով պլանից:

Րիվինյան մեթոդի առավելությունները

Րիվինյան մեթոդիկան արդյունավետ գործիք է, որի կիրառումը կնպաստի լուծել այն կազմակերպական դժվարությունները, որոնք ծառանում են ուսուցչի առաջ՝ պետական առարկայական չափորոշիչների առումով:

  • Զարգացնում է հաղորդակցական հմտությունները:
  • Օգնում է առանձնացնել ամենակարևորը և ընդգծել ենթատեքստերը:
  • Ոսումնական նյութը լավ յուրացվում է, քանզի մի քանի անգամ արդեն ընթերցվել, քննարկվել է:
  • Հաջորդող նյութը էլ ավելի հեշտ է ընկալվում, քանի որ սովորողը մի քանի անգամ արդեն լսել է:
  • Մեթոդը օգնում է սովորել նյութը ներկայացնել ավելի հակիրճ և սեփական ձևակերպումներով:
  • Ձևավորում է փոխազդեցության հմտություններ՝ խմբի յուրաքանչյուր անդամի հետ աշխատանք, հարգալից, բարեկիրթ վերաբերմունքի դրսևորում զույգի նկատմամբ:
  • Ձևավորում է գործընկերային հարաբերությունների հմտություններ:
  • Յուրաքանչյուր սովորողի համար ստեղծում է աշխատելու հարմարավետ միջավայր՝ իր ռիթմին համապատասխան և առանց լարման:
  • Ընդգծված զարգացնում է մտածված ընթերցանությունը։

Մեթոդի բացասական կողմերը.

  • Ուսումնական պրոցեսի կազամկերպումը Րիվինյան մեթոդիկայով ուսուցչի համար բարդ և աշատատար է:
  • Ժամանակատար է:
  •  Մեթոդի կիրառումը նպատակահարմար չէ բոլոր առարկաների, ինչպես նաև թեմաների համար:
  • Տեքստերը չպետք է շատ և ծավալուն լինեն. մի քանի զույգ փոխելուց հետո սովորողները կարող են շեղվել, շփոթել տեքստը և հոգնել, ձանձրանալ:
  • Յուրացման արագությունը ցածր է. թեև սովորողները կուտակում են խորքային գիտելիքներ, սակայն դանդաղորեն:

Ամեն դեպքում, թեև Րիվինյան մեթոդը ունի բացասական կողմեր ևս, նրա առավելությունները շատ ավելին են, և կարելի է ժամանակ առ ժամանակ մեթոդը կիրառել:
19-րդ դարի վերջին ձևավորվեց ևս մեկ մեթոդ՝ Մոնտեսորիի համակարգը, որը որոշ չափով կարողացավ համատեղել անհատական ինքնուրույնության և ընկերական փոխօգնության գաղափարներն ուսուցման կազմակերպման գործընթացում: Այն հնարավորություն տվեց նույնիսկ միատարր ու միամակարդակ աշակերտական կազմ ունեցող ուսումնական խմբերի փոխարեն ստեղծել տարատարիք ու տարամակարդակ կազմով ուսումնական խմբեր: Դա հատկապես հաջողվեց տարրական դպրոցում: Հետագայում այս մեթոդի ձևափոխված տարբերակը լայն տարածում գտավ նաև միջին դպրոցում, որը հայտնի է որպես Դալտոն-պլանի մեթոդ: Դալտոն պլանի մեթոդում ուսուցչի դերը որոշակի է, չի գործում նաև կոլեկտիվ ուսուցման գաղափարը, սովոորողի աշխատանքը ավելի անհատական է: Ուսուցման միջավայրը լաբորատորիաները, արվեստանոցներն ու գրադարաններն են: Դալտոն-պլանը դարձավ հիմք, որ 20-րդ դարի սկզբում ձևավորվեր լայն տարածում գտած Բրիգադային-լաբորատոր մեթոդը: Ուսումնական խումբը բաժանվում է փոքր ենթախմբերի՝ բրիգադների: Յուրաքանչյուր բրիգադում փոխօգնության և համագործակցության միջոցով իրագործվում են ուսումնական նպատակները, իսկ յուրաքանչյուր աշակերտի արդյունքը գնահատվում է ընդհանուր բրիգադի ցուցանիշներով: Սահմանափակվելով այսքանով՝ նշենք, որ այս և մի շարք այլ մանկավարժական ուղղություններում հատկապես նշանակալից են երկու կարևոր հանգամանք.

1. ուսումնական խմբի անդամները ոչ թե գտնվում են մրցակցային հարաբերություններում, այլ ընդգրկվում են համագործակցային փոխազդեցության գործընթացներում,

2. ուսումնական պարապմունքներին բնորոշ է ընդհանուր ճակատի բացակայության որոշակի աստիճան: Սրանք արդեն բոլորովին այլ տեսակի ուսումնական գործընթացի նախապատկերներն էին:
 

Կոլեկտիվ ուսուցում

Ինչպես արդեն վերը նշվեց, խմբային ուսումնական գործընթացի կառուցվածքային հիմքում ընկած է ուսուցիչ-աշակերտական խումբ փոխազդեցության ձևը: Ի տարբերություն խմբայինի, կոլեկտիվ ուսուցման կառուցվածքային հիմքը յուրաքանչյուրը յուրաքանչյուրի հետ փոխազդեցության ձևն է, ինչը հնարավորություն է տալիս ստեղծելու համընդհանուր համագործակցության ու փոխօգնության վրա հիմնված ուսուցման գործընթաց: Ուսումնական խմբի յուրաքանչյուր անդամ իր ուսումնական նպատակներն ու խնդիրներն իրագործում է մյուսների օգնությամբ՝ միաժամանակ օգնելով մյուսներին՝ իրագործելու իրենց խնդիրներն ու նպատակները: Սովորողների միջև փոխազդեցությունը կազմակերպվում է փոխուսուցման, համատեղ ուսումնասիրությունների, փոխստուգման, փոխվարժանքի և այլ նմանատիպ նպատակներով:

Օգտագործված աղբյուրները

Сидоров Сергей Владимирович: Сайт педагога-исследователя : Система обучения по далтон-плану
Сидоров Сергей Владимирович : Сайт педагога-исследователя  Бригадно-лабораторная система обучения.
Елена Сафонова : Раз абзац, два абзац: методика А.Г. Ривина сто лет спустя. Способ организации парной работы в школе.
А.Г.Ривин, В.К.Дьяченко Коллективный способ обучения КСО.

Խմբագիր՝ Հասմիկ Ղազարյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով