Ընտանեկան դաստիարակության արվեստը
Մանկավարժական էսսե
Բայց մենք կանգնած ենք ավելի դժվար խնդրի առաջ: Մի անգամ ևս կրկնենք, որ լավ հիշենք. դաստիարակությունը բաց, հետևաբար անպաշտպան գործընթաց է:
Մենք ողջ ուժով կառուցելու ենք Երեխայի հոգևոր-բարոյական աշխարհը, իսկ ուրիշները նույն համառությամբ ջանալու են քանդել այդ աշխարհը: Երեխայի հոգուն տիրելու, նրան ուղուց շեղելու ու մեզանից հեռացնելու դավադիր միտումներ ունեցող ուժեր են մեր դաստիարակչական գործընթաց թափանցելու:
«Մարդը ծնվելով իրենից ներկայացնում է ներդաշնակության, ճշմարտության, գեղեցիկի ու բարու նախնական պատկերը,- սա Լև Նիկոլաևիչ Տոլստոյն է գրում ու շարունակում.— բայց կյանքի ամեն մի ժամը, ժամանակի ամեն մի ակնթարթը մեծացնում է տարածությունը, քանակն ու ժամանակը այն հարաբերությունների, որոնք նրա ծնունդի պահին լիակատար ներդաշնակության մեջ են եղել, ու ամեն քայլ, ամեն ժամ սպառնում է խախտելու այդ ներդաշնակությունը, և ամեն հաջորդ քայլ ու ամեն հաջորդ ժամ սպառնում է նոր խախտում անելու, և խախտված ներդաշնակությունը վերականգնելու հույս չի տալիս»:
Բացի «խավարի ուժ» հասկացությունից՝ այս ուժերին այլ անուն չես տա: Դրանք խավար են ոչ միայն իրենց դիտավորությամբ, այլև իրենց գործունեության միջոցներով:
Դրանք գործում են խորամանկորեն, աննկատ, թաքուն, որսում են մեր բացթողումները, օգտվում են միջնորդներից, որոնց մեջ են արդեն ցանցի մեջ հրապուրած երեխաները: Մեծածավալ կերպով օգտվում են զանգվածային լրատվության միջոցներից: Նրանց ձեռքին է հեռուստատեսությունը, մարտաֆիլմերի ու սարսափ ֆիլմերի արտադրությունը: Նրանց ձեռքին է նաև վհուկների, սպանությունների, այլասերվածների մասին գրքերի արտադրությունը: Թողարկում են մեծաքանակ ամսագրեր ու թերթեր անհեթեթ ու չնչին զվարճանքների, սեքսի, ուռճացրած կուռքերի մասին: Երեխաները ներքաշվում են համակարգչային խաղերի մեջ, որտեղ հարկավոր է սպանել ու սպանել, խաբել, դավաճանել: Երեխաներին ճնշում են գովազդներն ու տեսահոլովակները: Եվ այս ամբողջ աղբի հեղեղը լրացվում է այլասերված լեզվով:
Խավարի ուժերի խորամանկ ու ագրեսիվ գործունեությունը ամեն ժամ բազմապատկում է երեխաների ու երիտասարդության մեջ ծխողներին, թմրամոլներին, հարբեցողներին, հանցագործներին, թափառականներին ու մանկահասակ մարմնավաճառներին: Համալրվում են տարբեր «կրոնական» սեկտաների անդամների շարքերը, որ հեռացնում են նրանց ընտանիքներից, հասարակական կյանքից ու տրամադրում նրանց իրենց հարազատների ու հասարակության դեմ: Ընդլայնվում են ֆաշիստականության, նացիոնալիստական և, այսպես կոչված, սատանիստական երիտասարդական կազմակերպությունների շարքերը:
Դա խավարի ուժերից է սկիզբ առնում. խելքը հակահասարակական նորաձևությանը, իրերին, փոփ-խմբերին և հիթ-շքերթներին, արհեստականորեն ուռճացված կատարողներին տված լինելը, սեքսի և դրա ոչավանդական կողմնորոշման պրոպագանդան: Մարդիկ, նորաձևությունը և իրերը գնահատվում են իրենց սեքսուալությամբ, այլ ոչ թե հոգևոր-բարոյական գեղեցկությամբ:
Նրանք են երեխաների մեջ դաժանություն, խմբավորումներ հրահրում ու թշնամություն, ազգայնական ու ռասսայական հողի վրա սպանություններ սադրում, դպրոցներում ծաղր ու ծանակի ենթարկում հալածական երեխաներին, դրամաշորթում, «դեդովշչինա» իրականացնում:
Երեխաներն իրենք չեն հորինում «կյանքի» այսպիսի ձևերը, խավարի ուժերն են ստեղծում դրանք հատուկ «գիտական» կենտրոններում ու ներգրավում դրանցում երեխաներին ու երիտասարդությանը: Դա հենց նպատակաուղղված ագրեսիա է դաստիարակության հոգևոր-բարոյական հիմքերի դեմ, մշակույթի հիմքերի դեմ, այն կյանքի դեմ, որ կարող է սկսվել հասարակության հոգևոր-բարոյական մաքրագործման միջոցով:
Ահա այսպիսի հզոր հակազդեցություն է գոյանում մեր առջև: Այս վտանգի հետևանքները զգում է ծնողական սիրտը: Չանհանգստանալ այդ վտանգից՝ նշանակում է վնասել ապագան: Իսկ հաղթահարել այն հեշտ չէ:
Բայց ուրիշ ելք կա՞:
Ի՞նչ պետք է անենք:
Այն, ինչ մեր ուժը ներում է ու մեր ուժերից վեր է:
Պետք է ամեն ինչ անել, որ մեր և Երեխայի միջև ձևավորվեն վստահելի հարաբերություններ, սկզբնավորվի հոգևոր ընդհանրություն: Թե չէ Երեխան չի հասկանա և չի ընդունի մեր խրատները, զգուշացումները, խորհուրդներն ու խնդրանքները, չի խոսի մեզ հետ իր ապրումների մասին:
- Պետք է ամեն ինչ անել, որ մեր զգացմունքներն ու մեր հայացքը խավարի ուժերից ոչ մի ստվեր, որ կարող է ընկնել մեր դաստիարակչական գործընթացի լուսավոր արահետների վրա, բաց չթողնեն, ամեն ինչ պետք է անել, որ ստվերն այդտեղից չքանա:
- Պետք է ամեն ինչ անել, որ Երեխան մեր օգնությամբ գիտակցի, թե ինչ է Լույսը, և ինչ է խավարը, և հեռու մնա վերջինից, դրսևորի հաստատակամություն դրա դեմ:
- Պետք է ամեն ինչ անել, որ Երեխային այն աստիճան լույսով համակենք, որ խավարի համար տեղ չմնա:
- Պետք է ամեն ինչ անել՝ Երեխային կործանարար ցանկություններից, սեփականատիրական զգացմունքներից, աննպատակ կյանքից, կեղծիքից պաշտպանելու համար:
- Պետք է ամեն ինչ անել, որ Երեխան հասկանա ու հավատա՝ ինքն իր Առաքելության կրողն է, ինքը պարտավոր է բացահայտել այն իր մեջ ու ծառայել դրան:
- Պետք է այս ու մնացած բոլորն անել, որ Երեխան կարողանա ինքն իրեն պաշտպանել ամեն անարժանից ու չարիքից, ունենա իր աշխարհընկալումը, իդեալներն ու նպատակները ու ձգտի դեպի դրանք:
Էլեգիա. աշխարհով քայլում է իմաստունը. ջունգլիների մանկավարժություն
Իմաստունը գյուղի միջով դեպի Արևելք էր գնում: Մարդիկ շրջապատեցին նրան:
— Ասա՝ ճի՞շտ ենք արդյոք դաստիարակում մեր երեխաներին:
Եվ նա պարասխանեց.
— Լսե՛ք մի առակ:
Ջունգլիների արքան՝ Հզոր Առյուծը, մրցույթ հայտարարեց երեխաների դաստիարակության լավագույն դասագրքի համար, որ հինը նորով փոխարինի: Մասնակիցները միանգամից հավաքվեցին։ Արքան ասաց նրանց.
— Ես պետք է իմանամ՝ որն է գլխավոր գաղափարը, որն է նպատակը, և որոնք են դաստիարակության մեթոդները, որոնք դուք հաստատում եք ձեր դասագրքերում։
Առաջինն Ավանակը ներկայացավ: Նա դաստիարակության մի գրաստաբեռ դասագիրքը բերեց, նետեց Արքայի ոտքերի տակ ու վստահորեն բղավեց.
— Ահա գլխավոր գաղափարը. «Անտրտունջ քարշ տուր քո տիրոջ բեռը, բայց անսասան պնդիր քոնը, եթե անգամ նրա զոհը դառնաս»: Իշուկ «անհատի» դաստիարակության նպատակը համառությունն է: Դաստիարակության մեթոդները՝ իշային գոռգոռոցները, ճիպոտները, դիմացկունության փորձությունը, միևնույն բանի՝ բազմակի, բթանալու աստիճան կրկնությունը:
Մի քայլ առաջ արեց Կապիկը: Նա իր դասագիրքը թևի տակ էր դրել: Արքայի ոտքերի առաջ նետեց այն ու ծռմռվելով, անփույթ արտաբերեց.
— Իմ դասագրքի հիմունքն է. «Ծիծաղեցրո՛ւ քո տիրոջը՝ գրգռելով նրան այնպես, որ նա մոռանա, թե ինչ մտադրություններ ուներ քեզ հետ կապված»: Դեռահաս կապիկ անհատականության դաստիարակության նպատակը վարպետորեն ծամածռվելն է, իսկ մեթոդները՝ կոտրատվելը, ծռմռվելը, հուշումներն ու սերտումները:
Ներկայացավ աղվեսը: Նա ատամներով էր պահել իր դասագիրքը: Նետեց այն Առյուծի ոտքերի առաջ և աչքերը կկոցելով, միամտություն ձևացնելով՝ երգեց.
— Ահա դաստիարակության մասին իմ գրքի գաղափարը. «Խորամանկությամբ ու ճարպկությամբ, որպեսզի ջրից միշտ չոր դուրս գաս, տիրացի՛ր ուրիշի ունեցածին, քո ավարի առյուծի բաժինը մատուցի՛ր տիրոջդ ու ամե՛ն կերպ նրան սիրաշահիր»: Աղվեսիկի անհատականության դաստիարակության նպատակը խարդավանքն է, իսկ մեթոդները՝ կեղծավորությունը, խաբեությունը, թեստերը, ստուգումները, քննությունները:
Ներկայացավ Այծը: Նրա դասագիրքը գրված էր խաղողի վազի երկու տերևների վրա, որ հագցված էին պոզերին: Այծը տերևները նետեց Առյուծի ոտքերի առաջ ու մկկաց.
— Ահա, թե ինչպիսին է իմ գաղափարը. «Ապրի՛ր, ինչպես ստացվում է, և ոչ մի բանի համար մի՛ վշտանա, եթե անգամ քո տիրոջ զոհը դառնաս»: Ուլիկի անհատականության դաստիարակության նպատակը անհոգությունն է, իսկ մեթոդները՝ մկկալը, պոզահարելը, հիմարությունների տեխնոլոգիան:
Ջունգլիների Արքան ուշադիր լսեց մրցույթի բոլոր մասնակիցներին ու տխուր արտաբերեց. «Այո՜»: Ապա, մի փոքր մտածելով, հայտարարեց.
— ՈւԺի մեջ եմ թողնում դաստիարակության մասին հին դասագիրքը, որ գրվել է Մարդու կողմից, քանզի նրա մեջ ավելի լավ է ընդհանրացված ջունգլիների մանկավարժության ողջ գաղափարը:
Իմաստունը լռեց:
Մարդիկ ըմբռնեցին առակն ու սարսափեցին. ջունգլիների մանկավարժության մեջ նրանք ճանաչեցին երեխաների դաստիարակության իրենց փորձը:
Ռապսոդիա. կապվածության ու խնամքի մասին
Այս օրենքը Բնությունն է սահմանել. այն կապում է Երեխային մեզ հետ նրա անօգնականությունից ելնելով, իսկ մեզ նրան կապում է՝ մեր մեջ նրա հանդեպ խնամքի զգացում առաջացնելով: Մենք՝ Երեխան ու ծնողներս, համարյա տառացիորեն կապված ենք իրար հետ: Կապվածության օրենքն իր մեջ ենթադրում է նաև կախվածություն:
Երեխան լիովին անօգնական է ծնվում, առանց մեր խնամքի անմիջապես կմահանա: Նրան հարկավոր է կերակրել, լողացնել, հագցնել, անկողին դնել, տակդիրները փոխել: Բացի դրանից, անհրաժեշտ է հաղորդակցվել ու խոսել նրա հետ, շոյել ու սիրել նրան, օրորոցայիններ երգել, ուրախանալ նրանով, մտածել նրա մասին, նրա ապագայի մասին:
Ծնողական զգացումը, ծնողական սիրտը կանհանգստանա, եթե Երերեխայի հետ ինչ-որ բան այն չանենք. մենք հանգիստ կլինենք, երբ ամեն ինչ ճիշտ անենք:
Մենք հոգածությամբ լի ենք Երեխայի հանդեպ:
Հոգածությունը ոչ միայն Երեխայի բարօրությանն ուղղված միտք է ու գործունեություն, այլև նրա խնամքն է ու հանձնակալությունը նրա հանդեպ: Այդպես են մեզ ասում սովորական բառարանները: Ուրիշ բառարաններ, որոնք փնտրում են բառի հոգևոր իմաստը, ստուգաբանում են մեզ. հոգածություն՝ հոգալ հանուն Աստվածային խորհրդի[1]: Այսինքն՝ մեր ամբողջ հոգածությունը Երեխայի հանդեպ, սկսած այն օրից, ինչ մենք իմանում ենք, որ նրան ունենալու ենք, իսկ հետո այն օրից, ինչ նա աշխարհ է գալիս, իսկ հետո ամբողջ հետագա տարիներին, որ մենք դաստիարակում ենք նրան, Աստվածային Խորհրդով իրականացվող մի հզոր գործընթաց է: Դա հենց այն է, ինչ ասվում է Նոր Կտակարանում. «Ես տնկեցի, Ապպոլոսը ջրեց, բայց աճեցրեց Աստված»: Դրա համար էլ, հոգալով Երեխայի մասին, մենք մի անսովոր, աստվածային սեր ենք տածում նրա հանդեպ և լի ենք պարտքի մի ակնածալից զգացումով առ Աստված:
Մեզ՝ Երեխային ու ծնողներիս, Բնությունը մի քանի հանգույցով է կապել իրար: Կապել է ոչ պարտադրանքով, ոչ էլ կամավոր կերպով: Այլ արել է դա հանուն նրա, որ այդպես է պետք: Երեխայի կողմից դա նրա անօգնականությունն է կյանքի պահպանման գործում և դաստիարակվելու անհրաժեշտությունը: Մեր կողմից դա ծնողական զգացմունքն է, որ ուղեկցվում է հոգածությամբ ու սիրով: Նորածնի կյանքը ամբողջությամբ կախված է մեզանից, և նա դա «գիտի»: Նա անմիջապես կապվում է մայրիկին և ուրախանում, երբ վերջինս գրկում է իրեն ու սեղմում սրտին: Ուրախանում է, երբ հայրիկը ժպտում է, շոյում իրեն, կատակում, խաղում ու խոսում իր հետ, ապա թեթև վեր նետում իրեն: Նա վստահում է տատիկին ու պապիկին, գիտի, որ նրանք նույնպես հարազատ են: Մեր բոլորի հետ նա լավ է զգում իրեն, ընտանեկան գրկում է, իրեն պաշտպանված է զգում: Բայց նա ամիջապես կանհանգստանա, եթե իրեն օտար մեկը նայի, անգամ թեկուզ ժպտիտով: Կփնտրի մայրիկին, որ պաշտպանի իրեն օտար մարդուց, անգամ լաց կլինի:
Մենք՝ մեր ամբողջ ընտանիքը, նրա կենսականորեն անհրաժեշտ միջավայրն ենք: Նա շնորհակալ է մեզ դրա համար, նրա համար, որ կանք իր կյանքում: Եվ իր կողմից ջանում է ուրախացնել մեզ. սկսում է ժպտալ, սկսում է թոթովել, իսկ հետո՝ քայլել ու խոսել, սկսում է սիրել մեզ: Միայն նրա համար, որ ունի մեզ, նա կխոսի: Կխոսի է մայրիկի համար մայրական լեզվով, հայրիկի համար՝ հայրական լեզվով, տատիկի ու պապիկի համար՝ նույնպես նրանց լեզվով: Իսկ հետո կխոսի ամբողջ աշխարհի համար:
Կապվածության օրենքը հրաշքներ է գործում:
Իհարկե, ոչ օրենքը, այլ այն, որ մենք հասկանում ենք օրենքի էությունը և չենք խախտում նրա պայմանները:
Իսկ պայմանները հետևյալն են:
Երեխան կաճի, իսկ կապվածությունն ու կախվածությունը նրան բեռ կդառնան: Նա կփորձի քանդել կամ անգամ կտրել նախ մի հանգույց: Կգա ժամանակը, և կքանդի կամ կկտրի հաջորդ հանգույցը: Եվ վերջապես, հարկ կլինի, որ կտրի բոլոր հանգույցները: Կապվածության օրենքը թուլանում է, Երեխան դուրս է գալիս կապվածության վիճակից: Դառնում է անկախ ու ազատ:
Օրենքը պահանջում է, որ մենք իմաստնություն դրսևորենք:
Մեր իմաստնությունը կլինի նա, որ զգալով Երեխայի ձգտումը դեպի ազատությունն ու անկախությունը՝ մենք ինքներս սկսենք քանդել նախ՝ մի հանգույց, հետո՝ հաջորդը: Նա մեծանում է, Դեռահաս է դառնում, հետո՝ Պատանի: Մենք պետք է նորից ու նորից իմաստնություն դրսևորենք և չսպասելով, որ Երեխան մեզնից ավելի մեծ ազատություն պահանջի՝ ինքներս առաջարկենք նրան ինքնուրույն և ազատ գործել: Իսկ երբ նա լիովին հասունանա, պետք է հիմնովին մոռանանք կապվածության ու կախվածության օրենքի մասին:
Մեզ ի՞նչ կհասնի մեր իմաստնությունից։
Կհասնի այն, ինչը իսկական դաստիարակության իմաստն է. աստիճանաբար ծնունդ կառնի ու կամրապնդվի մեր ու Երեխայի հոգևոր միասնությունը: Երեխան մեզ համար կդառնա հավատարիմ ու հոգատար ընկեր:
Եթե այսպես չգործենք, եթե կապվածության օրենքն ընկալենք որպես իշխանություն մեր Երեխայի վրա, որպես մեր ծնողական իրավունքների գերազանցություն նրա իրավունքների հանդեպ, եթե Երեխայի խնամքը վերածվի մեր հանդեպ խնամքի, այդ օրենքը դիմակայության, անվստահության, արգելքների ու պատիժների, մեր ու Երեխայի միջև վեճերի այլանդակ ձևեր կստանա: Այս ամենի արդյունքում Երեխայի (հետո արդեն հասուն մարդու) ու մեր միջև գեղեցիկ հոգևոր միության փոխարեն խորթություն կծագի, և դա այս կամ այն աստիճանի դժվարություններ կունենա:
Ինչպե՞ս է հնարավոր դա ուղղել:
Դժվար կլինի, բայց պետք է փորձել՝ հեզությամբ, Երեխայի առաջ ապաշխարանքով, մեր անկեղծությամբ, արցունքն աչքերին բացատրություններով:
Աշխարհում շատ ծնողներ կան, որ կորցրել են իրենց զավակներին ողջ կյանքի համար: Դրանից էլ տառապում են:
Լավ կլինի, որ լավ հիշենք. Երեխան միշտ պիտի գործի կապվածության օրենքի համաձայն՝ չմտածելով հենց օրենքի մասին, իսկ մենք պետք է գործենք՝ այն իմանալով: Թող որ թռչնակը բնում սահմանված ժամանակից երկար չմնա, թող որ ժամանակին թռչի երկինք:
Մեղեդի. դաստիարակության անհրաժեշտության մասին
Այն, որ Երեխան դաստիարակության կարիք ունի, այնքան ակնհայտ է, որ դարձել է մանկավարժական աքսիոմա: Աքսիոմաները, որպես կանոն, չեն քննարկվում, այլ ընդունվում են: Այնուամենայնիվ, ինչ-որ տեղ ինչ-որ մեկը կարող է պնդել. թող Երեխան ինքնուրույն դաստիարակվի, իսկ մենք միայն կօգնենք, եթե հարկ լինի:
Սա աբսուրդ է, և թող մեր կողքով անցնի:
Բայց և շատերը հավատում են դրան:
Եթե աշխարհում չար, ագահ, շահամոլ, նախանձ, ստոր, դավաճան, նվաստ, մարդասպան, վրիժառու, դաժան, այլասերված, մաֆիոզ, եսասեր, ոճրագործ և այլ ու այլ մարդիկ շատ են, պատճառն այն է, որ նրանց չեն դաստիարակել, ճակատագրական պահին և մեծանալու փուլերում չեն հասցրել նրանց օգնություն ցույց տալ:
Եթե չդաստիարակենք Երեխային, և ոչ ոք չփոխարինի մեզ այդ գործում, ապա Երեխան անդաստիարակ կմնա: Միայն քիչ դեպքերում է, որ ոմանք որոշ պայծառացում են ապրում և գիտակցության ու կամքի ուժի շնորհիվ վերափոխում են իրենց:
Երբ անդաստիարակ մարդը մեզ անհարմարություն ու վնաս է պատճառում, մենք սովորաբար մեղադրում ու դատապարտում ենք նրան: Բայց մի՞թե նա մեղավոր է, որ ինքն այդպիսին է, և որ իրեն չեն դաստիարակել: Մի՞թե հասարակության այպանանքին արժանի չեն նրանք, ում ուսերին դրված է եղել դաստիարակության պարտականությունը, բայց չեն իրականացրել այն:
Չդաստիարակել Երեխային, չիրականացնել իր պարտականությունը՝ նշանակում է վնասել հենց Երեխային ու հասարակությանը նույնպես:
Երեխան ինքն իրեն չի դաստիարակի, քանի որ չի կարող, չգիտի դա ինչպես անել: Բնությունը նրա մեջ այդ հնարավորությունը չի դրել: Նա միայն այն ժամանակ կարող է ինքնադաստիարակվել, երբ մեզանից հզոր ազդակ ստանա՝ սեփական էությանը տիրելու և կատարելագործելու համար:
Ինքնադաստիարակության ունակությունը նույնպես դաստիարկություն է պահանջում: Բայց ավելի լավ է ասել՝ իսկական դաստիարակությունն այն է, երբ Երեխան չի էլ զգում, որ իրեն դաստիարակում են:
Ի՞նչ է այդ դեպքում նա զգալու:
Նա պատրանքներ է ունենալու, որ ինքն իրեն զարգացնում է ու դաստիարակում:
Այդպիսի բան տեղի է ունենում այն ընտանիքում, որտեղ ծնողների և երեխաների միջև հոգևոր ընդհարնություն է ձևավորված:
Դաստիարակության գործընթացի ավելի բարձր աստիճան գոյություն ունի: Դա այն դեպքում է, երբ ո՛չ մեծերն են անհանգստացած դաստիարակության խնդիրներով, ո՛չ Երեխան է մտահոգված ինքնադաստիարակությամբ, այլ դա տեղի է ունենում ինքնաբերաբար: Սակայն այդպիսի ճշմարտություն կարող է գոյություն ունենալ ոչ միայն ընտանիքի, այլև ամբողջ հասարակության կյանքի իադեալական ձևի դեպքում: Բայց հեռու ենք իդեալական, հոգևոր և բարոյապես վսեմ կյանքին հասնելուց:
Դրա համար էլ մեր Երեխան դաստիարակության կարիք ունի:
Վարիացիաներ. Ադամների և Եվաների մասին
Ի՞նչ է դաստիարակությունը:
Կարծես թե միամիտ հարց է: Չէ՞ որ բոլորս ենք զբաղվում դաստիարակությամբ, ուստի գիտենք՝ ինչով ենք զբաղվում:
Բայց, ցավոք, դաստիարակություն հասկացությունը շատ ծնողների համար հեռու է ճշմարտությունից:Դաստիարակ լինել, նշանակում է սան ունենալ։ Սանը նա է, ում սնում ենք։ Այս դեպքում, հասկանալի է, սնում ենք Երեխայի հոգևոր առանցքը[2]։
Իսկ այդ ի՞նչ հոգևոր առանցք է: Դա Արարչի պատկերն է, որ դրված է Երեխայի մեջ:
Աստված արարել է մարդուն՝ մեզ բոլորիս, ըստ իր պատկերի ու նմանության:
Պատկերը, որ Աստծուց է, կարող է լինել միայն գեղեցիկ ու սքանչելի: Ամեն մեկի ու մեր Երեխայի պատկերը նույնպես, միակն է ու անկրկնելի:
Այդ պատկերը հենց հոգևոր առանցքն է:
Իսկ հիմա սնուցման մասին:
Ինչո՞վ կարելի է սնուցել առանցքը՝ Արարաչի այդ պատկերը:
Պատկերը սնվում է միայն պատկերներով, որը Երեխան յուրացնում է մեզանից՝ ծնողներից ու մերձավորներից, դաստիարակներից ու ուսուցիչներից, ծանոթներից ու անծանոթներից. ողջ շրջապատող միջավայրից, որտեղ նա մեծանում է: Ու եթե նրանք արժանավոր են, գեղեցիկ ու ազնվաբարո, ապա Երեխայի մեջ պատկերը կբացվի:
Այսպես, ժամանակի ընթացքում, առանցքի սնուցման գործընթացի հետ մեր առջև կդրսևորվի Կրթված Մարդը:
Ստացվում է, որ մենք, իսկապես, Աստծո գործընկերներն ենք. մենք Արարչի հետ միասին շարունակում ենք նոր Ադամների և Եվաների մեծագույն արարումը:
Իսկ եթե մեր արարած պատկերներն այլանդա՞կ են:
Տեղի է ունենում դաստիարակության կործանում:
Եթե մենք՝ բոլորս միահամուռ Երեխային այլանդակ ծամածռություն ցույց տանք, ապա այն, ինչ նրա մեջ գեղեցիկ է, կկործանվի, կաղավաղվի, ու Հրաշքի փոխարեն մենք հրեշ կստանանք:
Ինչպիսի՞ն պիտի լինեն այն կերպարները, որոնց մեջ պիտի ընկղմենք Երեխային:
Նրանք պետք է գեղեցիկ լինեն, հոգեպես ու բարոյապես վեհասքանչ: Գեղեցկության զգացմունքը ի սկզբանե գոյություն ունի Երեխայի մեջ: Հենց նա է օգնում Երեխային շրջապատող աշխարհում փնտրելու գեղեցիկը: Երեխան մեզանից «պահանջում» է.
- որ մենք իրեն գեղեցիկ սիրենք, քնքուշ ու մեղմ շոյենք,
- որ իրեն ուղղված ու իր շրջապատում հնչող մեր խոսքը բարի լինի, մաքուր, իմաստուն, այսինքն՝ գեղեցիկ,
- որ ինքը տեսնի, թե իր մերձավոր և ընդհանրապես մարդիկ որքան հարգանքով, սիրով, այսինքն՝ գեղեցիկ են իրար վերաբերվում,
- որ այն իրերը, որոնց ինքը կդիպչի՝ կխաղա, կօգտագործի, կզննի, լինեն օգտակար ու գեղեցիկ,
- որ մենք պահպանենք իրեն ամենայն տգեղից՝ տգեղ տեսարաններից, զազրախոսությունից, կոպիտ երաժշտությունից, բռիության ու չարության դրսևորումներից…
Երեխային հարկավոր է, որ այս ամենը և շատ ուրիշ բաներ ամբողջությամբ կազմեն ընտանիքի Կենսակերպը: Իր ընտանիքի ոգեշունչ կյանքը, նրա գեղեցկությունն ու մշակույթը արժանավոր աղբյուր կդառնան պատկերների հոսքի համար, որոնք Երեխայի մեջ կշոյեն նրա Աստվածային Էությունը, նրա անկրկնելի Կերպարը, որն էլ նրա համար և՛ Էություն է, և՛ Ուղի:
Արարչի պատկերի գեղեցկությունը, որով լի է Երեխան, կարիքն ունի Կենսակերպի գեղեցկության, որում ընկղմված է ինքը՝ Երեխան: Այդ ժամանակ կստացվի այնպես, որ դաստիարակությունը ինքնաբերաբար կկատարվի: Դաստիարակության խնդիրը սրվում է այնտեղ, որտեղ խաթարված է Կենսակերպի գեղեցկությունը ոչ միայն հասարակության մեջ, այլև ընտանիքում:
Հասարակությունը դեռ հեռու է ոգեղեն, ներդաշնակ Կենսակերպից: Բայց ընտանիքը ի վիճակի է իր անդամների հավաքական կամքի շնորհիվ հասնելու դրան և, իմիջիայլոց, ոչ առանց իր՝ Երեխայի օգնության:
Մենք դաստիարակում ենք մեր Երեխային, բայց Երեխան նույնպես դաստիարակում է մեզ՝ բոլորիս:
Ինտերմեդիա. հավերժական երեխայի մասին
Սիտիի հարցը.
— Դուք իսկապե՞ս կարծում եք, որ երեխաները կարող են դաստիարակել մեզ:
Դաստիարակությունը, որ հոգևոր առանցքի սնուցում է, երբեք չի ավարտվում: Դաստիարակվում են և՛ երեխաները, և՛ մեծերը:
Բայց մեզ՝ մեծերիս, չգիտես ինչու, թվում է, թե երեխաները ծնվում են նրա համար, որ մենք նրանց դաստիարակենք, իսկ մեզ նրանց համեմատությամբ համարում ենք արդեն դաստիարակված մարդիկ: Բայց մեծհասակ՝ չի նշանակում դաստիարակության կատարելություն:
Լավ կլինի՝ հակառակը մտածենք. երեխաները գալիս են այս աշխարհ, որ ուղղեն այն, ինչ մենք փչացրել ենք, մեզ ուղղեն:
Այն, որ մենք հոգ ենք տանում երեխաների, նրանց դաստիարակության ու հաջողության համար, և այն, որ նրանք խնդիրներ են ստեղծում մեզ համար, հենց Երեխայի՝ մեզ անտեսանելիորեն առաջնորդող ձեռքն է:
Ինչո՞ւ են հաճախ երեխաները իրենց պահում ոչ այնպես, ինչպես մենք ուզում ենք, և ինչպես խրատում ենք նրանց, այլ՝ իրենց ուզածով:
Որովհետև այս գործողությունների միջոցով նրանք մեզ հասկացնում են, թե մենք ինքներս ինչպես պետք է պահենք կամ չպահենք մեզ: Սակայն, որպես կանոն, դա մենք հասկանալ չենք ուզում և չենք ընդունում, որ մեր Երեխան մեզ դաստիարակի: Մենք զայրանում ենք Երեխայի վատ արարքների համար, բայց մենք մեզ ավելի վատ ենք պահում:
Մեզ դուր չի գալիս, ասենք, որ երեխաները չարաճճիություն են անում:
«Չարաճճի» բառը ըստ բացատրական բոլոր բառարանների (հոգեբանական և մանկավարժական բառարաններն ու հանրագիտարանները այս հասկացությունը չեն ընդունում, ասես չարաճճի երեխա չկա) այն Երեխան է, ով գժություն է անում, թռչկոտում, քմահաճություններ դրսևորում, խախտում է ընդհանուր կարգը, չի աշխատում:
Այսպիսով՝ չարաճճիությունը, ըստ այս բացատրությունների, Երեխայի խառնվածքի բացասական դրսևորում է: Մեզ դուր չեն գալիս մանակական գժությունները, դրանք խախտում են մեր անդորրը, մեզ հարկավոր է, որ Երեխան գժություն չանի, իրեն պատշաճ ու հանգիստ պահի:
Բայց հոգևոր բնույթի օրենքի համաձայն՝ Երեխան պետք է չարաճճիություններ անի, քանի որ նա աշխարհը նորովի կառուցելու միջոցի փնտրտուքի մեջ է:
Փորձենք ամբողջությամբ իմաստավորել այս երեք բառերի անհամաչափելի իմաստները՝ Երեխա, Երեխաներ, Չարաճճիություն: Բայց չմոռանանք նաև, որ կա դաստիարակություն:
Երեխան նոր Կեցության վերածնունդն է:
Երեխաները Ճշմարտության մեջ գործող ժողովուրդ են:
Չարաճճիությունը Կատարյալի ըմբռնումն է:
Այսպիսով՝ նա, ով եկել է Երկրային կյանք իր ճշմատությամբ ու նոր Կեցության հաստատման ազդակով, մանկությունից սկսում է վարժեցնել իրեն, փորձառություն է հավաքում: Իսկ մենք դրանում մեր կարգուկանոնի խախտում ենք տեսնում. դրա համար էլ դա կամակորություն է, զվարճախոսություն: Եվ ուղիներ ենք փնտրում, որ Երեխան չարաճճիություն չանի:
Ինչպիսի՞ն պիտի լինեն այդ ուղիները, եթե Երեխայի չարաճճիությունը գրգռում է մեզ:
Որքան էլ դրանք արտաքինից աննկատ լինեն, միևնույն է, այդ ուղիները լինելու են ավտորիտար, կանխարգելող, ստիպողական, արգելակող և, իհարկե, բախումնային:
Եթե ծնողների ու նաև դաստիարակների և ուսուցիչների համաշխարհային միությանը հաջողվեր ազատել երեխաներին չարաճճիություններից ու ներառեր նրանց ավելի հանգիստ ու խելամիտ գործերում, աշախարհը կկորցներ քաղաքակրթության ապագա շարժիչներին, կյանքն այսպես դաստիարակված երեխաների պատճառով կդառնար դադաղկոտ, արգելակված, լճացած ու տխուր:
Կարո՞ղ է արդյոք մեր Երեխայի չարաճճիությունը դաստիարակել մեզ:
Կարող է, եթե մենք մեզ թույլ տանք լինել ոչ միայն Երեխայի դաստիարակը, այլև նրա սանը: Այնպես, ինչպես մենք ջանում ենք ազդել նրա վրա, հնարավորություն տանք նրան ազդելու մեզ վրա: Այդ ժամանակ կտեսնենք.
- նա կոչ է անում մեզ ընկերություն անել իր հետ հավասար կարգավիճակով,
- առաջարկում է մեզ նույնպես երեխա դառնալ ու չարաճճիություն անել իր հետ,
- հնարավորություն է տալիս մեր մեջ ստեղծական համբերություն զարգացնելու,
- սովորեցնում է անկեղծ, ճշմարտացի լինել ու սիրել Ճշմարտությունը,
- իրեն տրամադրում է մեզ՝ որպես հեսան՝ մեր դաստիարակչական արվեստը հղկելու,
- մեզ առաջնորդում է դեպի իմաստնություն, փոխըմբռնում, բարություն ու գեղեցկություն։
Շրի Չինմոյը ասում է, որ հոգևոր կյանքի նպատակը Երեխա, հավերժական Երեխա դառնալն է՝ իսկական առաջընթաց իրականացնելու համար: Երեխաները, ասում է նա, հիշեցնում են մեզ մեր հավերժական մանկության մասին, և եթե մենք դա հասկանանք, կկարողանանք արագ առաջընթաց իրականացնել: Զգացեք, ասում է նա, որ դուք ծառայում եք երեխաներին, որովհետև նույնպես ուզում եք Երեխա դառնալ:
Էլեգիա. աշխարհով անցնում է իմաստունը. Աստվածային մանկավարժություն
Մարդիկ դարձյալ դիմեցին Իմաստունին.
— Մեզ հարկավոր չէ ջունգլիների մանկավարժությունը: Պատմի՛ր մեզ ուրիշ մանկավարժության մասին:
Իմաստունն ասաց.
— Այդ դեպքում մի ուրիշ առակ լսեք:
Արքայից արքան աստվածային Մանկավարժության համար մրցույթ հայատարարեց: Նրա մոտ եկան տարբեր երկրների ու ժամանակների իմաստուն այրերը: Ասաց նրանց արքայից արքան.
— Մեծարգո՛ այրեր, ներկայացրե՛ք ինձ ձեր մանկավարժության երեք սկզբունքները՝ հիմնական գաղափարը, գլխավոր նպատակը և դաստիարակության հիմնական մեթոդները:
Մարկոս Ֆաբիոս Քվինտիլիանոսն ասաց.
— Օ՜, արքայից արքա, ահա իմ դաստիարակության գլխավոր գաղափարը. «Հայր, հենց որ քեզ զավակ է ծնվում, նրա հետ կապիր քո ամենամեծ հույսերը»: Հոգու զարգացումը հենց նպատակ է, քանզի այն երկնային ծագում ունի: Որպես մեթոդ հայտարարում եմ հոգատարությունը, բնականությունը, խաղը:
Զարմացավ արքայից արքան Քվինտիլիանոսի իմաստնության վրա.
— Ճշմարիտ է, հենց սա է Աստվածային Մանկավարժությունը:
Առաջ եկավ Յան Ամոս Կոմենսկին:
— Օ՜, արքայից արքա, իմ մանկավարժության հիմնական գաղափարը ես սրտից եմ բխեցնում. «Երեխա՛, հասկացիր, որ դու միկրոտիեզերք ես՝ ընդունակ ընդգրկելու ողջ մակրոտիեզերքը»:
Երեխայի դաստիարակության նպատակը նրա գիտակցության կրթումն է: Մեթոդները բնության հետ ներդաշնությունն ու իմաստնությունն են:
Զմայլվեց արքայից արքան.
— Ճշմարիտ է, նույնպես Աստվածային Մանկավարժություն է:
Արքայից արքայի առջև գլուխ խոնարհեց Յոհան Հենրիխ Պեստալոցցին.
— Լսի՛ր, օ՜, արքա, իմ մանկավարժության գլխավոր գաղափարը. «Աչքն ուզում է տեսնել, ականջը՝ լսել, ոտքերը՝ քայլել, իսկ ձեռքերը՝ բռնել: Բայց նույն կերպ սիրտն ուզում է հավատալ ու սիրել: Միտքն էլ ուզում է մտածել»: Նպատակս Երեխայի խելքը, սիրտը և ձեռքերը միասնության մեջ զարգացնելն է: Մեթոդներից ես առաջարկում եմ բնության հետ ներդաշնակությունը, վստահությունն ու կարեկցումը:
Արքայից արքան ծափահարեց.
— Ճշմարիտ է, դու նույնպես մեզ Աստվածային Մանկավարժություն ես նվիրում:
Արքայից արքայի առաջ խոնարհվեց Կոստանդին Դիմիտրիևիչ Ուշինսկին և ասաց.
— Իմ մանկավարժության հիմքում այս միտքն է ընկած. «Դաստիարակությունը պետք է լուսավորի մարդու գիտակցությունը, որպեսզի նրա աչքերի առջև ձգվի բարության հստակ ճանապարհը»: Իմ նպատակը հոգևոր ու բարոյական վեհություն ունեցող մարդու դաստիարակումն է: Իմ մեթոդներն են ժողովրդականությունը, հասարակական դաստիարակությունը, կյանքն ու նպատակաուղղվածությունը։
Արքայից արքան հանդիսավոր ասաց.
— Քո Մանկավարժությունը Աստվածային եմ ճանաչում:
Արքայից արքայի առաջ գլուխ խոնարհեց Յանոշ Կորչակն ու տխուր արտաբերեց.
— Ահա իմ հավատը. «Երեխաներ չկան, կան մարդիկ, բայց հասկացությունների այլ մասշտաբով, փորձի այլ ակունքներով, այլ ձգտումներով, զգացմունքների այլ խաղով»: Իմ նպատակը ուրախ մարդ դաստիարակելն է: Իմ մեթոդները իմ սրտից են բխում՝ դաստիարակության ռոմանտիկան, անմիջականությունը, նվիրվածությունն ու ինքնազոհողությունը:
Արքայից արքան խոնարհվեց Յանոշ Կորչակի առաջ.
— Աստվածային Մանկավարժությունդ դու քո կյանքով պաշտպանեցիր:
Արքայից արքայի առաջ ներկայացավ Վասիլի Ալեքսանդրովիչ Սուխոմլինսկին: Նա ձեռքը դրեց սրտին ու ասաց.
— Իմ մանկավարժության հիմքում իմ հավատն է. «Մուտք ունենալով դեպի հեքիաթային պալատ, որի անունը Մանկություն է, միշտ անհրաժեշտ եմ համարել ինչ-որ չափով Երեխա դառնալ: Միայն այս պայմանի դեպքում երեխաները ձեզ չեն նայի որպես իրենց հեքիաթային աշխարհի դարպասից պատահաբար ներս մտած մեկի»: Նպատակը, որին ձգտում եմ, հոգևոր և բարոյական մաքրությամբ օժտված քաղաքացի դաստիարակելն է: Ես ընդունում եմ դաստիարակության հետևյալ մեթոդները՝ սերը, սրտով դաստիարակելը, ստեղծականությունն ու ուրախությունը:
Արքայից արքան սեղմեց Սուխոմլինսկու ձեռքը։ Նա հայտարարեց.
— Ամեն մի Մանկավարժություն, որ մեզ մատուցվեց, Աստվածային է։ Տանք դրանք մեր թագավորության ժողովուրդներին, թող մարդիկ իրենք ընտրեն՝ Աստվածային ո՛ր մանկավարժությամբ են ուզում դաստիարակել իրենց երեխաներին։
Իմաստունը լռեց:
Մարդկանց լռությունը երկարեց:
Տխրությամբ նայեց Իմաստունը նրանց ու մտածեց. «Օ՜, մարդ արարած, դու չես հաղթահարի դաստիարակության խնդիրը, մինչև չհաղթահարես ինքդ քեզ, քանզի խնդիրը քո մեջ է, ոչ թե Երեխայի: Քանի դեռ կարծում ես, թե արդեն դաստիարակված ես, Երեխադ դեռ շատ անգամ կտառապի քո դաստիարակչական սխալներից»:
Թարգմանություն ռուսերենից
Լուսանկարի աղբյուրը
[1] Բնագրում՝ «…забота – это значит – «за Божественной тайной»
[2] Բնագրում այսպես է. “Во всяком случае, от той истины, которая заключена в самом слове. Попытаемся исследовать это слово. Запишем его так: ОС – ПИТАНИЕ Получается: ПИТАНИЕ ОСИ”.
Թարգմանիչ՝ Թամար Ղահրամանյան
Խմբագիր՝ Հասմիկ Ղազարյան