Բորիս Բիմ-Բադը ռուս ականավոր մանկավարժ է, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, փիլիսոփայական-տիեզերաբանական միջազգային ընկերության (МФКО) անդամ։ Նա մանակավարժության մեջ արմատական փոփոխությունների կողմնակից է, իր ուսումնասիրություններով ու կարճ հոդվածներով (ինչպիսին սա է) հիմնավորում է այդ փոփոխությունների ինչպես անհրաժեշտությունը, այնպես էլ ուղղությունը։ Հոդվածն ուղղված է լայն հասարակությանը։ Հայ ընթերցողին, ով դպրոցի կարծրատիպ ունի և ողջ համառությամբ ընդդիմանում է փոփոխություններին, կարող է օգտակար լինել ներկայացվող հոդվածը՝ որպես միջազգային ասպարեզում մանկավարժական մոտեցում։ 

Հասմիկ Ղազարյան

Դաստիարակին և ուսուցչին իշխանություն է տրված իրենց խնամքին հանձնված աճող մարդու հոգու ու ճակատագրի վրա։ Հարկ է հիշել, որ այդ իշխանությունը մեծ է, դրա համար էլ չարաշահելու կամ դա անփույթ կիրառելու վտանգը կա։ Երբ սա մոռացվում է, անկախ մեր բարի նպատակներից, թաքուն չարիք է հյուսվում։ Դուրս պրծնելով՝ չարիքը մեզ հանկարծակիի է բերում. «Որտեղի՞ց, ինչո՞ւ։ Չէ՞ որ մենք մենակ լավն էինք ցանկանում»։

Դաստիարակին ու ուսուցչին է պատկանում դատելու, մահապատժի ենթարկելու, ներում շնորհելու, գնահատելու, բնութագրելու, ընտրելու, թույլ տալու-չտալու իրավունքը։ Ուսուցիչը փոքր, դասասենյակի մասշտաբով տնօրեն է։ Չափազանց երկար ժամանակ է՝ այդ գործառույթը ոչ պաշտոնապես վերագրված է, նույնիսկ «գիտության» հեղինակավոր կարծիքով շնորհված է ուսուցչին, և կորած է նա, ով դրանից կշեղվի։ Իսկ հիմա հաշվի առեք սոցիալ-հոգեբանական գործընթացների, պատմության ինքնավերարտադրման հսկայական իներցիան և կտեսնեք, թե որքան դժվար է հաղթահարել չարիքը։ Մանավանդ որ մինչև օրս ակադեմիական ազատություն չկա, իսկ դրա հետ էլ՝ սեփական արտադրանքի համար պատասխանատվություն, կատարվող ամեն ինչի նկատմամբ արդյունավետ հսկողություն և հասարակական հետաքրքրություն։

Բոլոր առարկաների մեր դասագրքերը առավելապես դոգմատիկ են. դրանցում շարադրվում է ինչ-ինչ մտացածին «վերին ատյանի ճշմարտություն», այն դեպքում, որ գիտությունը հենց համաշխարհային քննարկում է, և գիտության մեջ մտցնել, նշանակում է այդ քննարկման մեջ մտցնել։ Հակառակ դեպքում «լուսավորյալները» պատով բաժանվում են երկրի ու աշխարհի ճշմարիտ մշակութային, գաղափարական, հոգևոր, գիտական կյանքից։

Չնայած, այսպես կոչված, միջառարկայական կապեր հաստատելու հատուկենտ փորձերին, ամեն ուսուցիչ մղում է երեխաներին իր գիտության հիմունքներն ուսումնասիրելուն՝ մյուսներից միանգամայն առանձին։ Դպրոցականը դասերի գումարից դուրս է բերում տեղեկությունների խճանկարային մի ինքնանպատակ համակցում, ոչ թե աշխարհի պատկերը, քաոս, ոչ թե աշխարհայացք. գրեթե անօգնական մնում կյանքի բարդ, ստեղծագործական կարողություններ պահանջող խնդիրներ լուծելիս։ Դեսից-դենից կցկտուր տեղեկությունները ո՛չ կյանքին են պատրաստում, ո՛չ աշխատանքին։

Կրթության ձևն ակամա հարմարվում է ամբողջ արտադրանքի պահանջարկին։ Այստեղից՝ անհանդուրժողականության խրախճանքը դպրոցում, կեղծավորությունն ու կլանային «էթիկան», մեծամասնության կողմից փոքրամասնության ճնշումը, դաժանությունը, պաշտոնատարների անպարկեշտությունը, կոպտությունն ու անտարբերությունը։

Դպրոցականներն ուսումնական գործընթացից չափազանց հաճախ են դատարկված ու սպառված դուրս գալիս, որովհետև ձևական ու կյանքից կտրված ուսուցումը նրանց զրկում է հոգեկան ու ֆիզիկական ուժերի ազատ խաղից, մի խաղ, առանց որի մարդը գոյություն չունի։ Դպրոցական իրականությունը երեխաների, նրանց ներքին՝ անհատական ու խմբային կյանքի նկատմամբ տարիների հետ ավելի ու ավելի կամայական է դառնում։

Դպրոցը ժամանակ է սպառում, ըստ էության՝ իրենց խնամարկյալների կյանքը՝ չփոխարինելով դա նրանց ընդունակությունների ազատ զարգացմամբ։ Աճող մարդու մարդկային էությունն արտաքին նպատակներին է զոհաբերվում, այնինչ լավ դպրոցի գերագույն նպատակն իրականում պիտի անհատականության զարգացումը լինի։

Երեխաները խորթացած են նաև հասարակական կյանքի իրական ընթացքից, դրան նրանց մասնակցությանը հետևելն անհնար և ապարդյուն գործ է։ Մեր դպրոցը «իբր կոլեկտիվ լինելու» խտացված արտահայտությունն է։ Երեխան ոչ այնքան ապրում է դպրոցում, որքան իր ոչմեծահասակության համար ծառայություն է անցնում։ Դրա համար էլ դպրոցներում չկա ամբողջական, միասնական կոլեկտիվ։ Նշանակում է՝ այդպիսի դպրոցը, խորացնելով հայրերի և որդիների մեջ հավերժական հակասությունը, տարբեր սերունդների արդյունավետ համագործակցության մոդել չէ։

Այնինչ դպրոցը կոչված է սովորեցնելու բոլորին համագործակցել բոլորի հետ, նաև երեխաներին մեծերի հետ։ Հակառակ դեպքում կողոպտիչներն ու բանդիտներն են առաջվա պես տիրելու աշխարհին, որն այդքան դժվարությամբ և այդքան դանդաղ սովորում է անկախ լինել, ինչը, ըստ էության, հենց մարդկության փրկությունն է։

Իրենց համար օտար և իրենցից հեռու տեղեկությունը յուրացնել ստիպելը, որ որպես հարցերին տրվող պատրաստի պատասխաններ՝ դասագրքի և ուսուցչի կողմից փաթաթվում են մարդու վզին, միշտ եղել և հիմա էլ մնում է «քողարկող» կրթություն։ «Պեդանտ[1] դասավանդողը, որի ամբողջ գործունեությունը պատրաստի պատասխաններ, խնդրի լուծման պատրաստի սխեմաներ ներշնչելուն է հանգում, դրանով ոչ միայն իր աշակերտների միտքը չի զարգացնում, այլև դրդում է, որ այդ միտքը քնի, քայքայվի նաև այնտեղ, որտեղ դա գոյություն ունի իրենից անկախ»,- գրում է ականավոր փիլիսոփա և հրապարակախոս Է. Վ. Իլյենկովը։ «Դրանով պեդանտը չմտածող մարդ է դաստիարակում և զբաղվում է պեդանտների նոր սերնդի ընդլայնված վերարտադրությամբ, այսինքն՝ այնպիսի մարդկանց վերարտադրությամբ, ովքեր գիտեն այն, ինչ իրեն ներշնչել են, բայց ի վիճակի չեն ինքնուրույն ինչ-որ բան սովորելու»։

Սրանով ինչի՞ են հասնում։ Առավելապես կատարողական գործառույթների առաքելությամբ նոր սերունդներ են պատրաստում։ Իսկ մշակույթները, ստեղծագործությունները, ճշմարիտ աշխարհահայացքը և քննադատական մտածողությունը հորիզոնում չեն երևում։

[1] Բծախնդիր, մանրախնդիր 

Թարգմանություն ռուսերենից

Թարգմանիչ՝ Հասմիկ Ղազարյան

Խմբագիր՝ Սուսան Մարկոսյան

Լուսանկարը՝ Բիմ-Բադի պաշտոնական կայքից

15 thoughts on “Ինչ և ինչու ենք սովորեցնում դպրոցում”
  1. Ուսուցումն արվեստ է, գրողի կամ կոմպոզիտորի աշխատանքից ոչ պակաս ստեղծագործական աշխատանք, բայց ավելի ծանր և պատասխանատու:
    Կարդացի Բորիս Բիմ — Բադի հոդվածը և համակարծիք եմ հեղինակի հետ, քանզի ուսուցիչը մարդու հոգուն դիմում է ոչ թե երաժշտության միջոցով, ինչպես կոմպոզիտորը, ոչ թե գույների օգնությամբ, ինչպես նկարիչը, այլ համակարգված: Վստահ եմ, որ կարող ուսուցիչը իր գործունեության ընթացքում կիրառում է զանազան մեթոդներ և հնարներ՝ գիտելիքը և արվեստը համադրելով միմյանց հետ: Իհարկե, չենք մոռանում, որ ցաանկացած դաստիարակություն նախ տրվում է անձնական օրինակով, հետո հաշվի է առնվում անձի անհատական — հոգեբանական հատկանիշները և դաստիարակվելու և կրթվելու ցանկությունը:

  2. Դաստիարակին և ուսուցչին, իսկապես, վերապահված է մեծ առաքելություն ապագա` առողջ մտածողությամբ սերունդ կրթելու գործում։ Ուսումնական գործընթացը պետք է հաճելի և հետաքրքրող լինի սովորողի համար, այլապես, ինչպես նշվում է հոդվածում, դպրոցականն ուսումնական գործընթացի հաճախ դուրս կգա սպառված ու դատարկված։ Նման պարագայում արդեն դպրոց հաճախելն էլ կդառնա ստիպողաբար կամ ուղղակի ժամանակի անիմաստ կորուստ։ Ուսուցման հիմքում պետք է լինի համագործակցությունը մեկը մյուսի հետ, հասարակական կյանքին մոտ և անմիջական դարձնելը սովորողին, որպեսզի հենց դպրոցից արդեն իր գիտակցության մեջ լինի, որ ինքն էլ անհատականություն է, հասարակության մի անդամ, ով կարող է որոշումներ ընդունել, կայացնել, ու իր որոշմամբ փոփոխությունների հասնել` քարացած կաղապարներից դուրս։

  3. Ռուս ականավոր մանկավարժ Բորիս Բիմ-Բադի նշված հոդվածը արտացոլում է դպրոցի տխրահռչակ վիճակը: Միանշանակ համաձայն եմ այն մտքին, որ դպրոցականները բացասական էներգիայով և սպառված դուրս են գալիս: Դպրոցականը չգիտի մեծահասակների հետ աշխատելու կանոններ, աշակերտի անհատականությունը զարգացում չի ապրում, և ասում ենք, թե երեխան սովորում է դպրոցում. մի՞թե սա սովորել է:
    Ճշմարիտ է ասված, որ երեխայի վզին են փաթաթում չհասկացված դասերը և փորձում են ծրագիրը առաջ տանել: Այս ժամանակաշրջանում ուսուցիչների գերնպատակը պատրաստի աղյուսակներ և սխեմաներ մատուցելն է: Արդյունքում տուժում է երեխան. երեխայի միտքը չի զարգանում, միայն հետ է գնում և ամբողջությամբ քայքայվում է: Կարդալով հոդվածի մտքերը՝ եկա այն եզրահանգման, որ երեխան ինքնուրույն չի կարողանում վերարտադրել նյութը, և դա գալիս է ուսուցչից: Այդ ամենի պատճառով վերանում են ստեղծագործական միտքը, աշխարհայացքը, և քննադատական մտածողությունը դուրս է մղվում:
    Համամիտ եմ նաև, որ դպրոցի գերագույն նպատակը պիտի լինի անհատականության զարգացումը: Սակայն ներկայումս դպրոցները հոգ չեն տանում անհատականության ձևավորման համար, որի արդյունքում ունենում ենք տխուր և մտահոգիչ իրականություն:

  4. Հոդվածն ինքնին քննադատական է։ Հեղինակը քննադատում է այսօրվա դպրոցում տեղի ունեցածը։ Ըստ իս հեղինակն ավելի շատ փորձում էր հոդվածով ասել այն, որ արդյո՞ք պետք են այն առարկաները սովորողներին, որոնք նրանք անցնում են։ Շատ դիպուկ էր այն հատվածը, որտեղ հեղինակն ուսուցչի արդի կերպարի մասին էր խոսում, քանի որ մեր օրերում էլ կա այդ կաղապարված դասը, որտեղ կան հստակ սահմաններ և որից դուրս գալը կհամարվի դատավճիռ։ Հեղինակը կարևորում է այն, որ պետք է զարգացնել սովորողների համագործակցային կարողությունները, հնարավորություն տալ ընտրելու, թե ի՞նչ սովորի։ Ի վերջո բոլորս պետք է հարց տանք մեզ, այս ամենը սովորելը ի՞նչ կտա մեզ, կտա՞, թե՞ ոչ․․․
    Աշակերտը սովորում է այն ուսուցչից, ում սիրում է․․․ շատ ճիշտ է ասված։ Ստիպել սովորել այն, ինչը նրան դուր չի գալիս պատժից էլ վատ է։ Կրթության օրենքի կետերում ևս մեկը պետք է ավելացվի, որ սովորողը պետք է և ունի իրավունք ընտրելու այն, թե ինչ սովորի։ Ոտք դնելով կրթահամալիր, ես տեսա մի միջավայր, որտեղ առաջինն աշակերտի իրավունքն է, նրան սիրելն ու հարգելը, և այո՛, մենք օրինակ ենք։

  5. Հոդվածը քննադատում է կրթական համակարգի դոգմատիկ բնույթն ու ուսուցչի իշխանության չարաշահման վտանգը՝ ընդգծելով կրթության ձևական և կյանքից կտրված լինելը։ Դպրոցներում գիտությունը ներկայացվում է որպես «վերին ատյանի ճշմարտություն», ինչը խոչընդոտում է քննադատական մտածողության զարգացումը։ Միջառարկայական կապերի բացակայության պատճառով աշակերտները հավաքում են տեղեկությունների խճանկար՝ առանց կյանքի ամբողջական պատկեր ստեղծելու։

    Հեղինակը մատնանշում է դպրոցական կրթության անհանդուրժողականությունն ու «կեղծ կոլեկտիվիզմը», որտեղ երեխաները չեն ապրում, այլ «ծառայում» համակարգին։ Պատրաստի լուծումների պարտադրումը խանգարում է ստեղծագործական և ինքնուրույն մտածողության զարգացմանը, դարձնելով կրթությունը ոչ արդյունավետ։

  6. Կարդացի Բորիս Բիմ-Բադի հոդվածը և համակարծիք եմ հեղինակի այն մտքի հետ,քանզի դաստիարակին և ուսուցչին,իսկապես վստահված է մեծ առաքելություն՝ առողջ մտածողությամբ սերունդ կրթելու գործում։
    Հեղինակը կարևորում է այն,որ պետք է զարգացնել սովորողների կարողությունները,հնարավորություն տալ ընտրելու թե ի՞նչ սովորի։

  7. Դպրոցը պետք է նպաստի սովորողի անհատականության բացահայտմանը, եթե երեխան դպրոցից դուրս է գալիս սպառված, ուրեմն ուսուցման պրոցեսում շատ բաներ իրենց ճիշտ ուղղով չեն ընթանում։ Սովորողը պետք է դպրոցում սովորի համագործակցել,ինչն էլ հենց կհանդիսանա այն մեխը,որի շուրջ կկառուցվի ուսումնական գործընթացը։

  8. Ականավոր մանկավարժ Բորիս Բիմ-Բադը իր հոդվածում անդրադառնում է ուսուցչի դերին. ո՞վ է ուսուցիչը, ի՞նչ դեր ունի նա սովորողի կյանքում, արդյո՞ք նա վախի, տհաճության մարմնացումն է, թե՞ մարդ, ով ամենահետաքրքիրն է իր սովորողների համար, ում երեխաները ձգվում են, կարոտում։ Ուշագրավ է այն փաստը, որ հոդվածում խոսվում է նաև սովորողի անհատականության զարգացման մասին, որի արդյունքում սովորողները կդառնան ուսումնական գործընթացի լիարժեք մասնակից, կկարողանան դրսևորել իրենց և բացահայտել այն ունակությունները, որոնք մինչ այդ աննկատ են եղել: Կարևոր շեշտադրում է նաև համագործակցային հմտությունները, առարկայական ինտեգրացված պարապմունքները, հաղորդակցումը։ Դպրոցը պետք է փոխանցի հաղորդակցման, համագործակցային այնպիսի հմտություններ, որոնք կարող են դառնալ սովորողների համար ինքնադրսևորման ցուցիչներ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով