5 տարեկանների զարգացման խումբ
Ի՞նչ է մարմնակրթությունը։ Մարմնակրթությունը մեր մարմնի և հոգու կրթությունն է։
Կրթական բարդ գործընթացը երեխայի համար սկսվում է տանը և շարունակվում դպրոցում։ Ընտանիքը և դպրոցը շղթայված են և լրացնում են միմյանց։ Կրթությունը կազմակերպողներն իրենց առջև պիտի խնդիր դնեն սովորողի համար ստեղծել այնպիսի պարզ, թափանցիկ միջավայր, որտեղ երեխան կարող է ազատ կամարտահայտման իրավունք ունենալ, սովորել, ինքնակրթվել, շարժվել և ստեղծագործել ազատ ու անկաշկանդ։
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն իր ստեղծման օրից վարում է հենց այդպիսի ուսուցման ձև՝ սովորողին տալով կրթական բաց միջավայր, ուր տիրում է ստեղծագործ և անպարփակ մթնոլորտ։ Կրթահամալիրի հեղինակած կրթական ծրագիրն իր մեջ ներառում է մարմնակրթություն՝ ներառելով տարատեսակ մարզաձևեր։ Դպրոց-պարտեզներում իրականացվող մարմնակրթության կազմակերպումն իրականացվում է առավոտյան ընդհանուր պարապմունքներով, ընդհանուր մարմնամարզությամբ, լող+հեծանիվ+քայլք եռամարտ մոդելով։
Մարմնակրթություն դասընթացի հիմնական նպատակը սովորողի առողջ ապրելակերպի ձևավորումն է: Որպես գործունեության ձև՝ այն հնարավորություն է տալիս ֆիզիկական ազատ, անարգել շարժման՝ նպաստելով երեխաների ֆիզիոլոգիական զարգացմանը: Մարմնակրթությունը բարձրացնում է մարդու դիմադրողականությունը, «կառուցում» է ճիշտ կեցվածք, անձնական հիգիենային հետևելու սովորություն ձևավորում, ապահովում մկանային համակարգի զարգացումը և այլն։
Լողը համարվում է կենսական անհրաժեշտ հմտություն, ինչպես նաև զանգվածային տարածում ունեցող միջոց է բազմակողմանի ֆիզիկական դաստիարակության, կոփման, առողջության ամրապնդման, ինչպես նաև ակտիվ հանգիստ կազմակերպելու համար: Լողը միակ մարզաձևն է, որի ժամանակ աշխատում են գրեթե բոլոր մկանները: Այդ իսկ պատճառով լողով զբաղվող մարդիկ ունենում են համաչափ կազմվածք: Որպես ժամանցի, մարմնակրթության կազմակերպման ձև՝ լողն ունի բոլոր հնարավորությունները իր կրոլ, բրաս,բատերֆլյայ և թիկնալող տարատեսակներով։ Կրթահամալիրը սովորողներին հնարավորություն է տալիս զբաղվել մարմնակրթության այս տեսակով անվերջ՝ տարվա բոլոր եղանակներին։ Ամռանը գործում են բացօթյա լողավազաններ, դե իսկ փակ լողավազանը շուրջտարյա է։ Կրթահամալիրի ծածկած լողավազանը գտնվում է Արևմտյան դպրոցում։ Սովորողներն ունեն իրենց լողի քայլուղին։ Լողի գնալը իսկական հրճվանք է 5 տարեկանների համար, որին հանդիսավոր կերպով պատրաստվում են․ հագնվում են, լողի իրերը տեղավորում են ուսապարկերում և ճանապարհ ընկնում։ Միասին շարժվում ենք Արևելյան դպրոցի թեքուղիով դեպի Մայր դպրոց։ Այնտեղից քայլուղիով գնում ենք դեպի վերնանցում, ու արդեն մեր առջև բացվում է Բախշյանի այգին։ Թեթև քայլքով, ուրախ երգով ու տաղով այգու միջով անցնելով՝ մտնում ենք Արևմտյան դպրոց, ուր մեզ գրկաբաց սպասում է կապույտ լողավազանը։
Արևելյան դպրոց-պարտեզի 5 տարեկանների զարգացման խմբում սովորում է 27 երեխա։ Նրանցից՝
- ջրի հանդեպ վախը հաղթահարել են բոլորը,
- օղակով լողալու արգելքը հաղթահարել են գրեթե բոլորը,
- 18 սովորող լողում է 2 թևիկով,
- 5 երեխա՝ 1 թևիկով,
- 4 սովորող՝ առանց թևիկի։
Պետք է նշել, որ լողը սոսկ մարզաձև չէ կրթահամալիրում, այլ գործունեություն, որն իր մեջ ներառում է զանազան հմտությունների ու կարողությունների ձևավորում և զարգացում։ Դասվարն ու մարզիչը կազմակերպում, իրականացնում են ջրային ներկայացումներ, պարեր, լողերգեր, խաղեր և այլն։
Հեծանիվը, ինչին մենք ծանոթ ենք այսօր՝ երկակնանի և ավանդական չափսերով, ի հայտ է եկել հեռավոր 1900 թ.։ Որպես ուսուցման բաղկացուցիչ՝ այն կարևոր դեր ունի մարդկության պատմության մեջ։ Աշխարհում ընդունված է, որ հարուստ մարդիկ գերադասում են հեծանիվը, իսկ աղքատ մարդիկ՝ հասարակական տրանսպորտն ու անձնական մեքենաները։
Հանդես գալով առողջ ապրելակերպի ջատագով և քարոզիչ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը՝ հագեցած բազմաթիվ հեծանիվներով, հնարավորություն է տալիս սովորողին, դասավանդողին ազատ վարել սովորել, հեծանիվը դարձնել փոխադրամիջոց և կեցության մի ձև։ Այստեղ հեծանիվ վարում են բոլորը՝ սկսած տնօրենից մինչև փոքրիկ սովորող, և դա բնական է։ Արևելյան դպրոցի 5 տարեկաններն ունեն իրենց անձնական հեծանիվները, որոնք վարում են, ինչպես նաև օգտվում են դպրոցի հեծանիվներից, մասնակցում ստուգատեսների և զանազան մարզական միջոցառումների։ Մինչ այսօր 27 սովորողից 3-ը վարում են երկակնանի, 5-ը՝ եռակնանի, 19-ը՝ դեռևս չորսակնանի հեծանիվ, սակայն մինչև ամառային ճամբարի մեկնարկը, ազատ լողալ և վարել կսովորեն բոլորը։
Արևելյան դպրոցն ունի իր հեծանվաուղին թե՛ դպրոցի ներսում և թե՛ նրանից դուրս։ Դպրոցը շրջապատում են կասկադ հիշեցնող Արևելյան լանջերը, որոնք դարձել են իսկական ուղի և՛ հեծանվորդների, և՛ քայլքի ելածների համար։
Կարևորն այն է, որ կրթահամալիրը ստեղծել է ինքնակրթվելու, մարմնակրթվելու բաց միջավայր, ինչից կարող են օգտվել բոլորը՝ սովորող, թե դասավանդող, տնօրեն, թե այգեպան։
Բացի լողից և հեծանիվից, մարմնակրթությունն իրականացվում է ամենօրյա մարզական պարապմունքներով, առօրյա քայլքով, զբոսանքով Մետաքսի երկար ու ձիգ ճանապարհով։ Մարմնակրթության համար, այսպիսով, կրթահամալիրը ստեղծել է բոլոր նպաստավոր պայմանները, անհրաժեշտ է օգտվել դրանցից, դառնալ ուսումնակրթական այսպիսի բազմաշերտ, մոբիլ ու ստեղծական միջավայրի բաղկացուցիչ մասնիկը և կրթական այսպիսի մոդելի անվերջ տարածողը։
Խմբագիր՝ Մարինե Ամիրջանյան