«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում յուրաքանչյուր ուսումնական տարում փոփոխություններն ու նորամուծություններն ուսումնական գործընթացի կազմակերպման անքակտելի մասն են կազմում:
Կրթահամալիրում յուրաքանչյուր ուսումնական տարում սովորողների թվի աճ, մեծ հոսք է գրանցվում: Դրա հետ պայմանավորված էլ անհրաժեշտություն է առաջանում ընդլայնելու ուսումնական տարածքները:
2021-2022 ուսումնական տարում գլխավոր նպատակներից մեկն էլ Հարավային դպրոցի ուսումնական նոր 1-ին հարկի բարեկարգման աշխատանքներն են:
Հարավային դպրոցն իր կառուցվածքով տիպիկ 12 խմբանի պարտեզի կառուցվածք ունի, որը տարիների ընթացքում բազմաթիվ արտաքին ձևափոխությունների է ենթարկվել և հարմար դարձվել դպրոց-պարտեզի մոդելին:
Հարավային դպրոցը կրթահամալիրի կրտսեր դպրոցներից մեկն է, որտեղ սովորում են 2-4 տարեկանների պարտեզային խմբերը, 5 տարեկանների խումբը և 1-5-րդ դասարանները: 2020-2021 տարվա համեմատությամբ Հարավային դպրոցի սովորողների թիվն աճել է մոտ 100-ով: Եղած տարածքներն արդեն բավարար չէին դասարանների, ուսումնական լաբորատորիաների գործունեության համար:
Հարավային դպրոցում մեծ թափով սկսվեցին Նոր ուսումնական 1-ին հարկի մաքրման աշխատանքները: Աշխատանքները բավականին շատ էին, տարածքը՝ մեծ: Սովորողներով, դասավանդողներով սկսեցինք նկուղից մաքրել դեռևս 90-ական թվականներից եղած շինաղբը, մի քանի տասնյակ աղբի մեքենա աղբ դուրս եկավ նախկին նկուղներից: Տարիների ընթացքում այդ հատվածը վերածվել էր պահեստի, շատ էին անպիտան իրերը, անիմաստ պահեստավորված անպետք պարագաներ: Ամբողջը տեսակավորեցինք, համապատասխան վայրեր տեղափոխեցինք, ինչը պետքական էր, անհրաժեշտ՝ առանձնացրինք:
Ամռան ամիսներին աղբն ամբողջությամբ մաքրվեց: Առաջին փուլի ավարտն արդեն երևում էր: Սկսվեց նախագծման փուլը, որին ընդգրկվեցին նաև մասնագետ ծնողներ: Կարևոր էին ծնողների առաջարկները շինանյութի հետ կապված, մուտքերի, այլ շինարարական հարցերի:
Սկսվեցին տարածքի բետոնապատման աշխատանքները: Ամբողջ նոր 1-ին հարկի հատվածը բետոնապատվեց: Շարունակությունը հոսանքի կարգավորման աշխատանքներն էին: Տեղադրվեցին վարդակներ, լույսեր:
Քանի որ եղանակային պայմանները բարենպաստ էին, սեպտեմբեր ամսին 4-5-րդ դասարանների ուսումնական պարապմունքները նախատեսեցինք կազմակերպել նոր 1-ին հարկում: Սկսվեցին կահավորման աշխատանքները՝ տարածքին համապատասխան գույքով:
Սովորողները շատ ոգևորվեցին իրենց նոր տարածքներով: Ամռան ամիսներին դպրոցը մի հարկով ավելացել էր, փաստը ոգևորիչ էր: Եղանակային պայմաններն էլ էին հօգուտ նոր բացված տարածքների․ դրսում բավականին շոգ էր, իսկ նոր ուսումնական տարածքում՝ զով, հանգիստ, անաղմուկ:
Ուսումնական տարածքն ունի 6 կաբինետային հատված՝ յուրաքանչյուրը՝ 108 քմ, դրան գումարած մի ամբողջ երկարաձիգ միջանցքային հատվածը:
Տարածքներն առանձնացվեցին ըստ նշանակության՝ 4-5-րդ դասարաններ, նոր մարզադահլիճ, տեխնոլոգիայի սրահ, երաժշտության սրահ, հանդերձարան: Նոր հատվածում էին անցկացվում նաև ընտրությամբ գործունեության պարապմունքները:
Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին սկսվեցին հատակի մոզայիկայի աշխատանքները, դրան զուգահեռ՝ պատուհանների տեղադրման աշխատանքները:
Իսկ դրսում աշնանային աշխատանքներն էին եռում, դպրոցի ներքին բակերում ճիմապատման աշխատանքներն էին իրականացվում: Դպրոցի շուրջբոլորը՝ ներառյալ ներքին բակերը, ճիմապատվեցին: Կանաչը տարածվեց ամենուրեք:
Նոր ուսումնական 1-ին հարկից նայելիս՝ հայացքդ սևեռվում էր կանաչ լանջերին:
Անձրևաջրերից խուսափելու համար տեղադրվեցին նոր ջրհորդաններ, որոնք ճիմապատ լանջերը ջրելու, սնուցելու լավ միջոց հանդիսացան, եղած ջուրն էլ նկուղ չէր գնա:
Ուսումնական 1-ին հարկում բարեկարգման աշխատանքներն ամենօրյա աշխատանքներ են: Այժմ ընթանում են կաբինետների հատակի բարեկարգման աշխատանքները, շարունակությունը լինելու է հանդերձարանը, մարզադահլիճը: Նշված աշխատանքները նախատեսում ենք ավարտել մինչև ուսումնական տարվա ավարտը:
Նոր ուսումնական 1-ին հարկի մաքրման աշխատանքներին զուգահեռ անհրաժեշտություն առաջացավ աշխատանքային, այգեգործական գործիքների անկյուն ստեղծել: Քանի որ նախկին նկուղներն էին դրա համար ծառայում, իսկ արդեն հնարավոր չէր դրանք թողնել այդ հատվածում, դպրոցի հյուսիսային մասում գտնվող ավտոբուսը, որը վաղուց կանգնած էր այդ հատվածում, անպիտան մետաղական զանգված էր, դարձավ շատ կարևոր վայր:
Ավտոբուսից հանվեցին նստատեղերը, ներսն ամբողջությամբ մաքրվեց, իսկ դրսից ավտոբուսը տեխնոլոգիական լուծումների շնորհիվ նոր կյանք ստացավ: Ծառայելու էր որպես պարտիզպանի տնակ: Այստեղ դրվեցին բոլոր այգեգործական գործիքները, առանձին անկյուն ստեղծվեց պարտիզպանի հանդերձափոխման, հագուստի կախման համար: Տնակը դարձավ սովորողների սիրելի վայրերից մեկը: Աշխատելուց առաջ գալիս են, գործիքները վերցնում, հետո տանում, կոկիկ դնում նույն վայրում:
Ուսումնական տարվա կարևոր աշխատանքներից մեկն էլ Հարավի Վարդաստանի ստեղծման աշխատանքներն էին: Հարավի գլխավոր մուտքի սկզբնամասում պահպանվել էր ասֆալտի մի կտոր, որը ոչ մի կերպ չէր ներառվում կանաչ տարածքների մեջ: Ուսումնական առաջին շաբաթվա կարևոր գործը դարձավ ասֆալտից ազատվելը, իսկ փոխարենն ունեցանք նոր ճեմուղի-վարդաստան:
Վարդաստանի աշխատանքներն ընդլայնվեցին ու տարածվեցին դպրոցի ամբողջ հարավային կողմում: Նախագծին մասնակցեցին դպրոցի բոլոր սովորողները, յուրքանչյուր սովորող տնկեց իր վարդը: Վարդերի խնամքի աշխատանքը դարձավ յուրքանչյուրի կարևոր, առաջնային գործերից մեկը:
Աշնանային ծառատունկի շրջանն օգտագործեցինք նոր պտղատու ծառերի, թփերի տնկման, վերատնկման աշխատանքների համար: Դպրոցի պտղատու այգում քայլելիս՝ կհանդիպենք կեռասենու, խնձորենու, ծիրանենու, նշենու, դեղձենու, տանձենու և այլ պտղատու ծառերի, արևելյան հատվածում խաղողի վազերի տնկարանն է, իսկ արևմտյան կողմի բարձունքին տարածվում են խաղողի նորատունկ վազերը:
Դպրոցի արևտմյան պատերի երկայնքով տնկվեցին մագլցող բույսեր, ծաղիկներ:
Դպրոցի արևմտյան կողմում գտնվող մարզադաշտը նոր տեսք ստացավ՝ իր ֆուտբոլի դարպասներով, վոլեյբոլի ցանցով, մարզական հատվածով: Տեղադրվեցին ցանցեր, որոնցով դաշտն առանձնացվեց հիմնական այգուց: Սովորողների ամենօրյա մարզական պարապմքունքները կազմակերպվում են մարզադաշտում: Սովորողների խմբեր այստեղ հաճախ կարող ենք տեսնել՝ նաև երկարացված օրվա կազմակերպման ժամանակ:
Հարավային դպրոցն 1-ին ուսումնական շրջանի ընթացքում շատ է փոխվել, այլ գույն է ստացել, կանաչ տարածքները, խնամված այգիներն անցնողի աչք են շոյում: Անհավատալի է, երբ դու, սովորողդ գտնվում եք այս դրախտում: Այլ հայացք է, այլ մանկավարժություն, մի նոր հարթակ:
Հարավային դպրոց-պարտեզի ղեկավար՝ Շամիրամ Պողոսյան
Խմբագիր՝ Հասմիկ Թոփչյան