Զայրույթի կաթիլները
«Երկնքից գլխիդ ինչ էլ որ թափվի, երբեք չպետք է հայհոյես: Անձրևը ներառյալ: Վերևից գլխիդ ինչ էլ ընկնի, պետք է ընդունես: Անձրևն ինչքան էլ ուժեղ լինի, փոթորիկն ինչքան էլ սառը լինի, չպետք է հայհոյես այն, ինչ ամպերը ճիշտ են գտել մեզ՝ ներքևում գտնվողներիս համար: Աշխարհի կարգն է այդպիսին: Դա բոլորը գիտեն»:
Էլիֆ Շաֆաքի «Ստամբուլի բիճը» վեպից այս հատվածը միանգամայն նկարագրում է ստամբուլյան ճամփորդության առաջին երկու օրերը: Ամառային ամիսներին, երբ գիշերն արթնանում էի անձրևի կաթիլների ձայնից, ուրախանում էի, թե ինչ լավ է՝ անձրևն եկավ, ճիմերն ու ծառերը ջրվեցին, չեն խանձվի, չեն չորանա: Ստամբուլում այդպես չէր: Ստամբուլի մի թաղամասից մյուսը գնալու համար մի քանի տրանսպորտ էինք փոխում՝ մետրո, տրամվայ, ֆունիկլյոր, ավտոբուս, փողոցից փողոց էինք անցնում, բակից բակ, իսկ անձրևը դույլերով թափվում էր վերևից, ասես աշխարհի վերջն է։ Ախր, չէ՞ որ այդ քաղաքը ես շատ եմ սիրում. ծովը, նեղուցը, նավերը, խանութների բազմազանությունն ու ցուցափեղկերի առատությունը, ճարտարապետությունը: Չի՛ կարող անձրևը փչացնել իմ տրամադրությունն ու շղարշ գցել այդ սիրո վրա: Իհարկե չի կարող. երրորդ օրն արդեն անձրևն ի չիք եղավ, արևը դուրս եկավ, ու երկնքի կապույտն արտացոլվեց Բոսֆորի ջրերում, և ես կրկին սիրահարվեցի այդ քաղաքին: Ինչ-որ նախապաշարմունք ունեմ, որ ծովափնյա երկրներում ապրող մարդիկ ավելի երջանիկ են, գեղեցիկ, ուրախ…
Բոսֆորի երկրորդ կամուրջը
Ստամբուլ մտանք Բոսֆորի երկրորդ կամրջով: Երկրորդ կամուրջն էր նաև մեր կրթական փոխանակման ծրագրի։ Կամրջի վրայով օրական անցնում է մոտ 200000 տրանսպորտային միջոց, որոնք տեղափոխում են մոտ 600000 ուղևոր: 6 ամսվա ընթացքում Երևան-Ստամբուլ նախագծի մասնակիցների թիվը վեցապատկվեց, ուստի համոզված եմ՝ շուտով այս կրթական կամուրջն էլ է հասնելու Բոսֆորի բանուկությանը:
Կրթական փոխանակման նախագծով այս անգամ կրթահամալիրի Ավագ դպրոցն իր կամուրջը գցեց դեպի Կեդրոնական վարժարան: Վարժարանը հիմնվել է 1886 թվականին, Կոստանդնուպոլսի Ղալաթիո թաղամասում: Ստամբուլում գործող հայկական առաջնակարգ կրթական հաստատությունն է համարվում և շարունակում է նախնիների ավանդույթները: Տարեցտարի Ստամբուլում կրճատվում են հայկական դպրոցները: Ազգային Կեդրոնական վարժարանն իր վաղեմի և այժմյան համբավով մնում է դեռևս կայուն և նախընտրելի:
Վարժարանի տնօրինուհի տիկին Սիլվայի ջանքերով կրթահամալիրի սովորողները մեկշաբաթյա ուսումնական ծրագիր ունեցան Ստամբուլում, որի ընթացքում հնարավորություն ունեցան շփվելու Պոլսի լավագույն վարժարանի իրենց հասակակից սովորողների հետ: Մասնակցեցին վարժարանի ուսումնական պարապմունքներին, ծանոթացան կրթական ծրագրերին, ուսումնական գործընթացին: Բացի վարժարանում ունեցած գործունեությունից՝ տիկին Սիլվան կարևորել էր այցելություններն ինչպես հայկական, այնպես էլ թուրքական վարժարաններ, թուրքական համալսարան: Պետք է հայաստանցիները տեսնեն՝ ինչ միջավայրում են ապրում ու մեծանում Պոլսում ապրող իրենց տարեկիցները: Կրթական այս կամուրջն ավելի բանուկ է դառնում հենց այսպիսի կապերի ու այցելությունների շնորհիվ:
Թուրք աղջիկը
«Թուրք աղջիկը – «․․․ մեր անելիքը ապագային նայելն է, այն այլ կերպ կառուցելը․․․»: «Ես չեմ ժխտում անցյալը։ Ընդունում եմ ձեր կորուստն ու վիշտը։ … Ասենք՝ հորս Մեծ պապը հանցագործություն է կատարել, ես պատասխանատո՞ւ եմ դրա համար»։Հայ մտածողը – «Ահա մեր տարբերությունն էլ այստեղ է երևում։ Դու հեշտությամբ կարողանում ես ասել՝ «Եկեք նորից սկսենք»։ Մենք չենք կարողանում։ «Մեղավոր ես ոչ թե հորդ Մեծ պապի հանցագործության, այլ այն ժխտելու և անտեսելու համար»:
Ստամբուլի Շիշլի Թերաքիա համալսարանում հայ ու թուրք պատանիների հանդիպման ժամանակ հիշեցի «Ստամբուլի բիճը» վեպից այդ հատվածն ու ներքուստ ուրախություն զգացի, որ այս նախագծի շնորհիվ մեր պատանիների մեջ չկա անցյալից եկող այդ ճնշվածությունը. կա նոր ծանոթությունների, շփումների պատրաստակամություն: Իսկ հանդիպումից հետո հիշողություններումս դաջվել է թուրք աղջկա անկեղծ ժպիտը…
Միասնաբար պատկեր քաշենք
«Մարդն ազատ է ծնվում, բայց ամենուր շղթայվում է»:
Ծնվելու առաջին օրից սկսած հայ երեխաների մեջ սերմանում են ատելություն թուրքի ու այդ երկրի նկատմամբ ու շղթայում ազատ մտածելու ու կշռադատելու կարողությունը: Կա երկու պատմություն և կա մեկ սահման, որը ջնջվում է, ու երկուստեք շղթաներից ազատվում են, երբ հատում են այդ սահմանը: Հանդիպում են պոլսահայ ու հայաստանցի երեխաները. անծանոթներն իրար դիմավորում են գրկախառնումով, ներքին վախերը հաղթահարելով՝ ինձ ցտեսություն են ասում ու նոր ընտանիքների հետ գնում տարբեր ուղղություններով՝ Բաքրքյու, Շիշլի, Ղալաթիո, Տաքսիմ,Ս ուլթանահմեդ, Կարաքոյ, Ակսարայ, Կաբատաս, Թոփհանե… Երեկոյան ջերմ զրույցներ, ծանոթություններ, միասնաբար պատկերներ, ու արդեն վախերը մոռացվել են, շղթաներից ազատվել են: Քույր ու եղբայր են իրար համարում, ծնողներին մայրիկ ու հայրիկ են ասում, ճանապահելուց էլ Գագիկի մայրիկը լաց էր լինում՝ ասելով. «Մանչս է, իմ մանչը»:
Սիլվան, Լիզեթը, Արևը, Ժպիդը, Հերոսը, Դերեվը,Արենը, Լեթիսիան, Ակսելը, Քլոդիան, Յերազը, Լորին,Լարիսան, Լարան,Սարինը Ստամբուլը պատկերող վառ երանգներն են լինելու, մեր միասնաբար պատկերների ամենսիրելի ու հիշվող մարդիկ: Հոգատար ու մինչև վերջ սիրալիր ուղեկցում էին վիթխարի քաղաքի մի թաղամասից մյուսը, պատմում ու պատմում: Մեկ էլ մի սիրուն վայրի մոտ հավաքվում էինք ու ասում. «Դե, եկեք միասնաբար պատկեր քաշենք (նկարվենք)»: Այդպես անմահացնում էինք ստամբուլյան ակնթարթները, որտեղ գերիշխողը ժպիտն էր ու միասնությունը:
Կաղանդը
«Հարիւր Կաղանդ ալ կը սպասեմ,
եթե գիտնամ, թե վերջընթեր Կաղանդին պիտի նվերս ընդունիս
ժպիտներուն ամենեն կույս ամենեն լույս եւ ամենեն երջանիկովն աղվորցած»։
Զահրատ. «Կաղանդչեք»