Երևակայությունն ու մաթեմատիկան, ֆանտազիան ու գիտութունն ախոյաններ, թշնամիներ չեն, այլ դաշնակիցներ, նույն մարմնի ոտքերն ու ձեռքերը նույն մտքի դուստրերն ու մայրերը։
Ջ․Ռոդարի
Իտալացի մանկագիր Ջանի Ռոդարիի ստեղծագործություններն աչքի են ընկնում վառ երևակայությամբ, մտքի ճկունությամբ, անսպասելի ավարտով։ Ռոդարին մեզ ներկայանում է որպես ստեղծագործական հնարքների ու ձևերի մի ընդարձակ շտեմարան, ուսուցման տարատեսակ մեթոդաշարերի ձեռնարկ: Վաղուց Ռոդարին իր ուրույն տեղն ունի կրթահամալիրի հեղինակային կրթական ծրագրում՝ ուսուցման գործընթացում։
Կրթահամալիրում ուսուցման նախագծային հարթակ են բազմաթիվ ստուգատեսները, որոնց շարքում ռոդարիականը կարևոր տեղ և դեր ունի, չնայած նրան, որ ռոդարիական թեմաները դպրոցպարտեզում շուրջտարյա են և իրականացվում են անընդհատ։ Ռոդարին կիրառվում է ամենուր և ամեն ինչում։ Շարունակ ստեղծվում են ռոդարիական հնարքներով տեսաֆիլմեր, մեդիաըթերցարաններ, աուդիոնյութեր, ռադիոպատումներ և այլն։
«Իմացումի հրճվանք» ծրագրի հինգ-վեց տարեկանների խմբում 2016-2017 ուստարում իրականացրել ենք մարզական նախագծեր, որոնց մեջ փորձել ենք ներառել ռոդարիական զինանոցի հնարներից։ Միասին մտածեցինք մարզախաղերի շարք անել, ընդ որում այնպիսի խաղերի, որոնց համար անհրաժեշտ մարզագործիքները ծառայեն ռոդարիաբար՝ կիրառելով այսպիսի մեթոդներ՝ մարզաձևի «աղավաղում», «շուռ տված» խաղագործիքներ, մարմնի մասերի «այլակերպ» կիրառություններ, ինչպես նաև առօրյա գործածական իրեր, որոնք կարելի է գործադրել այլաձև, անսովոր, տարօրինակ։ Ռոդարիական մարզաշարի մեկնարկը տրվեց Արևելյան դպրոցի հարակից մարզադաշտում, ապա տարածվեց նաև թաղամասի տարբեր բակերի մարզադաշտերում։ Մեր ընտրած «ռոդարիկ-գործիքները» դարձան օղակն ու գնդակը, փուչիկն ու խաղալիքը, անձեռոցիկի դատարկ տուփերն ու զուգագուլպաները, ջրի շշերն ու մատիտները։ Փորձեցինք «անձեռք» փուչիկախաղ, ձեռքով փուչիկախաղ, մարզվեցինք․ ցնծությունն ու առաջինը լինելու ցանկությունն անսահման էր: Խաղացինք ձվերի վազք, «գնդակավազք» մարմնի տարբեր մասերի օգնությամբ, բացի ձեռքերից:
- Ռոդարիական մարզաշար
- Ռոդարիական մարզաշխարհ
- Ռոդարիական մարզախաղ
- Ռոդարին կրկին մարզադաշտում է…
- Մայիսյան հավաքին ընդառաջ
- Ռոդարիական խաղ՝ անձեռոցիկի տուփով
- «Տարօրինակ» Ռոդարի
Խմբագիր՝ Մարինե Ամիրջանյան