Ազգային ծեսերից յուրաքանչյուրը մի երաժշտաթատերական ներկայացում է, որը սկսվում է եկեղեցուց և ավարտվում համայնքային տոնախմբությամբ, որտեղ ծավալվում են հետաքրքիր գործողություններ, դրանցից ոմանք զարգանում, որոշակի ընթացք են ստանում, երբեմն էլ՝ հանգուցալուծվում ու հետաքրքիր լուծում գտնում: Էլ չենք ասում, որ գործողություններից, հարաբերություններից շատերն էլ ուղեկցվում են երաժշտական նյութի կատարմամբ: Ինչո՞վ օպերա չի…
Առաջինը, որ անմիջապես որոշվեց, նյութն էր՝ օպերայի հիմքում Համբարձման ծեսն է լինելու: Ինչու՞… դուք պատկերացրեք՝ ինչ սրտատրոփ սպասում կա մասնակիցներից յուրաքանչյուրի սրտում բախտագուշակության խաղիկները լսելիս կամ հատուկ այդ օրվա համար կազմված ապագան կանխատեսող գրքից ընտրած որոշող հատվածը կարդալիս: Իսկ ինչ բարեխղճությամբ ու սիրով են պատրաստվում երիտասարդ աղջիկներն այս ծեսին՝ յոթ աղբյուրից ջուր, յոթ քար, յոթ տարբեր ծաղիկներ են հավաքում, Վիճակի կամ Արուսի (հարսի) տիկնիկ, ծաղկեպսակներ, ծաղկեփնջեր պատրաստում: Նրանցից հետ չեն մնում տղաները, որոնք ծաղիկներով զարդարում են եզին կամ ղոչին (արու ոչխար):
Խորհրդակցելով Արթուր Շահնազարյանի, Մարիաննա Տիգրանյանի, Մարիետ Սիմոնյանի, Քնարիկ Ներսիսյանի հետ՝ ուսումնասիրեցինք թեմային համապատասխան նյութեր, առանձնացրինք այն հատվածները, որոնց հիման վրա կառուցվելու էր լիբրետոն: Կատարվեց ազգային, ծիսական երաժշտական նյութերի ընտրություն: Կազմվեց նախագիծ, ըստ որի մասնակիցներն են՝
1. Քոլեջի «Խորոտ» երգչախումբը,
2. «Սեբաստիո» ազգային նվագարանների համույթը,
3. «Դասարանական երգչախմբերի համագործակցությունը՝ խմբերգային բազմաձայն համատեղ երգեցողության արդյունավետ միջոց» նախագծով՝ «Սեբաստացիներ» մանկական, Հարավային (երաժշտության դասավանդող՝ Մարիամ Մնացականյան) և Միջին (երաժշտության դասավանդող՝ Հասմիկ Մելքոնյան) դպրոցների հանրակրթական երգչախմբերը: Դեկտեմբերին այդ նախագծով «Գեղարվեստը կրթահամալիրում» ամենամյա հաշվետու համերգին «Սեբաստացիներ» մանկական երգչախումբը ներկայացավ «Էրթանք սարերը սեյրան», «Հո՛պ, չըկըչըկ» ազգային երգերի բազմաձայն մշակված տարբերակի կատարմամբ՝ կրթահամալիրի կրտսեր դպրոցների հանրակրթական 4 երգչախմբերի հետ: Այս անգամ ներառվեցին Միջին և Հարավային դպրոցների հանրակրթական երգչախմբերը: Հանրակրթական խմբերգության նախագծային աշխատանքի այս առաջարկը յուրաքանչյուր երաժիշտ մասնագետի հնարավորություն է տալիս հանդես գալու որպես նախաձեռնող՝ իր երգչախմբի շուրջ հավաքելով մյուս հանրակրթական երգչախմբերին` իրականացնելու բազմաձայն երգեցողություն:
Ծեսի ազգային ծիսական երաժշտական նյութերի աղբյուրները
Առաջինը կնշեմ «Կոմիտասի գրառած երգերի վերականգնում, կատարում» նախագիծը, որի իրականացման արդյունքում Համբարձման ծիսական երգերից ներառվեցին «Վիճակի երգ», «Հե՜յ, գյուլ եմ», իսկ պարերգերից՝ «Աման, աման, Դերիկո յար», «Աբարանը քարոտ ա», «Ախ, լոթի Մարան», «Լեզուս չի խոսում, լալ եմ», «Կաքավն էկավ», «Սարեն կուգաս», «Ծառի տակին կար կանեմ», իմ հետազոտական աշխատանքի արդյունքում, ինչպես նաև անձնական երգացանկից՝ Շիրակի մարզի տարբերակ՝ «Վիճակի երգ», Արագածոտնի մարզի Երնջատափ գյուղի Մագթաղ տատի երգած «Վիճակի երգ»-ի նոր տարբերակ: Կրթահամալիրի երաժշտության ծրագրային երգերից էլ ներառվեց «Վիճակի երգ»-ը («Կաքավիկ» երգարան):
Առանձնացված նյութերի հիման վրա ստեղծվեց ազգային օպերայի լիբրետոն: Սովորողներն ուսումնասիրեցին ծեսը, դիտեցին իրականացված ծեսեր, նրանց ուսուցանվեց բանավոր և երաժշտական նյութը, հանրակրթական երգչախմբերը յուրացրեցին իրենց ձայնամասերը: Լիբրետոն՝ նյութերի հետ համացանցով հասանելի էր բոլորին: Առավոտյան ընդհանուր պարապմունքներին ուսուցանվում, կատարվում էին ծիսական երգերը, պարերգերը, պարերը: Լինելով կապի մեջ Հարավային և Միջին դպրոցների երաժշտության դասավանդողներ Մարիամ Մնացականյանի և Հասմիկ Մելքոնյանի հետ, յուրացրինք պարտիտուրայի ձայնամասերը: Կատարվեցին միացյալ փորձեր, որի ընթացքում խմբավար երաժիշտներից յուրաքանչյուրը որոշեց իր և խմբի անելիքը ներկայացման ժամանակ:
Քոլեջի «Խորոտ» երգչախմբի հետ աշխատանքը հետաքրքիր ու ստեղծական էր, ուսանողներն ունեին իրենց առաջարկները, փոփոխության տարբերակները: Վերջին օրերին լիբրետոն անընդհատ փոփոխության էր ենթարկվում՝ ավելանում, դուրս էր մնում հատված, երգ, պար, ծիսական գործողություն: Հարկավոր էր ստեղծել կենդանի անմիջական ազատ միջավայր, որտեղ գործողությունները առվակի նման կհոսեն, ազգային անկեղծ խնդությամբ կվարակեն ունկնդրին՝ նրան սահուն ու աննկատ դարձնելով մեր ազգային ծիսական օպերայի կարևոր մասնակից:
Մեր ազգային օպերան սկսվում է հացթխիկի մանկական խաղիկներով, խաղերգ-պարերգերով, որի շարունակությունը ժողովրդական ուրախությունն է՝ նախապատրաստում քրիստոնեայի համար շատ կարևոր Համբարձման ծիսական արարողակարգին: Ծաղկահավաք է, աղջիկները կժի մեջ յոթ աղբյուրից ջուր են լցնում, յոթ տարբեր ծաղիկներ, յոթ քար հավաքում, պատրաստում ծաղկամայր, ծաղկեպսակներ, ծաղկեփնջեր, դնում «աստղունք»: Այս ամենն ուղեկցվում է համապատասխան ծիսական երգով, պարով, բանավոր տեքստով: «Առավոտյան» աղջիկները կատարում են շրջայց տներով, գովում յուրաքանչյուր տան երեխաներից մեկին, տալիս ծաղկեփունջ, «աստղունք» դրած ջրից, փոխարենը ստանում նվեր: Յուրաքանչյուր տան անդամ որևէ իր է գցում կժի մեջ: Երգ ու պարով «գնում են բախտագուշակության», որը ծիսական գործողության այս փուլում ներկայացվել է որպես բարեմաղթանքների ու օրհնանքների հղում: Ավարտում ենք ազգային «Յալլի» մասսայական պարխաղով:
Բնական է, որ կան հաջողված, վրիպած, ավել, սխալ կատարված գործողություններ: Ինչու է բնական, դե, կյանքն է այդպիսին, եթե փորձում ենք լինել անկեղծ, ուրեմն ազատություն տալն էլ ակնկալում է կյանքի բնականությունը՝ իր ճիշտ ու սխալով: Ազգային միջավայրն էլ նույն կյանքն է, ու հղկել բոլոր գործողությունները բեմական մտածողությամբ չարվեց, թող յուրացնեն այն ճանապարհով, որով անցնում ու յուրացնում է յուրաքանչյուրը:
Մայիսի 10-ին և 14-ին մեր միասնութունը, ամբողջականությունը ունկնդրի հետ ակնհայտ էր: Ազգայինի մեջ կա թաքնված, միևնույն ժամանակ կարևոր միավորող, հառնեցնող մեծ ուժ, մենք էլ զորավոր ենք այդ ուժով:
Նախագիծն իր մեջ ներառում է նաև՝