Ինչպես անել, որ մաթեմատիկան չօտարվի սովորողից, չդառնա մի ծանր բեռ, որը դժվարացնում է առաջ շարժվելը։ Դրա պատճառը մաթեմատիկան կյանքից կտրելն ու ուսումնական գործընթացում այն ոչ կիրառական դարձնելն է։
Կրտսեր դպրոցում սովորողները հաճախ դժվարանում են իրենց մաթեմատիկական գիտելիքները կիրառել առօրյայում։ Դրա համար գործնական խնդիրների լուծման հետ մեկտեղ անհրաժեշտ է պայմաններ ստեղծել ու սովորողներին հնարավորինս ցույց տալ նրա տեսանելի ու կիրառական լինելը։
Կրտսեր դպրոցում մաթեմատիկայի հանդեպ սեր ու հետաքրքրություն սերմանելու համար սովորողները պետք է համոզվեն, որ մաթեմատիկա առարկայից ստացած գիտելիքները կիրառելի են առօրյա խնդիրների լուծման ժամանակ, որն էլ, ըստ իս, կմեծացնի ուսուցման գործընթացի արդյունավետությունը կրտսեր դպրոցում։ Նմանատիպ խնդիրները հաղթահարելու համար որոշեցի իրականացնել մի քանի նախագծեր, որոնք սովորողները, դիտարկելով դրանք որպես կյանքից վերցված որոշ առօրեական խնդիրներ, վերածում են հետաքրքրաշարժ մաթեմատիկական խնդիրների և լուծում՝ համապատասխան չափումների և հաշվարկների միջոցով։
Քանի որ մարդը առավել հաճախ հիշում ու մտապահում է այն ամենը, ինչն ավելի կիրառական է և այս կամ այն կերպ ազդում է նրա զգայարանների վրա՝ տեսողական, լսողական, շոշոփելիքի, ուստի գործնական մաթեմատիկան կնպաստի սովորողների մոտ կայուն մաթեմատիկական գիտելիքների ձևավորմանը, ինչպես նաև գործնական, համագործակցային կարողությունների զարգացմանը։
Մի քանի օրինակով ցանկանում եմ ներկայացնել սովորողների կողմից առաջադրվող առօրեական խնդիրները և դրանց մաթեմատիկական ձևակերպումները ՝ ուսուցանող տեսաֆիլմերի տեսքով։
«Կենդանի մաթեմատիկա» նախագծի շրջանակում Արևմտյան դպրոցի 4-5-րդ դասարանի սովորողները պարզեցին, թե որքան սալիկ է անհրաժեշտ իրենց դասասենյակի ուղղանկյան տեսք ունեցող հատակը սալիկապատելու համար։
Չափումների միջոցով սովորողները հաշվեցին իրենց մաթեմատիկայի դասասենյակի հատակի մակերեսը, այնուհետև քառակուսաձև սալիկի մակերեսը։ Դասասենյակի հատակի մակերեսը բաժանելով 1 սալիկի մակերեսի վրա՝ սովորողները պարզեցին, թե քանի սալիկ է անհրաժեշտ դասասենյակի հատակը սալիկապատելու համար։
Այսպիսով՝ սովորողները հնարավորություն ունեցան ուղղանկյան ու քառակուսու մակերեսի վերաբերյալ իրենց ունեցած գիտելիքները կիրառել առօրյայում, կազմել ու լուծել մակերեսի վերաբերյալ խնդիր։ «Մաթեմատիկական չափումներ ու ճիմերի հաշվում» փոքրիկ նախագծի շրջանակում 4-5-րդ դասարանի սովորողները մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության ժամին Արևմտյան դպրոցի բակում և ագարակում ընտրեցին ուղղանկյան տեսք ունեցող մեկական լանջ, չափեցին յուրաքանչյուր լանջի լայնությունը և երկարությունը, որից հետո հաշվեցին յուրաքանչյուր լանջի մակերեսը։ Իմանալով, որ լանջի 1 մետր քառակուսու համար օգտագործվում է մոտավորապես16 ճիմ, սովորողները պարզեցին, թե քանի ճիմ է անհրաժեշտ յուրաքանչյուր լանջի համար։
Նախագիծը հնարավորություն տվեց սովորողներին ուղղանկյան մակերեսի վերաբերյալ գիտելիքները կիրառել առօրյայում, ամրապնդել չափման միավորների մասին իրենց ունեցած գիտելիքները, կազմել ու լուծել մակերեսի վերաբերյալ նոր ու հետաքրքիր խնդիրներ, մասնակցել մաթեմատիկայի բացօթյա դասին, որն էլ մեծացրեց սովորողների սերն ու հետաքրքրությունը մաթեմատիկայի նկատմամբ։ Նախագծի մասին ավելի մանրամասն պատմում են Նարեկ Սարգսյանը և Վռամ Միրզոյանը։
4-5-րդ դասարանի սովորողները իրենց ոտնաչափի և քանոնի միջոցով հաշվեցին Արևմտյան դպրոցի ուղղանկյունաձև լանջերից մեկի մակերեսը։