Իմ կյանքում շատ կարևոր փոփոխություն տեղի ունեցավ, երբ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում հնարավորություն ընձեռվեց ուժերս փորձելու մի նոր աշխարհում, որտեղ ապրում են 2-5 տարեկան երեխաներ։ Սկսվեց իմ փորձառության շրջանը. առաջին իսկ օրվանից ինձ գերեցին երեխաների անմեղ աչուկները, թաքուն ժպտացող և զարմացած դեմքերը։ Սկսվեց ծանոթության շրջանը։ Ծանոթացա բոլորի հետ, սիրեցի ու կապվեցի։ Օր օրի ավելի ու ավելի էր ամրանում կապը սաներիս հետ։ Շատ քիչ ժամանակահատվածում դարձանք մեծ ու բարի ընտանիք։ Երեխաների տարատարիք լինելը չի խանգարում, ընդհակառակը՝ օգնում է հոգատար լինել միմյանց նկատմամբ։
Փորձեցի իրականացնել «Ես» նախագիծը, որի օգնությամբ ցանկացա բացահայտել նրանց յուրովի։ Խոսեցնել, տեսագրել և ծանոթանալ նրանց նախասիրություններին: Դա ինձ տվեց վստահություն, քանի որ այդ նախագիծը ստացավ հավանություն և տեղադրվեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի գլխավոր կայքէջում:
Այս մի քանի ամիսների ընթացքում նրանցից շատ բան սովորեցի։ Նորանոր բացահայտումներ ու ձեռքբերումներ ունեցա և դեռ շարունակում եմ…
Ականատես եղա, ինչպես նաև մասնակցեցի բազում նորանոր տեխնոլոգիական աշխատանքների պատրաստմանը։ Հետաքրքիրն այն է, որ յուրաքանչյուր թափոնից կարելի է մի գեղեցիկ իր ստանալ։ Ամեն օրը սովորող սովորեցնող է թե’ ինձ համար, թե’ սաներիս՝
Երեխաների համար կարևոր է մաքուր օդը։ Պետք է նաև նրանց մեջ սերմանել սերը դեպի բնությունը։ Շրջակա տարածքի խնամքը յուրաքանչյուրիս առօրյա գործունեությունն է։ Ամեն օր սաներիս հետ զբոսնում եմ բակում, երգում, արտասանում, խաղում, ինչպես իրենք են ասում «պեսոկով», այսինքն՝ ավազով։
2-5 տարեկանների խմբերում մեծ դեր են խաղում իտալացի գրող Ջանի Ռոդարիի գրված ստեղծագործությունները, ինչպես նաև խաղերը: Նրա ստեղծագործությունների մեջ ամեն բան երևակայական է: Այդ իսկ պատճառով Ռոդարին մեր կրթահամալիրում ամենուր է: Իրականացրինք «Ռոդարի-Աղայան» խառնաշփոթ նախագիծը, իսկ թումանյանական օրերին ամենուր հնչում էին Թումանյանի հեքիաթները, բանաստեղծությունները: Ինչպես կրթահամալիրում էին օրերը թումանյանական, այնպես էլ ընտանիքներում:
Կարևորում եմ նաև կրթահամալիրում իրականացվող ծեսերը, որոնք ինձ համար շշմելու աստիճան հետաքրքիր են ու տպավորիչ: Կարևոր է՝ յուրաքանչյուր երեխայի դեռ մանկուց ծանոթացնել մեր ազգային տոների, ծեսերի, ավանդույթների հետ: Եվ դա իրագործվում է բազմաթիվ ծիսական երգերի, ոտանավորների, խաղիկների օգնությամբ: Իմ մուտքը նախակրթարան սկսվեց դդմածեսը դիմավորելով: Շա՜տ հավես ծես էր:
Սեմինարներ գրեթե միշտ լինում են կրթահամալիրում: Դա նույնպես ինձ համար հետաքրքիր է, երբ հավաքվում ենք կլոր սեղանի շուրջ և քննարկում բազմապիսի թեմաներ: Դա օգնում է ինձ ավելի ճիշտ աշխատել:Կրթահամալիրում կազմակերպվում են նաև ծնողական սեմինարներ, որոնց օգնությամբ ծնողը դառնում է կրթական ծրագրի անմիջական մասնակիցը:
Եվ այսպես` աշխատանքը կրթահամալիրում անցնում է չափազանց հետաքրքիր և լեցուն, ձեռքբերումներով և բացահայտումներով: Աշխատանքս կատարում եմ պատասխանատվությամբ: Երեխաներն ինձ օգնում են լցվել մեծ էներգիայով և աշխատասիրությամբ: Ամեն մեկին վերաբերվում ու մոտենում եմ յուրովի՝ դառնում ընկեր, ծնող, դաստիարակ կամ պարզապես զրուցակից: Դա է երևի այն գաղտնիքը, որ սիրվեցի երեխաների կողմից: Եվ վերջում ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր վստահեցին ինձ, իմ շատ սիրելի Տաթև Բլեյանին, Նելի Արղությանին, Վարդ Օսիպովային, ով միշտ պատրաստակամ օգնել է ինձ ամեն հարցում: Յուրաքանչյուր դժվարություն և վախ հաղթահարելի է, եթե կողքիդ ունես սրտացավ և բարի ընկեր: Շնորհակալ եմ բոլորին ինձ աջակից լինելու համար: