Բարև ձեզ, ես Մարգարիտ Սարգսյանն եմ, ներկայացնում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը՝ Բլեյանի դպրոցը, որտեղ էլ ինքս սովորել եմ, այնուհետև մասնագիտական կրթություն ստացել ու վերադարձել կրթահամալիր («վերադարձել» բառն այստեղ պայմանական է, որովհետև կրթահամալիրի հետ կապս երբեք չի կտրվել)։ Այժմ ղեկավարում եմ կրթահամալիրի Մանկավարժության լաբորատորիան, միաժամանակ դասավանդում եմ հայոց լեզու, գրականություն։ Կրթահամալիրում տարբեր աշխատանքներ եմ իրականացրել․ փոփոխություններից չեմ վախենում, որովհետև դրանք միշտ իմ ընտրությամբ են՝ այդ պահի իմ հետաքրքրություններով, կրթահամալիրի՝ օրվա հրամայականով պայմանավորված։ Կրթահամալիրում աշխատանքն իմ գիտակցված ընտրությունն է․ ո՛չ պատահականություն է, ո՛չ էլ աշխատանքի միակ հնարավորություն։ Ինչու եմ սրա մասին ասում, որովհետև ուզում եմ շեշտել հեղինակային մանկավարժության դերն ու ազդեցությունը անհատի՝ այս դեպքում իմ կյանքում, նաև՝ ամբողջ կրթական համակարգի՝ այս դեպքում հանրակրթության։
Օրենքում փոփոխությունները կարևոր են, հատկապես կարևոր են ու խրախուսելի հանրային այս բաց քննարկումները, կրթական գործընթացում ներգրավված կողմերին լսելն ու քննարկումների հրավիրելը, առաջարկները լսելը։ Սա դիտենք որպես մի նախագիծ, որը պետք է զարգանա, առավել ճկուն կազմակերպում ստանա։ Կա e-draft-ը, որտեղ հրապարակվում են նախագծերը, ճիշտ է, բայց եթե իսկապես ուզում ենք, որ քննարկվի, պետք է դա կազմակերպել՝ կարևորել-ուղարկել անհատների, խմբերի, ակտիվ քննարկումներ կազմակերպել բաց ու կոնկրետ հրավերներով՝ ասուլիս, կլոր սեղան, տարբեր խմբերի կարծիքների հատուկ ներկայացում և այլն։
Կարևորում ենք նաև օրենքի՝ որպես նախագծի քննարկումը հենց ուսուցիչների տարբեր խմբերի հետ, որ ուսուցիչները կարդան, կարծիք գրեն, ներառեն ծնողներին ու սովորողներին։ Փաստ է, որ մենք քիչ ենք կարդում, ու մեր օրենքները, կարգերն այդպես էլ մնում են թղթի վրա, հիշվում միայն քննությունների, վերապատրաստումների օրերին։
Իրականում Հանրակրթության մասին օրենքն՝ իր բոլոր բաղադրիչներով պետք է այնպես կազմվի, որ իրական գործիք դառնա ուսուցչի, կրթական գործի կազմակերպչի, սովորողի, ծնողի, այլոց համար։ Մենք պետք է ունենանք Հանրակրթության մասին այնպիսի օրենք, որը հեշտ լինի հատվածաբար կարդալը, անհրաժեշտ հատվածը որոնումով փնտրելը․ մարդն արագ կարողանա որոնել իր ուզածն ու կարդալ, որտեղ կլինեն ակտիվ հղումներ, ինչն էլ կհեշտացնի դրա ընթերցումը։ Պետք է ամեն ինչ անել, որ օրենքն իրոք աշխատող ու ընթերցվող փաստաթուղթ դառնա, միայն այդ դեպքում մենք պարբերաբար կունենանք ծրագրային փոփոխությունների, առաջարկների իրական ու զարգացմանն ուղղված փաթեթ, որը ոչ թե գրված կլինի պաշտոնատար անձանց կողմից, այլ կառաջարկեն շահառուները՝ ուսուցիչ, սովորող, ծնող․ սա օրենքը կդարձնի կենդանի ու իրոք գործող։ Հանրային քննարկումն իրոք հանրային կդառնա, եթե տարբեր օղակներ ներառվեն։
Որպես հեղինակային կրթական ծրագիր իրականացնող հաստատություն`կարծում ենք, որ օրենքում փոփոխությունները պետք է միտված լինեն հետևյալ կարևոր կետերին, օրենքում այս շեշտադրումները հստակեցվեն, ինչն էլ հնարավորություն կտա ապահովել կրթական համակարգի առաջընթացն ու մարդկանց՝ կրթության իրավունքի իրացումը՝
- Սահմանադրական՝ կրթության իրավունքի ապահովում
- Պետությունը՝ այդ իրավունքի երաշխավորը. օրենքի գործառույթը
- Ուսումնական հաստատության տեսակների բազմազանության երաշխավորություն
- Կրթական ծրագրերի մշակումներ, օրենսդրական փոփոխությունները՝ մանկավարժության լաբորատորիաների ներգրավմամբ
- Մշակող (լաբորատոր) կենտրոնները հիմնվեն գործող դպրոցների վրա, ոչ թե վերևից արվող փոփոխությունների
- Փորձարարական լաբորատորիաները իրար հետ կապված աշխատեն
- Չափորոշիչներ
- Հանրակրթության սկզբունքներ։
Հեղինակային կրթական ծրագիրը՝ որպես այլընտրանք, գիտափորձերի փաթեթ, որը կարող է սպասարկել հանրակրթությանը և իր կազմակերպման մոդելով ցույց տալ բաց, այլընտրանքային գործունեություն, դառնալ ստեղծագործող, հեղինակող ուսուցչի բաց աշխատարան։
Մենք մեր կողմից ներկայացված առաջարկությունները շարունակում ենք պնդել, որովհետև այլընտրանքային կրթական ծրագրերի օրենքով պաշտպանությունը, օրենքով երաշխավորված ինքնուրույնությունը մեզ համար կարևոր է, հանրապետությունում հանրակրթության զարգացման ամենաիրական ճանապարհն ենք համարում հեղինակային, այլընտրանքային կրթական հաստատություններում իրականացվող նախագծերի, մշակումների առանձին բաղադրիչների միջոցով հանրակրթության զարգացումը։
Կարևորում ենք ստեղծագործող ուսուցիչների բաց հարթակների ստեղծումը, որոնք էլ կդառնան հենց այն լաբորատորիաները, այն իրական աշխատարանները, որոնք հնարավորություն կտան իրական կյանքում ճանաչել մեր հետաքրքիր ուսուցիչներին, համատեղ նախագծեր ու մշակումներ իրականացնել։ Արդեն վերևից պարտադրված ատեստավորումների ու տարակարգերի կարիք չի լինի, որովհետև ստեղծագործող ուսուցիչները կհրապարակեն իրենց մշակումները, հոդվածները, մարդիկ կծանոթանան։ Իրավական ակտերում փոփոխությունները պետք ուղղված լինեն զարգացմանը. տխուր է, երբ կարևորվում են ոչ թե ազատությունները, առանձնահատկությունները, այլ վերահսկումը. մենք պետք է շեշտադրենք կրթական արդյունքի ստեղծումը, որովհետև միայն դա կարող է ապահովել ու տեսանելի դարձնել մեր առաջընթացը։
Հենց նման աշխատանքը խթան կդառնա, որ ուսուցիչներն առաջ մղվեն, խրախուսվեն, հայտնի դառնան․ երիտասարդներն էլ կկարդան, կոգևորվեն, իրենք էլ կուզեն աշխատել, հայտնի դառնալ, լրացուցիչ գումար վաստակել։ Մենք պետք է ունենանք ուսուցիչ-հանրային գործիչների նոր տեսակ, որոնք կրթության ոլորտում բազմակողմանի ու բաց գործունեություն կծավալեն։
Կամավոր ու պարտադիր ատեստավորումների կողքին պետք է լինեն նաև կազմակերպման այլ՝ այլընտրանքային ձևեր․ դրանց արդյունքում պիտի ստեղծվեն այնպիսի նյութեր, որոնք կծառայեն մեր հանրակրթության զարգացմանը։