«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ուսումնական երկրորդ շրջանի անբաժան մասն են կազմում հեղինակային մանկավարժության ամենամյա հունվարյան ստուգատեսները, որոնց նպատակն է դասավանդողների, սովորողների ուսումնական կարողությունները, ձեռքբերումները ներկայացնելը, տարածելը, խրախուսելը, ինչպես նաև լավ հնարավորություն է նոր հմտությունների, կարողությունների յուրացման համար։
Այս ամենով ոգևորված՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 5-6 տարեկան քոլեջիկները սկսեցին իրենց հունվարյան ստուգատեսային հարթակների ներկայացումը։
Ձմեռային մարզական խաղերի մեկնարկը յուրահատուկ էր։ Ամեն ինչ սկսվեց այսպես․ երեխաների հետ սկսեցինք կարդալ, պատմել Դոնալդ Բիսեթի «Արքայազն անունով փոքրիկ պինգվինը» հեքիաթը։ Երեխաներին շատ հետաքրքրեց, թե ինչպե՞ս են պինգվինները լողում ու սահում։ Համացանցից գտանք պինգվինների մասին տեսանյութ։ Երեխաներն սկսեցին գորգի վրա պինգվինների նման սահել։
-Երանի սառույց լիներ, որ պինգվինի նման սահեինք։
-Հա, որ սառույց լիներ, ձյուն էլ կլիներ, ու ձնագնդիկ կխաղայինք։
-Իսկ ես սահնակ ունեմ ու սպասում եմ, որ ձյուն գա։
-Կցանկանա՞ք, որ միասին գնանք սահնակով սահելու,-հարցրեցի երեխաներին։
Դե՛ իհարկե, ցանկանում են։
Ու սկսեցինք քննարկել, ոգևորվել, հաջորդիվ՝ նախագիծ կազմեցինք և սկսեցինք նախապատրաստական աշխատանքները։
Ծնողների հետ քննարկեցինք ճամփորդությունը, նրանք էլ ոգևորվեցին և որոշեցին, որ իրենք էլ անպայման կմասնակցեն, սակայն աշխատանքային օրերին ոչ մի կերպ չէր ստացվում կազմակերպել։ Դե, քանի որ անհնարին ոչինչ չկա, մեր ուսումնամարզական ճամփորդությունը որոշեցինք իրականացնել շաբաթ օրը․ բոլորս ազատ ենք, բոլորիս հարմար է։
Սկսեցինք պատրաստվել. վերհիշեցինք առաջին բուժօգնության կանոնները, խոսեցինք ուսապարկի պարունակության մասին, համեմատեցինք աշնանային և ձմեռային ուսապարկերի պարունակությունները (ավելացել է փոխնորդ տաք հագուստ, տաք գլխարկ, ձեռնոց, թեյ կամ տաք կոմպոտ), քարտեզի օգնությամբ գտանք մեր ճամփորդության երթուղին, ծանոթացանք սպասվող եղանակին։
Նախատեսել էինք, որ օրը պիտի դառնա մարզական` ձմեռային խաղերի ընտանեկան մարզական ստուգատեսի օր։ Այդպես էլ եղավ։ Պայմանավորված ժամից էլ շուտ բոլորը Քոլեջի բակում էին, անհամբեր սպասում էին հեքիաթային, ձյունառատ ճամփորդությանը։
-Ընկեր Էլյա, գիտե՞ս, ես չիպս չեմ ուտում ու հետս էլ չեմ բերել, որովհետև ես սահնակ քշող մարզիկ եմ դառնալու,- պարծենում էր Կարենը։
-Իսկ ես, հետս «սակավիկ» եմ բերել, որ վնասվեմ` մատիս կպցնեմ,- ասում է Գոռը։
-Մենք էլ ենք չէ՞ սահելու, ամբողջ գիշեր չեմ քնել, անհամբեր սպասում էի,-ասում է մայրիկներից մեկն ու շարունակում,- չեմ էլ հիշում, թե երբ եմ վերջին անգամ սահնակ նստել, երևի յոթերորդ դասարանում։
…Ու այսպես ասելով, խոսելով, ուրախ երգով ու ծիծաղով հասանք «Ջրվեժ» անտառպարկ։ Պայուսակները դրեցինք սահնակների վրա, ձնագնդի խաղալով, ձյուների մեջ թավալվելով՝ սկսեցինք բարձրանալ։ Ձյունը, սառը, մաքուր օդը, խնամված սահուղին իսկական երջանկություն էր, վայելք։