Արփի Թովմասյան
Եկա ու մնացի
Ամռանը, երբ իմացա «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում անգլերենի մասնագետի թափուր հաստիքի մասին և ինքնակենսագրական ուղարկեցի, դեռ չէի պատկերացնում, որ դա լինելու է կյանքը փոխող որոշում։ Արդեն մի քանի օր անց տնօրեն Տաթև Բլեյանն ինձ հրավիրեց հարցազրույցի, ու ես ուրախությամբ շտապեցի ծանոթանալ կրթահամալիրի ու կրթահամալիրցիների հետ։ Ու առաջին հանդիպման տպավորությունները դեռ ապրում են։ Հիշում եմ, որ առաջինը տպավորվել էի լուսավոր ու թափանցիկ դասասենյակներով։ Ու թափանցիկ դռներից ներս աշխատում էին միմյանց հարգող ու վստահող, իրենց աշխատանքը սիրող ուսուցիչներ, կրթությունը կարևորող սովորողներ ու, ամենակարևորը, ժպտացող մարդիկ։ Կարծես տանը լինեի, որտեղից դուրս գալ չէի ուզում։ Եկա ու մնացի։
Մարտահրավերների մասին
Իհարկե, կային նաև որոշ մարտահրավերներ։ Ես եկել էի ուսումնական տարվա համարյա կեսին, միանգամից գնացել էի դասարաններ ու շատ անհանգստանում էի, որ դժվար կլինի ճիշտ հարաբերություններ հաստատել։ Սովորողները դժվար են ադապտացվում դասավանդողի փոփոխությանը։ Սակայն իրականում ամեն ինչ անսպասելի հարթ ընթացավ։ Ես ոչ միայն կարողացա լավ հարաբերություններ հաստատել, այլ նաև շարունակում եմ աշխատել այդ հարաբերությունները լավացնելու վրա, քանի որ համոզված եմ, որ մարդուն ինչ-որ բան սովորեցնելուց առաջ պետք է նախ նրան ճանաչել։ Հեշտ ստացվեց նաև հարաբերություններ կառուցելը մյուս դասավանդողների հետ։ Ես ինքս այնքան էլ շփվող չեմ, սակայն ստեղծված ջերմ մթնոլորտում դու պարզապես չես կարող մի կողմ քաշված մնալ ու չապրել կրթահամալիրի կյանքով։ Այս հարցում հատկապես շնորհակալ եմ սիրելի ընկեր Տաթևին։
Հիմա
Այս մի քանի ամիսների ընթացքում շատ բան փոխվեց, ու դա միայն իմ աշխատանքի արդյունքը չէ։ Ամեն օր դասասենյակ մտնելիս ես ինձ այլևս օտար ու կորած չեմ զգում, ես արդեն գիտեմ, թե ու՛ր եմ գալիս և ինչու, ինչի համար շնորհակալ եմ հատկապե՛ս սովորողներին։ Շատ մտքեր ու գաղափարներ, որոնք հեռու ու անիրականանալի ցանկություն էին թվում, դարձան իրական հե՛նց սովորողների հետաքրքրվածության ու աշխատասիրության միջոցով։ Ու դեռ շատ նախագծեր կան առջևում։ Չկա՛ ավելի մեծ ուրախություն, քան տեսնելը, թե ինչպես են սովորողները հպարտությամբ ներկայացնում այն աշխատանքները կամ նախագծերը, որոնք հենց իրե՛նք են արել, այլ ոչ թե պարզապես կարդացել դասագրքում։ Բացահայտելը, ինքնուրույն ուսումնասիրելը սովորելու լավագույն տարբերակներից է, իսկ ես դասասենյակում եմ ուղղորդելու, սովորել սովորեցնելու և նրանցից սովորելու։
Նախագծային դասեր ու կյանք
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը հատկապես արժևորում եմ նաև նախագծային ուսումնառության շնորհիվ։ Դասագրքային ու ստանդարտ դասերի փոխարեն, որոնք կենտրոնանում են պարզապես տեղեկության փոխանցման վրա և կարող են նաև ձանձրացնել, նախագծային և արդյունքահեն ուսումնառությունը տալիս է սովորողներին հնարավորություն ինքնուրույն ուսումնասիրություններ կատարելու, հետազոտություններ անելու ու արդյունքի հասնելու։ Այս տարբերակը շատ ավելի արդյունավետ է և մոտիվացնում է սովորողներին։ Այս մոտեցումը մոտիվացնող է նաև դասավանդողների համար, քանի որ շատ ավելի ազատ ու ստեղծագործող կարող են լինել։
Սիրով պատմեմ մի քանի կարևոր նախագծերի մասին, որոնք իրականացրել եմ այս մի քանի ամսում։
Անգլերենի ակումբն ստեղծվեց տիար Յուրա Գանջալյանի խորհրդով և աջակցությամբ։ Ակումբում հավաքվել են անգլերենով հետաքրքրված սովորողներ՝ հիմնականում տուրիզմի բաժնից, ովքեր ցանկանում են է՛լ ավելի բարելավել լեզվի իրենց գիտելիքները։ Ակումբը նպատակ ունի զարգացնել հատկապես խոսակցական անգլերենը, քանի որ ակումբի դասերը հիմնականում հիմնվում են երկխոսությունների, քննարկումների և բանավեճերի վրա։ Մենք բանավիճում ենք տարբեր թեմաներով, դիտում տեսանյութեր և սովորածի վերաբերյալ գրում վերլուծություններ ։
Ուրախ եմ, որ սովորողներն ակտիվորեն մասնակցում են քննարկումներին և կարողանում են ազատ արտահայտել իրենց կարծիքը։
Անգլիախոս ֆիլմեր, վերլուծություններ
Հատկապես սյս նախագիծը շատ սիրվեց սովորողների կողմից։ Նախագծի շրջանակում մենք սիրով անգլերենով դիտում ենք կարևոր ֆիլմեր, դրանց վերաբերյալ գրում վերլուծական հոդվածներ և կազմակերպում քննարկումներ։ Նախագիծը հաջողությամբ շարունակվում է։
Դասավանդման ընթացքում ես մեծ ուրախությամբ հասկացա, որ սովորողներից շատերը հետաքրքրված են գրականությամբ, և մենք միասին որոշեցինք ամեն ամիս ընտրել և կարդալ համաշխարհային գրականությունից որևէ ստեղծագործություն։ Կարդալուց հետո մենք կազմակերպում ենք հանդիպում և քննարկում ենք գիրքը։ Արդեն ընթերցում ենք երրորդ գիրքը՝ Ջորջ Օրուելի «Անասնաֆերման»։
Ի՞նչը կարող է ավելի մեծ սեր առաջացնել լեզվի հանդեպ, քան հեքիաթը։ Համագործակցելով կրթահամալիրի այլ դպրոցների հետ՝ Քոլեջի սովորողներն այցելեցին նրանց և կարդացին հեքիաթներ կրտսեր դասարանների սովորողների համար։ Սովորողները շատ ոգևորված լսում ու մասնակցում էին, ցանկանում իրենք էլ ընթերցել, և, ի վերջո, պարբերաբար հանդիպելու և միմյանց համար հեքիաթներ ընթերցելու պայմանավորվածություն ձեռք բերվեց։
Եղանակը Երևանում լավացավ, ինչպե՞ս կարող էին այդ հնարավորությունը բաց թողնել։ Տուրիզմի բաժնի սովորողների հետ միասին, համագործակցելով նաև այլ դասավանդողների հետ, թափառում ենք Երևանում, ուսումնասիրում հայտնի ու թաքնված Երևանը, հետաքրքիր փաստեր ու պատմություններ գտնում։ Նախագծի վերջնարդյունքը լինելու է Երևանի և մեր ճամփորդությունների մասին պատմող կարճ տեսաֆիլմը։
Մենք, իհարկե, չենք մոռանում նաև մարզերի մասին։ Այս ամսվա մեր նպատակն է Գեղարքունիքի մարզի ուսումնասիրությունը, ոչ հայտնի վայրերի ու սովորույթների բացահայտումը, տեղաբնակների հետ զրույցը՝ այդ ամենի միջոցով նորովի բացահայտելով Գեղարքունիքի մարզը։ Մենք, սովորողների հետ միասին, նաև կայցելենք Գեղարրքունիքի մարզ։ Նախագծի արդյունքում սովորողները կնկարահանեն Գեղարքունիքի մարզի մասին պատմող կարճ տուրիստական տեսաֆիլմ։
Անգլերենի մրցույթ առաջին կուրսեցիների համար
Այս ամիս Քոլեջի առաջին կուրսի սովորողների միջև անգլերեն մրցույթ տեղի կունենա։ Մրցույթը նպատակ ունի ստուգել սովորողների անգլերենի իմացության բոլոր չորս մակարդակները՝ լսողական, տեսողական, կինեստետիկ և խոսակցական։ Մրցույթը նաև նպատակ ունի մոտիվացնել սովորողներին ավելի լավ սովորել անգլերեն և սովորելը կդարձնի ավելի հետաքրքիր։
Հաջողության դեպքում մենք մրցույթը կընդյալնենք և կներգրավվենք նաև կրթահամալիրի այլ մասնաճյուղերից սովորողների։
Մնացած նախագծերին կարող եք ծանոթանալ՝ այցելելով իմ բլոգ։
Ճամփորդություն դեպի հեքիաթ
-Ընկեր Արփի, մեզ հետ կգա՞ք Արատես։
Դեկտեմբերն էր։ Ես դեռ լրիվ նոր էի Քոլեջում ու Արատեսի մասին միայն լսել էի։ Բայց նույնիսկ այդքանը բավական էր, որ միանգամից համաձայնեի ու գնայի քնապարկի ետևից։
Արատեսում ամենաիրական, հեքիաթներից դուրս եկած ձմեռ էր՝ սպիտակ, փափուկ ու խաղերով լի։ Իսկ երեկոները տաք էին, մտերիմ զրույցներով լցված ու վառվող փայտի հոտ ունեին։ Իսկ տնակներն ասես աշխարհի աղմուկից թաքստոցներ լինեն, որտեղ մանկությունն ու երազանքներն են ապրում։ Հուսով եմ՝ հնարավորություն կունենամ Արատեսը տեսնել նաև այլ եղանակներին։
«Մուտքի ճամբարն» ու «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը
Դա իրոք հենց մուտքի՛ ճամբար էր, որովհետև որքան էլ դասավանդում ես ու նախագծեր իրականացնում՝ Սեբաստացի կրթահամալիրը նաև հե՛նց սեբաստացիներն են, որոնց հնարավորություն ունեցա ճանաչել։ Առանձնահատուկ ուրախ եմ, որ ավելի լավ ճանաչեցի տիկին Մարիետ Սիմոնյանին, ումից դեռ շատ բան ունեմ սովորելու։ Հրաշալի էր նաև այն, որ ճամբարն իրականացվում էր կրթահամալիրի տարբեր դպրոցներում ու Քոլեջում, ինչը նաև հնարավորություն էր կրթահամալիրն է՛լ ավելի լավ ճանաչելու։
Այստեղ կցանկանայի խոսել ևս մեկ մոտեցման մասին, որը շատ եմ գնահատում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում։ Կրթահամալիրը մեծ է, շատ են նաև մանկավարժներն ու սովորողները, բայց դա չի խանգարում, որ կրթահամալիրի բոլոր մասերը կապ պահպանեն միմյանց հետ, համագործակցեն, ստեղծագործեն ու պարեն միասին։ Այս առումով շատ եմ կարևորում մեր ուրբաթօրյա միջոցառումները Մարմարյա սրահում, որոնք համախմբում են բոլորիս։
Ճամբարը նաև շատ լավ հնարավորություն էր անցած աշխատանքը վերանայելու, նոր բաներ սովորելու, արդեն ունեցած գաղափարները մյուսների հետ քննարկելու և նոր նախագծեր մտածելու։ Հուսով եմ՝ այդ ընթացքում ծնված բոլոր նախագծերը իրականություն կդառնան։Սա նաև խոստում է ինքս ինձ։
Ամենագեղեցիկ բառի մասին
Ուսումնական երրորդ շրջանն արդեն մոտենում է ավարտին։ Որպես ամփոփում՝ ցանկանում եմ նշել, որ շնորհակալ եմ թե՛ դասավանդողներից, թե՛ սովորողներից սովորելու յուրաքանչյուր հնարավորության համար ։ Շնորհակալ եմ տիկին Տաթև Բլեյանին ինձ «տեսնելու», հավատալու և աջակցելու համար։ Շնորհակալ եմ տիար Յուրա Գանջալյանին խորհուրդների, ոգեշնչելու և պատրաստակամությամբ օգնելու համար։ Շնորհակալ եմ սովորողներին ինձ վստահելու և օտար լեզուն կարևորելու համար։ Շնորհակալ եմ, որ նկատեցիք փոքրիկ Արփիին ու թույլ տվեցիք դառնալ ձեր հեքիաթի մի մասը։
Կարևոր նախագծեր, որոնք իրականացրել եմ այս մի քանի ամսում