Չեմ կարող չարձանագրել իմ համոզմունքը այն մասին, որ մարմնամարզությունը կրթահամալիրում՝ իր մարզախաղերով, լողով, հեծանվով, քայլքով, վազքով , մարաթոններով, ստուգատեսներով, ամենաշատն է գրավում կրթահամալիր դիմած երեխաներին և նրանց ծնողներին։ Երբ առաջին անգամ կրթահամալիր դիմած կրտսեր դպրոցականին և նրա ծնողին ներկայացնում ես դպրոցում իրականացվող «Իմացումի հրճվանք» ծրագիրը՝ իր բոլոր բաղկացուցիչներով, հասկանում ես, թե ինչ հրճվանք են ապրում նրանք, երբ հերթը հասնում է մարմնամարզության պարապմունքների անցկացման ձևերի նկարագրմանը։
Պատմում եմ. «Անցկացնում ենք մարզական պարապմունքներ՝ կոկիկ հանդերձարաններով և անհրաժեշտ մարզագույքով մարզադահլիճում։ Որտեղ պահպանվում են սանիտարահիգիենիկ բոլոր պայմանները, անվտանգ են, ամեն օր օդափոխվում են, ունեն շվեդական պատ, որի վրա օրեցօր բարդացող ձգումներն ու վարժությունները կատարելիս՝ երեխաները հպարտությամբ են արձանագրում իրենց հաջողությունները։
Մանուկների համար շվեդական պատ կոչվածը մանկական մարզագործիքների հավաքածու-համակարգ է: Այն տարբեր խաղերի հնարավորություններ է տալիս, նպաստում է երեխաների ֆիզիկական առողջ զարգացմանը, կոփում է հատկապես մկանները, կարգավորում է կեցվածքը: Շվեդական պատով մարզվելիս երեխաներն ավելի հեշտ, արագ, ճկուն են շարժվում, նստում-կանգնում:
Վարժություններ կատարելիս երեխան սովորում է զգույշ լինել. պատը դրա համար հարմար է:
Հաճախ սովորողներն են ուսուցչի դերում, ու իրենք ենք անցկացնում բաց մարզական պարապմունքները։ Սովորողները և դասավանդողը պարտադիր լինում են մարզական հագուստով։
Անվտանգ հեծանվաուղի եւ երկանիվ հեծանիվներ տրամադրելով ՝ դպրոցը մարզական պարապմունքները, մարզական դադարը ավելի ուրախ և հետաքրքիր է դարձնում և’ սովորողների, և՚ դասավանդողների համար։
Ողջ տարվա ընթացքում իրականացվող լողի ուսումական պարապմունքների օրերը Արևմտյան դպրոց-պարտեզի փակ լողավազանում իրական տոն են սովորողների համար։ Դրանք պարզապես լողի օրեր չեն, մինչև այնտեղ հասնելը Հարավային դպրոցի սովորողները՝ համապատասխան լողի պարագաներով հարուստ իրենց ուսապարկերը ուսերին, 30 րոպե տեևողությամբ մարզական քայլքով մի լա՜վ տաքացնում են իրենց մկանները, երբ անցնում են Հարավ-Արևմուտք տանող ճանապարհը։ Իսկ փակ լողավազան հասնելուն պես, անցնում ինքնասպասարկման հմտությունների զարգացմանը՝ օրեցօր ավելի ինքնուրույն ու ինքնավստահ դառնալով ( հանվել, հագնվել, լողի գլխարկը ճիշտ դնել, լողից առաջ և հետո ցողվել, ինքնուրույն չորացնել մազերը, հավաքել ուսապարկը)։ Պարապմունքներն անցկացվում են պրոֆեսիոնալ մարզիչի հետ։
Եղանակից կախված՝ Հարավ վերադառնում ենք կամ ոտքով կամ կրթահամալիրի տրանսպորտով, որպեսզի շարունակենք մեր ուսումնական օրը։
Երեւի նկատեցիք, որքան անգամ հիշատակեցի մարզական քայլքը։ Այն անընդհատ է։ Հատկապես արտացոլված է ուսումնական ճամփորդություններում։ Քայլելիս մենք քայլում ենք արագ, դանդաղ, հաշվում ենք քայլերը, ժամանակ ենք պահում, ճիշտ շնչել սովորում, որ չհոգնենք, դադարներ առնում, համեմատումներ անում, կարդում ենք, երգում, զրուցում։ Դրանում դուք համոզվեցիք գործնականում, երբ շրջայցով քայլեցինք Մայր դպրոցից Ագարակ։
Ձմեռային մարզական խաղերը՝ սահնակը, չմուշկը, դահուկը, ձնագնդիկ խաղալը, լանջերից սահելը, թավալվելը, ձնեմարդ պատրաստելը, մի ուրիշ հրճվանք են։
Այսպիսի նկարագրությունը անմիջապես գրավում է, կարող եմ ասել, որ գայթակղում է և՛ սովորողին, և՛ ծնողին։ Նրանք առանց մտածելու ուզում են այս ամենի մի մասնիկը դառնալ, անմիջական մասնակիցը։
Ինչպե՞ս չգայթակղվես։ Չէ՞ որ երեխադ մարմնամարզության պարապմունքներից ոչ թե միայն իմանալու է, թե ինչպես «Շարվե՜լ, հավսա՜ր, զգա’ստ, քայլով մա’րշ, կա~նգ առ» անել, այլ իսկական ատլետ, հեծանվորդ և լողորդ է դառնալու։ Էլ չեմ ասում, որ օրը սկսելու է պարզ նախավարժանքից ( ընդհանուր պարապմունքից) քայլելու և կոփելու է իր մարմինը ողջ օրվա ընթացքում։ Նրա կողքին մշտապես լինելու է մարզական պարապմունքների կազմակերպիչը, ով կրտսեր դպրոցում հենց դասվարն է։
Ինքս նախապես անցել եմ մարզական բոլոր վերապատրաստումները՝ հեծանվավարություն( ՀՀ Հեծանվասպորտի ֆեդերացիա, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հեծանվադպրոց, լող՝ Երեւանի Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի դպրոց, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արևմտյան դպրոց-պարտեզի փակ լողավազան), մարմանամարզություն՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մարզադպրոց։ Մարզական կառուցվածքս պահպանելու համար զբաղվում եմ պիլատեսով, ակտիվ ֆիտնեսով:
Մեջբերեմ, որ թագավարակի պայմաններում ստիպված էի 3-րդ դասարանցիների մարզական պարապմունքները կազմակերպել առցանց-հեռավար։ Չնայած համապատասխան վերապատրաստում չէի անցել, փորձ չունեի( ինչպես և երկրի շատ ու շատ դասավանդողներ), ձեռքիս տակ միայն երրորդ դասարանի մարմնամարզության ծրագիրն էր, որի իրականացումը պետք էր ավարտին հասցնել, ամբողջացնել երեխաների կարողություններն ու հմտությունները, բայց արդեն ոչ ֆիզիկական միջավայրում։ Ցուցաբերելով սեբաստացիական ստեղծականություն, ուսումնասիրություններ կատարելով համացանցում՝ գտա տնային միջավայրում երեխաների մարմինը կոփելու հետաքրքիր և նոր ձև՝ մանկական յոգա։ Pinterest կայքից կարդացի օտարալեզու հոդված մանկական յոգայի մասին, ներբեռնեցի շարժումների լուսանկարները և ուղարկեցի սովորողներիս։ Ամեն օր մանկական յոգայով զբաղվելու միտքը, օրեցօր ավելի կատարյալ ստացվող վարժությունները սովորողներին շատ էին ոգևորում։ Անգամ վարժությունների պահումների, կատարման ժամանակն էր օր օրի ակնհայտ փոխվում: Դա նրանց իսկական հաճույք էր պատճառում։ Երեխաները պատրաստել են անհատական պոստերներ, որտեղ ցույց են տալիս բոլոր այն վարժությունները, որոնք կարողացել են կատարել։ Ինչպես նաեւ համացանցից գտա եւ ուղարկեցի տեսադասեր(1, 2, 3, 4, 5, 6)։ Տեսադասերը շարժումների ցուցադրության առումով հասկանալի են, բայց ցավոք օտարալեզու էին։
2020-2021 ուստարում նախատեսում եմ ամառվա ընթացքում թարգմանել օտարալեզու հաջողված մարզական տեսադասերը հայերեն, նաև նկարահանել տեսադասեր սեփական օրինակի վրա՝ ստեղծել ուսումնական փաթեթ, որից կարող են օգտվել բոլորը։
Խմբագիր՝ Տաթև Աբրահամյան